RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 6935, Տպվել է` 569, Ուղարկվել է էլ.փոստով` 197

ԽԱՉԱԳՈՂ 21

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Առավոտյան մինչեւ նախաճաշ բետոնագործներին օգնեցինք: Մի քանի կալ սարքեցինք, որ տրակտորիստի գալուց հետո լցնեն: Բետոնը հեշտացել էր, էլ բահով շպրտել չկար: Մի քանի օրից տրակտորի աշխատանքը կավարտվեր: Հրանտն արդեն մի մեծ աշտարակ էր սարքել, որի վրա կանգնած, ավտոկռունկի օգնությամբ լցնելու էինք պատերի ամենավերեւի մասը: Պատերը կպրծնեինք, ծածկն էր անհույս:

Գյուղտեխնիկայից կես ավտո աղյուս, այդքանի համար ցեմենտ ու ավազ եւ երեք գերան տարանք հաշվապահի մոր տուն: Փայտաշեն տունը թեքվել էր, մի կողմը մտել էր գետնի մեջ, հնարավոր չէր այդտեղ ապրել: Տան խրված մասի տակ փոս փորեցինք: Գերանը մտցնելով փոսի մեջ, բոլորով, Տոլիկն էլ օգնեց, մեր ծայրը իջեցրինք: Տունը ճրթճրթալով բարձրացավ:

- Փուլ չգա,- վախեցավ Հրանտը:

Երեք գերանով հերթով էինք բարձրացնում, քիչ-քիչ: Վերջապես տունը ճիշտ հորիզոնական դիրք ընդունեց: Պատաշարներն ու Կամոն մնացին այդտեղ, Հրանտն ու Փայլակը գնացին իրենց գործինՙ Անտառային, ես էլ աղյուս էի տանելու, նույնպես Անտառային փողոց:

Ուշացա ճաշի ժամից: Տոլիկն ինձ ճաշարանի մոտ իջեցրեց, ինքը թափելու էր աղյուսը եւ գնար տունՙ ճաշելու:

Ճաշարանից միանգամից գնացի աղյուսի գործարան: Ինան հավանաբար սպասում էր ինձ: Փախչում էի հանդիպումից, բայց ուշ թե շուտ տեղի էր ունենալու: Բացատրության պահն էր վախեցնում, կարծես ես էի մեղավորը:

Գործարանը դատարկում էին, իրենց բանվորներն աղյուսը դուրս էին հանում, ես միայն թափքի մեջ էի տեղավորում:

Չգնացի Տոլիկի հետ, մնացի աղյուսի գործարանում: Երկու մեքենա էլ ուղարկեցի մինչեւ պետական աշխատանքային օրվա վերջը: Քանի որ մերոնք չէին վերադարձել հաշվապահի մոր տնից, Անտառային փողոցում գործ չունեի, գնացի գյուղտեխնիկաՙ բետոնագործների մոտ:

Ինան հավանաբար գժվել էր:

Հաջորդ օրն էլ կարողացա խուսափել Անտառային փողոցից, ստացվեց: Երրորդ օրը ոչ ոք չգնաց այնտեղ: Սաքոն նոր գործ էր վերցրել, ավտոպարկի ցանկապատըՙ բետոնե հիմքով եւ մետաղացանցով: Ինչքան հասկանում էի խոպանից, այդպիսի թեթեւ գործերն ավելի ձեռնտու էին, քան վիթխարի գարաժ-արհեստանոցը, եւ աշխատանքն էր հեշտ: Մերոնք հաստատում էին:

Աշխատանքի մեջ լավ էր: Ասում-խոսում էինք, ուրախ էի ձեւանում: Միշտ կիսամերկ էի աշխատում, վայելում էի արեւը: Մինչ այդ աշունն էի սիրում, վատ եղանակը, անձրեւ, քամի, մթնած երկինք: Ամառը չէի սիրում, սակայն դառնում էր իմ նախընտրած եղանակը: Հրաշալիորեն արեւահարված, լրիվ ճարպազերծ, թեթեւաշարժ եւ առույգ, հատկապես որ արդեն չէինք կոտորում մեզ աշխատելով: Գիշերն էր դժվար: Ինային էի տեսնում, զգում, շոշափում: Հիշում էի միասին անցկացրած պահերը, վերապրում ու տանջվում: Խանդը ուժեղ էր, հիասթափություն նույնպես կար, բայց նա առաջինը եւ միակն էր իմ կյանքում: Ուրիշի գրկում գուցե մոռանայի նրան, բայց այդպիսի գիրկ չկար... բետոնից եւ սեկայից բացի: Երեկոները նորից խաղում էինք, երկու-երեք ժամ:

Հերոսական ճիգերով ամբողջ շաբաթը դիմացա: Շաբաթ երեկոյան շուտ բանթող արեցինք, ժամը յոթին:

Որոշել էի իջնել ներքեւ: Թեկուզ ոչ նրան տեսնելու համար: Ինչո՞ւ նրա պատճառով կամավոր աքսորի ենթարկվեի:

Սովորական գործողություններից հետո դուրս եկա, կոստյումով եւ փողկապով, մթանը: Նախորդ շաբաթ էի զանգահարել Մանեին, այնուամենայնիվ խոսակցություն պատվիրեցի, որին բավական սպասեցի: Սովորաբար կինոյի սկիզբն էի տեսնում, այս անգամ վերջում մտա:

Այգու մուտքի երկու կողմերում Կենտրոնական փողոցի ամենամարդաշատ հատվածն էր ե՛ւ ցերեկային ժամերին, ե՛ւ, առավել եւս, գիշերային: Որոշել էի այգի չմտնել, զբոսնելով կվերադառնայի գյուղտեխնիկա: Միտքս փոխեցի: Ինչո՞ւ չմտնեմ: Այս գյուղում Ինայից բացի շատ ու շատ աղջիկներ կան, իսկ եթե հանդիպենք, մի երկու բառ կասեմ ճակատին:

Սիգարետ, համենայն դեպս, վերցրել էի:

Շաբաթ օրը Դիվինոյում կեսգիշերը սոսկ գիշերվա սկիզբն էր:

Հայեր չէին երեւում: Զարմանալի էր, անցած շաբաթ-կիրակի էլ չտեսա որեւէ մեկին:

Տաղավար չմտա, դրսից նայում էի: Ծխելու պահը եկավ: Չգտա նրան, Սաշային տեսա եւ համոզված էի, որ աղջիկներն այստեղ են: Եվ ո՞ւր պիտի լինեին, Դիվինոյում ոչ մի երիտասարդ պարի հրապարակը բաց չէր թողնում:

- Սրան տես... ծխում է...

Ծանոթ ձայնը լսեցի, բայց չհամարձակվեցի շրջվել, քարացել էի:

- Կոստյո՜ւմը... փողկա՜պը...

Ուրեմն արդեն դեմս էր անցել, եթե փողկապը տեսել էր: Պտտվում էր շուրջս:

Ամեն ինչ մոռացած նրան էի նայում հմայված:

- Վերջապես համարձակվեցի՞ր տնից դուրս գալ, վախկո՛տ...

Վախկո՞տ... սա ինչ-որ ուրիշ բան էր:

Ես բարեւեցի:

Ալինան հետն էր, ժպիտով պատասխանեց, իսկ ինքն ընդունեց որպես ծաղր: Գուցե այդպես էլ կար:

- Դու գնա...

Հեռանալու շարժում արեցի:

- Կաց, քեզ չեմ ասում, Ալինա, գնա, ես սրա գանգամաշկը պիտի հանեմ:

- Ո՞ւր էիր,- ֆշշացրեց, երբ մենակ մնացինք,- կբացատրե՞ս:

- Ես բացատրելու բան չունեմ,- պատասխանեցի ամբարտավանորեն:

- Ինչպե՞ս թե,- անկեղծորեն զարմացավ,- բայց ինչո՞ւ, ի՞նչ է եղել...

- Ոչինչ, պարզապես ձանձրացել եմ քեզնից:

- Ի՞նչ...

- Այո, ուրիշին եմ ուզում:

- Ո՞ւմ...

- Կարող եմ եւ ասել:

Եթե խաղի մեջ մտնեինք, այլեւս խնդիր չէր ծագի:

- Լա՜վ,- կարծես հավատաց,- իսկ ես մտածում էի, թե վախեցել ես:

- Վախեցե՞լ... ինչի՞ց...

- Ոչ թե ինչից, այլ ումից: Մերոնք որոշել էին ծեծել հայերին:

Այ թե ինչ...

- Այստեղ բոլորը ձեր դեմ ատամ ունեն, պատճառները շատ են... Հիմա ափսոսում եմ, որ Պետրոյին խնդրեցի չանել:

- Դո՞ւ... Դրա համա՞ր էիր այդպես պարում նրա հետ:

- Ինչպե՞ս եմ պարել, ե՞րբ...

- Այն օրը ես եկել էի:

- Գիտեմ, Նինան ասել է:

- Եվ տեսա, թե ինչպես եք պարում:

- Ինչպե՞ս էինք պարում,- շարունակում էր զարմանալ,- սովորական, ինչպես բոլորի հետ: Նա մեր դասարանից էր...

- Դպրոցական երեկույթների՞ց է մնացել այդպես պարելու սովորությունը:

- Գրողը տանի, հերիք զառանցես, դե ասա, ո՞նց էինք պարում:

- Ձեռքը ազդրիդ վրա...

- Ի՞նչ,- Ինան հանկարծ քրքջաց,- դա՞ է պատճառը:

- Քի՞չ է:

- Նայիր,- հայացքով ցույց տվեց,- Պետրոն պարում է, նայիր...

Գրեթե նույն տեսարանը. Պետրոն ձախ ձեռքով գրկել էր աղջկա մեջքը, աջ ձեռքը ուղղակի կախ գցած, ոչ թե աղջկա ազդրի վրա: Մի՞թե ինձ թվացել էր:

- Նա դպրոցում էլ էր այդպես պարում,- շարունակեց Ինան,- ոչ միայն պարելիս... Ասում էր, որ իր աջ ձեռքը միշտ ազատ պիտի լինի:

Ամբողջ շաբաթն անտեղի՞ էի տառապել եւ ճգնել:

- Եվ հետո, բավական է չտեսությունդ ցուցադրես: Սրանց համար այդպիսի բաները բացարձակապես նշանակություն չունեն: Դու ես, որ հենց ձեռքս բռնում ես, այրվում ես, ինձ էլ հետդ այրելով,- եւ արդեն չարաճճի կայծով ավելացրեց,- իսկ հիմա ասա, թե ում ես ուզում իմ փոխարեն:

Ձայն չհանեցի, կարկամել էի:

- Դե, խոսիր,- պնդեց նա,- թե չէ հիմա ձեռքով կանեմ, հինգ րոպե հետո քեզնից լանգետի միս չի մնա:

Գիտեի, տեսել էի, թե ինչպես ջարդեցին ուսանողներին:

- Պարե՞նք,- ասացի:

- Հրաշալի է, պարի հրապարակում ոչ մի հայ չկա, իսկ անվախ, միայնակ ռեյնջերը հայտնվել է եւ...

- Եվ պարում է գյուղի ամենագեղեցիկ աղջկա հետ: Հանուն այդ պահի արժե ծեծ ուտել:

- Բախտը չփորձենք: Մերոնք դա կարող են ընդունել որպես մարտահրավեր: Գետափ գնանք:

Անշուշտ:

Գետափ չհասանք, առայժմ: Հենց խորացանք ծառերի մեջ, գրկեցի նրան:

Շատ բուռն էի եւ անզուսպ:

- Կամաց,- վախեցավ նա,- չի կարելի այդպես...

Այդպես նա բեկում էր թռիչքս: Հասկացա, որ սխալ տեղից եմ սկսել:

- Սա ուրիշ բան,- շշնջաց, երբ շուրթերս հպեցի պարանոցին, ձախ կողմում:

Այդ էրոգեն գոտին դառնում էր նաեւ իմը: Շատ երկար համբուրեցի, եւ ոչ միայն ձախ կողմը:

- Անցած անգամ, երբ տուն գնացի, ամբողջ վիզս կարմրած էր,- բողոքեց:

Բայց նա էլ ինձ պես ամբողջովին արեւահարված էր:

- Ես մի տեղ գիտեմ, որտեղ հետք չի մնում,- համբուրեցի շուրթերը:

- Դու չէիր սիրում ծխող աղջիկների շուրթերը համբուրել...

- Քոնը սիրում եմ,- ասացի հենց բերանի մեջ, չլսեց երեւի:

- Չեմ ուզում,- ընդվզեց նա, երբ նորից անցա անսանձ գործողությունների,- գետնի վրա մարմինս ցավում է:

- Ինչ անեմ,- քրթմնջացի մեղավոր,- տուն չունեմ այստեղ,- ապա մի բան անցավ մտքովս...

Երեւի նրա ուզածը հենց դա էր, իսկույն ոգեւորվեց, թռավ գիրկս, փաթաթվեց, թեթեւակի ծառին հենված, չարաճճի ժպիտով, որը հետզհետե փոխվում էր, անընդհատ աչքերիս մեջ նայելով...

Այս ոլորտում ես շատ ավելի արագ էի առաջադիմում, քան շինարարության մեջ եւ ընդհանրապես:

Տաղավար չվերադարձանք:

Նստեցինք գետափին, պառկած ծառի վրա: Կիրքը մոռացնում էր ամեն ինչ եւ կայծակի պես փայլատակելով անցնում, իսկ սա մարմանդ երջանկությունն էր, եւ ես չէի կարող ասել, թե որն է ավելի լավ: Խոսում էինք, պատմում, մեր մասինՙ ի տարբերություն նախորդ հանդիպումների, այնպես սեղմված իրար, որ պիջակս երկուսիս էլ ծածկում էր: Պիջակի կարիք չկար, տաք գիշեր էր, պարզապես լավ էր այդպես, ամփոփված, երկուսով նույն սիգարետը ծխելով, ոչ թե երբեմն կամ հաճախակի, այլ մշտապես համբուրվելով, որովհետեւ երեսներս հպված էին միմյանց:

Ի վերջո ես սթափվեցի, այն էլ հանուն նրա, իսկ ինքն ամենեւին չէր մտածում տուն գնալու մասին:

- Վերջ տուր քո այդ սահմանափակ մտածողությանը,- ասաց,- ո՞վ պիտի ուշ գնալու համար ինձ դիտողություն անի:

Ինչեւէ, գնացինք, գետափով, իրար փարված, փաթաթված, սիրահարները վերստին գտել էին միմյանց:

- Չեմ ուզում բաժանվել,- ասացի, երբ մտանք նրանց փողոցը, գետափի կողմից:

- Եթե չբաժանվենք, չենք էլ հանդիպի,- ծիծաղեց կարճ,- իսկ դա շատ վատ է:

Նա մտավ տուն, ես քայլեցի դանդաղ ու անշտապ, հոգնած: Հոգնածությունը բաժանվելուց հետո էի զգում: Խաղաղ էր Անտառային փողոցը, որն ըստ երեւույթին որպես տունդարձի ճանապարհ փոխարինելու էր Կենտրոնականին:

Այստեղի շներն այլեւս չէին հաչում ինձ վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ