ԽԱՉԱԳՈՂ 16 ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ Վերկացի ժամին, թեեւ ազդարարող չէր եղել, արթուն էինք: Ձեռքիս տակից Հրանտին էի հետեւում, թե որ շորերն է հագնելու, իսկ նա կիսամերկ նստել էր մահճակալին ու հավանաբար ինքն էլ չէր կողմնորոշվում: - Հը, ի՞նչ եք ասում... չեք ելնո՞ւմ... ձեն հանեք, ի՞նչ եք սուտ քուն ընկել,- գոռաց նա: - Առավոտ կանուխ ճղեցի՞ր,- ասաց Շուլան: - Աշխատո՞ւմ ենք, թե՞ կիրակի է... - Ես ու դու չենք կիրակի որոշողը... Աստված որոշել է... - Ճիշտ է,- ասացի ես,- սահմանադրության խախտում է: - Աշխատենք,- ասաց Փայլակը: - Ոսկան, ի՞նչ կասես,- հարցրեց Հրանտը: - Ոնց կուզեք... Ես նոր մարդ եմ, ինչ ասեմ... Վճռական խոսքը Հրանտին մնաց: - Կիրակի,- հայտարարեց նա: Դավիթն անմիջապես աչքերը բացեց ու կողքի դարձավ: - Թե՛ աշխատենք,- շարունակեց Հրանտը նրա ուրախությունը նկատելով: - Տղամարդու բերանից խոսքը քանի՞ անգամ կելնի,- ասաց Շուլան: Վարդանը եկավ, նույնպես տանը չէր գիշերել, թեւի տակՙ կապոց, ասաց,- բարի լույս, հայեր,- ու քիթը տնկածՙ անճարակներ, տղամարդիկ լվացք չեն անում, տեղավորեց բերած շորերը: -Էս ո՞ւմ շալվարն է... սխալմամբ ուրիշինն եմ տարել ոնց որ... - Թե՞ մարդունն ես բերել,- ծաղրեց Հրանտը: - ՉԷ... մարդ չունի... - Պադ-յոմ,- դրսից լսվեց Սաքոյի ձայնը, մտավ մեր անխոնջ բրիգադիրը, խեղճ մարդը գիշերներն էլ հանգիստ չուներ բրիգադի հոգսերից,- անկյալներ, հլը քնա՞ծ եք... - Էս հո քոնը չէ,- հարցրեց Վարդանը, որին անտեր շորը մտատանջության մեջ էր գցել: - Շորերդ փո՞խս են ընկել... կոմբայնավար Իվանի հագն եմ տեսել... կնկադ հարեւանի... - Դու ի՞նչ գիտես ես ուր եմ գնում: - Ես մենակ մեռնելս չգիտեմ... Էս գիշեր մարդո՞ւ հերթն էր, Ռազմիկ... - Քո տեղը չիմացանք,- ասաց Վարդանը,- էլի հաշվապահի տո՞ւն էիր գնացել: - Հա... - Ինչ երկար հաշիվ ունեք, որ ցերեկը չի հերիքում, թե՞ հետո էլ կնկա հետ ես հաշվում: - Ելեք,- ասաց Սաքոն տեսնելով, որ Հրանտից ու Փայլակից բացի հագնվող չկա: - Թող պառկեն, ի՞նչ ես ուզում: - Ամոթ է, ելեք գործի գնանք... Օգոստոս չէ, սեպտեմբեր չէ... - Ոչ էլ մայիս ու հունիս է... Որոշեցինք, հուլիսից կիրակին կիրակի է: - Հիմի ո՞ր հունիսն է,- հարցրեց Փայլակը: - Հուլիսն է, արա, ի՞նչ հունիս,- ասաց Հրանտը: - Ես էդ լիսն ու նիսը չեմ ջոկում... երկրորդ հունիսն է, հա՞, ուրեմն... - Գոնե ծածկը պրծնենք,- մասամբ զիջեց Սաքոն,- մինչեւ կեսօր չի քաշի... - Թեկուզ մի ժամ տեւի,- ասաց Վարդանը,- օրը որ գործի շորով սկսեմ, էլ ի՞նչ կիրակի: - Դու հոգնա՛ծ ես, մնա, գիշերը շատ չարչարված կլինես... - Ես հոգնած չեմ... Բրիգադը ելավ աշխատանքի, ես էլ կգամ: - Բրիգադը կգա... Ելե՛ք,- հրամայաբար ասաց Սաքոն ու դուրս գնաց: Փայլակը մոտեցավ դռանը: - Կաց, Փայլակ,- կանգնեցրեց նրան Հրանտը,- գնո՞ւմ ենք, միասին գնանք... որոշեք: - Նոր որոշեցինք,- ասաց Շուլան: - Ես ձայնի իրավունք ունե՞մ,- հարցրեց Դավիթը եւ գոռաց,- կիրակի՜... Ապակիները զնգզնգացին: Հրանտը գնաց որոշումը բրիգադիրին հայտնելու: - Գոռոցդ գցել ես,- վերադառնալով դիմեց նա Դավթին,- լեղաճաք փախավ բրիգադիրդ, չհասցրեցի ասել, որ միս բերի, խորոված անենք: - Ես բերե՞մ,- առաջարկեց Վարդանը,- խոզ մորթող կա: - Բեր... Արամ, ինչքա՞ն փող ունես,- հարցրեց Հրանտը: - Հիսուն ռուբլի: - Տուր Վարդանին: - Էսքանի՞ բերեմ,- հարցրեց Վարդանը փողը վերցնելով: - Տես էլի... լավ միս եղավ, բեր, վնաս չկա... Արամին փող տվեք,- ասաց Հրանտն ու առաջինն ինքը բերեց քսան ռուբլին: Մյուս շաբաթվա հերթապահն ո՞վ է... - Ես եմ,- ասաց Դավիթը: - Մի հատ աղտոտ աման եղավ, չընդունես հերթապահությունը: - Առավոտ գիշերով ի՞նչ ես ժողով բացել,- ասաց Վարդանը,- ես երեկ լվացել, մաքրել եմ: - Իրիկունն էլ լվաս, մաքրես ու կհանձնես... - Առռա հա՛... մինչեւ բրիգադիրդ աման չլվա, ես չեմ լվա... - Դու ո՞վ ես, որ բրիգադիրի հետ ես չափվում: Ես ու դու չարքաշ մշակ ենք... մեզ էլ խաչագող են ասում: Սաքոն է իսկական խաչագողը... Գիտե՞քՙ հերու ինչքան փող է տարել, տասնհինգ հազար... - Դե լավ, կիրակիս մի փչացնի,- արդեն իսկապես ջղայնացավ Վարդանը,- ախորժակս փակում ես: Ռազ, արի մենք գնանք: Նրանց դուրս գալուց հետո Շուլան հարցրեց Հրանտին, թե որտեղից գիտի Սաքոյի փողի մասին: - Իմացել եմ: Բա չեք հարցնումՙ ինչի՞ հերվա մարդկանցից ոչ մեկը չի եկել, ամեն տարի նոր կազմ է բերում: Ով մի անգամ փափարանքը կերել է, էլ չի ուզում գործ ունենա... Մինչեւ հիմի ձեւակերպված չենք, մեկիս, աստված չանի, դժբախտություն պատահի, ո՞վ է տերը, ումի՞ց տեղեկանք առնենք, որ աշխատանքի ժամանակ է փորձանքը եկել... - Տասնհինգ հազա՞ր,- խոսեց Ոսկանը,- ճի՞շտ է: - Պահակ Իվանն ասաց, ասում էՙ օձ է Սերգեյը, ո՞նց եք հետը եկել: - Աշխատողնե՛րն ինչքան են ստացել: - Չգիտեր... բայց մի քանիսը շուտ են գնացել: - Ինքն ասացՙ վեց հազարով տուն մտան... Ես ձեզ հետ էի գալու, չհաջողվեց, էդ օրերին հենց խոսեցի Սաքոյի հետ: - Դե որ վեց տարել են, առածից, ծախսածից բացի, լավ է,- ասաց Փայլակը,- ես համաձայն եմ, ախպեր, իմ փողը տա, շնորհք ունի, թող գործ դասավորի... - Ո՞նց դասավորի,- ջղայնացավ Հրանտը,- օդի՞ց քամի փողը, թե՞ մեր քրտինքից, հո չարած գործ չի գրում պայմանագրի մեջ: - Չուլկինին հաշիվ տալի՞ս է: - Եսիմ, ասում էՙ տալիս եմ: - Տեսնում ես... - Ի՞նչ եմ տեսնում... Էդ գործն անող մարդը պայմանագիրը բերեր, ցույց կտար. տղերք ջան, էս-էս գործերը գրել եմ, չենք անելու, փողը իմ ու Չուլկինի մեջ ենք բաժանելու, ահա՛, դե թող մեկն ու մեկը մեղադրեր Սաքոյին... Բայց նա ի՛նքն է ստանում ամբողջ փողը, արի ու իմացի, ինչքան է ստանում, ինչքան բաժանում, ինչ է գրած, ինչ է արած... Ես չեմ հավատում, որ բրիգադիրը փողն ստանա ու չվերցնի վրայից: Ամեն տեղ նույն պատմությունը... Արսենը դրույք ու կեսի օրենք է մտցրել, հազար-հազար տալիս է բանվորներին, հազար հինգՙ իրեն, բայց էլի ինքն է փողը ստանում, մի էդքան էլ ծածուկ կվերցնի: Մարտունեցի Սաշան խեղճուկրակներին է ձրի աշխատեցնում: Քյավառցու մասին էլ չեմ խոսում, հիսուն-վաթսուն հազար է սեզոնի եկամուտը... - Շնորհքով մարդ է ուրեմն... ես ու դու էլ անե՛նք... - Ճղճղ,- ասաց Շուլան,- ուրիշ բրիգադ չկա՞ր, Սաքոյի ճանկն ընկար: - Եսիմ, ասի, խնամի մարդ է, թե խաբի էլ, խղճով կխաբի: - Ինչքա՞ն փող ունեք,- հարցրեց Ոսկանը: - Ես շատ եմ բան առել, ով քիչ է ծախսել, թող ասի: - Արամը,- ասաց Շուլան,- մենակ փողկապ ու գիրք է առել: - Ստացել ենք հազար չորս հարյուր յոթանասուն ռուբլի,- ասացի,- վեց հարյուրՙ մայիսին, ութ հարյուր յոթանասունՙ հունիսին: - Ապրիլին եկաք, չէ՞: - Վերջին, համարյա մի ամիս պառկել ենք,- ասաց Հրանտը,- բայց հենց տնից դուրս եկար, աշխատանքի մեջ ես... Մայիսից հաշվի, լավ: - Ինչ ասեմ, ավելի վատն է լինում... Իսկ եթե աշխատած օրերով հաշվենք, վատ չէ: - Է հա: Ո՞ւմ մեղքով ենք պարապ մնացել: Գործ կար, չէի՞նք անում... Արամ, ինչքան ասի՞ր... - Հազար չորս հարյուր յոթանասուն: - Բայց մենք ուրիշ գործեր էլ ենք արել... սվաղը, գրասենյակի ծածկը... Ուրեմն բետոնից փող չենք առել, վայ, Սաքո... Էդ ձեւի աշխատենք, քրտինք չէր, արյուն էր, արյուն-քրտինք, ծեգից մինչեւ մութ բետոն էինք լցնում... Էդքա՜ն բետոնը ձեռքով ենք խառնել, լցրել... Բետոնը բահով վերեւ գցելուց դժվար գործ կա՞... մի օր չէ, երկու օր չէ, մի ամիս չէ, անընդհատ, օրական տասնհինգ- տասնվեց ժամ, առանց կիրակի, աղտոտ, առանց կարգին սննդի... Տեսար, չէ՞, պատի հաստությունը... Խիղճդ մեռնի, Սաքո, կերածդ բկիդ մնա... Հլը էս խմորը շատ ջուր կքաշի, հիմի ենք ամոթախեղդ, հարսս է ձեռքերս կապել... Նոր տարվան գլուխս յուղեց, Հրանտ ջան, ամենաքիչը վեց հազարով տուն կդառնաս: Ասաց, կուզե՞ս հենց հիմի հաշվեմ, դնեմ սեղանին, մենակ դու արի, որ ինձ թեւ ու թիկունք լինես գործի մեջ... Ծառի կեղեւը քաշել ես երեսիդ, ոչ ամոթ ունես, ոչ խղճմտանք... Գնամ տուն ի՞նչ ասեմ ախպորս, ասե՞մՙ աներձագդ խաբեց ինձ... փողի գերի... փողի սիրուն մոռացար բարեկամությունը, պատիվն ու հարգանքը, գիտես աշխարհը վերջացավ... - Ես մի բան եմ ուզում իմանալ,- ասաց Ոսկանը,- հիմնարկը ձեր տոմսերի փողը տվե՞լ է: - Չենք ձեւակերպվել, ո՞նց տա,- պատասխանեց Հրանտը: - Մեր ճանապարհածախսը հիմնա՞րկն էր տալու,- հարցրեցի ես: - Հա, զարմանո՞ւմ ես, ես ուրիշ տեղերում ստացել եմ: - Ես էլ եմ ստացել,- ասաց Ոսկանը,- կամՙ պարգեւ, տոկոս, վրա չի՞ գալիս: - Սաքոն ասում է, սեզոնային աշխատողներին չեն պարգեւատրում: - Սեզոնայինը նշանակություն չունի, պայմանագրի ժամկետից շուտ վերջացրիր գործը, պարգեւ է հասնում: - Ո՞ւր է, ախր չտեսանք պայմանագիրը, ոչ բետոնի գինը գիտենք, ոչ սվաղի, ոչ էլ շարքի... - Տունը չորս ու կես է, երեկ իմացա: - Էդ մարդուն մինչեւ չհարցնես, չի խոսի,- դարձյալ բորբոքվեց Հրանտը,- պայմանագիր ցույց տվե՞ց: - Չէ: - Դե ուրեմն հինգ է... կամ ավելի շատ... - Չորս ու կեսը թա՞նկ է, թե՞ էժան,- հարցրեց Դավիթը: - Նայած տեղի,- ասաց Ոսկանը,- Ուկրաինայում թանկ է, Չիտայումՙ էժան, ձեր գներին ծանոթ չեմ: - Գրողից է կախված,- ասաց Հրանտը,- գրողն էլ Սաքոն է, ամեն ինչ իր ձեռքն է առել, Չուլկինի տեղակալն է շինարարության գծով: Չիմացա՞ր, ասում է, ուզում էի պանելով ծածկել տունը: Ոնց ուզում է, անում է: - Էժան չի նստի Չուլկինին: - Էդ մարդիկ իրար լեզու հասկացել են, Չուլկինն իր բաժինն է առնում, Սաքոնՙ իր... Բայց ինչքա՞ն է տալիս Չուլկինին, ինչքա՞ն է ինքը յուրացնում... - Մենակ ինքն ու Չուլկինը գիտեն,- ասաց Շուլան: - Մենք էլ կիմանանք, համբերեք, քիչ մնաց: - Քաշը գտե՞լ ես: - Հա՜յ, տնաշեն, ո՞ր գողությունն է պարտակվել, որ սրանցը պարտակվի: - Հա՜յ, միամիտ մարդ, նոր քանի՞ անուն տվիր, քյավառցին, մարտունեցին, էլի ինչքա՜ն, ո՞ր մեկն է բռնվել, որ Սաքոն բռնվի: - Բռնողը դու չե՞ս, քո փողն են կերել, բռնի... - Ես ինչի՞ բռնեմ, ես չոբան մարդ եմ, զարկեմ գլուխը կջարդեմ... Բռնողները թող բռնեն... շատ էլ տեղացի չենք... - Ամոթ է, էս ի՞նչ եք խոսում,- մեջ ընկավ Փայլակը,- հայ չե՞ք... Ծախե՞նք մեր ընկերոջը, միլիցու ձե՞ռք տանք, երեխեքին անտե՞ր թողնենք... - Վերջ,- ասաց Հրանտը,- գնանք հաց ուտելու: Կիրակի օրերը կենտրոնի ճաշարան էինք գնում, ռեստորան, Հրանտն էր ասում: Դավիթը նեղվում էր քայլելուց եւ... մեզնից շուտ հասավ: Մինչ մենք ասել-խոսելով, խնդալով (ես նաեւ զննում էի, թե երեկոյան որտեղից կարելի է արեւածաղիկ գողանալ) քայլում էինք Կենտրոնական փողոցով, առաջ անցավ կապտաշերտ ավտոբուսով եւ սպասում էր մեզ ճաշարանում... քաղցր կաթի հերթի մեջ: - Ճղճղ, շան բախտ ունես,- ասաց Շուլան,- մեղր չեղավ, քաղցր կաթը կա: - Չորսից շատ չեն տալիս,- ահազանգեց Դավիթը: - Մարդուն չորս հա՞տ... հլը շարվեք,- հրահանգեց Հրանտը: Սահմանված չափը չէինք խախտում, մի բան էլ պակաս էր, սակայն արկղը աչք ծակեց: - Մեզ կարգադրված է բավարարել շինարարների պահանջը,- բողոքողներին պատասխանեց վաճառողուհին: - Այդ ինչպե՞ս,- հարցրեց մի կին,- ինչքան ցանկանան, կարո՞ղ են գնել: - Այո: - Սիրելիս,- փսփսաց նույն կինը Հրանտին,- մի արկղ էլ, խնդրում եմ... - Այստեղ գործարք են կնքում,- իսկույն մատնեց նրա հարեւանուհին,- Վերան ուզում է խլել շինարարների կաթը... - Բոլորի՞ կաթը,- քրքջաց մի ուրիշը,- այ թե անհագուրդն է... - Դե այդ ծերուկները սմքած են երեւի: - Դրա համար են կաթ գնում: - Իսկ այս երկուսը, տես, կաթնաբույր տղաներ են: - Այո, նրանց շաքար պետք չէ: - Ամոթ է, շինարարներ, տղամարդիկ կաթ չեն խմում: - Եվ դեռ շինարարներ են... - Այն էլ հարավից... - Մի արկղ տարան միանգամից: - Քաղցրակերներ... - Ձեզ օղին էր վայել: - Խոսի է,- Հրանտին ասաց Շուլան,- մեր դեմ ես առյուծ կտրում: - Ինչ խոսեմ,- խեղճացավ Հրանտը,- խոսքաշեն ժողովուրդ են, հում-հում կուտեն մեզ: Դավիթը արկղը գրկած դուրս եկավ մի երկուսին ակամա հրմշտելով: - Մսե տրակտոր տեսե՞լ էիք, աղջիկներ, կաթով է աշխատում: - Իսկ ո՞վ է վճարելու,- հարցրեց վաճառողուհին: - Վճարելո՞ւ ենք,- ասացի մոտենալով: - Հապա ինչպես,- ծիծաղեց նա: - Օ՜, ինչքան փող ունի այս տղան: - Դու գրպանինն ես տեսել, իսկ նա կապոցներով ունի: - Ճի՞շտ է, սեւահոն: - Իհարկե,- ասացի: - Դե արի քեզ ուզեմ աղջկաս: - Ի սեր փողի՞: - Իսկ ինչու ոչ: - Ինչքա՞ն եմ վճարելու... Վաճառողուհին, բնականաբար, ենթադրեց, որ կաթի գինն եմ հարցնում, մյուս կանայք, թերեւս նույնպես բնականաբար, շուռ տվեցին իրենց ուզածով: - Մեր փողով մեր աղջիկներին են գնում... - Մեր աղջիկները նրանց դուր են գալիս... - Ինչո՞ւ միայն աղջիկները,- ամեն չափ ու սահման մոռացած ասացի, բայց ժամանակին շարունակեցի,- գետը, ձեր անտառը, դեղաբույսերով հարուստ մարգագետինները, ավազը, որով ձեր տների հիմքն ենք լցնում, խմելու ջուրը, առեւտրի սիրալիր եւ բարեկիրթ աշխատողները, բարեհոգի ու սրտաբաց մարդիկ... Ինձ դուր չեն գալիս, սակայն, օծանելիք խմող տղամարդիկ... - Արի, արի,- թեւս քաշեց Հրանտը, մերոնցից նա էր մնացել այդտեղ կանգնած: - Այս տղան խոսելու հիվանդ է,- ասաց այն կինը, որը հավակնում էր զոքանչս լինել: - Հա, պտպտում է, երեւի գլխի մեջ մի բան սարքին չէ... - Անջատվե՞լ ես,- ասաց Հրանտը,- գնա ճաշի փողը տուր: Այդ հաշիվը նույնպես փակելով մոտեցա սեղանին: - Ճղճղ,- ասաց Շուլան,- ես կաթ ծախող կնկա խոսքերը լավ չհասկացա, ինչ պարտք ու պահանջ էր մեջ գցել: - Ինչ պարտք ու պահանջ, անգրագետ, ասաց, իրենց կարգադրել են առաջին հերթին շինարարների պահանջները բավարարել... Մարդիկ գիտեն մեր հարգը... - Է, Գիքորն էլի պահանջ ունի... - Ես բան չեմ ասել,- զարմացավ Գիքորը: - Դե, դե, խոսքդ մի ծռի,- սպառնաց Հրանտը,- հաց ենք ուտում, բերանդ մաքուր բաց... Ոչ առ ունես, ոչ ամոթ, ջահելներից ամաչի գոնե... - Ինչ եմ ասել որ... - Հացդ կեր, շատ մի խոսի: - Ամենից շատ խոսողը դու ես: - Իյա՜... բերանդ փակ չունի՞... - Չէինք տեսել, որ հաց ուտող մարդու բերանը փակեն: Հրանտը չպատասխանեց, Շուլային լռեցնելու միակ միջոցն էր: Սակայն եթե չէին խոսում, չի նշանակում, թե լռություն էր: Չփչփոցները, խպշտոցները, ֆռֆռոցները, անպակաս մեր սեղանից, ինչպես չխկչխկոցը նարդուց, կիրակի օրով առավել հնչեղ էին: - Հիմա տո՞ւն եք գնալու,- հարցրեցի ես: - Փորիդ ցավն ասա,- նայեց Հրանտը: - Հաց տանեիք... ես ուշ գամ երեւի: - Գնում ես շախմատ խաղալո՞ւ: - Ըհը: - Ես էլ կգամ հետդ,- ցանկություն հայտնեց Կամոն: - Դու կաթերը կտանես,- հրամայեց հայրը: - Մենք կտանենք,- միջնորդեց Հրանտը,- թող ման գան: Կամոն չօգտվեց այդ թույլտվությունից, ըստ երեւույթին հոր խոսքը նրա համար օրենք էր, դուրս գալու պահին անտրտունջ վերցրեց արկղը, իսկ ես, այլեւս չմտնելով խանութները, շտապեցի այգի: Բելիկովն այնտեղ էր, մի զույգ խաղում էր, նա ինձ էր սպասում: - Ինչ լավ է, եկաք,- ուրախացավ նա,- ամբողջ օրն ազատ եմ... Ահա, բերել եմ թերթը, որի մեջ հոդվածն է Ձեր ապագա չեմպիոնի մասին... Սկսե՞նք, թե՞ կարդում եք... - Հետո կկարդամ,- ասացի դիմացը նստելով,- Սաշա Լավրովին ճանաչում եք հավանաբար: - Նա եկե՞լ է: - Այո... Մենք նրանց հարեւանությամբ ենք աշխատում... Ծանոթ էր այս արտահայտությունը... Երեկ Ինան ասաց հարսին. «Դե սա մեր հարեւանությամբ աշխատող բանվորներից է»: - Ես նրան ասացի, որ այսօր խաղալու ենք, բայց դժվար թե գա: - Նա իմ աշակերտն է եղել, շատ էինք խաղում... Ընտանիքով շախմատի սիրահար են: Առաջին պարտիան ավարտվեց, հուսով եմ, պարզ է, ով հաղթեց: - Տարօրինակ քայլ է h4-ը,- ասաց Բելիկովը,- մի՞թե սխալ չէ... - Իմ կարծիքով սխալ չէ, մանավանդ այսպիսի խաղի ժամանակ: - Հարկավոր է ստուգել, հիմա ես եմ e4 խաղում: Բելիկովը e4-ի կողմնակից չէր, նա սկսում էր d կամ c զինվորներով: - e2- e4, եւ սպիտակները հաղթում են,- մեջ բերեցի ես գրոսմայստերներից շատերի սիրած խոսքը: - Այո՞... ուրեմն Ձեր դեմ պետք է միշտ այդ քայլն անել... - Խոստովանում եմ, e4-ին հարմար պատասխան չեմ գտնում: - Ի՞նչ կարծիքի է Ձեր հանճարը: - Նա համոզված է, որ e4-ը հաղթում է: - Նա Ձեզ համար հեղինակությո՞ւն է: - Թերեւս... Այդ պարտիան դանդաղ էի խաղում, լարվածություն չկար: Բելիկովըՙ վստահ, որ դրոշակս շուտով կընկնի, ճիշտ ու սխալին չնայելով արագ էր խաղում, որպեսզի չմտածեմ իր ժամանակի հաշվին: Զարմանալի է, որ նա դեռ թերագնահատում էր ինձ: Ցայտնոտում, աչքս սպառնացող դրոշակին, ակնթարթորեն քայլեր անելով, կարծես մեկը թելադրում է վերուստ, խաղում էի գրեթե նույնպես, ինչպես կխաղայի ժամանակ ունենալով: Սա գլուխ գովել չէ: Գյուղում, գաղափար չունենալով սկզբնախաղերի եւ ընդհանրապես տեսության մասին, լավ խաղացողի անուն էի հանել: Երեւան գալով շախմատային (ի դեպ, ոչ միայն շախմատային) կտրուկ աճ ապրեցի, բայց... հասա այն սահմանին, որը, ինչպես բոլոր սովորական մարդիկ, որ ածուխի կտոր չունեն գանգի մեջ, անկարող էի հաղթահարել: Անշուշտ, ես առավելագույնս չէի օգտագործում իմ հնարավորությունները, սակայն ստիպված էի ընդունել, որ այդ առավելագույնն էլ մի բան չէ: Այնպես որ լիուլի ժամանակի դեպքում գլուխգործոց չէի ստեղծելու: Բելիկովի սխալներից օգտվելով առավելություն ստացա: Նրա հույսը մնաց լոկ դրոշակը: Արագ փոխանակումներից հետո ձեռնամուխ եղա ճողոպրող արքային որսալուն, չմոռանալով մաքրազարդել տախտակը սպիտակ ֆիգուրներից, որպեսզի ապահովեմ ոչ-ոքին: Մատ անել չհասցրեցի, դրոշակս ընկավ, սակայն Բելիկովի արքան մենակ էր, ոչ-ոքի, որը Բելիկովի համար նվաճում էր, եւ նա չէր թաքցնում գոհունակությունը, իսկ ինձ դրդեց խաղալ այնպես, որ, ինչպես շախմատիստներն են ասում, մտցնեմ նրան վարդապետի խուցը: Երրորդ պարտիայից հետո այդ ձգտումը քառապատկվեց, որովհետեւ խցում ես էի հայտնվել: - Նրա հետ, պարզվում է, այսպես է պետք խաղալ, տեսությունից շեղվելով,- ինքնագոհ ասաց Բելիկովը գովեստներից փքվելով: Մեր քաղցր-մեղցր փոխադարձ սիրալիրություններին ինքը վերջ տվեց, այժմ, եթե կա մեկը, ի վիճակի փրկելու նրան, թող շտապի, այլապես վարդապետի խուցը չէ, ճգնավորի անձավը կամ փչակն է նրա ապաստանը... Միայն թե երկրաշարժ չլինի, անձրեւ չգա, անգթորեն իրականացնեմ դատաստանը... Տարերքն անսաց, անձրեւ չեկավ... Բելիկովի աղջիկը եկավ... - Օ, աղջիկս,- բողոքեց Բելիկովը,- հազիվ սկսել էի... Նա խոստացավ վերադառնալ, եթե հաջողվի հյուրերից գլուխն ազատել: Մոտ երկու ժամ դաս էի տալիս Բելիկովի երկրպագուներին, հետո, համոզվելով, որ իզուր եմ սպասում, գնացի տուն ճանապարհին անդադար վերլուծելով, թե այդ ինչպես, ախր, չհաղթեցի: Վարդանն էր խորոված անում, իսկ թե ինչու էր Շուլան հրաժարվել իր պարտականությունից, պարզվեց, երբ մտա խոհանոց: Մենք նույնպես հյուրեր ունեինք, Կույսի խումբն էր շնորհ արել... Ինքը, այդ համաստեղության մսեղեն ոգին ու կազմակերպիչըՙ գարեջրավաճառ Մարիան, Վարդանի Նաստյանՙ Մարիայից գեր, կնճռայտ, թառամած, նրա շլդիկ աղջիկըՙ Մամզելը, գեղեցկուհի Դինան, որը լավ թխած հացի էր նման, ուրիշ երկու կին, որոնց, ինչպես Մարիային ու Նաստյային, կարելի էր քառասունն անց համարել... տասը տարի, իհարկե, կանանց նկատմամբ տածած հարգանքի հաշվին: Մերոնցից Սաքոն ու Հրանտն էին բացակայում: Նոր-նոր տեղավորվում էին սեղանի մոտ, որի վրա, սակայն, դատարկ շշեր կային: Հավանաբար մինչ այդ մի թեթեւ տեսել էին իրենց, որը նստած, որը պարելով (մագնիտոֆոն էին բերել), եւ հիմա սպասում էին խորովածին: Սուսուփուս, իբր սկզբից այստեղ եմ եղել, առաջ անցնելով նստեցի Շուլայի կողքին: - Ինչո՞ւ այդտեղ նստեցիր,- նկատեց Կույսը,- արի մեզ մոտ: Աղջիկներ, տեղ տվեք... - Նա արժանի չէ,- ասաց Դինան: - Ինչո՞ւ: - Ինքը լավ գիտի: - Ոչինչ, կներենք,- ծիծաղեց Մամզելը կողքի քաշվելով: Ըստ երեւույթին արդեն որոշել էին ով ում բաժինն է: Դինայի ու Մամզելի միջեւ նստեցնելով վերջնական ընտրությունը ի՞նձ էին թողել, թե՞ Մամզելը հույսը չէր կորցրել, կամ համատեղության կարգով էին գործելու: Այս միջոցառումը, քոչվոր շինարարների եւ ազատ կանանց մերձեցման ցերեկույթը, Փայլակի համար սոսկ ուտել-խմելու առիթ էր, առաջ հակված Ոսկանը կարծես թաքցրել էր Կամոյին, Շուլայի կողքին, իմ տեղը, վեցերորդ կինը տիտիկ արեց խունջիկ-մունջիկ գալով: Գիքորը բերեց խորովածը, ապա եւ Վարդանը եկավ թեւերը քշտած, մազոտ կուրծքը բաց, սրբեց մրոտ ձեռքերն ու բազմեց սեղանի գլխին: - Արամ, իմ տե՞ղն ես նստել,- հարցրեց Գիքորը: - Արի,- իսկույն վեր կացա պատրաստ զիջելու: - Նստի, նստի,- նա տեղավորվեց Մամզելի մյուս կողմում: Կանանցից յուրաքանչյուրը, բացի Մամզելից, որոշ վերապահումով նաեւ Դինայից, առնվազն երկու հոգու տեղ էր զբաղեցրել, սակայն փոքրակազմ Գիքորը, շաղգամը հանող եւ ջրաղացի ջուրն ավելացնող մկնիկը, ստիպեց արանքները վերացնելով նստել ազդրա եւ ուսախառը: Աջ կողմից հպում չզգացի, Մամզելի հագուստի տակ կարծես ոչինչ չկար, եւ ինչ էր լինելու կամ ինչ էի զգալու, երբ մյուս կողմից Դինան ծծանը թրջող ջրի պես թափանցում էր մեջս: Փորձված տղամարդիկ թմբլիկ կանանց են նախապատվություն տալիս: Ինձ ասում էին, եղել էին նման խոսակցություններ, այստեղ եւ Երեւանում, համը չես տեսել, չգիտես... Ես, համոզված, որ կիրքը ամենից առաջ գեղեցկության տենչն է, հավատարիմ էի իմ պաշտամունքին, նուրբ ու քնքուշ երազանքին, լինի սեր, հրապուրանք, դիպված կամ այլն: Դինային համարել թմբլիկ, նշանակում է ըստ արժանվույն չգնահատել նրան: Նա գեր էր, փարթամակուրծք, ազդրեղ, սակայն մարմնի ոչ մի մաս ստորինին չէր ճնշում, գուցե դրանից էր, որ սրունքներն ու մեջքը բարակ էին մնացել, համեմատաբար իհարկե: Նա գեղեցիկ չէր, եւ տգեղ չէր, եւ այդ երկուսի միջինը չէր, հմայքի կայծ, ինչպես նաեւ վանող բեւեռ, ուներ անկասկած: Նա գրգռիչ էր... Մեջքի խաղով, որը, կարծում էի, միայն նիհար կանանց է հատուկ, ճակատին թափած կարճ, շիկավուն մազերի ու աչքերի մանկական քմայքով, ձայնի վկայությամբ եւ ըստ լսածի ավելի շատ ապրած, քան տարիքն էր, մյուս կանանց, ոչ այնքան տգեղ, որքան տհաճ ու զզվելի, որձեղեն կանանց առընթերությամբ մի համեստ մանուշակՙ պոռնկաբույր, հետս գրեթե գիրկ գրկի նստած, սակայն հպումների պատանեկան սարսուռը գիշերային մարտերում բթացրած, փոխարենը երջանկություն խոստանալով սակավաթիվ խորագնացներին, պատահաբա՞ր, հարկադրյա՞լ, բնականորե՞ն, թե՞ այրուցքին գերի վայելքի ճշմարտությունը դավանած, տղամարդկանց եւ մանավանդ ջահել տղաներին արեւածաղկի սերմ համարող, փաղաքուշ մանկածին, բութ կամ հեզ, անվրդով կամ անտարբեր եւ սեղանին շպրտված խաղաթղթերի պես բաց, այսինքնՙ թքած... «Նեղվածք է» ասելով, Դինան հավանություն տվեց, կրկին տեղափոխվեցի, այս անգամ մեխի արկղի վրա: - Փախչո՞ւմ ես,- սպառնաց Կույսը: - Դե նա համեստ է մի տեսակ,- ասաց Մամզելը,- ոնց որ հայ չլինի... - Դու այդ ի՞նչ ես ակնարկում,- հարցրեց Վարդանը: - Ոչինչ... ես առանց որեւէ հետին մտքի... - Չէ, Տոլյա,- ասաց Կույսը,- դու ճիշտ չհասկացար, պարզապես զարմանալի է, որ ջահել տղան, հայ կամ ռուս, այդպիսի բնավորություն ունենա: - Զարմանալի է, թե ինչն է զարմանալի,- ասացի,- կամ կուզենայի իմանալՙ ինչպիսի բնավորություն ունեմ: - Ահա, տեսնո՞ւմ ես,- քրքջաց Կույսը,- իսկապես, ի՞նչն է զարմանալի... - Զարմանալի է, որ չենք խմում,- ասաց Նաստյան: - Իսկ ով է արգելում, օղի կա, խորոված կա, կերեք, խմեք, ուրախացեք... - Ուտել չեմ ուզում,- քմահաճորեն ասաց Մամզելը,- պարել եմ ուզում... - Կպարենք,- բաժակը վերցնելով խոստացավ Վարդանը,- այսօր շատ ենք ուրախանալու... Դե, ո՞վ է խմում ինձ հետ... - Ինչպես թե ով... Մի՞թե չխմող է լինելու: - Չխմողներին տալիս եմ քեզ: - Լավ,- համաձայնեց Կույսը,- ես այդ գործի վարպետն եմ: Հապա, ընկերներ, բոլորս խմում ենք միասին: Դաշա, հարեւանիդ ասա, որ իրեն էլ է վերաբերում... - Նա կամ խուլ է, կամ ռուսերեն չի հասկանում,- հայտարարեց Շուլայի ուհին: - Իսկ դու խոսեցրու նրան, չե՞ս կարող: Լսիր,- Կույսը դիմեց Շուլային, իսկ նա ուշադրություն չդարձնելով խորոված էր ուտում,- դե, գիտե՞ք ինչ, մենք այստեղ անկոչ հյուրեր չենք եւ կարոտ չէինք ձեր թթված մռութներին, մենք եկել ենք ուրախանալու: - Լավ, լավ,- մեջ ընկավ Վարդանը,- չի ուզում, թող իր բաժին խորովածն ուտի, քնելու գնա: - Գեղեցիկ չէ, Տոլիկ, հասկանո՞ւմ ես, տրամադրություն են փչացնում... Կանայք վրդովված էին, միայն Դինան անխռով տեսքով, թերեւս ցուցադրաբար, մի կտոր միս վերցրեց եւ դանդաղորեն ուտում էր: - Այսքանից հետո ի՞նչ ուրախություն,- ասաց Կույսը,- ես տեսնում եմ, մեր ներկայությունը մի քանիսի սրտով չէ... - Ո՞ւմ սրտով չէ,- ձեռքերը պարզեց Վարդանը,- ի՞նչ ես խոսում, չեմ հասկանում, ինչից ինչ սարքեցիք,- եւ հայերեն ավելացրեց,- վերջ տվեք ձեւերին, արա, էս մարդկանց ես եմ կանչել, ձեր հաշվին չեն խմում... - Պետք չէ, Տոլիկ,- Կույսը կռահեց, որ Վարդանը նախատում է մեզ,- մենք կգնանք... - Դե լավ, Մարիա,- ասաց Ռազմիկը,- անցավ... Գիքորը թռավ տեղից ու մագնիտոֆոնը միացրեց: - Այ ապրես, Գիքոր ջան,- ասաց Վարդանն ու մատները շխկացնելով «տաշ-տաշ» արեց, թեեւ ձայնագրված երգի հետ «տաշը-տաշը» ոչ մի առնչություն չուներ,- վերցրեք բաժակները... Դավո, Ռազ... Մամզելը բաժակը դատարկելով ելավ Գիքորի հետ պարելու: - Ծա՛փ, ծա՛փ,- բղավեց Վարդանը, ինքը նույնպես ասպարեզ մտավ շորորալով,- ջա՛ն ուրախություն... Մամզելը հետույքը գռեհկորեն դուրս դրած, հետ-հետ գալով մոտեցավ Շուլային, իսկ Վարդանը խրախուսում էր նրան լայն ափերի շրխկուն ծափով: Շուլան կանգնեց, ես ակնկալում էի հարված Մամզելի ողնաշարին կամ Վարդանի դեմքին, բայց Շուլան հեռվից շրջանցելով Մամզելին դուրս գնաց անշտապ: - Սեղանի մոտ, սեղանի մոտ,- Վարդանը թեւերի տակ առավ պարողներին,- խորովածը մնաց... - Դու չե՞ս խմել,- դիմեց ինձ Կույսը: - Ո՞վ չի խմել,- հարցրեց Վարդանը նստելով: - Ահա, ջահելը, անունը չգիտեմ: - Արա՞մը... Քեզ ի՞նչ անուն տանք, արա... - Անունս փոխել չեմ ուզում: - Հլը մոտ արի... առանց էդ էլ բան ունեի ասելու... Երեկվա կռվի շարունակությո՞ւնն էր սպասում ինձ: - Նստի... Դու ջահել ես, մեկ-մեկ չես ջոկում ոնց վարվես... Հիմի չորոշենք, երեկ ով էր մեղավոր... Մի բան էլ դու զիջի, ինչ կլինի, գոռոզ տղա չես, որ ասեմ, գոռոզությունից է... - Ինչի՞ մասին եք խոսում,- հարցրեց Կույսը,- մեր ներկայությամբ ձեր լեզվով մի խոսեք... Եվ հետո, ձեզ մոտ այդպե՞ս է ընդունված, հյուրերին հոգ չեք տանում... - Հոգ տանում են,- ծափ տվեց Մամզելը,- ես չգիտեմ, գուցե մեկը ուշադրությունից դուրս է մնացել, սակայն ես բողոքելու տեղ չունեմ: - Ես այդպիսի ուշադրություն չէի ցանկանա,- փռթկաց Դինան: Գիքորի ինքնագոհ ժպիտը կոտրվեց: -Դինա,- մատը թափ տվեց Կույսը,- այս ինչ ձանձրալի սեղան է, ուրախություն չկա, ընդհանրություն չկա, իրար ականջ մտած փսփսում են... - Հիմա,- աշխուժացավ Վարդանը,- մի քանի խոսք ասեմ ընկերոջս, որից հետո հայերեն խոսող չի լինի... Հը, աղջկաս չուզեցիր, էս մեկը ոնց է... - Ո՞վ: - Դ-ն, ինքը համաձայն է: - Բացառված է: - Գլխով մի անի, կհասկանա... Էս ձեւի ապրանք էլ ձեռդ չի ընկնի, լավ իմացի... Դե գնա, գնա, կողքը նստի, հետո ինչ ուզում ես արա, գլուխդ քարը... Բաժակները լցրու, Արամ,- անցավ ռուսերենի: - Դուք խմո՞ւմ եք,- հարցրեցի Դինային: Նա կես միլիմետր շարժեց գլուխը: - Այդպիսի ուշադրությունից ես էլ չէի հրաժարվի,- ասաց Կույսը: Ախորժակիդ քացախ, կասեր Շուլան: - Իսկ ես կհրաժարվեմ,- ծիծաղեց Դինան,-նա դեռ մեղքը չի քավել: - Դե՞ռ... ուրեմն հույս կա՞ քավելու,- համենայն դեպս խաղի առիթ էր: - Ես ասացի՞ դեռ... - Ասացիր, ասացիր,- բղավեց Կույսը,- մենք վկա ենք... Այստեղ էլի մի երիտասարդ կար, հիմա չեմ տեսնում նրան... - Նա անձեռնմխելի է,- ասաց Վարդանը,- հայրը տարավ... - Ինչ է, մենք ուտելո՞ւ էինք նրան: - Քեզ մնա, կուտես,- խայթեց Նաստյան: - Չարալեզու բանսարկուներ, չեք հասկանում, որ երիտասարդների ներկայությունը ուրախացնում է ինձ, ես նրանց մայրաբա՜ր եմ սիրում... Վեր կացեք, պարեք, նստած նեխում եք ճահճի պես... Կույսը փորը սեղանին սեղմելով եւ նստածների ոտքերը տրորելով շրջանցեց սեղանը: - Առանց խմելո՞ւ,- պահեց նրան Վարդանը եւ ծնկներին նստեցնելով բաժակը մոտեցրեց նրա բերանին: Հաստ Վարդանն ու հա՜ստ Մարիան, իրար վրա բարձված, Տոլիկի ավտոյի բեռի չափ, երեք խորանարդ մետր քար կամ հինգ տոննա ցեմենտ, կես-կես դատարկեցին բաժակը, Գիքորը նույնպես, ենթադրելով, որ ժամը հասել է, սեթեւեթող Մամզելին գիրկը քաշեց, Ռազմիկը գործում էր անաղմուկ եւ տակից, մերժված-լքվածն ու Նաստյան քրքջում էին, հարբած Փայլակը, երկու բաժակ էր նրա չափը, ինչ-որ բան էր ասում, մեկը ծվծվաց ալրաթաթախ մկնիկի ձայնով, մեկը վեր թռավ կսմթոցից, այդ խմբի մեջ մենակատարի պես աչքի զարնող Դինան, միսը ձեռքին, ճկույթը զատած, կծմծելով, կարծես ողկույզից հատիկներ էր պոկում շուրթերով, շորորուն, նույնիսկ ուտելիս, սպասո՞ւմ էր, որ ես էլ իրեն փաթաթվեմ... - Պարելո՜ւ,- բղավեց Կույսը: Սեղանի մոտ երեքով մնացինքՙ Դինան, Փայլակը, ես: Փայլակն իր աշխարհն էր հասել, ես չքվելու մասին էի մտածում, Դինանՙ մեջքը պարողներին, եւս մի պատառ վերցրեց: Պարը դադարեց, երգը չէր ավարտվել, շրջվելով տեսա Սաքոյին, որը գլուխն առաջ պահած քարացել էր դռան մեջ: - Է՛ս ինչ բան է,- հարցրեց նա զայրացած: - Ա՜, Սերգեյ,- ծլվլաց Նաստյան: - Գնացեք այստեղից,- առաջացավ Սաքոն: Կանայք չհասկացան: - Կորե՛ք,- բղավեց Սաքոն ու հրհրելով դուրս արեց նրանց: Այդ ընթացքում, իհարկե, հայհոյանքներ փոխադարձվեցին: - Դու էդ ո՞վ եղար,- փնչաց Վարդանն ու մայր հայհոյեց Սաքոյին: Սաքոն խփեց նրան: Վարդանն ընկավ սեղանի վրա: Սաքոն գռմռաց ատամների արանքից ու գնաց: Վարդանը դանդաղ վեր կացավ, նայեց ձեռքի արյունին, որը քթից էր քսվել, հարցրեց,- ո՞վ խփեց ինձ,- ու սեղանի վրայից դանակը հափշտակելով դուրս նետվեց: Մենք իրար հրմշտելով վազեցինք նրա հետեւից, հասանք մեր դռան մոտ: - Թողե՜ք,- խռնչաց Վարդանը,- թողեք, ես դրա... Հրանտը բացեց դուռը, նրա թիկունքում Սաքոն էր ոչ պակաս կատաղած: Մեր ձեռքերի մեջ կաշկանդված Վարդանը լեզվին եկածը ծեփում էր նրա երեսին, անհամեմատ ավելի արագ, քան սվաղում էր: Սաքոն, որին ոչ ոք չէր խանգարում, հրեց Հրանտին եւ բռունցքի տակով, մուրճի պես, հարվածեց Վարդանի գանգին (լավ գլուխ էր, որ դիմացավ), ապա կոկորդը բռնելով սկսեց խեղդել, հազիվ ազատեցինք կիսախեղդ Վարդանին: - Կնկա համար իրա՞ր եք սպանում,- գոռաց Հրանտը... Ես ձեր եկած ճամփեն... ես ձեր... տո մի ասող չկա, էդ բոզերին ինչի՞ էիք բերել... Այնպիսի տեսք էին ընդունել, իբր ամեն ինչի մեղավորը Վարդանն է: - Վաղը Չուլկինին ի՞նչ եմ ասելու,- Սաքոն կարծես արդարանում էր Վարդանին խփելու համար,- տները գնում էիք, հերիք չէր, բերեցիք հիմնարկ... ո՞ւմ եք բերել, հասկանո՞ւմ եք... Հավաքի շորերդ, տուն ես գնում... Վարդանը, շշմած ընկած մահճակալին, գլուխը վեր հանեց, բայց չկարողացավ խոսել, Սաքոն շարունակեց. - Հերիք եղավ: Եկել ենք, գլուխներս կախ աշխատենք, ընտանիք ենք պահում, հաճույքի համար չենք եկել... Դրա համա՞ր էիք կիրակի ուզում, բրիգադով գործի չելաք, որ քեֆ անե՞ք, անունս խայտառակե՞ք... - Վրա մի քշի,- հանգիստ ասաց Վարդանը,- դու քո բաժինը զարկել ես, մեկել զարկն իմն է... մի, մի վախենա, հիմի կռիվ չեմ անի, բայց դու չմոռանաս, որ արյունս հանել ես: - Վախեցողի, մոռացողի էլ մերը... - Այ մարդ, դե վերջ տվեք,- ասաց Հրանտը,- խմած էիք, հասկացանք, տաքացաք, ո՞ւմ հետ չի լինում... - Ո՞վ է խմած, առավոտից սոված սատկում եմ, դուք էիք քեֆ անում... - Շատ լավ եմ արել,- գոռաց Վարդանը,- կիրակի է, քեֆ եմ արել, դու ամեն օր ես քեֆի մեջ... - Վերջացրեք,- գոռաց Հրանտը: - Ինչի՞ վերջացնեմ... Դու ի՞նչ ես քեզ ճղում, ձենդ կտրի, սուս մնա... Ամեն արժող-չարժող վրես խոսի՞... Էս ո՞վ է, ո՞վ... - Ես ո՞վ եմ,- Սաքոն դանդաղ մոտեցավ,- աչքերդ հանո՛ղն եմ... - Տո դու իմ... - Հա՞... դե առ քեզ... Այս անգամ նույնպես Սաքոն շահեց, քանզի, ինչպես քիչ առաջ, մեր նախասրահում, այսինքն գարաժում, առաջին հարվածից հետո բաժանողները մեջ ընկան: Ռազմիկն ու Դավիթը Վարդանին հետ քաշեցին, Հրանտն ու Գիքորըՙ Սաքոյին, Ոսկանը գլուխն էր տարուբերում, Փայլակը «ամոթ, ամոթ» գոռալով ձեռքերն էր թափահարում, Կամոն հանգիստ դիտելու համար թռել էր երկրորդ հարկ, ես նման հնարավորություն չունեի, բայց մահճակալս հեռու էր քաշկռտուքից, իսկ Շուլան այնպիսի հետաքրքրություն էր դրսեւորել, կարծես գրազ էր եկել, թե ով կհաղթի: - Երրորդ անգամ խփեցիր ինձ ու պատասխան չստացար,- գոռաց Վարդանը,- սիրտս չի հովանա, մինչեւ արյունդ չխմեմ, ես քո... Սաքոն ձայն չէր հանում, եթե ուզեր, կազատվեր Հրանտից ու Գիքորից, բայց չէր մղվում մարտի: - Ես քեզ կծակեմ,- շարունակեց Վարդանը անզոր ազատվելու Դավթի գրկից,- պրծավ կյանքդ... կնկադ պառկեցնեմ վրեդ... Մինչ այդ Սաքոն հայհոյանքները լսում էր բթացած, հավանաբար համարելով, որ նախապես պատժել է, բայց այս մեկը, օ՜, գժվեցրեց նրան: Գիքորը շպրտվեց հենց իր մահճակալին, Հրանտը կրծքով փակեց Սաքոյի ճանապարհը, մի պահ միայն, Դավիթը տեսնելով, որ առանց իր միջամտության անհնար է զսպել Սաքոյին, թողեց Վարդանին ու Սաքոյին խտտելով տարավ դեպի դուռը: Այժմ Վարդանը մոլեգնեց, գրեթե Դավթի շալակը ելած ճգնում էր ձեռքերը Սաքոյին հասցնել: Հրանտն ու Դավիթը Սաքոյին դուրս հանեցին, մի քանի հոգի բռնեցին Վարդանին, Ռազմիկը ծածկեց դուռն ու փակը գցեց: - Հանգստացա՞ք,- հարցրեց Վարդանը,- ինձ բռնեցիք, ինքը խփեց, հիմի էլ ճամփես եք փակո՞ւմ... Սաքոյի կո՞ղմն եք... - Ոչ մեկի կողմը չենք,- պատասխանեց Ռազմիկը,- հանգստացի, հետո կխոսենք... - Դու ընկե՞ր ես, արա, թողե՛ք... Բաց դուռը... - Չէ,- ասաց Ռազմիկը: - Բա՛ց, ասում եմ: - Չեմ բացի: Վարդանը մի թեթեւ ապտակ տվեց նրան: - Խփեցի՞ր... մեկ էլ խփի, բայց դուրս չեմ թողնի: Ռազմիկի ինքնազոհությունը թերեւս մեղմացներ Վարդանին, եթե աչքը մի ուրիշ դանակի չընկներ: Անփույթ մարդիկ էինք, ամենուր դանակներ էինք շաղ տալիս, որոնք այդպիսի պահերին չարագուշակ փայլով շնչավորված իսկույն ծառայություն են առաջարկում, ըստ որում, վատ ծառայություն հաճախ հենց ձեռքն առնողին, որովհետեւ դանակ բռնած ձեռքին, այն էլ խմած, ծեծ կերած մարդու, որը մռնչալով նետվում է ճանապարհ բացելու, խփում են... Խփողը Շուլան էր: Իմ կարծիքովՙ միակ դեպքը, երբ ձեռքին հասցրած հարվածը նոկաուտ արեց: Ծնկի եկած Վարդանը ձեռքը բռնելով մրմնջաց,- վայ ես քո... - Ձենդ չելնի,- այնպես սաստեց Շուլան, որ հայհոյանքը Վարդանի կոկորդում մնաց,- բերանդ բացիր, տերս չեմ... - Եզն ընկավ, դանակավորը շատացավ, հա՞,- փնթփնթաց Վարդանը հաշվի չառնելով, որ ինքն էր դանակավորը: Խղճացի նրան: - Ես դանակավոր չեմ,- ասաց Շուլան,- ես չթողի արյուն թափվի, էդքան բան: - Ինչ արյուն... վախեցնում էի, որ ճամփա տա... Ես Ռազմիկին կխփեի՞... - Ինչ իմանայի, ձեն չհանեցիր: Սփրթնած Ռազմիկը ծխախոտ ուզեց Ոսկանից: - Ջարդեցիր ձեռս,- ասաց Վարդանը իզուր փորձելով շարժել մատները: - Տեսնեմ... բան չկա, ցավ է առել: - Էդ ոչինչ,- ասաց Ոսկանը,- էլի դու պարտք մնացիր Շուլային: - Սաքոյին եմ պարտք, Սաքոյի՜ն... - Լավ, լավ, վերջացրու,- ասաց Ռազմիկը: Հրանտն ու Դավիթը մտան: - Սաքոն ո՞ւր է,- դռան մոտ շշուկով հարցրեց Ոսկանը: - Գնաց,- անորոշ ասաց Հրանտը,- հը, Վարդան, քեֆդ թողե՞լ է... - Դու էլ... Խմածի տեղ ես դնում, որ մեղքը վրես գցե՞ս... Ես խմած չեմ ու չեմ եղել, երկու բաժակ արաղ եմ խմել, երկու բաժակ... Սիրուն, շնորհքով ուրախանում էինք, ինչի՞ եկավ վայրենավարի գոռգոռաց... Ստրուկի պես աշխատում ենք, մեկ-մեկ է՞լ չուրախանանք... Գնաց, գիտի ձեռիցս պրծավ, մինչեւ հաշիվը չմաքրեմ, տուն չեմ գնա: - Տուն ինչի՞ ես գնում: - Բա էսքանից հետո մնա՞մ, ամեն օր նրա հոտած երեսը տեսնե՞մ: - Ինձ լսի... Բրիգադ չի եղել, որ կռիվ չլինի, կռվել են, հաշտվել են, անցել գնացել է... - Էս կռի՞վ ես հաշվում, ես կտանե՞մ էս խայտառակությունը... Կռիվների մեջ եմ մեծացել, ծեծել եմ, ծեծվել եմ, բայց տակ չեմ մնացել: - Է՜, Վարդան, երեխա չես, ամոթ է... - Տուն ինչի ես գնում, չեմ հասկանում,- ասաց Ռազմիկը,- մի անդամ դու ես, մի անդամ ինքն է, բրիգադիր է, հասկացանք, մեր գլխի տերը չէ, կռվել եք իրար հետ, թող ինքը գնա... - Չէ, ես չեմ մնա, ես նրա հետ չեմ աշխատի: - Իբր մինչեւ հիմի նրա հետ ես աշխատել... Մենք ենք բրիգադը, Սաքոն չէ որոշողը... - Ո՞նց եղավ,- հարցրեց Հրանտը,- պատմեք տեսնեմ: - Միամիտ տեղս խփեց, ի՞նչ պատմեմ: - Դու իրեն ուշունց տվիր,- հիշեցրեց Ռազմիկը: - Ի՞նչ եմ ուշունց տվել: - Չես հիշում, տեսնո՞ւմ ես, խմած ես եղել: - Ես խմած չէ՜ի, այ տղա... Սաքոն, ասեմ, լարված եկել էր, կիրակու կսկիծն էր սիրտը դաղել, կռվի պատճառ էր ման գալիս, գտավ... - Սաքոն մեղավոր էր, ինչ խոսք... Ով ուզում է լինի, մարդ է դիմացինդ... Շուլան դերասանություն արեց, Հրանտը հենց սկզբից թողեց գնաց... - Ռազմիկ,- ընդհատեց նրան Հրանտը,- ես մի անգամ ասե՞լ եմ, ինչի եք գնում, ուր եք գնում... Ասում եք, կիրակի է, ուրախանանք... ուրախանանք, ախպեր, բրիգադով նստենք, մենք մեզնով, խմենք էլ, պարենք էլ... Դուք մեր կիրակին ինչի՞ եք փչացնում: Ես չեմ ուզում, Շուլան չի ուզում, Ոսկանը չի ուզում, մենք հեչ, էս մատղաշ տղերքին չե՞ք ափսոսում... կեղտի մեջ եք քաշում նրանց, ի՜նչ մեղք եք անում, ինչ մեղք... Հորդ աստծու սիրուն, ինձ մի խոսեցնի... - Մե՞զ ես մեղավոր հանում,- հարցրեց Վարդանը: - Հա՛: Սաքոն ինչ է արել, ինչ չի արել, չգիտեմ, բայց դուք մեղավոր եք, որ բերել եք նրանց: - Ե՞ս եմ մեղավոր, ես տուն եմ գնում, պրծա՞նք... Սաքոյին էլ արդար ես հանում, հա՞... - Սաքոյի ճակատը չպագեցի, իրար արժեք: - Հիմի մենք մեզնով ենք, արի գնանք ուրախանանք: - Էլի խմելու մասի՞ն ես մտածում: - Հա, արի... - Հիմի քո խմելը հանցագործություն է: - Ինչի՞: - Խմեցիր, արունք կանես: - Չէ, հորս գերեզմանով երդվում եմ, Սաքոյին էսօր մատով չեմ կպնի, գալի՞ս ես: - Խորոված թողե՞լ եք, որ գամ: - Բա ոնց, առանց քեզ կուլ չէր գնում: Շուլա, ել, դու գալու ես անպայման, չմտածես, թե ոխ եմ պահել քո դեմ... Ելեք, տղերք ջան, միամիտ կիրակին մնաս բարովի օր դարձավ... - Տուն գնալը մտքիցդ հանի,- ասաց Ռազմիկը: - Չէ, հաշիվս ստանամ, մի հաշիվս էլ փակեմ, գնում եմ... - Էլի իր էշն է քշում, քեզ բան ասինք... Հրանտ ջան, հասկացրու դրան: - Ինչ հասկացնեմ, ամեն մարդ ինքն է իր գլխի տերը, բայց եթե իմ կարծիքն ես հարցնում, կասեմ, որ գնալը սխալ է... գործի զոռն անցել է, մեր փողը գարաժի ծածկի մեջ է... - Լավ, էլ չխոսենք,- ասաց Վարդանը: Խորովածի զգալի մասը տեղն էր, օղին էր քիչ, ընդսմին երկու շիշ ջարդվել էր: Ինձ ու Կամոյին ուղարկեցին խանութՙ «Բելուխա», որտեղ օղի չէր լինում, բայց Վարդանն ասաց, որ իր անունը տանք: Թե որքանով էր հիմնավորված նրա գլուխ գովելը, չհամարձակվեցինք ստուգել, Կույսն էր այնտեղ, եւ մոտ մի ժամվա ուշացումը գերադասելով խայտառակորեն վռնդված կնոջ ցասումից (որեւէ մեկը հակառա՞կը կընտրի), ապա արդեն գիտափի ծառահով արահետըՙ մերկաշոգ ասֆալտից, չնախատեսված մոտ մի ժամը դարձնելով առնվազն մի ժամ, արեւածաղիկ, ընկուզաչափ թթվաշ խնձոր քաղելու եւ Անտառային փողոցին մի հայացք գցելու հնարավորությամբ, ճամփա ընկանք դեպի կենտրոն ոչ այնքան դժգոհ այս հանձնարարությունից: Արեւածաղիկ թռցնելու ժամ չէր, իսկ խնձորի ծառին ես չհասա, Անտառային փողոցից դուրս եկած «Վիլիսը» վտակն անցնելով ընթացավ անվահետք ճանապարհով, որը կղզու կողմն էր տանում: - Կամո,- ասացի,- դու երեւի մենակ գնաս: Ես տեղ եմ գնալու: - Շախմատ խաղալո՞ւ,- միամտորեն հարցրեց նա: - Ըհը: - Ես ճամփեն չգիտեմ, ո՞ւր գնամ: - Էս ճամփով կհասնես այգի, այգուց էլ գիտես... վերցրու փողը: Որ հարցնեն, ասա, գնաց շախմատ խաղալու,- ու վազելով իջա զառիթափից: Ես ուզում էի տեսնել Ինային, ինչպես ասում ենՙ անհաղթահարելի ցանկությունն էր մղում ինձ, կարծես սիրահարվում էի... |