RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 7649, Տպվել է` 582, Ուղարկվել է էլ.փոստով` 205

ԽԱՉԱԳՈՂ 14

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Երեկոյան արդեն իմացել էինք, որ բետոնագործների տրակտորը փչացել է, արհեստավորները, Գիքորն ու Կամոն գնացին Անտառային փողոց, Շուլային, Դավթին ու ինձ (այնուամենայնիվ աքսորվեցի) նոր, անծանոթ աշխատանք էր սպասում:

Աղյուսի գործարան գնացինք, այսպիսի ցուցումով. մինչեւ եղածը շարեն, աղյուս հասցնենք: Աշխատանքային ժամին դեռ շատ կար, պահակը ներս չէր թողնում: Սաքոն լեզու գտավ նրա հետ, ավտոն մոտեցրեց գործարան կոչվածին, որը կլոր շենք էր բարձր տանիքով:

- Որտեղի՞ց սկսենք,- հարցրեց Սաքոն պահակին եւ քանդեց ցույց տված դուռը, որը փակված էր կավածեփ շերտով, բացվեցին կարմիր, թարմ-թարմ թրծված աղյուսները, շարված այնպես, որ օդ խաղա արանքները:

Դավիթը բարձրացավ թափքը, Սաքոն հոսանքը միացրեց, գվվալով շարժվեց սեւ ժապավենը, որի վրա Շուլան սկսեց արագորեն գցել աղյուսները: Մի քանի րոպե ես դիտողի դերում էի, Շուլան տեղ բացեց, մտա նրա մոտ, երկուսով աշխատեցինքՙ սեղմված կամարակապ բացվածքի տաք պատերին:

Սաքոն աշխատանքը կարգավորված համարելով վերջին կարգադրություններն արեց.

- Ուրիշ ավտո չթողնեք, ներսի ամբողջ աղյուսը մերն է... Տասը հազար հատ ուզում եմ ձեզնից օրական... Էս էլ թուղթը, ամեն ավտոյի հաշիվը կգրեք, գործարանի վարպետը, Իսայիչ է անունը, մեծ մարդ է, խոշոր, կստորագրի:

Չլսեցինք Սաքոյից, թե տղերք ջան, առաջին ավտոյից հետո ճաշարան կգնաք, բայց մենք ուտելու ժամերը նրանից լավ գիտեինք:

Երկրորդ ավտոն նույնպես շատ ժամանակ չխլեց, բավական խորացել էինք, բայց երեքով էինք աշխատում: Երրորդին միայն զգացինք ողջ դժվարությունը: Հեռացել էինք դրսի օդից, իսկ խորքում այնպիսի տոթ էր, որ քրտինքը հանքային աղբյուրի պես էր բխում: Մոխրի շերտի տակ կրակի պես վառող գետինն էր, որի վրա հնարավոր չէր կանգնել, վերեւի ոչ այնքան տաք աղյուսներն էինք գցում ոտքերիս տակ: Ի լրումն այդ ամենի աղյուսները փոխանցելով էինք հասցնում ժապավենին, երեքով մի հոգու գործ էինք անում: Ամենաանտանելին տապն էր: Այլեւս չդիմանալով ես հանվեցի (այնքան, որ կոչվում է համարյա մերկ), Դավիթը նախանձով նայեց ինձ, ամաչում էր հանվել: Մեր հետեւից գործարանի բանվորներըՙ աղջիկներ եւ մի քանի տղա, հում աղյուսներն էին շարում: Նրանց տեղը շոգ չէր այսպես, միջանցիկ քամի կար, մենք կրակին ընդառաջ էինք գնում:

Շուլան թրծված մարմին ուներ, կդիմանար ամեն աշխատանքի: Ընդհանրապես, ինչ աշխատանք լիներ, նրան էի ընդօրինակում: Այստեղ աշխատում էր կամ ամբողջ մարմինը համաչափ շարժելով, այնպես ուշադիր եւ զգույշ էր վերցնում աղյուսները, որ արագությունն ամենեւին չնվազեցնելով գրեթե փոշի չէր հանում, կամ մի ձեռքով հենվում էր ծնկին եւ մյուսով արագորեն աղյուսներն ինձ էր տալիս: Ձեռնոց չէր անցնում, մատները կարծես ոստոտ ճյուղեր լինեին, ես էլ էի վարժվում առանց ձեռնոց աշխատելուն, բայց մատներիս ծայրերը շուտով մրմռացին, մաշված տեղերից արյան կաթիլներ դուրս եկան, իսկ ձեռնոցներով չէի կարող երկար աշխատել, տարօրինակ ձեռնոցներ էին, մոմլաթե, խաշում էին ձեռքերս: Դավիթը չէր համակերպվում: Քրտինքով ու փոշով ներծծված շորերը ծանրացած կախվել էին, հառաչանքով էր մեջքը շտկում, հայհոյում էր այս հնադարյա գործարանին, ծանոթին, որի միջնորդությամբ էր բրիգադ ընդունվել, առհասարակՙ խոպանի ճամփան բացողներին եւ իհարկե իրեն, որ եկավ խոպան: Խղճում էի նրան, բայց ինքս էլ էի խղճալի... Թերեւս ամենադժվար աշխատանքն էր, բետոնը, քարհանքը (արեւը թող խարկի), նույնիսկ ձյութը իր գարշելի մրով, էլ չեմ խոսում Անտառային փողոցի բաղձալի տան մասին, խաղ ու պար էին այս դժոխքի համեմատությամբ:

Մեր ու աղջիկների արանքը բացվել էր, երբեմն ծիծաղ էինք լսում, որը, ինչպես կողքից հնչող ամեն ծիծաղ, Դավթի սիրտը կասկած էր գցում, եւ նա սրդողած, առանց այդ էլ կրակ էր կտրել (ուղղակի եւ փոխաբերական իմաստներով), ֆնչալով ու փնչալով նրանց էր նայում չկռահելով, որ այս անգամ իրեն չեն աչքի տակ առել: Մինչդեռ իրադրությունը թույլատրում էր իմ տեսքով երեւալ աղջիկներին, բացի դրանից այնպիսի փոշի էր նստել մարմնիս, որ հանգիստ խղճով կարող էի ինձ հագնված համարել: Աղջիկներից մեկին Սարգսյան էին անվանում, նա էր մյուսներին զվարճացնողը եւ ի վերջո առավել ցայտուն հետաքրքրություն դրսեւորելով մոտեցավ, խմած էր: Ինչ խոսք, հայուհու նման չէր, դեմքից էլ զգացվում էրՙ ինչ գույնի են գլխաշորի տակ ամփոփված մազերը, կապույտ աչքերն էին գեղեցիկ, երեխայի պես վտիտ էր, իրար վրա շարված ոսկորների չխկչխկոց էր գալիս նրանից, խեղճ թվալով այդպիսին չէր եւ իբր մարմնի բարեմասնություններն էր ցուցադրում, խղճուկ մարմնի, այդտեղ, փոշու եւ կրակի մեջ:

- Դու չխուսափես ինձնից,- ասաց:

Ձայն չհանեցի:

- Ինչո՞ւ չես խոսում, սեւամորթ վայրենի...

- Կարմրամորթ,- ուղղեցիՙ աղյուսի փոշին չանտեսելով:

- Նույն բանն է...

Ես, իհարկե, որոշ արտահայտություններ միշտ մեղմացնում եմ:

- Դու ինչո՞ւ ես այդքան գոռոզ,- շարունակեց նա:

- Որովհետեւ վայրենի եմ:

- Սարգսյան, դի՛ր ազգականներիդ,- ձայն տվեց մի հոգի, որը նոր էր մոտեցել:

Սարգսյանը նրան մի տեղ ուղարկեց:

Բայց այս մեկը ինձ պես համեստ ու զգույշ չէր, բազմիմաստ հայհոյանքով տեղնուտեղը շշպռեց խեղճ աղջկան, ապա, ոգեւորվելով ամբիոն ստանձնելուց, ինքնուս ստեղծագործողի անշահախնդիր ներդրումով մեծ զարկ տվեց ժողովրդական արվեստի ամենեւին էլ ոչ ընդհատակյա ճյուղին: Դժբախտաբար հայտնվեց Իսայիչը եւ բոլորին տեղերը քշեց:

- Իվան Պավլովիչ,- զգուշացրեց նա ինչպես հարկն է հայհոյելով, որի շնորհիվ սույն անձի կենսագրությունը մեզ հայտնի դարձավ (բարձրագույն կրթությամբ, նախկին պետը այն հիմնարկի, որին պատկանում էր աղյուսի գործարանը, հարբեցողության հետեւանքով բանվորություն էր անում),- եթե մեկ էլ կպար աղջկան, ծեծ կուտես...

- Ես չեմ կպել, հիմարի գլուխ,- ասպարեզը թողնելով պատասխանեց Իվան Պավլովիչը,- նրա սիրելի հայրիկի երկրացիներն էին... ահա այդ ջահելը...

- Դո՞ւ,- հարցրեց Իսայիչը:

- Ստում է,- ասացի հարկ չհամարելով մանրամասն բացատրություն տալ, եւ ի պատիվ իրեն (գուցե նաեւ ինձ) Իսայիչը գոհացավ այդքանով:

Երրորդ դռնից հանելու ժամանակ հերթով հանգստանում էինք, անկարելի էր երկար մնալ ներսում, բոլորակ միջանցքի խորքում քնած հրաշունչ վիշապը զարթնել էր:

- Բավական է, ցնդածներ,- դռան մոտից բղավեց Իսայիչը,- առավոտյան եկեք, հովացած կլինի...

Շուլան նայեց, թե ինչքան է մնացել բարձելու, եւ ասաց.- մի չորս հարյուր հատ գցենք ու ելնենք, Արամ:

Ուրեմն հարկավոր էր գետինը մաքրել: Մոխրի միջից հանելով վառված, սեւ աղյուսները, մոտեցա շարվածքին, որը խոնավություն քաշած պատի պես ուռել էր:

- Արամ, փախի,- բղավեց Շուլան:

Փոխանակ անհապաղ հետ ցատկելու, վերեւ նայեցի: Շարվածքը ճոճվելով, դողդողալով ու շան պես գռմռալով իջնում էր ինձ վրա: Վերջին պահին ընկրկեցի, բայց գլուխս միայն փրկեցի, քարավեժ պատը տապալեց ինձ, ծածկվեցի մինչեւ կուրծքս: Ցավ չզգացի ամենեւին, որովհետեւ չափազանց արագ ու հանկարծակի կատարվեց, ահավոր փոշի բարձրացավ, որը վառելով լցվեց բերանս, քիթս...

- Դավիթ,- գոռաց Շուլան, ափլփելով գտավ ինձ ու քաշեց, բայց հասկանալով, որ այդպես միայն վնաս կտա, սկսեց աղյուսները դես ու դեն շպրտել,- Արա՛մ, չվախենաս...

Չէի վախենում, չհասցրեցի վախենալ, դրսից ջրի ուժեղ շիթը խփվեց աղյուսներին, մոխրի նոր ամպեր հանեց, արանքներով վազելով թրջեց ինձ, պարզված հայացքով Իսայիչին տեսա, որը դռան մեջ կանգնած փողրակը իմ կողմն էր պահել: Շուլան ու Դավիթը դուրս հանեցին ինձ, այլեւս հոգատարության կարիք չունեի, բայց վիրավորի դերը հետաքրքրական էր, պառկեցրին կանաչների վրա, աղջիկներն ախ ու վախով վերքերս էին նայում, որոնք նրանց ջանքերով իմ ուշադրությունն էլ գրավեցին:

- Հեչ բաներ են,- ասաց Շուլան զննելուց հետո եւ այդպիսով առաջին բուժօգնությունը ցույց տվեց:

Իսկույն վեր թռա համոզելով բոլորին, որ, իհարկե, հեչ բաներ են: Այնուամենայնիվ տարան գրասենյակ, հաշվապահության ճերմակաձեռ կանայք լղոզեցին ինձ մի դեղին քսուկով, վերադարձա նույն շքախմբով:

Արդեն մտածում էի, որ անառակ կանայք ինձ աչքով են տալիս: Բենզակայանի Դինան անեծքով քարհանք ուղարկեց, փոթորկի տակ ընկա, Սարգսյանի հետՙ այս պատիժը եկավ գլխիս, իմիջիայլոց, ճաշից հետո նա չքվել էր... Իսկ գետում խեղդվե՞լը... Այսինքնՙ իսկ Ինա՞ն... Չէ՞ որ ամենամեծ փորձանքը նրա երեսից եղավ... Այս հարցին չկարողացա պատասխանել եւ չէի էլ ձգտում, սակայն մի ուրիշ հարցՙ Իսայիչը որտեղից բերեց փրկարար փողրակը, որը մինչ այդ չէինք տեսել, ստացավ պատասխան: Քիչ հեռու առաջին տեղամասն էր, այստեղ էին կավը շաղախում, մամլում, աղյուսներ կտրում, որոնք չորանոցներում հանգստանալուց հետո գալիս էին թրծվելու: Բարեբախտություն էր, որ տեղամասը մոտեցրել էին վերջերս, որ փլուզումը տեղի ունեցավ հենց այդտեղ, փողրակը նախորդ մուտքին չէր հասնի, եւ վերջապես, որ Իսայիչը ներկա էր... Մի խոսքով, երջանիկ պատահար էր, ոչ թե դժբախտ:

Իրոք երջանիկ պատահար էր:

Շուլան ու Դավիթը վերջացնում էին բարձելը:

- Եկա՞ր, Փորձանք,- դուրս գալով ասաց Շուլան:

Այ սա հարգարժան անուն էր, թե չէ ինչ էՙ Մը-րոտ, Մո-ծակ եւ նույնիսկՙ Մրո՛տ Մոծա՛կ:

Անտառային փողոցում տան պատերը երեւում էին: Երեքը շարում էին, Սաքոն բանվորներին էր օգնում: Տոլիկը հայտնել էր եղածի մասին, մի քանի րոպե ինձնով հետաքրքրվեցին, ծխելն ավարտելով նոր դասավորությամբ անցան աշխատանքի:

- Ամեն մեկիդ մի բանվոր,- հայտարարեց Սաքոն մալա վերցնելով,- հենց տվինք լուսամուտի տակ, տուն ենք գնում...

Ավելի շատ աշխատանք կար, քան նրանք արել էին առավոտից:

- Հինգ հոգով բանվորությո՞ւն անեն,- թոնթորաց Վարդանը:

- Ո՞վ կշարի ձեզնից,- հարցրեց Սաքոն:

Շուլան ամեն գործից գլուխ հանում էր, Վարդանից որ վատ չէր շարի, բայց դասակարգին դավաճանելու միտք չուներ, իսկ պատաշարի ուրիշ թեկնածու մեր մեջ, պարզ է, չկար:

- Դե լավ, քար ու ցեխ հասցրեք, էլի գոհ ենք,- ասաց Սաքոն:

Շուլան ցեխի տնօրինությունը ստանձնեց, մենք դույլերը շարեցինք կալի մոտ, վարպետներն արդեն թխկթխկացնում էին մալաներով նշան այն բանի, որ վաղո՜ւց պատրաստ են աշխատանքի:

- Ցե՜խ,- բղավեց Սաքոն:

Հաջորդաբար ձայնեցին Ոսկանն ու Ռազմիկը:

- Ցե՜խ...

- Ցե՜խ...

- Ցե՜խ,- իրեն ճղեց Վարդանը:

Տարա Սաքոյի համար:

- Փռելով գնա,- ասաց նա:

Այս պատը նոր էր սկսվում, երկու շարք խուլ էր շարելու Սաքոն եւ հետո նոր այնպես, ինչպես առաջարկել էր Ոսկանը եւ ինչպես արդեն շարում էին նրանք: Մյուս բանվորները մի-մի դույլով էին կրում, եւ մինչ վարպետները ծանր ու մեծ, մալա-մալա բանեցնում էին ցեխը, նրանք հանգիստ, առանց աճապարանքի աղյուս մոտեցնելով սպասում էին հաջորդ կանչին: Իսկ ես անընդհատ կրում էի, դատարկում, Սաքոն ձեռաց հարթում էր ցեխն ու շարում էր աղյուսները շպրտելով: Բարեբախտաբար այդ կողմում աղյուսները (որ մինչեւ հիմա տաք էին) պատին մոտ էին թափված, եւ ես միայն ցեխն էի տալիս: Ինձ բաժին էր ընկել ամենադժվարը, բայց համեմատաբար էր դժվար, մի հոգու ցեխ հասցնելը, ինչքան էլ արագ (եւ անորակ) շարեր Սաքոն, հատուկ եռանդ չէր պահանջում:

Այրվածքներն էին կսկծում, մեջքիս մաշկը ձգվել էր եփված նրբերշիկի պատյանի պես, լիցքային վարժություն կատարողի նման էի կռանում դույլերը վերցնելու, քրտնած մարմնիս կպած վերնաշապիկն էր ցավը սաստկացնում:

- Արամի՞կ,- նկատեց Սաքոն, երբ հանվեցի,- ձեն էլ չես հանում, այ տղա, էդ ի՞նչ օրի ես:

- Բան չկա,- ասացի,- երեսանց է վառվել:

- Էլ ցեխ չբերես ... գնա մաղը դիր, ավազը մաղի կամաց-կամաց...

- Թող տուն գնա,- ասաց Շուլան:

- Թող գնա... ես հո չեմ պահում... Կամ հիվանդանոց գնա, դեղումեղ քսեն...

- Քսել են... հաշվապահության աղջիկները քսեցին...

Ինչպես երեւաց, պետք չէր ասել:

- Հա՛յ ես դրանց,- թնդաց Սաքոյի ձայնը,- լավ մաժմժեցի՞ն գոնե...

- Արամ ջան, մեջքի՞դ քսեցին,- հարցրեց Ռազմիկը:

- Մեջքս էր վառված,- ասացի,- որտե՞ղ քսեին...

- Ձեռքո՞վ քսեցին,- շարելը դադարեցնելով ասաց Վարդանը:

- Բայց, խոսքը մեր մեջ,- ասաց Շուլան,- մեր բրիգադիրն էլ է ժրել...

- Ցե՜խ,- գոռաց Սաքոն:

Վարդանին այդպիսի բան էր պետք:

- Ցեխ-ցե՜խ,- ձենձնեց նա:

- Ցեխն ի՞նչ եղավ,- նորից գոռաց Սաքոն:

- Բերեմ, բերեմ, մի գոռա...

- Լից պատին,- կարգադրեց Սաքոն մի ձեռքը կանթած:

- Իյա՛... Շարողը դու ես, առ լից,- Շուլան դույլերը դրեց ու վերադարձավ ցեխի մոտ:

- Հորս տո՞ւնն եմ շարում,- անքեն ասաց Սաքոն,- մեր գործը չէ՞...

- Իմ գործը ցեխ ու քար տալն է:

- Լավ, Շուլա տղա, մի օր ձեռս կընկնես, էնքան վազեցնեմ, քնիդ մեջ ցեխ ճվաս:

- Դո՞ւ վազեցնես... Շարածդ էս չէ՞,- արհամարհանքով ասաց Շուլան,- կալի կեսը դու բանեցրիր, երկու շարք չես շարել:

- Խուլ պատ եմ շարում, անգրագետ...

- Խուլ պատ, խուլ պատ, առար անցար...

- Ցե՜խ,- կանչեց Սաքոն:

Շուլան տարավ:

- Անպայման պիտի կանչե՞մ, տեսար պրծավ, բեր...

- Ինչքան ասես, չի հասկանա,- ասաց Վարդանը:

- Տո դուք ձենով եք վարպետ,- խոսքի տակ չմնաց Շուլան,- ա՛յ վարպե՜տ,- ասաց նա Ոսկանի մոտով անցնելիս,- լար է գցած, պա՜տ է շարած... Տեսեք, Վարդանի պատը փորով է...

Վարդանը մի աչքը փակելով նայեց պատի երկարությամբ,- ինչ ես գլխիցդ դուրս խոսում, արա՛...

- Արա՛,- բերանը ծռելով տնազեց Շուլան,- ներսի կողմը տես...

- Դրսից ուղիղ ենք շարում, հերիք է, էլի,- փնթփնթաց Վարդանը:

- Իբր դրսից ուղիղ է, հա՞,- քմծիծաղեց Սաքոն:

- Ուղիղ չէ՞... Համ էլ դու ես ասումՙ ինձ որակ պետք չէ:

- Է որ անորակ շարես ու դանդաղ, ինչի՞ս է պետք...

- Քո շարածից է՞լ է վատ,- կեղծկատակ ասաց Վարդանը:

- Տեսա՞ր,- մոտենալով ինձ փսփսաց Շուլան,- վերջը կռվեցրի:

Ես մահճակալի ժանգոտ ցանցով ավազն էի մաղում: Վարպետների կռիվն ուշագրավ միջադեպ էր, բայց իմ տեսադաշտում հարեւան բակն էր, որտեղ երբեմն հայտնվում էր Նինան: Դավթին էլ, ինչպես պարզվեց, ուրիշ բան էր հետաքրքրում:

- Էս ի՞նչ է,- դիմեց Շուլային,- ճաշարան չե՞նք գնալու:

- Բրիգադիրիդ ասա,- բարձրաձայնեց Շուլան:

Սաքոն շտկվելով նայեց մեզ,- էլի ի՞նչ եք մոգոնել:

Դավիթն իր գործը կատարած համարելով ձայն չհանեց:

- Հացի ժամ չէ՞,- հարցրեց Շուլան:

- Անաստվածներ, կյանքս կերաք ձեր ուտելով... Օրվա մեջ քանի՞ անգամ հաց ուտեք... Արամիկ, Տոլիկին փող տուր, թող գնա խանութ, թե չէ էս մարդակերների ձեռքից չենք պրծնի... Սովի տարին երեխեքի գլխին աղ ցանեն կուտեն...

- Խանութից ի՞նչ բերի,- ասաց Վարդանը,- գնանք ճաշարան, մարդավարի հաց ուտենք... երեկ էլ չգնացինք...

- Հա, գնանք,- համաձայնեց Սաքոն,- լուսամուտները դնենք ու գնանք:

Նինայենց բակում հավերը փախան կչկչալով: Պառավ մի կին երեւաց անիծելով նրանց: Նինան դուրս թռավ տնից ու վազեց հավերի դեմն առնելու: Տան դռան մոտ պառավ կինը դիրք բռնեց, բայց մեր կողմը հսկողությունից դուրս էր, եկան խլշկոտած...

- Քշա՛-քշա՛,- բղավեցի ես բահը թափահարելով:

- Արա, ռուսերեն քշի,- ծիծաղեց Վարդանը:

Եթե բահը նրա գլխին թափահարեին, թերեւս զիբիզերեն էլ հասկանար, իսկ հավերը նրանից անխելք չէին, հարգալից ուշադրությամբ վերաբերվելով ինձ ու բահինՙ հետ դարձան:

Երբ Տոլիկը վերադարձավ, ես ու Շուլան գնացինք հիվանդանոցից խարամ բերելու:

Երկու պատը շարել էին, մնում էր խարամը լցնել եւ ծածկելով դնել լուսամուտները: Ավտոն դատարկելուց հետո (միանգամից պատերի մեջ) Շուլան գնաց լուսամուտները բերելու, մի պատ էլ վերջացրինք, մնաց Սաքոյի պատը:

Սովորության համաձայն վերջին գրոհից առաջ ծխում էին: Մթնշաղ էր արդեն:

Շուլայի հետ միաժամանակ Հրանտն ու Փայլակը եկան: Հրանտը, բանվորական վերնազգեստը ուսին գցած, կանգնեց փողոցում ու ձայն տվեց.

- Հա՞յ եք...

Շուլան թափքից պատասխանեց.- մեկը բրիգադիր է, երեքը արհեստավոր են, մնացածս հայ ենք...

Սաքոն չթողեց ծիծաղը ծավալվի.- ինչի՞ շուտ եկաք,- հարցրեց նրանց:

- Մութ է,- արդարացավ Հրանտը,- մեխի տեղակ մատիս էի խփում...

Ես գլխի ընկաՙ ինչու են հյուսները շատ հայհոյում:

- Նոր կա՞լ եք սարքել,- զարմացավ Հրանտը,- էլ երբ վերջացնեք...

- Կվերջացնե՜նք... դե, որ եկել եք, լուսամուտները դրեք...

Պատաշարներից յուրաքանչյուրին երկումետրանոց հատված էր հասնում, որն առաջին հայացքից շատ ժամանակ չէր պահանջելու, բայց հոգնել էին վարպետները, դանդաղ էին շարում, եւ հետոՙ հարկավոր էր խարամ լցնել, այդ կողմի լուսամուտները նույնպես ամրացնել... Համարյա տասնմեկն էր, երբ ես ու Կամոն գործիքները հավաքեցինք:

Փողոցով մարդիկ էին անցնում, նրանցից մեկն ասաց.

- Մի օրում տունը կանգնեցրին, ո՜նց են աշխատում էս հայերը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ