ԽԱՉԱԳՈՂ 34 ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հաջորդ երկու օրըՙ ուրբաթ եւ շաբաթ, սովխոզի տանն էինք: Կիրակի առավոտյան, թեեւ ութին էի ասել, շատ շուտ արթնացա: Վեցը չկար, երբ դուրս եկա, բանվորական շորերով, գիշերային մթություն էր: Ուսիս գցած պայուսակի մեջ ջինսն ու վերնաշապիկն էին, կոնյակը, կոնֆետ եւ նվերները: Այդ ժամին ինձ չէին սպասի, եթե այստեղ էին գիշերել: Զգուշությամբ բացեցի ցախանոցի դուռը, առայժմ միայն բահն էր պետք: Մաքրեցի ամբողջ ճանապարհը, քերեցի, հարթեցի, ավազ փռեցի: Լավ է, որ շուտ եկա, ավելի շատ գործ կար, քան ենթադրում էի: Լուսամուտը բացվեց: - Արդեն այստե՞ղ ես,- զարմացած հարցրեց Ինան: Նա դուրս եկավ եւ մոտեցավՙ սառն օդի մեջ ջերմություն բերելով, տաքանալու համար դեմքս քսեցի վզին: - Մենա՞կ ես,- հարցրեցի: - Նինան քնած է: Ինչո՞վ օգնենք քեզ: - Կասեմ: - Միգուցե նախաճաշես: - Իննին, եթե կարելի է: Մինչեւ նախաճաշ հսկայական գործ արեցի, արդեն կարող էի բետոնը սկսել: Կալի տեղը հարմար չէր, հող էր, քաշում էր ցեմենտաջուրը: Առաջին կալը փոքր սարքեցի, որ գետինը պնդանա, նոր մեծն անեմ: Ցեմենտն առատորեն խառնում էի: Պատկերացնում էի, թե ինչ ամուր բետոն է լինելու: Ջուրն աղջիկներն էին բերում ջրհորից: Դա էլ չէի թողնի նրանց, բայց չէի ուզում փողոցում երեւալ: Ինան թեթեւ, կապույտ մարզահագուստով էր, Նինան նրա ջինսն էր հագել: Համեմատության լավ առիթ էր, հատկապես որ այդ ջինսը ես էլ էի փորձել: Փոքր-ինչ նեղ էր նրա համար, երկար շապիկը թողել էր վրայից: Արագ էի աշխատում, կեսօրից հետո մնացել էր դռան դիմացը, ուզում էի մեծ անել, տարածություն կար: Բետոնը փռելուց հետո հարթում էի, երբ սկսում էր պնդանալ, ցեմենտ էի շաղ տալիս ու մալայով քաշում: Դա խոպանում չէի սովորել, մեր տան բակում էի տեսել, երբ փոքր էի, լրիվ հիշում էի: Մնացած ամբողջ ավազով եւ ցեմենտով մի մեծ կալ սարքեցի հենց դռան դիմաց, որպեսզի տեղում փռեմ: Ջուրը լցրեցինք: Հանկարծ վախ ծագեցՙ իսկ եթե այս ամենը տատին դուր չգա: Այս տունը նրա համար հիշողություն է: Ինան նույնպես մտահոգվեց: - Ես ասել եմ,- հանգստացրեց մեզ Նինան,- դեմ չէ: Ի տարբերություն ինձ Նինան աչքաթող չէր արել այդ քայլը: Մի ժամից վերջացրինք: Ամենից լավ դռան դիմացը ստացվեց: Ցեմենտառատ բետոնը փռեցի հաստ շերտով, ինչքան որ ազատ տեղ կար: Այստեղ էլ բռով ցեմենտ շաղ տվեցի եւ սիրունացրի երեսը: - Ի՜նչ լավ եղավ,- ուրախ բացականչեց Նինան,- այստեղ կարելի է թենիսի սեղան դնել: Ափսոս, երեւի մյուս ամռանը ես խաղամ: Ինան ուրախությունն արտահայտեց ջերմագին համբույրով: Հպարտություն էի զգում: Լվացվեցի դրսում, մինչեւ գոտկատեղս մերկ, որ ցեմենտի փոշուց գոնե կիսով չափ մաքրվեմ: Ինան դույլից ջուր էր լցնում: Մյուս կողմի պատուհանից մտանք ներս: Ինան սեղան էր պատրաստել, օղու շշով, իրենց աշխատավորի համար: «Տոնական» կոնյակը եւ կոնֆետի տոպրակը դրեցի սեղանին: - Հայկական կոնյա՞կ,- զարմացավ Ինան: - Այո, դու խնդրել էիր,- հիշեցրի: - Եվ այսքան ժամանակ պահո՞ւմ էիր: Երեւանից ես բերել, ուրեմն հատուկ օրվա համա՞ր: Ի՞նչ առիթով: - Առիթները շատ են: - Ես չեմ խմի,- ասաց Նինան: - Դուք միայն մի կում արեք, լա՞վ, ամեն առիթին մի կում: - Լավ,- համաձայնեց Ինան,- մի կում կարելի է: Գոնե փորձեմ: - Սա հին կոնյակ է, մորս պահածներից: - Քո ծննդյան օ՞րն է,- գլխի ընկավ Ինան: -Հիմա կասեմ, բոլորը, հերթով: Առաջին եւ ամենակարեւոր առիթը, որ դու սեպտեմբերի մեկին դասարան ես մտնելու որպես ուսուցչուհի: Մոտեցա նրան, հետեւից համբուրեցի այտը եւ ժամացույցը հանելով անցկացրի ձեռքին: Ինան հուզված գլուխը քսեց դեմքիս: - Սա իտալական ժամացույցն է,- ասաց Նինան,- աղջիկներով մտնում հիանում էինք: Բայց սա շատ թանկ է... - Եվ շատ գեղեցիկ,- ասաց Ինան: - Իսկ երկրորդ առիթը որն է,- հետաքրքրվեց Նինան: - Խմենք առաջինի համար, հետո... Միայն մի կում,- ասացի Նինային: - Թունդ է, բայց հաճելի է,- գնահատեց Ինան: -Այո, իսկապես, հաճելի էր,- հաստատեց Նինան,- չէի կարծի, ջերմացրեց միանգամից... - Նա չի խմում,- գլխով արեց ավագը,- եւ լավ է անում: Հիմա ասա երկրորդը: - Երկրորդը Նինային է վերաբերում... Կրտսեր քույրը սրտաբուխ ժպտաց: Նրա ժպիտը մի ժամանակ հմայել էր ինձ: - Շնորհավորում եմ Նինային ինստիտուտ ընդունվելու համար,- նրա հետ արդեն ոչ «դուն» էր ստացվում, ոչ «դուքը»,- ցանկանում եմ հաճելի ուսանողական կյանք: Ինչպես նաեւՙ երջանկություն: Այդ շինծու շարադրանքից հետո մեկնեցի տուփը, որի մեջ դրամապանակն էր: Նինան գլխի չընկավ, որ իրեն նվեր եմ տալիս: - Վերցրու նվերը,- հուշեց Ինան, ինքը վերցրեց եւ բացեց,- գեղեցիկ դրամապանակ է,- ինչքա՜ն գրպաններ ունի, այստեղ փողը կդնես, սա` մանրադրամի համար, այստեղ կարող ես նկարներ դնել, վկայական... Մի խոսքով, ինչ մտքովդ անցնիՙ նախատեսված է: Շատ լավ նվեր է, շնորհակալություն... - Շնորհակալություն,- կրկնեց քույրը եւ անցավ դրամապանակն ուսումնասիրելուն,- էլի իտալական է,- ակամա ասաց նա,- սա իմ կյանքում առաջին նվերն է... ոչ հարազատից... - Ոչ հարազատի՞ց... Քույրիկս, դու չգիտես, որ նա քեզ հարազատ է համարում: Նինան նայեց նրան եւ լռեց: Ուրեմն լսել էր մեր ամբողջ խոսակցությունը: - Հաջո՞րդը,- դիմեց ինձ Ինան: - Հաջորդին չեմ պարտադրի խմել: - Կարծես թե հասնում ենք գլխավորին,- կռահեց նա,- քո օ՞րն է: - Այսօր փոքր եղբորս ծննդյան օրն է... Ինան որոշ չափով հիասթափվեց: - Ծնվել է քսանութին, ձեւակերպումը երեսունմեկին է, այդ չորս օրը նա հայտարարել է իր ծննդյան տոն... Եվ քանի որ ես էլ ծնվել եմ քսանհինգին եւ առանձնապես չեմ սիրել նշել, երբեմն իմ ծննդյան օրը միացնում եմ նրա տոնին... - Անխիղճ տղա,- Ինան մոտեցավ, չթողեց, որ վեր կենամ, գրկեց գլուխս,- ինչո՞ւ քսանհինգին չասացիր: - Ես հիմա էլ չէի ուզում ասել, բայց հասկացա, որ քեզնից թաքցնելու իրավունք չունեմ: - Եթե չասեիր, երբեք չէի ների: - Ինչ հուզիչ է,- ասաց Նինան,- այս առիթով կարելի է երկու կում անել: Երեւի հեգնում էր, բայց դեմքին միամիտ արտահայտություն էր, կասկածեցի: Ինան իր բաժակը դրեց բերանիս, ինձնից հետո դատարկեց, շուրթերը սրբեց եւ ճկվելով համբուրեց ինձ, չմոռանալով անհապաղ զզվանքով «թուհ» անել, որպեսզի ինձնից առաջ ընկնի: - Այդքան տհա՞ճ է,- ապշեց Նինան, բայց երբ հետեւեցի Ինային, հասկացավ, որ դա մեր խաղն է,- թատրոնը սկսվեց... Միակ հանդիսատեսը ես եմ: Հույս չունենաք, թե կգնամ: Աղջիկներին երեկոյան եմ տեսնելու, այստեղ ինձ համար հաճելի է: - Ուրախացիր մեզ հետ, քույրիկս,- Ինան փարվելով փաղաքշեց քրոջը,- քո ներկայությունը մեզ միայն հաճույք կպատճառի: Իսկ դու չե՞ս ուզում շնորհավորել Արամին: - Իհարկե, շնորհավորում եմ: - Այդքա՞նը: - Իսկ ի՞նչ... - Շնորհավորիր նրան, ինչպես հարազատը հարազատին: - Իսկ ինքը համբուրե՞ց ինձ նվերը տալու ժամանակ,- ծիծաղեց Նինան: Փոքրիկը լավ ժրել էր: - Լսեք, խնդրում եմ,- միջամտեցի,- հիմա հաջորդ առիթը կասեմ: - Էլի՞,- վախեցավ Նինան,- ես չեմ կարող այդքան խմել, աչքերիս առաջ պտտվում է... Նորից լցրեցի բաժակները: - Ինչ գեղեցիկ գույն է,- հիացավ Ինան բաժակը լույսին պահելով,- իսկապես վայելքի խմիչք է, նույնիսկ Նինային դուր եկավ: - Այո, զարմանալի է,- խոստովանեց քույրը,- գուցե օրն էր առանձնահատուկ: - Ինչո՞վ էր առանձնահատուկ,- հարցրեց Ինան: -Այս բետոնը, որ Արամն արեց... Ես շատ ուրախացա, շատ լավ եղավ: Պատկերացնում եմ, թաց եղանակին տատը ինչպես հանգիստ, ապահով կանցնի... -Ինձ համար էլ է առանձնահատուկ,- ասացի,- շատ ուրախ եմ եւ հպարտ, պարծենկոտություն չհամարեք, որ այսպիսի լավ գործ եմ արել: - Սա՞ էր հաջորդը,- հարցրեց Ինան: Իհարկե, որպես առիթ չէի ներկայացնում, բայց կարելի էր օգտվել: - Այո, իմ կարծիքով, շատ լավ առիթ է: -Հրաշալի առիթ է,- վրա բերեց Նինան,- ես հաճույքով իմ կումը կանեմ,- ամենից շատ նա էր ուրախացել,- բայց խնդրում եմ այլեւս առիթներ չստեղծել, Արամ: Այնպիսի կենացներ եք ասում, որ անհնար է չխմել: - Ես չեմ ստեղծում, առիթներն իրենք իրենց են ստացվում: Օրինակ ... - Ոչ, ոչ,- աղերսագին ասաց նա ծիծաղելով: Զսպված ծիծաղից նրա կուրծքը թպրտում էր: Չարաբաստիկ համեմատության որդը նորից խլվլաց: Ստիպված էի ընդունել, որ որոշ տեղերով Նինան գերազանցում է քրոջը: - Ինչո՞ւ եք «դուք»-ով խոսում,- հանդիմանեց Ինան, կարծես ջանում էր ամեն կերպ մտերմացնել մեզ: - Ես կխոսեմ, միայն թե թող այլեւս առիթներ չստեղծի: Վախենում եմ հարբելուց: - Դու արդեն հարբած ես,- ծիծաղեց քույրը: - Լո՞ւրջ,- Նինան անհանգստացավ,- հարբածի պե՞ս եմ երեւում: -Ոչ,- ասացի,- հանգիստ շարունակեք... Ես հիմա կխմեմ ինձ համար ամենալավ առիթով... - Ծննդյան օրից հետո էլ ի՞նչ ամենալավ... - Ծննդյան օր ամեն տարի լինում է, առնվազն մեկ անգամ... Իսկ այսպիսի օր գուցե ողջ կյանքում չկրկնվի... Այսպիսի օր երկու ամենագեղեցիկ եւ սքանչելի քույրերի հետ... - Օ՜... Երեւում է, խմելու տրամադրություն ունես,- ասաց Ինան: - Հաճելի միջավայրում միշտ հաճույքով եմ խմել: - Խմիր, խմիր, որ տաղանդդ լիովին բացահայտես այսօր... Թե՞ էլի կսկսես Նինայի ձեռքերը համբուրել եւ սեր խոստովանել... Նինան գլուխը կախ ժպտում էր: - Ես նրա ձեռքերն առանց խմելու էլ կհամբուրեմ,- քրթմնջացի շփոթահար, բայց շարունակությունը գտնելով անմիջապես համարձակություն առա,- պարտավոր եմ նույնիսկ, կենացն է պահանջում: Հրաշալի է շախմատային կայծակնախաղը, երբ ակնթարթորեն ծնվում է քայլը եւ իսկույն իրագործվում: Ցայտնոտում լավ եմ խաղում: Բաժակը դնելով վեր կացա եւ շրջանցեցի սեղանը: Քույրերը ժպտադեմ ինձ էին հետեւում, Նինան ձեռքերը տարավ սեղանի տակ: Մինչդեռ ես հետեւից գրկեցի երկուսին միաժամանակ, գլուխները մոտեցան, գրեթե քսվեցին իրար, դեմքս սեղմեցի երկուսի մազերին, տեղ-տեղ համբուրելով, արդեն հաշվի չառնելով, թե ում վիզը կամ ականջն է ընկնում շուրթերիս տակ: - Այ դու հանդուգն պատանի,- քրքջաց Ինան,- արդեն հարբե՞լ ես: Երբ ոգեւորությունն ընդհանուր է, ամեն ինչ ընդունվում է: - Իհարկե հարբած եմ, բայց ոչ խմիչքից: Նույնիսկ այս բաժակն ինձ չի հարբեցնի... Եվ ես ձեր կենացն եմ խմում, այսօրվա ամենալավ կենացը, քանի որ երկուսիդ էլ սիրում եմ... Ժամանակին թողեցի նրանց, դեռ այդքան հարբած չէի, դատարկեցի բաժակը, ապա տեղս նստելով ասացի,- եթե կարելի է, ես օղի կխմեմ: - Ես էլ,- միացավ Ինան,- ափսոս է կոնյակը խմել հարբած ժամանակ: - Մենք արդեն հարբա՞ծ ենք,- նորից տագնապեց կրտսերը, որն իմ խանդաղատալից զեղումից հետո մազերն էր ուղղում հանդիսավոր տեսքով: Եվ նորից հանգստացրի նրան,- ամենեւին, մենք դեռ շախմատ ենք խաղալու: - Ոչ, չեմ կարող հիմա... - Փորձեք,- առաջարկեց Ինան,- ամենալավ պահն է, ես սեղանը կթեթեւացնեմ ու կթարմացնեմ, դուք խաղացեք: - Քայլ արեք, Նինա, Դուք սպիտակներով եք: Նինան կզակը հենեց ձեռքերին, աչքերը փակած լրջանում էր եւ տրամադրվում: Քայլի փոխարեն ասաց. - Նորից «Դուք»: - Այլեւս չի կրկնվի, կներես, խաղա: - Ձf3: - Փաստորեն սպասողական քայլ, որպեսզի շարունակությունը ընտրես ըստ իմ քայլի: - Խնդրում եմ չխոսեք: Ես չեմ կարող կենտրոնանալ: - Նորից «Դուք»: - Լավ,- ժպտաց նա,- կներես: Ես խաղացի Ձf6, ընտրությունը թողնելով նորից նրան: Նախկինում փորձել էի, թեկուզ մեկ բաժակը խանգարում էր, վատ էի խաղում: Շախմատը պայծառ ու հստակ միտք է սիրում եւ ֆիզիկական թեթեւություն: Խմիչքը գուցե ոգեւորի, բայց փայլատակումը երկար չի տեւի: Բավական խմել էի, եւ առանց տախտակի էինք խաղում, որն ուժերի բացարձակ լարում է պահանջում: Սակայն դրանք երկրորդական եւ ընդհանրապես չնչին բաներ էին, որոնց պատճառով վատ կխաղայի կամ մի երկու սխալ թույլ տալով կպարտվեի, գուցե եւ փոխադարձ սխալներից օգտվելով հաղթեի: Սովորական խաղի ժամանակ բնականաբար տախտակին ես նայում, դրությանը: Իրար դիմաց էինք նստած, քանի որ տախտակ չկար, նայում էի նրան: Նա էլ հաշվարկների մեջ խորացած, ուղիղ նայում էր ինձ, թերեւս չտեսնելով: Նա հաշվարկի մեջ էր խորացել, եսՙ նրա աչքերի: Այդպիսի մի պահի չխկոց լսվեց, Ինան նկարեց մեզ ինչ-որ բան ասելով: Քիչ հետո նույն դրությունն էր: Նույնիսկ մտքովս անցավ, թե դիտմամբ է հմայում, որ հեշտությամբ հաղթի: Սկզբնախաղից հետո դրությունն աղոտ էի պատկերացնում: - Քո դեմ խաղալ չի լինում,- ասացի,- երբ աչքերիդ եմ նայում, դիրքը ցնդում է, ֆիգուրները խառնվում են իրար: - Ակնո՞ց դնեմ,- ծիծաղեց նա: Եթե ակնոց դներ, դեմքը, վիզը բաց կմնային, ուսերը... - Ոչ, իմ աչքերն է հարկավոր կապել: - Ես էլ դաշտը լավ չեմ պատկերացնում,- խոստովանեց նա չհասկանալու տալով,- չխաղանք: - Դե լավ, վերջացրեք,- վերջին բառերը լսեց Ինան,- ձեզնից այսօր շախմատ խաղացող չի ստացվի... Եկեք խմենք: - Դու չէի՞ր ասումՙ ոչ մի սիգարետ եւ խմիչք,- նախատեց քույրը կարծես մինչ այդ չէինք խմել: - Խմիչք կարելի է,- ասացի, Ինան երախտագիտությամբ ժպտաց,- հատկապես այսօր, իսկ ընդհանրապեսՙ երբեմն եւ քիչ: Ծխելն է կտրականապես արգելվում: - Մի հիշեցրու,- բողոքեց Ինան,- հազիվ մոռացել էի: - Բայց դու առանձնապես շատ չէիր ծխում, չէ՞: - Ինչո՞ւ չես ուզում, որ նա ծխի,- հետաքրքրվեց Նինան: - Որպեսզի շուրթերը համբուրելիս այդ գարշելի համը չզգամ: Նինան կարկամեց, Ինան ժպտում էր: - Ուշադրություն մի դարձրու, քույրիկս, նրա խոսքը լեզվի ծայրին է: - Ուրեմն անկե՞ղծ է, միշտ անկե՞ղծ... - Լավ, խմում ենք,- ընդհատեց Ինան,- Նինա, դու օղի չես խմի, չէ՞: - Հեռու տար այդ մուժիկի խմիչքը, ես նույնիսկ կոնյակ չեմ խմի: - Երեւի այս կումն էլ խմես: Հիմա ես եմ կենաց ասելու: - Աչքերից պարզ էր, թե ինչ է ասելու,- քո կենացն եմ խմում, Արամ, առողջ լինես, սիրված լինես ամբողջ կյանքում: Երջանկություն եմ ցանկանում քեզ ամբողջ հոգով, որին դու լիովին արժանի ես: Երբեք չիջնես քո բարձրությունից: Դո՛ւ, մաքուր, անկեղծ եւ հպարտ... իմ ազատ քամի... Երբեք չեմ մոռանա, թե ինչպես քիթը տնկած հեռացավ գետափից, առաջին հանդիպման օրը... Ինան համբուրեց ինձ, խմեցինք, մենքՙ օղի, Նինանՙ կոնյակի հերթական կումը: Այս բաժակը թարմացրեց ոգեւորությունը, իսկ երբ Ինան միացրեց լամբադան, նորից թաղվեցի վայելքի հորձանուտի մեջ: - Գժվում եմ այս նվագից,- Նինան վեր թռավ ու սկսեց պարել: Քույրը միացավ նրան: Նրանք, իհարկե, լամբադա չէին պարում: Ընդհանրապես Դիվինոյում կամ իրար գրկած օրորվում էին, միայն վալսն էր զատվում, կամ մարմիններն էին շարժում ով ինչպես կամենար եւ կարողանար, սեփական շարժումները հարմարեցնելով երաժշտությանը, հաճախՙ հակառակը: Եվ վատ չէր ստացվում: Իսկ քույրերինը շատ լավ էր, որովհետեւ բարեկազմ էին եւ գեղեցիկ: Ինչքան էլ Նինան փայլեր թարմությամբ, «կողմնակի բաներն» ավելի շքեղ լինեին, Ինան կազմվածքով անգերազանցելի էր, պարելիս դա առավել նկատելի էր: Նա ձեռքս բռնեց ու քաշեց պարի մեջ: Ես գրկված պարին էին վարժ, ձեռքերս գցեցի մեջքին: Նրա առավելություններն ամենից լավ գրկելիս էի զգում: Համեմատության հնարավորություն եղավ: - Իսկ հիմա Նինայի հետ պարիր,- ասաց Ինան ժապավենը հետ տալով: Լամբադան Դիվինոյում մի քանի անգամ էին միացնում: Իմ եւ Ինայի հարաբերություններում բացարձակ ազատություն էր, վաղուց: Փոքրիկի հետ կաշկանդվում էի: Ձեռքերս դրեցի կողքերին, նա էլՙ ուսերիս հազիվ: - Առաջին անգամ եմ տղայի հետ պարում,- հայտարարեց Նինան եւ քրոջ զարմացական հայացքը տեսնելով ավելացրեց,- դե, դասարանի տղաներին չեմ հաշվում: - Առաջին նվերը, առաջին բաժակը, առաջին պարը,- ծիծաղեց ավագ քույրը,- Արամն սկսել է քո կյանքում առաջինը լինել... Նինան շիկնեց: Իմ լեզվին էլ էր նման մի խոսք պտտվում, չէի ասի, իհարկե: Ինայի վերաբերյալ կասեի, բայց փոքրիկին երկյուղածությամբ էի մոտենում: - Լավ, լավ, սիրելի քույրիկս, այս սանձարձակն ինձ վարակել է իր բառախաղերով: Ինան խառնեց քրոջ մազերն ու դուրս եկավ: Այս սանձարձակը մի ժամանակ ամաչկոտ մանչուկ էր, հետո դարձավ հանդուգն պատանի: - Շարունակե՞նք,- հարցրեցի Նինային: - Չե՞ս ուզում,- հարցով պատասխանեց նա: Ձայն չհանեցի, պարզապես ձեռքերս առաջ տարա: Ինային այնքան էի գրկել ու շոյել, որ անգիր գիտեի մարմնի յուրաքանչյուր սանտիմետրը: Փոքրիկը միանգամայն նոր եւ տարբեր գրգիռ էր հաղորդում: Արդեն մոտեցել էր, դեմքը չէի տեսնում, աչքերիս տակ վզի եւ ուսի անցումն էր... Շատ էր հետաքրքրումՙ նույն ազդեցությունը կունենա՞, եթե համբուրեմ... Չհամարձակվեցի: Բայց մազերից կարող էի հոտ քաշել, այնպես, որ չզգա: Նրա էրոգեն գոտին մազերից էր սկսվում, արդեն գիտեի... - Կանգնել ենք,- զսպված ծիծաղով ասաց Նինան,- չենք պարում... - Այո... դժվար է պարելը... - Ինչո՞ւ... Հիմա էլ աչքերս չես տեսնում... Փոքրիկը քրոջն անցավ: Չհասցրեցի ասելՙ աչքերդ չեն երեւում, վիզդ է շուրթերիս տակ, ավելի վատ: Եթե այդ պահին Ինան չմտներ, չգիտեմ, թե ինչ կկատարվեր: Ինան պարելով մոտեցավ, պտտվեց մեր շուրջը: Տրամադրությունն արտակարգ էր, փայլում էր ամբողջովին: Սրտնեղեցի, որ եկավ ու փաստորեն խանգարեց, բայց տհաճություն չկար, կարծես հարազատ մարդը թեթեւակի դժգոհություն էր առաջացրել, որն իսկույն անցավ: Նույնիսկ ուրախացա, քիչ հետո երեւի մեղքի մեջ բռներ ինձ: - Գլուխս պտտվեց,- ասաց Նինան,- կոնյակ շատ խմեցի: Նա պառկեց մահճակալին, ծածկոցը քաշեց ոտքերին: - Քո գնալու ժամանակը չէ՞,- Ինան դիմեց քրոջը,- ընկերուհիներիդ հրաժեշտ չե՞ս տալու: - Պա՛հ, տարիներո՞վ եմ գնում... - Մինչեւ ձմեռային արձակուրդ երեւի չկարողանաս գալ գյուղ, կամ գուցե նոյեմբերյան տոնին... Չեմ նայել, թե քանի օր ենք ազատ: - Ես ստուգել եմ,- Նինան ոչ մի բան բաց չէր թողնում,- երեք օր, կիրակին հետը,- ապա բողոքեց,- ես չեմ դիմանա այդքան,- կարծես քույրն էր աքսորել նրան,- մեր գյուղը շատ եմ սիրում, դաշտը, գետը... - Նա չի լողանում,- ծիծաղելով ինձ ասաց Ինան,- ծածուկ տեղեր ունի գետափին, գիրք է կարդում, շախմատ պարապում... - Դու սիրո՞ւմ ես ձեր գյուղը, Արամ,- հարցրեց Նինան: Ըստ երեւույթին քույրերը զրուցել էին իմ մասին: - Իհարկե,- ասացի,- ինչպես կարելի է չսիրել ծննդավայրը: Բայց մեր գյուղը այսպիսի բնություն չունի, հատկապեսՙ գետ: Քարքարոտ սարեր են... Թեեւ ինձ համար դա ամենագեղեցիկ տեսարանն է... Սարերի լանջերը գրեթե լրիվ կանաչազուրկ են, հողը քշվել է, միայն քարեր, վառված, խանձված քարեր, անչափ շատ, կարծես ավտոներով բերել ու թափել են ամեն քայլափոխի, իրար վրա... Եվ ուղղաձիգ քարափներ, հսկա ժայռերով ու ծալքերով, շոգից տժժացող օձերով... - Օ՜յ,- ձեռքերով վանելու շարժում արեց Նինան: - Վերեւում տափարակ է, սարահարթ,- շարունակեցի,- ցորենի արտեր, ցածրիկ, թերաճ, անջուր, խղճուկ: Եվ մեր կովերն են խղճուկ ձեր կովերի հետ համեմատած: Նիհա՜ր, չորացած, սմքած, իսկ ձեր կովերի կուրծքը... ըհը... Թեւերի լայն շարժումով ցույց տվեցի շարունակությունը: Քույրերը քրքջացին: - Ծառեր չկա՞ն,- հարցրեց Ինան: -Քիչ, հիմա են տնկում ցրտադիմացկուն տեսակներ: - Այսինքն դուք էլ մրգեր չունեք: - Ո՜չ, մոտիկ քաղաք կա, Լենինականը, տասնհինգ կիլոմետր է հեռու ընդամենը, առատ շուկա ունի: Բացի դրանից, ամեն ինչ բերում են գյուղ, միրգը ծով է: - Իսկ այստեղ ահավոր վիճակ է, բոլորի ատամները փչանում են վիտամինների պակասից: - Ես կարծում էի, թե ջրից է,- զգալով, որ հաճոյախոսության առիթը բաց թողեցի, ավելացրի,- ձերը երջանիկ բացառություն է: Քույրերը գոհ ծիծաղեցին, ցուցադրելով առողջ, գեղեցիկ ատամները: - Որովհետեւ մենք այստեղ չենք մեծացել,- ասաց Ինան,- պապիս մահից հետո ենք եկել: Ես այստեղ ընդամենը երեք տարի եմ դպրոց գնացել: Բացի դրանից, մորաքույրս ատամնաբույժ է, նա մեզ շատ է օգնել, նրա շնորհիվ ենք փրկվել: Ուղղակի անգնահատելի խորհուրդներ էր տալիս, թե ինչպես խուսափենք այդ համաճարակից, եւ միշտ հատուկ դեղեր ու վիտամիններ էր ուղարկում, հիմա էլ: - Դուք այստեղ չե՞ք ծնվել: - Ես եմ այստեղ ծնվել,- Ինան խոսում էր եւ երաժշտության տակտով շարժվում նստած տեղը,- հինգ տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Ուրալ: Այսօրվա պես հիշում եմ առաջին ճամփորդությունը գնացքով, շատ հաճելի էր եւ հետաքրքիր: Հիմա էլ հաճույքով եմ գնացքով ուղեւորվում: - Ես գնացք չեմ սիրում,- նորից բողոքի պես հնչեց Նինայի ձայնը,- ես ընդհանրապես ճամփորդել չեմ սիրում, նոր վայրերը հետաքրքրում են, բայց այդ տեղաշարժը տհաճ է, ամեն կարգի մարդ լցվում է... Ես սիրում եմ հեռուստացույցով ճամփորդել... Քույրերը լռեցինՙ կարծես հերթն ինձ տալով: - Ես թափառել եմ սիրում,- ասացի,- երբ այստեղից գնամ, կնստեմ մի պատահական գնացք, կիջնեմ մի պատահական քաղաքում, որտեղ մտքովս անցնի, կթափառեմ այդ անծանոթ քաղաքում, գուցե օրերով մնամ, գուցե անմիջապես հեռանամ, ավտոբուսով, գնացքով, ինչպես հարմար լինի: - Եվ շա՞տ ես թափառել,- ժամանակին ինձ զգաստացրեց Ինան,- միայն թե շուրջերկրյա ճամփորդության կամ Բրազիլիայի մասին չպատմես: - Ես ասացի՞ թափառել եմ, ես ասացիՙ սիրում եմ թափառել, եւ անելու եմ... - Մի նեղանա,- ծիծաղեց Ինան,- զգացի, որ ոգեւորվում ես, գիտեմ, թե դա ինչ է նշանակում: Կարող ես մի ամբողջ գիրք արտասանել... - Իսկ դու միայն ծաղրել գիտես,- ընդհատեց նրան քույրը,- ոգեւորությունն ու ռոմանտիկան քեզ համար ծիծաղելի են... - Տեսեք, տեսեք, շախմատիստները ռոմանտիկայից են խոսում... - Առանց ռոմանտիկայի չկա շախմատ,- շտապեցի Նինային օգնության,- եթե դու այդ հասարակ բանը չգիտես, ուրեմն մի խոսիր շախմատի մասին: - Եվ առհասարակ ինչպե՞ս կարելի է խոսել շախմատի մասինՙ տարրական պատկերացում իսկ չունենալով,- անխղճորեն շարունակեց Նինան,- պատկերացնում եմ, թե ոնց ես դաս տալու: Ինչ լավ է, որ ես ավարտել եմ դպրոցը, թե չէ խայտառակ կլինեի: Գառնուկս շշկլվեց այդ հախուռն գրոհից: Սքանչելի էր նա այդ շշկլված)զարմացական տեսքով, երկարավզիկ-գանգրամազիկը: Իհարկե, ընկճվող չէր, ոչ էլ ընկրկող, ուր որ է կֆշշացներՙ անմեղ գառնուկից վերածվելով օձի: Ոչ թե ֆշշացրեց, այլ շառաչեց միանգամից: - Սրանց տես... երեկվա երեխաներն ինձ ռոմանտիկայի դասեր են տալիս, խե՜լք են սովորեցնում: Եվ ովքե՞ր են սովորեցնողները: Երկու ամիս առաջ ո՞վ էիր դու, երեխա, մաքուր երեխա... Ես եմ քեզ տղամարդ դարձրել, մոռացե՞լ ես, հիմա քեզ աշխարհը ոտքի տակ տված մարդու տեղ ես դնում... - Իսկ դու,- դարձավ քրոջը, որը հետաքրքրությամբ սպասում էր, թե էլի ինչ կասի Ինան իմ մասին: Շարունակությունն անսպասելի էր եւ ահավոր, - պառավ կույս,- շպրտեց նա խեղճ աղջկա երեսին,- տասնութ տարեկանում պառաված օրիորդ ես դարձել, այդպիսին էլ կմնաս... Նինայի շիկնելը տեսել էի, բոցավառվելը չէի տեսել: Սսկված խրվեց տեղաշորի մեջ, ծածկոցը քաշեց, գլուխը ծածկեց: Համրացած նայում էի Ինային գլուխս դանդաղորեն տարուբերելով, իսկ նա շուրթերն էր կծոտում: Եվ այդ քար լռության մեջ պարզորոշ լսվեց Նինայի ցածր ձայնը. - Չեմ հասկանում, մի՞թե ես պիտի ամաչեմ կուսության համար... - Ոչ, իհարկե,- Ինան նետվեց մահճակալի վրա, փաթաթվեց քրոջն ու սկսեց համբուրել նրան ծածկոցի վրայից,- ներիր, քույրիկս, խնդրում եմ... Դու գիտես, որ ես քեզ շատ եմ սիրում, աշխարհում ամենից շատ քեզ եմ սիրում... - Ավելի շատ, քան նրա՞ն... - Իհարկե,- առանց տատանվելու անհապաղ պատասխանեց Ինան,- դա էլ հա՞րց էր... - Հապա ինչո՞ւ նրա մոտ ասացիր... Օտար մարդը հարազատների կռվին չպետք է խառնվի: Մոտեցա ճակատի պատուհանին, որն իմ արած բետոնի վրա էր բացվում: Հիանում էի իմ աշխատանքով, ամեն ինչ տեղը տեղին էր արված, հարթ, թեթեւակի թեքությամբ, որ ջուրը դեպի դուրս հոսի: Ամենատպավորիչը երեսի ցեմենտաշերտն էր, բետոնի հայելին: Ինչ խոսք, Ինայից բացատրություն չէի պահանջելու, ոչ էլ պիտի ցույց տայի, թե ազդվել եմ, թեեւ անխղճորեն էր ասվածՙ դա էլ հա՞րց էր... Իսկ եթե նա իմ տեսությանն էր հետեւո՞ւմ: Չէ՞ որ նրան բացատրել էի, թե ինչու եմ Նինային ավելի շատ սիրում, քան իրեն... Քույրերը փսփսում էին, հասկացա, որ Նինան գնալու է: - Դե գնա,- ասաց Ինան,- եթե մութը ընկավ, հեծանիվով դժվար կլինի: - Խնդրում եմ, միայն լուսամուտից,- ասացի Նինային: Նրան վիճակված չէր գնալ: - Չեմ կարող,- զարմացած ծիծաղեց, երբ մահճակալից իջնելով փորձեց քայլել,- գլուխս պտտվում է, ամեն ինչ հաճելի է, բայց այս վիճակով չեմ կարող հեծանիվ նստել: - Չես կարողՙ չես կարող,- ուսերը թոթվեց Ինան,- պառկիր, ես կգնամ: - Դո՞ւ,- նկատելիորեն անհանգստացավ Նինան,- դո՛ւ ինչու ես գնում, ասա նրան... Այստեղ ինչ-որ բան կար ինձ վերաբերող, հարցական նայեցի Ինային: - Նվեր էինք որոշել քեզ համար, գնում էր բերելու: Իսկ ես արդեն կռահել էի եւ պատասխանեցի, որ ինձ համար ամենալավ նվերն իրենց ներկայությունն է: - Լավ, հետո կտանք: Միգուցե դու հանգստանաս,- քրոջն ասաց Ինան: - Իսկ դուք ի՞նչ եք անելու,- կասկածանքով հարցրեց Նինան: - Մե՞նք,- ծիծաղեց Ինան,- խոհանոցում նստած կզրուցենք, որ չխանգարենք քեզ: - Բայց ես չեմ ուզում քնել: - Քեզ ո՞վ է ստիպում քնել, պառկիր: - Հենց կանչեմ, կգաք,- պայման դրեց նա: Դուրս եկա խոհանոց, քիչ անց Ինան էլ եկավ: Նստեցինք սեղանի մոտ, իրար դիմաց: Այնքան փոքր սեղան էր, որ եթե արմունկներով հենվեինք, դեմքերս կհասնեին իրար: Սկսեցի նախատել Ինայինՙ քրոջն այդպես կոպտորեն վիրավորելու համար: - Լավ, լավ, շատ չարացրիք ինձ,- արդարացավ նա,- երկուսով վրա տվեցիք: Նա էլ առիթ է փնտրում, որ քարոզ կարդա: - Արդարանո՞ւմ ես, փոխանակ տանջվես: - Տանջվե՞մ, ինչի՞ համար: Թող հասկանա, որ կյանքը շախմատով ու գրքերով չի սահմանափակվում: Ընկերուհիներն էլ են ծաղրում, որ մինչեւ հիմա նույնիսկ չի համբուրվել ոչ մի անգամ: - Դա ամաչելո՞ւ բան է: - Դու չէի՞ր ամաչում երկու ամիս առաջ: - Բավական է երեսով տաս, գիտե՞ս, թե չէ կծխեմ եւ քեզ չեմ տա: - Դաժան... - Բայց ես գիտեմ, թե ինչպես կարելի է ծխելու ցանկությունը կոտրել: Առաջ հակվեցի եւ համբուրեցի շուրթերը, երկար, էլի ուզեց: - Իրար հետեւից չի կարելի ծխել: - Իսկ ես ուզում եմ: Ամեն մի համբույրը սիգարետի չափ տեւում էր, որպես լիարժեք փոխհատուցում: - Քեզ հետ լավ էլ պարում էր,- ասաց դադարներից մեկի ժամանակ: Դեռ քրոջ մասին էր մտածում:- Տղաների հետ որ պարում է... դասարանի տղաների,- ծիծաղեց Ինան,- արմունկներն առաջ տնկած է պարում եւ հետեւը դուրս դրած: Ծիծաղս եկավ իսկապես, երբ պատկերացրի: - Այնպես որ,- շարունակեց Ինան,- դու պիտի հենց սկզբից նրա հետ ծանոթանայիր: Ամեն ինչով իրար հարմար էիք, անմեղ երեխաներ: Բայց ես արդեն փչացրել եմ քեզ: - Դա անցյալ էր, մոռացիր: - Ի՞նչ ես ուզում ասել: - Եթե մտնենք այն սենյակը, կասեմ: - Ես արդեն ասել եմ, ամբողջովին լցված է: Մի հին բազմոց է... - Բազմո՞ց... - Որի վրա տեղ չկա նստելու: Հին կահույք, որ պիտի վառենք մի օր, իրեր: Մի քայլ էլ չենք կարող անել: - Սիրում եմ նեղվածք, երբ երկուսով ենք: - Արի, որ համոզվես: Այո, միշտ պետք է փարատել բոլոր կասկածները, թեկուզ բազմոցի վերաբերյալ: Ինան զգույշ, որ հատակը չճռռա, այս տանը նույնիսկ պատերն էին ճռռում, մոտեցավ փակ դռանը, նույն զգուշությամբ սեղմելով բացեց եւ գլխով արեց ինձ: - Լույսը վառե՞մ,- կամացուկ հարցրեց, ինքն էլ էր մտափոխվել: - Վառիր, տեսնենք ինչ դրություն է, հետո կանջատես: Վերջին բառերն ասացի արդեն սենյակում, նրա հետեւից մտնելով: Նեղվածքն այն խոսքը չէր, իրար կպած կանգնել էինք, տեղ չկար շարժվելու: Մեզ ավելին պետք չէր: Ինձ բազմոցն էր հետաքրքրում, որի վրա շորեր ու կապոցներ էին լցված: Ինային համբուրելով միաժամանակ ուսումնասիրում էի նրա ուսի վրայից, թե ինչպես կարելի է տեղ բացել: Խելացի մտքերը, իրոք, հաճույք են պատճառում: Ինչ տեղ բացելու մասին էի մտածում, երբ այդպես ավելի հարմար կլիներ: Ուսերը սեղմելով կամաց հետ մղեցի, զարմացած նայեց աչքերը թարթելով, բայց արդեն բազմել էր կապոցների վրա եւ մեջ: Հասկացավ, թե ինչ եմ ուզում անել, դժգոհեց. - Չեմ սիրում այսպես, առանց նախապատրաստվելու: - Դու էլ սա նախապատրաստություն համարիր,- շշնջացի վզի տեղը փնտրելով: Ծիծաղեց եւ հարմարվեց: Ժամանակ չկար, համենայն դեպս մի փոքրիկ նախաբան պետք էր: Ես նրան հիշեցրի, թե ինչից սկսվեց այս ամենը, գործնականում ապացուցելով, որ նախաձեռնությունը վաղուց է անցել իմ ձեռքը: Նրան մնացել է լոկ անցյալի հուշը, որը նույնքան պետք է մարդուն, ինչքան երազանքը, միայն թե ներկան է իրական զգացողությունը: Ներկան ես էի տնօրինում, եւ նա հաճույքով ենթարկվում էր, միանգամից համոզվելով, որ սիրահարներին բնորոշ է նոր անկյուններ փնտրելը, սակայն նորը ոչ թե միջավայրն է, հնամենի բազմոցի ներքին փոշին կամ հին շորերի ու փակ սենյակի, ինչ-որ չափով նաեւ անցած օրերի միախառնված անորոշ հոտը, այլ մեր մեջ էր, ամեն անգամ նորովի ու յուրահատուկ, քանզի ամեն վայրկյան այլ էր նա, իսկ ես հսկայական ճանապարհ ունեի անցնելու... Մի քնքուշ ձայն հնչեց. - Ինա,- ապա նորից,- Ինա, որտե՞ղ եք: Ինան ծալած բթամատը մտցրել էր բերանը, սեղմեց ատամներով մինչեւ ուշքի եկավ ու արտաբերեց. - Այստեղ ենք, ի՞նչ ես ուզում: Ամենավատ վիճակում էլ պետք է ինչ-որ մխիթարանք գտնել: - Լավ է, հիմա ձայն տվեց եւ ոչ քիչ հետո... Ինան միշտ գնահատել էր հումորս, անմիջապես արձագանքեց պոռթկուն ծիծաղով: Դա մեղմացրեց նրան, այլապես քույրը չէր փրկվի: - Ի՞նչ է եղել, որ ծիծաղում ես,- այդպես է, փոքրերը միշտ նախանձում են մեծերին, որ առանց իրենց են զվարճանում,- կարելի՞ է մտնել: - Իհարկե կարելի է,- պատրաստակամորեն ասացի դուռը մեջքով սեղմելով, մինչեւ Ինան շտկվեց եւ կարգի եկավ,- մտիր, եթե կարող ես,- բացեցի դուռը, որը նա ապարդյուն հրում էր: Նինան միայն գլուխը կարողացավ առաջ բերել դռան արանքով: - Տեղ չկա,- զարմացավ նա, կարծես ծանոթ չէր դրությանը: Երեւի այս սենյակի համար են ասելՙ երրորդն ավելորդ է: - Խմածությունդ թողե՞լ է,- խայթեց Ինան: - Հա, ոնց որ,- պատասխանեց քույրը եւ նույն միամտությամբ շարունակեց,- ի՞նչ էիք անում այստեղ: Անհավատալի է, որ չհասկանար, թե ինչով էինք զբաղված, միամիտ ձեւանալով խանգարե՞ց մեզ: - Շախմատ էինք խաղում,- փնչաց Ինան: - Բայց դու անգամ տախտակով չես կարողանում խաղալ: Փոքրիկը ծաղրում էր: - Ես խնդրեցի, որ Ինան ցույց տա սենյակը,- միջամտելու ժամանակն էր, շատ էի լուռ մնացել,- ուզում եմ այս տունը գնել, դրա համար պետք է լավ ուսումնասիրեմ ամեն ինչ... - Ումի՞ց ես ուզում գնել,- Ինան շատ արագ էր արձագանքում: Եթե մի վայրկյան հապաղեր, գուցե ձայն չհաներ: - Բայց մենք տունը չենք վաճառում,- վրա բերեց քույրը: - Ես տանտիրոջ հետ կխոսեմ, դուք ո՞վ եք: Ես տատիկին կհամոզեմ: Նինան լրջորեն անհանգստացավ, Ինան արդեն կռահելով, որ իմ հերթական փչոցն է, սկսեց խոսեցնել ինձ: - Ինչո՞ւ ես ուզում այստեղ տուն գնել: - Նախ եւ առաջ դուրս գանք, գնանք այնպիսի տեղ, որ երեքով տեղավորվենք: - Ճիշտ է,- ծիծաղեց Նինան: Վերադարձանք մեր սենյակը, որն արդեն շատ ընդարձակ թվաց: Նինան ուղղվեց դեպի մահճակալը, բայց տեսնելով, որ մենք նստեցինք սեղանի մոտ, ինքն էլ եկավ: - Մենք խմելու ենք,- ասաց Ինան,- դու խմելո՞ւ ես, որ նստեցիր,- բարկությունը չէր անցել: - Պարտադի՞ր է,- հարցրեց կրտսերը: - Նայած, թե ինչ առիթով ենք խմելու,- ասացի,- կենացներից է կախված: - Էլի՞ առիթ,- վախեցավ Նինան: - Այն էլ ինչպիսի,- իմ ու Ինայի բաժակները օղի լցրեցի, Նինայինըՙ կոնյակ,- ես առիթը կասեմ, դուք որոշեքՙ խմել, թե ոչ: Ես որ հարբելու եմ այսօր... - Ես էլ,- ուրախացավ Ինան,- վերջին անգամ... - Եթե ուզում ենք խմել, կարելի է եւ առանց առիթի... - Ոչ, դա անազնվություն է,- բողոքեց Նինան,- առիթը պետք է ասեք: - Խնդրեմ, առիթն այս տունն է, այս տան եւ հատկապես տատի կենացը: Ինչ-որ լավ ու բարի բան եմ զգում նրանից, կարծես բարություն է ճառագում, բարություն եւ քնքշություն... Նինան անմիջապես կում արեց եւ ձեռքերը սեղմեց այտերին: - Երեսս վառվում է,- ասաց, իսկ աչքերը փայլում էին: Ինան անհանգստացած նրան էր նայում, բայց երբ ինքն էլ խմեց, այլեւս ուշադրություն չէր դարձնում քրոջը: - Միայն թե, Արամ,- խնդրեց Նինան,- տատիս չասեք տան մասին: - Հավատացի՞ր,- ծիծաղեց քույրը: - Իսկ ինչո՞ւ չհավատա,- նորից լցրեցի երկուսիս բաժակները,- ի վերջո սեփական անկյուն ունենալո՞ւ եմ: Ես գյուղ չեմ վերադառնա: Երկու քույրերս ամուսնացել են, բայց եղբայրներս ու փոքր քույրս տանն են: Այնտեղ ինձ բաժին չի հասնի: Երեւանում վարձով էի ապրում եւ դժվար թե մի քանի տարում այնքան փող ունենամ, որ տուն գնեմ: Իսկ այս տունը ինձ համար շատ լավ է, փոքրիկ, սիրուն, խաղաղ, հարազատ... Չանհանգստանաք, ձեզ միշտ կընդունեմ, երբ կամենաք... - Այսինքն, ես ինչո՞ւ եմ անհանգստանում,- գյուտ արեց Նինան,- ես քանի տարի այստեղ չեմ լինելու, արձակուրդներին եմ գալու: Թող Ինան մտածի, որ գյուղացի դարձավ նորից: - Գնա, տեսնեմ կդիմանա՞ս, այն էլ Բառնաուլում,- քմծիծաղ տվեց Ինան,- դու դեռ երազում շատ կտեսնես մեր գետը, տատի տունը,- քրոջ թույլ տեղին կպավ,- լավ, քույրիկս, գնա, գուցե հանդիպես վերջապես քո ասպետին, սիրահարվես... - Շնորհակալ եմ, դու քո մասին մտածիր,- հակադարձեց Նինան: Քույրերն ինձ բացարձակապես հաշվի չէին առնում: «Դա էլ հա՞րց էր», Ինայի զարմանքը դեռ ծխում էր ներսումս, հիմա էլ Նինանՙ դու քո մասին մտածիր: Այսինքն ես գոյություն չունեմ: - Իմն անցավ արդեն,- Ինան նույնպես զանցառեց իմ գոյությունը... եւ մեր սերը: Լուռ վերցրեցի բաժակն ու խմեցի, ապա կարճ արտաշնչեցի բռունցքիս վրա, Դիմովիչի պես: Այդպես շուտով կհարբեմ: - Ի՞նչ պատահեց,- հարցրեց Ինան,- մենակ խմեցիր, ես ո՞ւմ հետ խմեմ: - Միասին էլ կխմենք,- լցրեցի: - Ի՞նչ եղավ,- Ինան ուշադիր նայեց ինձ: - Ոչինչ, խմենք: - Հենց այնպե՞ս, առանց որեւէ առիթի՞: - Ես առանց առիթի չեմ խմի,- քմահաճորեն ասաց Նինան,- առիթներդ սպառվեցի՞ն, Արամ, չե՞ս կարող ասել: Բաժակաճառերից խորշելով հանդերձ կենաց ասող էի դարձել, եւ կարծես գտնում էի... - Ինչո՞ւ չեմ կարող, ասելն ամենահեշտն է: Բավական է միայն առաջին բառն արտասանել, մնացածը գալիս է, առանց մտածելու, թե որեւէ մեկին կվիրավորես կամ ցավ կպատճառես... Այդպես ամեն ինչ պարզվում է միանգամից եւ հեշտանում... - Ըհը, սկսվեց,- ուրախացավ Ինան եւ դարձավ քրոջը,- հիմա կտեսնես... - Ակնկալիքներ չպահես, տխուր առիթով չեմ կարող երկար խոսել: - Տխո՞ւր, օյ, պետք չէ,- ծվծվաց Նինան: - Քեզ պետք չէ, միգուցե դու չտխրես էլ: Իսկ ինձ համար տխրություն է, որ վաղը դու գնալու ես, եւ ամբողջ կյանքում այլեւս իրար չենք տեսնելու, ամենայն հավանականությամբ: - Հենց նոր տունը գնելու մասին էիր խոսում,- ծիծաղեց Ինան: - Ենթադրում եմ, որ տունը ինձ չեք տա: - Լավ, տվեցինք, ի՞նչ ես անելու: - Կապրենք, դու կգնաս դպրոց, ես գրքեր կգրեմ, ամբողջ ձմեռ կգրեմ: - Այսինքն ամուսնանալու ենք: - Ինչպես կամենաս: - Իսկ դու չե՞ս կամենում: - Ինչպես կամենաս: - Ես քեզնից մեծ եմ, գիտես, չէ՞: - Գիտեմ, դու քսանվեց տարեկան ես, եսՙ քսաներեք: - Տարիքս որտեղի՞ց գիտես, Նինա՞ն է ասել,- եւ իսկույն ընկրկեց քրոջ հայացքից ազդված,- ո՞վ է ասել: Ես հիշեցրի տեղը, ժամը, խոսակցությունը: - Գրողը տանի, քեզ հետ խոսելիս պետք է ամեն բառը հաշվի առնել: - Այո, բայց շատ հաճախ թերանում ես, ինչպես քիչ առաջ: - Ի՞նչ է եղել,- լարվեց նա,- զգացի, ինչ-որ բան կատարվեց, բայց ի՞նչ եղավ: - Դու մինչեւ հիմա չհասկացար, որ չի կարելի օղին այսքան երկար պահել բաժակի մեջ, տաքանում է... Խմենք տխուր առիթով, բաժանման կենացը: - Բաժանման կենա՞ցը... այդպես ասո՞ւմ են: - Այո: Մարդ կա, սիրում է իր տխրությունը... - Դա հիվանդություն է: - Իհարկե հիվանդություն է, խոսելը նույնպես հիվանդություն է, հատկապես հակաճառելը: - Ինձ հե՞տ էլ բաժանման կենաց ես խմելու,- ծիծաղեց: - Ոչ, մենք անբաժանելի ենք: - Օ՜, դա սե՞ր է,- հարցրեց Նինան: - Այո, ի հեճուկս ձեզՙ երկուսիդ: - Ինչո՞ւ ի հեճուկս: - Գնացեք ու մտածեք, գուցե գտնեք: - Ես չեմ գտնում, բայց զգում եմ,- ասաց Ինան: - Գրեթե տարբերություն չկա, նույնիսկ ավելի լավ: - Բացատրեք,- պահանջեց Նինան,- ի՞նչ էր նշանակում «ի հեճուկս»: - Բառարան չունե՞ք այստեղ: - Խուսափում ես: - Եկեք պարենք,- Ինան երաժշտություն միացրեց եւ ինձ դիմեց ձեռքի շարժումով,- ընտրիր, ո՞ւմ հետ ես պարում: - Երեքով պարենք,- ասացի վեր կենալով: Կարծում էի, թե երեքով խառը պարելու ենք, սեփական շարժումներով, մինչդեռ քույրերը սկսեցին ինձ փոխանցել իրար, ընդ որում արագ-արագ, չէի հասցնում համեմատել: Մի պահ երկուսին էի գրկել միաժամանակ: - Տանգոՙ երեքով,- հայտարարեցի: Այդ միտքը դուր եկավ նրանց, բայց երբ փորձեցի սովորության համաձայն ձեռքերս հասցնել իրար, Նինան ճարպկորեն ազատվեց: - Բավական է,- բացականչեցի ծիծաղելով,- հիմա աչքերս կփակեմ, ով ընկավ ձեռքս, բաց չեմ թողնի: Ինան էր ընկել ձեռքս: - Ինչ լավ է,- ուրախացավ կրտսերը,- կհանգստանամ: Պարելն ինձ ավելի է հարբեցնում: Հանդարտվեցինք, Նինան նստեց, մենք դանդաղ պարում էինք, գրեթե չէինք շարժվում: - Այդպես ես էլ կպարեի,- նախանձեց Նինան: - Ենթարկվիր բախտին,- ծիծաղեց քույրը: - Դու ինքդ նետվեցիր նրա ձեռքերի մեջ: - Եթե ուզում ես, արի դու,- հոժարակամ ասաց Ինան: - Ոչ, ես գնում եմ: Ինչքան էլ նրա ներկայությունը հաճելի էր, վաղուց ժամանակն էր, որ երկուսով մնայինք: - Մենք էլ ենք գնալու,- հանկարծ ասաց Ինան,- արդեն ուշ է: Ես զարմացած մատներս սեղմեցի կողքերին, ջանալով այդպես առարկել նրան եւ տարհամոզել: - Մորզեի այբուբենի՞ն ես անցել,- ծիծաղեց նա,- ի՞նչ ես ասում: Ձեռքերս իջան կոնքերինՙ հասկացնելով, որ ուզում եմ մնալ: - Ոչ, պետք է գնալ,- չզիջեց նա եւ ճչաց, որովհետեւ կսմթել էի նրա ամենափափուկ տեղը,- մութ է,- պատճառաբանեց,- ուղեկցենք Նինային: Ուղեկցելը նշանակում էր, որ ինքը տուն չի մտնելու: Ես այդպես հասկացա: Համենայն դեպս նրանց պահելու եւս մի փորձ արեցի: - Իսկ ես ուզում էի պարել Նինայի հետ... ամենավերջին անգամ... - Ամենավերջի՞ն,- ծիծաղեց Նինան: Նրա ծիծաղը վտանգավոր էր, մանավանդ զսպված ծիծաղը, փոքրիկը նույնիսկ Ալինային էր գերազանցում... Ամեն ինչն էլ վտանգավոր էր, նամանավանդ պարելիս: Եթե համարձակվել էի պարի հրավիրել նրան, գիտեի, թե ինչ փորձության եմ ենթարկվելու... Երեւի ինքն էլ էր գիտակցում իր վտանգները, հրաժարվեց: - Գլուխս պտտվում է,- ժպտաց,- բայց մենք դեռ կպարենք... Հարբած եմ այսօր, կյանքում առաջին անգամ... Իսկ Ինան ինչքան էլ խմի, ամենեւին չի զգացվում... - Ե՞ս,- քրքջաց Ինան,- որովհետեւ առաջին բաժակից հետո ձեւացնում եմ, թե խմում եմ: - Ձեւացնելը լավ միտք է, ես էլ այդպես կանեմ,- ուրախացավ Նինան,- հիմա, խնդրում եմ, որոշեք, որպեսզի իմ անելիքը իմանամ: - Ի՞նչ պիտի որոշենք,- պատասխանեցի,- ես որ պլանավորում չեմ սիրում. ինչ ուզենքՙ կանենք:- Ինչ)որ չափով ջենտլմենական ուղղում մտցրեցի,- ինչ դուք կուզեք: - Հակառակը պիտի լինի,- առաջարկեց Ինան,- քո ծննդյան օրն է, քեզ կենթարկվենք... - Եթե այդպես է, մոռացիր գնալը, գոնե այժմ: - Իսկ ես ի՞նչ անեմ,- հարցրեց Նինան: - Ես չեմ բռնանում: - Կմնամ, եթե խոստանաք, որ ուրիշ տեղեր չեք մտնի... շախմատ խաղալու... - Խոստանում ենք,- քրքջաց Ինան, սովորության համաձայն իմ փոխարեն նույնպես արտահայտվելով,- ինչքա՞ն ենք մնալու, ամբողջ գիշեր այստեղ չենք անցկացնի: - Ինչո՞ւ ամբողջ գիշեր, կմնանք այնքան, ինչքան կուզենք: - Դե դա նույն բանն է,- անհանգստացավ Նինան,- նույնիսկ ավելի երկար կտեւի: Ինձ տարեք տուն... Մենակ էլ կգնայի, բայց խմած եմ,- ավելացրեց ցուցադրական հպարտությամբ: - Ոչ, մնա, միասին կգնանք,- վճռեց քույրը,- գոնե մի զսպող ուժ կլինի, թե չէ երկու խենթ իրար հետ, օ՜... Նա ինձ ավելի լավ էր ճանաչում, քան ես էի ներկայանում: Ինչքան էլ հաշվարկին ու վերլուծությանը տրվեի, իր հետ ես խենթուխելառ էի, գուցե իրենից էի վարակվում: - Համաձա՞յն ես, Արամ,- հարցրեց Նինան: - Չէ՞ որ ասացիՙ ամեն ինչ ձեր ուզածով... - Եվ չեք մտնի ծածուկ տեղեր: Ողջամիտ աղջիկը երկու կողմից էր հավաստիացում պահանջում: - Բացարձակապես մի անհանգստանա, ամեն ինչ կլինի քո աչքի առաջ: - Անպատկա՜ռ,- ներողամտորեն ժպտաց Ինան,- բախտդ բերեց, այսօր քեզ ամեն ինչ ներելի է: - «Ամեն ինչ» մի ասա,- զգուշացրեց քույրը ծիծաղելով,- գոնե ասա «շատ բան», բայց ամեն ինչ մի թույլատրիր... - Ես այսօր նրան ամեն ինչ թույլատրում եմ, իմ կողմից... - Վստա՞հ ես: Նինան անցել էր ճշտումների: - Լիովին: - Նույնիսկ եթե քեզ ցա՞վ պատճառի կամ ինչ-որ այլանդակություն անի... - Նա չի անի: - Իսկ եթե անի: - Ինչո՞ւ ձայն չես հանում, Արամ,- հարցրեց Ինան: - Խոստանամ, որ այլանդակություն չե՞մ անի: Եթե վստահում ես, վստահիր անվերապահորեն: - Ես վստահում եմ,- ասաց Ինան: Աչքերը պարզ էին եւ սիրով լի: - Կյանքդ կվստահե՞ս նրան,- շարունակում էր փորփրել կրտսեր քույրը: - Լսիր, աղջիկս,- Ինան ըստ երեւույթին որոշեց թեթեւակի շշպռել հարցասեր երեխային,- եթե աղջիկը տրվում է տղային, ուրեմն նրան վստահում է լիովին եւ ամեն ինչ: Նինայի համար դա փաստարկ չէր: - Ամեն օր մեր այգում ինչ-որ մեկը մեկին տրվում է, եւ նրանք սոսկ ծանոթներ են մնում... կամ նույնիսկ ծանոթ չեն լինում... Ես հավատում էի նրան: Նրանց խումբը քաջատեղյակ էր, թե ինչ է կատարվում այգու եւ գետափի անտառաշերտի ծակուծուկերում: Բացառված չէր, որ ինձ ու Ինային նույնպես «երեւակել» էին: - Ի՞նչ գիտես,- նույն կասկածը Ինայի հարցի մեջ հնչեց: Ի պատասխան քույրը միայն ծիծաղեց: Իսկ ինձ ավելի շատ հետաքրքրել էր Ինայի բացահայտ խոստովանությունը, որ տրվել է ինձ: Նինան բռնել էր մեզ, այնուամենայնիվ այդ մասին ասելը, այն էլ մանկամարդ քրոջը, տարօրինակ թվաց: Նինան էլ ցնցված չէր նրա հայտարարությունից: Մտածողության թե ընկալման տարբերություններ կային անշուշտ: Թեեւ համեմատության եզրը բացակայում էր, հայուհի քույրերի հետ նման իրավիճակում չէի եղել, առհասարակ համեմատելու բան չունեի այդ գործում: Պարզապես Ինայի շնորհիվ վիթխարի զարգացում էի ապրել: Օղու բաժակները մեծ էին, ոչ երեւանյան «մատնոցների» պես: Շիշը դատարկվեց: Եթե հավատայի Ինայի խոստովանությանը, մեծ մասը փաստորեն ես էի խմել, ինչպես նաեւ կոնյակ, բայց հարբած չէի: - Վերջապես խմենք առանց որեւէ առիթի,- հայտարարեցի բաժակը վերցնելով,- ամենավերջին բաժակը: - Այո,- համաձայնեց Ինան,- առանց առիթի... Խմելու գործում նույնպես որոշ դասեր յուրացրել էի. եթե օղին ջրի պես է խմվում, ուրեմն սկսում եմ հարբել: Բարեբախտաբար վերջինն էր, ուրախ էի դրա համար, որովհետեւ Նինային ուղեկցելուց հետո կարեւոր գործ էր սպասում ինձ: Ես դեռ «հետոյի» հույս ունեի: - Բայց ոչ ամենավերջինը,- շարունակեց Ինան բաժակը շուրթերից հեռացնելով,- ես քեզ հիմա ուրիշ բան կտամ: Նրա բաժակը նույնությամբ մնացել էր: Դուրս եկավ եւ վերադարձավ մի մեծ անոթ բերելով: Սպիտակ գինու էր նման միջինը: - Տնական գարեջուր է,- ասաց: Գիտեի, որ սովորական գարեջուրը օղուց հետո արագորեն հարբեցնում է: Սառն էր, դառը գինուց ավելի տտիպ, գարեջրի համ չէր: Ինչ որ է, լավ էր խմվում: Քույրերը չխմեցին: Արդեն զգում էի ծանոթ ալիքները: Մատս կպցրեցի քթիս ծայրին, բթացած էր: Ավելի ստույգ ձեւ կար հարբածությունս որոշելուՙ չէի կարողանում հայացքս կտրել Նինայի կրծքից: Սակայն ամեն ինչ գիտակցում էի, եւ դա հույս էր տալիս, որ կդիմանամ: - Աչքդ Նինայից չես կտրում,- ասաց Ինան,- սիրահարվա՞ծ ես: - Իհարկե,- սովորության համաձայն պատասխանեցի ակնթարթորեն,- դու գիտես, ես գեղեցկության սիրահար եմ: - Նա գեղեցի՞կ է: Խաղը հանկարծակի սկսվեց: - Նա սքանչելի է, իսկ դու հրաշալի ես: - Տարբերությունը ո՞րն է: - Տարբերությո՞ւնը... Նրա մազերը երկար են եւ թեթեւակի ալիքաձեւ, իսկ քոնըՙ կարճ եւ գանգուր: - Այդքա՞նը: - Մյուս տարբերությունները չեմ համարձակվում ասել: - Ասա, չէ՞ որ դու անվախ ես քամու պես: - Բայց քամու պես անմիտ չեմ: - Անցար կողմնակի բաների՞ն: - Նաեւ տարվա բոլոր եղանակներին: - Այսքան տեղը չհասկացա,- միջամտեց Նինան: - Ես գիտեմ, որ համեմատությունն իմ օգտին չէ,- քրոջն ուշադրության չարժանացրեց Ինան: - Թերագնահատում ես քեզ: Ինքնաբերաբար սկսել էինք պարել, թեթեւակի, սեփական շարժումներով: Եթե աղջիկները կանգնած են, լավ տրամադրությամբ, երաժշտություն է հնչում եւ համբուրող չկա, ուրեմն պիտի պարեն: Ես էլ էի շարժվում նրանց հետ, աչքերիս առաջ գեղեցիկ մարմիններն էին, համեմատում էի, խաղում, միաժամանակ խստորեն հետեւում, որ հանկարծ չափը չանցնեմ... խոսելիս: - Չհասկացա,- կրկնեց Նինան,- խնդրում եմ, բացատրեք, այդ ի՞նչ կողմնակի բաներ են: Գոնե դու ասա, Արամ: - Ես, իհարկե, կասեի... - Ահա քո կողմնակի բաները,- ընդհատեց Ինան,- դրանք նկատի ունի: Ինքն էր ասել: - Ինչո՞ւ կողմնակի,- Նինան նայեց իր ոտքերին, որոնք ջինսի մեջ էլ տպավորիչ էին, եւ ավելացրեց համարձակորեն,- ամենեւին կողմնակի չեն... Իսկ տարվա եղանակնե՞րը... Նույն բնույթի՞ են... - Ուզում ես միանգամից ամեն ինչ իմանա՞լ, քույրիկս: - Հիմա ես ամեն ինչ կասեմ,- կարծես խոսելու ցանկությունն արդեն խուտուտ էր տալիս կոկորդս, - եղանակի տեսությունն էլ կտամ, բոլոր գոտիներով եւ կանխատեսումներով: Միայն թե ոչ այսպես պարելով, շարժումներիս անշնորհքությունից ինքնավստահությունս կորցնում եմ: Համապատասխան պայմաններ են պետք, ազդակ եւ գրգիռ, ինչպես նաեւ փափուկ հենարան... Ձեռքերս գցեցի Ինայի մեջքին, նա ծիծաղելով խույս տվեց. - Չես կարող խուսափել,- իսկույն պարփակեցի նրան թեւերիս մեջ,- գիտես, առաջվա անփորձ պատանին չեմ, որ առաջին իսկ անհաջող փորձից հետո նահանջեմ հպարտ ամաչկոտությամբ... Նինան երաժշտությունն անջատեց, ավելի լավ, երեւի ուզում էր, որ միայն իմ ձայնը հնչի: - Ես քեզ չեմ թողնի, առանց նվագի կպարենք: Եթե կա ներքին ձայն, ներքին երաժշտություն էլ պետք է լինի... Մի թպրտա, խնդրում եմ, եւ մի խլվլա, փրկության հույս չունենաս... Բոլոր հույսերից կզրկեմ քեզ: - Միայն թե ոչ վերջին հույսից,- ծիծաղից շնչակտուր ասաց Ինան: Նա էլ էր շողուլից ընկել կամ ընկնում էր: - Վերջինը ո՞րն է,- հարցրեց Նինան, օրորվելով պտտվում էր: - Դա պետք է զգալ, եթե... Ինան ոտքս տրորեց: Մինչդեռ կարող էի երդվել, որ ոչ մի վտանգավոր բան չէի ասելու: Ընդհակառակը, մի երկու միջանկյալ նախադասությամբ հեռանալու էի այդ թեմայից: Բացի դրանից, «վերջին հույսը» նույնպես ինքը մեջ բերեց: Ընդհատում էր ինձ, խանգարում եւ դեռ ուզում էր, որ փայլեմ Նինայի առջեւ: - Ներեցեք,- ասացի,- Ձեր ոտքը տրորեցի, շատ անշնորհք եմ: Այնուամենայնիվ թույլ տվեք նկատել, որ Դուք նույնպես մեղքի բաժին ունեք: Դուք իմ ուսուցչուհին էիք դեռ այն ժամանակ, երբ չգիտեիք, որ իրականում մանկավարժ եք: Շատ բան եք ինձ սովորեցրել, օրինակՙ լողը, որով միշտ կհպարտանամ: Անսահման երախտապարտ կմնամ մինչեւ կյանքիս վերջը: Լողըՙ ջրային տարածքի իր բոլոր հմայքներով: Սակայն պարել սովորեցնելիս Դուք արդեն բծախնդիր չեղաքՙ այդ կարեւոր գործը թողնելով ինքնահոսի, երբեմն նույնիսկ ուրիշների տնօրինությանը հանձնելով, էլ չեմ խոսում երկարատեւ անհարգելի բացակայության եւ ոմանց դավադրության մասին: Այնպես որ ես հիմա սոսկ բնազդով եմ ձեռքերիս ճիշտ տեղը կամ նվազագույն հեռավորությունը գտնում: Խոստովանում եմ, վերջինը գրեթե անհնար է, եւ ոչ մի գրեթե... - Էյ, էյ,- բացականչեց Ինան,- բնազդներիդ ազատություն մի տուր: - Բնազդները մեր փրկությունն են, որովհետեւ առողջ են եւ անկեղծ: Եթե չկա գիտություն եւ ճիշտ օգնություն, ապավինում ենք բնազդին: Դա էլ իր հերթին յուրատեսակ վերջին հույս է, բայց ոչ ամենավերջին... - Ինչ խոսում ես, դրան ես հանգում,- քմծիծաղեց Ինան արդեն չխուսափելով գրկախառնված պարելուց: Հանուն դրա կարող էի չպատասխանել: Նինան նստեց թախտին, մագնիտոֆոնի մոտ, մեզ չէր նայում, կարծես իր կողմնակի բաներն էր ուսումնասիրում: Ջինսը խանգարում էր... - Այսօր չի՞ ստացվում,- Ինան համենայն դեպս արմունկը պահել էր կրծքիս դիմաց, որ շատ չմոտենամ: Որովհետեւ հաճախակի ընդհատում էր: - Դե, գիտես, դրա համար ինձ բացարձակ ազատություն է պետք: Դա ճախրանքի պես մի բան է: Մինչդեռ ես որոշել էի ամեն ինչ ասել, ե՛ւ եղանակային տարբերությունները, ե՛ւ ամենակարեւորըՙ ընդհանրությունը... - Ե՞ս խանգարեցի,- հարցրեց Նինան: - Խանգարել չկա, ոչ էլ խանգարող: Կատարվածը միշտ ճիշտ է: - Ուրեմն գնանք,- առաջարկեց Ինան,- բայց դեռ չէր շտապում գրկիցս ազատվել,- քանի՞սը կլինի... Ինչո՞ւ այս տանը ժամացույց չենք պահում: - Ժամացույցը թեւիդ է, մոռացե՞լ ես,- դիտողություն արեց քույրը: -Ճիշտ որ,- իր պոռթկուն եւ կարճ ծիծաղով ասաց Ինան,- ձեռքը բերեց ուսիս վրա,- օ՜, արդեն տասն է, գնանք: - Այո, գնանք,- եւ ցածրաձայն ավելացրի,- ուղեկցենք Նինային,- աչքերի մեջ պատասխան ակնկալելով: Ժպտուն աչքերը հույս էին տալիս: - Ինչ-որ բան ձայնագրվե՞ց,- հարցրեցի Նինային, երբ փակում էր մագնիտոֆոնը: - Վաղը կստուգեմ... Քույրերից յուրաքանչյուրն իր ձեւով էր ծիծաղում, սակայն նմանություն կար: Ափսոս, վերջին օրով մտերմացանք: - Պատուհանից, խնդրում եմ,- զգուշացրի նրանց: - Այնքան ուշադիր ես, կարծես քո տատի տունն է,- Ինան ծիծաղելով մոտեցավ լուսամուտին: Դուրս ցատկեցի, որ օգնեմ աղջիկներին: Պատուհանը ցածր էր, հեշտությամբ կանցնեին, երկուսն էլ ծանրաշարժ չէին, սակայն գերադասեցին ընդունել օգնությունս: Առաջինը Նինան էր, ձեռքը մեկնեց, բայց բռնեցի իրանից ու թեթեւորեն հանեցի դուրս: Նա հասցրեց միայն «օյ» ասել ու ծիծաղել: Նույն կերպՙ Ինային, ճշտելով, որ նա ավելի թեթեւ է: Չէի կասկածում: Զգուշորեն ոտքս դրեցի բետոնի վրա: - Չորացե՞լ է,- հարցրեց Ինան: - Չորացել է, բայց դեռ չի ամրացել: Վաղը հարկավոր է կողքերի տախտակները հանել եւ մի քանի դույլ ջուր ցփնել բետոնի վրա: Դա լավ է ամրացնում: Մի ամիս առաջ մոտավորապես այս ժամին դեռ օրալույս էր, իսկ հիմա արդեն մութ գիշեր էր: Այս փողոցում փայտաշեն, ցածրիկ տներ էին, լուսամուտների լույսը լավ չէր երեւում: - Գետափո՞վ գնանք, թե՞ փողոցով,- հարցրեց Նինան: Ես միշտ գետափի կողմնակից էի, բայց վերջերս Ինան զգուշանում էր այդ ճանապարհից: Քայլեցինք դեպի Կենտրոնական փողոց: Դիմովիչի լուսամուտները մութ էին: Ուրեմն խմած քնած էր, կիրակիներին նա հարբում էր, ինչպես եւ մյուս օրերին: Խմած քնած էր, բայց ցանկապատի տակ: Եթե արմունկը չլիներ, չէի նկատի: Դիվինոյի սթափարանը ճամփեզրի փոսերն ու խոտերն էին: Գիշերները տուն դառնալիս եւ հենց ցերեկով տեսնում էի մեռելի պես անշարժ ընկած հարբածներին: Ավելի զարմանալին անցորդների եւ նույնիսկ հարազատների անտարբերությունն էր. կթողնեին մինչեւ առավոտ կամ սթափվելը այդպես: - Գործ չունես,- փորձեց պահել ինձ Ինան,- թող պառկի, հանգստանա: - Ես չեմ կարող նրան թողնել այստեղ,- ասացի մոտենալով ծերուկին,- այս մարդն իմ բարեկամն է: Դիմովիչին ձայն տալն անօգուտ էր, շատ հեռու էր այս աշխարհից: Երկար-բարակ չմտածելով պայուսակը տվեցի Նինային ու Դիմովիչին գցեցի ուսիս: Ծերուկը ծալվեց խուրջինի պես: - Կամաց,- վախեցավ Ինան,- եթե շատ սեղմես, հետ կտա: Դիմովիչի տան դուռը բաց էր, գուցե երբեք չէր փակում: Ինան պատը շոշափելով վառեց լույսը: Տունը դրսից նման էր տատի տանը, ներսում այլ պատկեր էր: Գրեթե ամբողջ տունը մի սենյակ էր: Դռան աջ կողմի անկյունն էր կիսատ միջնորմով անջատված: Տատի սենյակի համեմատ սա սրահ էր: Կենտրոնում վառարանն էր, մեծ, ազատ, մի անկյունումՙ երկաթե նեղ մահճակալը, որի վրա պառկեցրի Դիմովիչին: Հանեցի պիջակը, կոշիկները, թուլացրի գոտին... - Չխորանաս,- զգուշացրեց Ինան: Նինան դռան միջից չէր առաջացել: Երեւի Դիմովիչը նրա համար «ամեն կարգի» մարդկանցից էր: Պատից հին վերարկու էր կախված, ծածկեցի դրանով: - Կարո՞ղ ենք գնալ,- հարցրեց Ինան: Վառարանի մոտ մեծ սեղան էր, դազգահի պես, գործիքներ կային եւ փայտի մի կտոր: - Նայիր,- ասաց Ինան,- ծերուկն ինչ է քանդակում: Կնոջ ոտք էր, ծնկից մինչեւ կոնքը, փոքր-ինչ վերեւ: Պատերի տակ քանդակներ եւ զանազան առարկաներ կային, բոլորը փայտից: Դիմովիչը դրսում քարով էր զբաղվում, տանըՙ փայտով: - Մի օր կարելի է հյուր գալ,- ասացի դուրս գալիս,- կներես, Դիմովիչ, հիմա պիտի գնամ: Փողոցում Ինան բռնեց թեւս, քույրը նրա թեւը մտավ, թեեւ ավելի լավ կլիներ, որ երկու կողմից ուղեկցեին ինձ: - Ինչ երկար եւ հագեցած օր էր,- ասաց Նինան: - Ինչո՞ւ «էր»,- արձագանքեց քույրը,- օրը դեռ չի ավարտվել: Ես էլ էի համաձայն, որ մեզ դեռ իրադարձություններ են սպասում: Ավտոկայանի մոտ մարդիկ կային սպասող: - Այս ժամին ավտոբո՞ւս է գնում,- հարցրեցի: - Ավտոբուս ամբողջ գիշերն է գնում,- պատասխանեց Ինան,- տեղականը չէ, իհարկե: Գնացքներին է հարմարեցված: Ակումբից մինչեւ այգի փողոցն իհարկե մարդաշատ էր: - Մտնենք,- խնդրեց Նինան,- գուցե տեսնեմ աղջիկներին: - Ուզում ես ջինսով երեւա՞լ: - Դրանից ինչ հաճույք,- արագորեն պատասխանեց Նինան,- քո հագին արդեն տեսել են: - Իսկ եթե էլի կռիվ լինի՞,- տատանվեց Ինան,- մենք էլ խմած, Արամը... - Մտնենք,- իսկույն ասացի,- չեմ կարծում, որ այս լավ օրը տհաճությամբ ավարտվի: Այգու մուտքի մոտ կինո հաճախող վրացիներից մեկն էր կանգնած: Մոտ քառասուն տարեկան բարձրահասակ տղամարդ էր, մեծաքիթ եւ ճաղատավուն: Իբր թե երեքիս էլ նայում էր, բայց աչքերը Նինայից չէր կտրում: - Տհաճ մարդ է,- ասաց Նինան, երբ հեռացել էինք,- աղջիկների հետեւից միշտ ինչ-որ բառեր է շպրտում կամ զզվելի ձեւով նայում է: - Մի չտես էլ դա է,- անհապաղ արտահայտվեց Ինան,- ես չեմ պատկերացնում, որ մեր գյուղից որեւէ տղա, առավել եւս այդ տարիքի տղամարդ գնա Վրաստան կամ Հայաստան եւ այդպես նայի ձեր աղջիկների հետեւից կամ խոսք գցի: Ես էլ չէի պատկերացնում, հենց մեր գյուղում: Ջահելներն իսկույն կդաստիարակեին հանդուգն օտարականինՙ անկախ ազգությունից: Տաղավարի դիմաց ամեն օրվա խումբը հավաքված էր: Պետրոն, իհարկե, այդտեղ էր: Մեկը բարձր ձայնով խոսում էր, երբեմն հռհռալով: - Ցիգն է եկել,- նկատեց Ինան: - Իսկ նրա մոտ կանգնածին չե՞ս ճանաչում,- տարօրինակ ձայնով հարցրեց քույրը: Ինան կանգնեց եւ ինձ նայեց: - Իզուր մտանք այգի,- շշնջաց նա: Ցիգի մոտ կանգնածը մեզ տեսնելով առաջ եկավ: - Իռա՞,- կանչեց նա: Ինչքան որ Իրինան սիրում էի, այդքան տհաճ էր Իռան, հատկապես ռ-ով: - Դուք գնացեք, ես կգամ,- ասաց Ինան: - Սպասե՞նք քեզ,- հարցրեց Նինան: Փոքրիկի խոսքերը երբեմն դաժանությամբ էին հնչում: Ինան ինչ-որ բան ասաց, չլսեցի: Այդ տղան, մոտ երեսուն տարեկան, արդեն աշնանային երեկոյին անհամապատասխան անթեւ շապիկով, որպեսզի մկանուտ թեւերի դաջվածքները ցուցադրի, անցավ մեր կողքով թեթեւակի ինձ նայելով եւ մոտեցավ Ինային, որը կանգնած սպասում էր նրան: Չտեսա, բայց վստահ էի, որ համբուրվեցին: Նինան ուսով հպվեց ինձ: - Քայլիր,- շշնջաց նա,- բոլոր տղաները քեզ են նայում: Չգիտեմ, թե ոնց անցանք նրանց մոտով: - Այս տուրի՛ստն ով է,- բարձրաձայն հարցրեց Ցիգ կոչվածը: Պատասխանող չեղավ: Կանգնեցինք տաղավարից մոտ քսան մետր հեռու, ծառերի ստվերի մեջ: Խմածությունս լրիվ անցել էր: - Շրջվե՞մ,- հազիվ կարողացա մի բառ արտաբերել: - Այո,- հանգիստ ասաց Նինան: Նա էլ էր սթափվել: Նրանք կանգնած խոսում էին: - Ո՞վ է,- հարցրեցի: - Կիրյուխան,- կարծես հեգնանքով պատասխանեց: - Կիրյուխան... Իռան եւ Կիռան... - Խանդո՞ւմ ես,- հարցրեց փոքրիկը: - Այո: Որոշակի հարցինՙ որոշակի պատասխան: - Ինան քեզ սիրում է: - Իսկ առա՞ջ: - Հետո կասեմ: - Հետո ե՞րբ, ես այլեւս քեզ չեմ տեսնի: - Եթե չես տեսնելու, ինչո՞ւ ես հարցնում: Մեկ չէ՞ քեզ համար, չէ՞ որ դու չվող թռչուն ես: Փոքրիկը սխալ պահ էր ընտրել քարոզի համար, զգաց եւ լռեց: Երկու աղջիկ անցան, մեկը բարձրաձայն ասաց. - Հիմա էլ քրո՞ջ հետ է... Այստեղ հետեւից չէին բամբասում, ուղղակի երեսիդ ասում էին: Նինան չարացած կնճռոտեց քիթը: - Մենք ինչո՞ւ ենք սպասում,- հարցրեցի: - Չլսեցի՞ր, նա գալու է: Ահա, շարժվեց: Ինան արագ-արագ քայլում էր, մի երկու բառ Ցիգի հետ փոխանակեց, ծիծաղեց, Կիռան մոտեցավ տղաներին: Իռան եւ Կիռան, Իռան եւ Կիռան... կրկնեցի այնքան, մինչեւ սկսեցի բարձրաձայն ասել: Նինան երեւի մտածեց, որ գժվում եմ, կարեկցանքով նայում էր: Ինան հասավ եւ իսկույն ասաց. - Ես կբացատրեմ: Նինա, դու գնա... - Ի՞նչ պետք է բացատրես,- մեծագույն զարմանք արտահայտեցի, ուրեմն ինչ-որ բա՞ն ես արել, որ բացատրության կարիք կա: - Բայց դու այլայլված ես, հանգստացիր: - Ե՞ս... այլայլվա՞ծ... ամենեւին: Գնա՞նք... - Գնանք,- առաջ ընկավ Ինան: Թողեցի, որ քույրը հետեւի նրան: Մտնում էինք արահետ, որով երկու հոգի իրար կողքի կարող էին քայլել միայն գրկված: Եզրափակեցի երթըՙ տուրիստի պես պայուսակը ուսիս գցած: Մինչեւ Անտառային բառ չփոխանակեցինք, չէր էլ ստուգումՙ գալի՞ս եմ իրենց հետեւից: Փողոցի սկզբում կանգնեց: - Նինա, դու գնա,- նորից խնդրեց քրոջը,- մենք պետք է խոսենք: Չէի կարող թողնել, որ միշտ ինքը որոշի, թե մենք ինչ պիտի անենք: - Հանգստացիր,- ասացի,- կխոսենք, բայց ոչ հիմա: Գիշերը լավ մտածիր, հետո կխոսենք: - Ապա ժամանակ չտալով մոտեցա Նինային: -Շատ ցավալի է, որ այլեւս չեմ տեսնելու քեզ: Դու պարզապես լույսի շող ես այս գյուղում,- ուսերը զգուշորեն բռնելով համբուրեցի երեք անգամՙ մազերը, այտը, վիզը: Թռուցիկ համբույրներ էին, համեմատության համար պիտանի չէին, հատկապես որ վզի աջ կողմն էի համբուրել:- Ճիշտ որ երկար եւ հագեցած օր էր: Անչափ հաճելի էր, ես այս օրը չեմ մոռանա, հատկապես ավարտը... Այո, դու չպետք է անցյալ ժամանակով ասեիր, օրը դեռ չէր ավարտվել... Հիմա էլ չի ավարտվել... Չգիտենքՙ ինչ կկատարվի էլի... Բարի գիշեր: - Բարի գիշեր,- մաղթեց Նինան: Ջերմություն կար ձայնի մեջ: Ինան գլխով արեց: Քայլեցի: Թատրոնն ավարտվեց, մնում էր նրանց տունն անցնել, հետո արդեն չգիտեի, թե ինչ կլինի: Գամբիտը թաթերը ցանկապատին հենած բակի մուտքն էր հսկում: Զարմանալի շուն էր, սպառնալիքը բակից դուրս չէր տարածում, չէին կապում: Սերը տարածում էր, դուրս թռավ ու վազեց տիրուհիներին ընդառաջ: Անցա մեր տները, Կենտրոնականի խաչմերուկը: Գրպանումՙ չէ, գոնե պայուսակի մեջ կարելի է սիգարետ պահել: Ոչ թե վիշտը ծխին տալու, այլ այնպես, զբաղվելու համար: Գյուղտեխնիկայի դարպասին չհասա: Թռա պարսպի վրայով: Պահակի Բայկալ շունը մոտ վազեց քսմսվելու: Դիվինոյի բոլոր շները վարժվել էին ինձ, բացի Գամբիտից: Մեր պատուհաններում լույս չկար, այս ժամին քնած չէին լինում, առավոտներն ուշ էինք զարթնում, հատկապես երկուշաբթի օրերին: Բանալին տեղում էր: Այո, տանը չէին: Այսպիսի բան չէր եղել, գրողը տանի, ամենաջահելը ես եմ, ե՞ս պիտի տանը մենակ գիշերեմ: Պայուսակը կախեցի մահճակալի գլխից, հագա պիջակս եւ դուրս եկա: Համոզված էիՙ Ինան քրոջը տուն հասցնելուց հետո վերադարձել է այգի: Ոչ մի անգամ այդքան արագ չէի հասել կենտրոն: Հեռավոր անհանգստությամբ զգում էի, որ վտանգի եմ ենթարկվում, լարված են տեղացիների եւ դրսեկների հարաբերությունները, մութ գիշեր, մութ անտառ, կարող են դիակը կորցնել անհետ: Հավանաբար ժամը մեկի կողմն էր, տաղավարում շատ մարդ չկար: Ինային չտեսա, չտեսա նաեւ Կիռային ու Ցիգին: Շրջեցի այգու մեջ, հետո գնացի գետափ, ամայություն էր: Կասկածն ավելի խորացավ: Իհարկե, եթե Ինան վերադարձել էր այգի, դեղնակտուցների պես չէին նստի տապալված ծառի վրաՙ հեքիաթներ պատմելով: Երկար մնացի այդտեղ, գուցե երկու կամ երեք ժամ, տաղավարը վաղուց փակ էր: Ապա բարձրացա գետափով, մտա Անտառային փողոց: Գրողի տարած շունը արթուն էր, կասկածանքով ինձ էր նայում եւ օդը հոտոտումՙ երկրորդ անգամ նույն ճանապարհո՞վ, սրա մտքին վատ բան կա: Այս անգամ գյուղտեխնիկա մտա փակ դարպասի ճաղերի արանքով, պահակը քնած էր: Բայկալը նույնպես տարակուսած մոտեցավ: Տանը ոչ ոք չկար: |