ԽԱՉԱԳՈՂ 44 ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ Խորոված կարտոֆիլի հոտ էր ընկել: Ինան վեր թռավ: Շտապեցի նրա հետեւից խոհանոց կամ միջանցք, նույնն էր, նայած, թե այդ պահին ինչ էինք անում: Ինան երկաթե դռնակը բացել էր եւ զգուշությամբ հանում էր կարտոֆիլները: Այնքան էլ չէինք ուշացել, թեթեւակի էին վառվել: - Կեղեւը մաքրե՞մ,- հարցրեց նա: - Ինչպես դու ես ուզում: - Ես կեղեւով եմ սիրում: - Ես էլ: Նա մեծ թասի մեջ կարագ դրեց, կարտոֆիլները, մրոտ եւ շատ վառված տեղերը մաքրում էր, սրբում եւ գցում էր թասի մեջ, որը գրեթե լցվեց: Ապա գազօջախի մոտ կախած խոհանոցային պիտույքներից մեկը բերեց եւ ասելով, որ դա հատուկ կարտոֆիլի համար է, եռանդով եւ արագորեն տրորեց այնքան, մինչեւ կարտոֆիլն ու կարագը լիովին միախառնվեցին, վերածվելով խյուսի, որի մեջ ախորժալի փայլում էին կեղեւների կարմրավուն կտորները: - Արտակարգ համեղ է,- ասացի, երբ պատառաքաղը երկրորդ անգամ մոտեցրեց բերանիս: Խորոված կարտոֆիլը սիրում էի լավաշով եւ թթվով, բայց սիրած աղջկա հետ նույն ամանից եւ նույն պատառաքաղով ուտելը չէի փորձել: - Խմելու բան կուզե՞ս,- հարցրեց Ինան,- կոնյակը մնում է: - Ոչ, դու ինքդ խմիչք ես, արդեն հարբած եմ: - Ես նույնպես... հավանաբար կսթափվեմ ու կտեսնեմ, որ երազ էր... - Չեմ թողնի, որ սթափվես: - Չես կարող,- ժպտաց նա,- ամեն ինչ վերջ ունի: Մի քանի կտոր փայտ գցեցի վառարանի մեջՙ հաճույքով նայելով կրակին: Լավ էր վառվում կեչու փայտը, Շուլան դրանով էր խորոված անում: - Դուք միայն փա՞յտ եք վառում,- հարցրեցի: - Ածուխ էլ ենք վառում, բայց փայտ շատ ունենք: Իսկ մեր տանը ե՛ւ վառարան ունենք, ե՛ւ ջեռուցման համակարգ... Ցախանոցում եւ դրսում, մի պատի երկայնքով եւ բարձրությամբ շարված էին միաչափ կտորները: - Դուք ի՞նչ եք վառում գյուղում: - Հիմա գազ են քաշում, մինչ այդ երկաթե վառարան էր, ածուխ էինք վառում, լավ տաքացնում էր: - Մեր գյուղում էլ են խոսում բնական գազի մասին, երեւի մի երկու տարուց կլինի... Սիրո՞ւմ ես գյուղական կյանքը: - Իհարկե, բայց չեմ կարողանում երկար մնալ գյուղում: - Երեւանը ձգո՞ւմ է: - Երեւանի վարձով սենյակը ինձ սովորեցրեց մենակության, իսկ գյուղում միշտ եռուզեռ է... բոլոր անկյուններում, ամեն քայլափոխի մեկին խանգարում եմ: - Հասկանում եմ, ես ու Նինան մի սենյակում ենք, երբեմն նույնիսկ նա էր ինձ խանգարում: - Ո՞րն է ձեր պատուհանը: - Ձեր կողմից վերջինը: - Այդպես էլ ենթադրում էի: Հավանաբար նույն նախագծով է կառուցված, ինչ մեր սարքած շենքերը: Այն օրը, երբ չեկար,- դադար տվեցի լարված նայելով աչքերին,- ինչո՞ւ չեկար: - Քեզ դեռ այդ ինչո՞ւն է հետաքրքրում,- կաշկանդված ծիծաղեց նա,- մի՞թե բավական չէ, որ նորից միասին ենք... Շարունակիր, խնդրում եմ: - Գիշերը ձեր տան մոտ էի, ծխում էի ու նայում այդ պատուհանին: Հույս ունեի, որ կտեսնես ծխախոտի կրակը... - Տեսնում էի,- խոստովանեց նա հառաչելով,- գիտեի, որ կգաս, սպասում էի... Երբ մերոնք քնեցին, անջատեցի լույսը, որ հեռանաս... - Գիտեիր, սպասում էիր, տեսնում էիր եւ դուրս չեկա՞ր... - Հետո կբացատրեմ, միայն թե ոչ այսօր,- աղերսագին նայելով քաշեց թեւիցս,- գնանք սենյակ: Միայն այդպես կարող էր մոռացության տալ այդ անիծյալ օրերը, բայց հույսս ի դերեւ եղավ: - Գիշերը չեմ մնալու, խնդրում եմ, եթե չգնամ, մայրս կհասկանա, որ էլի քեզ հետ եմ: - Այս պատմության մեջ նա ինչ-որ դեր ունի՞: - Խոստացա, որ հետո կպատմեմ... Դու ասա, թե ինչ ես անելու, ընդունելո՞ւ ես Բելովի առաջարկը: - Չգիտեմ, ես այդ աշխատանքը լավ չեմ պատկերացնում: Հայերի հետՙ գուցե հնարավոր է, բայց մյուսների հետ շփվելը, իմ կարծիքով, անհնար կլինի: Բելովին գործակալ է պետք, որը տեղեկություններ հաղորդի, թե ով ում ծեծեց կամ ուզում է ծեծել: Իսկ Բելիկովի պատկերացրած ագիտատորն ընդհանրապես հեռու է ինձնից: Դա ֆանտազիա է: - Իսկ խմբագրությո՞ւնը: - Ավելի հավանական է: - Ես մի ժամանակ ուզում էի աշխատել այնտեղ... Ոչ, չգնաս խմբագրություն: Վարորդից բացի տղամարդ չկա, բոլորը աղջիկներ են եւ ազատ կանայք: Քեզ պարզապես կխժռեն,- ծիծաղեց Ինան,- ինքս քեզ աշխատանք կտամ, դասերիս կեսը: Գրականությունը չեմ տա, որովհետեւ Չեխովին, Բուլգակովին եւ երեւի էլի շատերին չես սիրում: Դու կարող ես ռուսաց լեզվի դասեր տալ: - Հաճույքով կգայի քեզ հետ դպրոց, բայց ես քերականություն չգիտեմ, ուղղակի զգում եմ ճիշտն ու սխալը, գիտեմ, որ այդպես պետք է լինի, եւ վերջ: - Ուրեմն քեզ համար աշխատանք չպիտի՞ գտնենք,- իբր թե կատակելով անհանգստացավ Ինան: - Ես ունեմ աշխատանք: - Շինարարությո՞ւն... Դու չգիտես, թե ինչ ձմեռ է լինում մեզ մոտ: - Ոչ: Մտածում էի Երեւանում սենյակ վարձել եւ գրել: Ահա, պատրաստի տուն է, նկուղով, վառարանով... Եթե չեք ուզում վաճառել, վարձով տվեք ինձ, նստեմ ձմռանը գրեմ... - Լո՞ւրջ ես ասում,- ծիծաղեց,- պարազիտի կյա՞նք... - Պարազիտի՞... Քեզ դրա համար պատժելը քիչ է,- խտտեցի նրան ու տարա դեպի մահճակալը, որը վաղուց իր հերթին էր սպասում,- դու տեսել ես մեր աշխատանքը, ես պարազի՞տ եմ: - Ճիշտ է, կներես... Բայց խնդրում եմ, բաց թող, որովհետեւ հետո չեմ կարողանա հեռանալ այստեղից... - Անկարելի է, չեմ կարող: - Բայց դու խոստացել ես երբեք ուժով չանել դա,- շլացրեց դեմքի արտահայտությամբ: - Սա ուժո՞վ է,- կարկամեցի,- դու չե՞ս ուզում... - Ուզում եմ,- նորից հմայեց,- բայց պետք է գնամ... - Լավ,- նստեցի, վաղուց էի ուզում արտահայտվել,- ասել եմ, որ միշտ կանեմ քո ուզածը, եւ կանեմ: Խնդրում ես, որ ասպետ կամ ջենտլմեն լինեմ, իսկ հետո կասես. «Քեզնից է կախված, եթե կարողացար պահել, կմնամ»: Վերջին բառերը նրա նմանությամբ արտաբերեցի, որն ավելի շատ զվարճացրեց նրան, քան իմ բողոքը: Փաթաթվեց, համբուրեց եւ... սպրդեց ձեռքերիս միջից: - Աշխատանքի համար ճիշտ էիր ասում,- մանկավարժական հատկություններ էր ձեռք բերել, հարկ եղած պահին խոսակցությունը փոխելով շեղում էր ինձ բուն գործից:- Հայրս լուսամուտից նայում էր ու զարմացած ասում. «Ինչպե՜ս են աշխատում հայերը, ինչպե՜ս են աշխատում: Այդ տղան միշտ վազքի մեջ է... Լավ է, որ ծնողները չեն տեսնում նրան այդպես չարչարվելիս»: - Ահա, տեսնո՞ւմ ես... Ի դեպ, հայրդ ոչինչ չգիտի՞: - Հայրս... հայրս կարող է ձայն չհանել, համբերել մեկ տարի եւ հանկարծ պոռթկալ... Կիմանա երեւի, եթե ամբողջ գյուղը գիտի, ինչպես այդ վհուկն է ասում... պառավ վհուկ... Գալինա Իվանովնայի տարիքը չգիտեի, համենայն դեպս պառավի տեսք չուներ, ոչ էլ վհուկի... Գերադասեցի չառարկել: Երբեք խանդ չէր արտահայտել, առիթ չէի տվել առանձնապես, կատակները չհաշված: Այս անգամ նույնպես առիթ չկար, բայց խանդում էր, ակնհայտորեն: - Դրան տես,- բորբոքվում էր Ինան,- «Ի՞նչ ակնկալիքով եք նվիրում», փողոցայի՛ն... Եվ դու գրամեքենան կթողնեի՞ր նրան... Բարկությունը իմ կողմն էր ուղղվում, խրատ լինի, որ հրաժարվեմ ամեն ինչ պատմելու վտանգավոր սովորությունից: Իր իսկ տակտիկան էր հարկավոր կիրառել: Եթե նա շեղում էր խոսակցությունը փոխելով, եսՙ գործողությամբ: Գրկեցի նրան մեղմորենՙ հասկացնելով, որ ուզում եմ միայն հանգստացնել, առանց որեւէ հետին մտքի: - Այդ էր պակաս,- ասացի վիզը շոյելով (այս անգամ ձեռքով), թեեւ չէի պատկերացնում, թե ինչ էի անելու, եթե Գալինա Իվանովնան պարզապես չտար գրամեքենան: Կարեւորն արված էր, հանգստացավ, թուլացավՙ տրվելով գգվանքին: - Այս շորդ շատ եմ սիրում,- արձակեցի թիկունքի կոճակները, թե ինչո՞ւ էր կոճկել,- վիզդ եւ ուսդ լրիվ բացվում են, լավ ազատ է, եւ կարծես ճմռթվող չէ... - Շատ տաք է,- գոհ ասաց ուշադրություն չդարձնելով, որ նորից վտանգավոր դրության մեջ ենք ընկնում: Ինքս արդեն որոշակի նախասիրություններ էի ձեռք բերել կամ բացահայտել եւ իրենը գիտեի, ավելի լավ, քան իմը: - Ինչ կրքոտ ձեռքեր ունես,- շշնջաց, հետզհետե տեղի էր տալիս: - Նո՞ր զգացիր,- ձայնս փոխվում էր: - Ոչ, հենց առաջին օրը... կղզում, երբ չթողեցիր, որ գնամ... - Հիմա էլ չեմ թողնելու: - Իսկ եթե խնդրեմ... - Չեմ թողնի, որ խնդրես: Արդեն չէի թողնում, ուշացել էր, այնպես որ չխնդրեց: Այս անգամ կարտոֆիլ չկար, մութը ընկել էր, վառարանըՙ երեւի հանգել: Իհարկե չէինք մրսում... - Այնուամենայնիվ գնալու եմ,- ասաց նա,- վաղը շաբաթ է, կմնամ: - Խոստանում ես եւ չես գալիս: - Կգամ: Գիտես ես չե՞մ ուզում մնալ... Երեւի վերջին անգամ: Կհիշե՞ս ինձ: - Ինչո՞ւ պիտի հիշեմ,- ասացի անհոգորեն,- ես դեռ գնալու միտք չունեմ: - Հետո՞,- արմունկին հենվելով բարձրացավ,- ծնողներդ քեզ են սպասում, ինչքա՞ն պիտի մնաս: - Գնացի, գիտեմ, երկու օրից փախչելու եմ Երեւան: Իսկ Երեւանում սենյակ եմ վարձելու: Այս չափի սենյակի վարձը այնտեղ մոտավորապես հիսուն ռուբլի է: Ձեր գյուղի տները պետք է անհամեմատ էժան լինեն, բայց հաշվի առնելով առանձնահատուկ պայմանները, պատրաստ եմ այդքան էլ այստեղ վճարել: - Որո՞նք են առանձնահատուկ պայմանները: - Նախ թերությունները նշեմ: - Ասա,- Ինան դիրքը փոխեց, հարմարվեց, մոռանում էր գնալը: - Ջուր չկա ներսում, սանիտարական հանգույց, ինչպես ասում են տանտերերը: Առաստաղը ցածր է, կանգառից հեռու է, գետափին էլ այնքան մոտ չէ... - Իսկ առավելություննե՞րը... - Առանձնատուն է, կպած հարեւան չկա, որը շատ կարեւոր է, խաղաղ է, հանգիստ, կենտրոնում, ամենակարեւորըՙ հմայիչ տանտիրուհի... - Տանտիրուհին տատս է: - Ես քեզ հետ եմ գործ բռնում: - Հիսուն ռուբլին տատիս համար մեծ գումար է, եթե լսեց, անպայման կտա... - Դու ինձ լավ միտք հուշեցիր, ես նրա հետ կխոսեմ: - Գրողը տանի, հիմա քեզնից ամեն ինչ սպասելի է: - Առաջ չէի՞ր սպասում: - Առաջ կարծում էի, թե գոռոզ եւ ամաչկոտ պատանի ես, բայց շատ արագ հասունացար, ուրիշ մարդ դարձար... Հիմա զգում եմ, որ հաճախ ես եմ ենթարկվում քեզ, եւ դա հաճելի է, գիտե՞ս, չէի հավատա... Երբ տոնավաճառում հեռացար, մտածեցիՙ սրան տես, դեռ չմերժեցի, իսկույն գնաց: Իսկ երբ շան կողքով գալիս էիր, ուշադրություն չդարձնելով գռմռոցին, այսպես, գլուխդ մի փոքր թեքած, բայց հայացքդ ինձ հառած, այնպիսի համառություն կար դեմքիդ, վճռականություն... Համոզվեցի, որ քեզնից պրծում չկա... Լրիվ ուրիշ մարդ էիր դարձել... Կամ կռվի օրը, տղաներով շրջապատված, ակումբի մոտ, գետափին, դու չես տեսնում քեզ այդպիսի պահերին, քեզ չեմ ճանաչում... Հետո մտածում էի, որ խանդն է քեզ փոխում: Հարցրեցիՙ կսպանեի՞ր, այո, պատասխանեցիր առանց տատանվելու: Եվ այդ պատասխանն ու հայացքդ մտքիցս դուրս չէին գալիս: Աստված իմ, սարսափում էի, տանջվում, նա կարող է մարդ սպանել, եւ ոչ թե ինձ պաշտպանելու համար, այլ հանուն իր սիրային արժանապատվության, տղամարդկային ինքնասիրության... Նույն կերպ պատրաստ էիր Կիռային սպանել: - Այդ պատճառո՞վ վռնդեցիր ինձ: - Ո՜չ,- Ինան ընդոստ թեքվեց,- դա միակ ձեւն էր քեզ հեռացնելու, նրանք կսպանեին քեզ: - Պետրոն թողեց, որ երկուսով կռվենք: - Թողեց, որովհետեւ համոզված էր, որ Կիռան մենակ կհաղթի քեզ... - Կհաղթե՞ր... դու փրկեցիր նրան, ուրիշ ոչինչ... - Երդվում եմ,- Ինան գրեթե ճանկռեց կուրծքս,- ես քե՛զ փրկեցի, ոչ միայն նրանցից, այլեւ հենց քեզնից... Եթե սպանեի՞ր նրան... Ես միայն քո մասին էի մտածում... չե՞ս հավատում... Հավատում էի, բայց մտքիս փչել էր ստիպել, որ բացվի ամբողջովին: - Ինչպե՞ս հավատամ, երբ շաբաթը մեկ փոխվում ես: Վաղն ի՞նչ կանցնի մտքովդՙ անհայտ է: Հավանաբար էլի չես գա: Ի՞նչ է կատարվում քեզ հետ, որ ինձնից բաժանվելուց հետո փոխվում ես, ո՞վ է ազդում - Ոչ ոք, ո՞վ պիտի ազդի,- ձգեց նա վիրավորված: - Ինչո՞ւ չեկար, ասա, ինչո՞ւ էիր որոշել բաժանվել: - Բաժանվում են ամուսնացածները: - Մենք ինչո՞վ ենք պակաս ամուսնացածներից: Եթե դու ինձ սիրում ես, պիտի ասես, այլապես պատասխան կհամարեմ հենց նոր արածդ խոստովանությունըՙ սարսափելի մարդասպանի մասին... Մոլագար էի, մարդասպան դարձա... Հավանաբար տառապալի տեսք էի ընդունել, Ինան ձգվեց, ամբողջ մարմնով սեղմվեց ինձ, ձեռքերը գցեց վզիս: - Չէի ուզում եւ հիմա էլ չեմ ուզում, որ իմ պատճառով կյանքդ փչացնես: Այդպես էլ գիտեի: - Ինչ ահավոր է, երբ մարդիկ հանուն քեզ հիմարություն են անում,- ասացի բարկությունս հազիվ զսպելով,- ավելի ահավոր է, երբ քո սիրած աղջիկն է անում ամենամեծ հիմարությունը: Ի՞նչ է նշանակումՙ կյանքդ փչացնել: Դու մտածե՞լ ես, որ այդ օրերին հենց փչացրել ես իմ կյանքը... Ախր ես մեռած էի պարզապես... Իսկ եթե ինքնասպանություն գործեի՞... կամ մի խելացնոր բան անեի՞... Հուսահատությունից ուրիշի գրկում մխիթարություն փնտրեի՞... Դու ինձ զրկում ես երջանկությունից հանուն ի՞նձ... - Իսկ դու ինչպե՞ս ես պատկերացնում մեր կյանքը,- չխեղճացավ Ինան,- գնաս-գաս մինչեւ ձանձրանաս ինձնից, հա՞, կամ տեղափոխվես ուրիշ գյուղ, չէ՞ որ մինչեւ Չիտա ու Վլադիվոստոկ գնում եք դուք... Կամ տանես ինձ ձեր Հայաստան, որը բացառված է, մեկընդմիշտ հիշիր, երկու տարի հետո ընկնես ջահելների հետեւից, ես էլ երեխադ գրկիս նստեմ... - Հրաշալի տեսարան,- ընդհատեցի երջանկությունից փայլելով,- պատկերացնո՞ւմ ես, գալիս եմ տուն, երեխան գրկիդ դիմավորում ես: Ինչքան էլ անհավատալի, այդ պատկերը նրան նույնպես հուզեց: - Ի դեպ,- շարունակեցի ձեռքս ներքեւ տանելով,- ոչինչ չկա՞,- ձիգ, պիրկ փորն էր, մի քիչ խոնավացած, գլուխ չհանեցի,- չե՞ս ստուգվել: - Ինչի՞ համար ստուգվեմ... Աստված իմ,- ժամացույցին նայելով վեր թռավ նա,- տասնմեկը կլինի, իսկ ես այսօր ոչինչ չեմ արել, եւ ինչքա՜ն գործ ունեմ: Քո պատճառով ինձ դպրոցից կհեռացնեն... - Ավելի լավ,- գոհունակությունս անկեղծ էր,- օրերով միասին կլինենք, շաբաթներով դուրս չենք գա,- իրոք դա իմ երազանքն էր,- պատկերացնո՞ւմ ես, մի շաբաթ անկողնում... Ինան սարսափահար վեր թռավ, կարծես արդեն սկսում էի շաբաթվա ծրագիրը գործողության մեջ դնել: - Հիվանդ, մոլագար, ինչո՞ւ չթողեցիր, որ գնամ... Կատակով էր ասում, բայց այդ բառը, կատակով թե լուրջ, գրգռում էր ինձ: - Եթե շարունակես,- ասացի դեմքը բարձին սեղմելով ու ամբողջ մարմնով նրա վրա ընկնելով,- ընդհանրապես արեւի երես չես տեսնի: Ձեռքերդ կկապեմ ու կգցեմ ձեր նկուղը, առնետների ու կարիճների մեջ: Քո անունից գրություն կուղարկեմ դպրոց, որ հայի հետ փախել ես այստեղից... - Հետո՞,- հազիվ լսելի հարցրեց նա: - Հետո մի մեծ պայուսակ կգնեմ, քեզ ծալեմ, կխցկեմ դրա մեջ ու գիշերով կտանեմ: Գյուղում կասենՙ փախավ հայի հետ: Հիմա տաք երկրում կսկսեն երեխա արտադրել իրար հետեւից... - Իրար հետեւի՞ց... Մի քիչ, խնդրում եմ, ուսերս տրորիր, մրսել եմ ոնց որ... - Մրսել ես, որովհետեւ քանի օր քեզ չեմ գրկել... Քո խենթության պատճառով: Առանց ինձ դու կհիվանդանաս, հիշիր... Թեքվեցի կողքի, որ չճնշեմ, վերմակը սահեցՙ կիսով չափ բացելով նրա մերկ մարմինը, սկսեցի զգուշությամբ տրորել ուսերն ու մեջքը, թիակները: - Մաշկս չճմլես, ձեռքերդ կարծես խարտոց լինեն,- տնքոցներ էր արձակում,- օֆ,- ծիծաղեց,- միայն սրա համար արժեր քեզ հետ ամուսնանալ: - Դե վեր կաց,- ջղայնացա,- ինձ գայթակղում ես, հետո կասեսՙ մոլագար, դու ինձ պահեցիր: Քեզ ո՞վ է պահել, դու ես եկել, մերկ մտել անկողինս, դու ինքնասիրություն չունե՞ս... - Դաժան, հիշաչար... Նստեց եւ վերմակը վրան պահելով ներքնազգեստը անցկացրեց գլխի վրայով: Շրջազգեստն էլ նույն ձեւի հագավ, երկուսը միասին քաշեց ներքեւ, վերմակը ընկավ, աղջիկը լրիվ ծածկված էր արդեն եւ հանգիստ կարող էր հագնել մնացած բաները: Վերարկուն հագցրիՙ քաշելով ուսերի վրա, իհարկե նաեւ համբուրելով: Ծիծաղեց, վիզն ու կզակը փաթաթեց երկգույնՙ դեղին ու կանաչ շարֆով: - Քո նվերը պահել եմ ցուրտ օրերի համար,- ասաց արդարանալու պես: - Սա ավելի գեղեցիկ է,- շարֆը սեղմեցի կրծքին,- զարմանալի համադրություն է, կարծես նույն գույնի երանգները լինեն... - Վառարանը կվառես անպայման, փայտ չխնայես, շատ ունենք: Սա էլ թող մնա մոտդ,- ժամացույցը դրեց փոքր պահարանի վրա, զննեց ինձ,- թեթեւ ես հագնված, միայն ջինսով, կոշիկներդՙ ամառային, ներքնավարտիք չունե՞ս... - Դա ի՞նչ է, ինչի՞ համար են հագնում: - Մեծամի՜տ... Նույնիսկ ձմռա՞նը չես հագնում: - Դեռ կարիքը չեմ զգացել: - Եվ առանց գլխարկի: Սիբիրում քեզ նույնիսկ քո ներքին ջերմությունը չի փրկի: Չէի հավատա, որ հոկտեմբերին հնարավոր է այսպիսի ցուրտ: - Ձմեռն այսքան շո՞ւտ է գալիս,- հարցրեցի բակում: - Սա ձմե՞ռ է,- կատակեց,- սա, այնպես, փոքր-ինչ տաք աշուն է: - Իսկ ես կարծում էի, թե Ալթայում ընդհանրապես չգիտեն աշնան մասին, ամռանը միանգամից ձմեռն է հաջորդում: - Իրոք, շուտ սկսվեց ցուրտ եղանակը: Չեմ սիրում ձմեռը,- տրտնջաց նա,- ամառն եմ սիրում, տաքություն, արեւ, գետ, ցրտից վախենում եմ, հիվանդությունից հետո... Գետափո՞վ, թե՞ փողոցով... Սովորաբար ինքն էր որոշում, այս անգամ էլ որոշեց պատասխանիս չսպասելովՙ փողոցով: Առիթը բաց չթողեցի փողոց-գետափ դիլեման համեմատելու մահճակալ-թախտ պարզ եւ հեշտ լուծվող խնդրի հետ: - Դու անուղղելի ես,- ասաց նա զրնգուն ծիծաղի հնչյունները սառը օդի մեջ տարածելով: Ակումբի մոտ մարդ չկար, պարասրահի պատուհանները լուսավոր էին, երաժշտություն էր լսվում: - Մտնե՞նք,- առաջարկեցի,- միայն մի պար: - Միայն մի պա՞ր,- նա տատանվեց,- աստված իմ, ինչո՞ւ չենք կարող միասին լինել, կարոտ եմ մնում, որ գոնե մի օր հետդ անցկացնեմ,- իր խենթության պատճառով քանի՜ օր կորցրինք:- Անընդհատ այդ հարկադրանքը, որ չեմ կարող գիշերը մնալ, պետք է տուն գնամ: Ի՞նչ կասի մայրս, ի՞նչ կասի Նինան: Քսանվեց տարեկան եմ, չե՞մ կարող իմ ուզածն անել: Առաջ կարծում էի, թե միանգամայն ինքնուրույն եմ եւ ուշադրություն չէի դարձնում: Զգուշացնում էիր ինձ, անհանգստանում էիր, որ ուշ չգնամ, ծիծաղում էի, բայց հիմա, խեղճացել եմ... Եվ գիտե՞ս երբ սկսվեց, երբ դպրոցում աշխատելու հնարավորությունը բացվեց: Դպրոցն ինձ շատ է կաշկանդում, ստիպում է ամեն ինչ հաշվի առնել, ամեն մի շարժումս... - Բոլոր հիմարությունները գլխիցդ հանիր, ուսերը գրկելով քաշեցի ճանապարհի եզրը, շարունակեցինք ստվերոտ տեղով,- առաջին հերթինՙ ամենամեծ հիմարությունը, թե իբր դու փչացնում ես իմ կյանքը: Դու ընդամենը քսանվեց տարեկան ես, ես արդեն քսանչորս եմ, երկու թե երեք տարին բացարձակապես նշանակություն չունի: Դու քո կազմվածքի շնորհիվ միշտ երիտասարդ կերեւաս, մշտադալար ծառ... Դուր եկավ նրան այդ խոսքը, դեմքը սեղմեց ուսիս: - Եվ թեկուզ քսան տարի մեծ լինես ինձնից, ես քեզ սիրում եմ, մի՞թե կարեւորը դա չէ: - Հարցը միայն տարիքը չէ,- անուրախ ժպտաց նա,- դու ինքդ քեզ լավ չես ճանաչում: Ուշ թե շուտ դու ինձնից կձանձրանաս: Այդ բուռն սերը մի հոգով չի բավարարվի, մի քանի տարի անց դու կսկսես աղջիկներ փոխել: Հիմա դեռ որեւէ մեկը չկա: Իսկ եթե հարմար առիթ ստացվի, չեմ կարծում, որ դու հրաժարվես կամ կարողանաս հրաժարվել... - Ինքդ քեզ եզրահանգումներ ես անում եւ դրանց հավատալով տանջվում: Եթե իմ բուռն սերը քեզ վախեցնում է, կարող եմ կարգավորել: Եվ ինչքան հասկանում եմ այդ գործից, սերը աղջկա շնորհիվ է բուռն լինում, եթե նա փայտի կտոր չէ... Քո շնորհիվ... Շուրթերս հպեցի այտին, պատասխանեց եւ իսկույն անհանգստացավ. - Միայն թե գնանք, խնդրում եմ, թե չէ սովորականի պես ժամեր կտեւի... Իրենց փողոցում Գամբիտը եկավ ընդառաջ, հավատարիմ շունը այս ցրտին տիրուհուն էր սպասում: Կեղծավորը մոտեցավ, քսմսվեց, կարծես մեր միջեւ ոչինչ չէր եղել: - Վերադարձիր,- ասաց Ինան,- ուղեկիցս եկավ: Արագ գնա, քայլերդ կհաշվեմ, հենց հասնես, կզանգահարեմ: - Զանգահարիր, երբ ուզում ես, գիշերը չեմ քնելու: - Ի՞նչ ես անելու,- կասկածանքով նայեց: - Գրամեքենայով կզբաղվեմ: - Դրա համա՞ր ինձ վռնդեցիր: Արդեն նոր սիրուհի՞ ճարեցիր: Վախենում եմ, որ այդ գեղեցկուհին ինձ կհաղթի,- ապա կամացուկ ավելացրեց, հազիվ լսելի,- թող հաղթողը դա լինի... Մի քիչ էլ առաջացանք, իրենց տունը երեւաց, այդտեղ հրաժեշտ տվեցինք: - Սառն է երեսդ,- ասաց Ինան,- կուրծքդ բաց... Դու կմրսես,- հանեց շարֆը եւ գցեց վզիս, եզրերը կրծքիս վրա իրար բերելով,- եթե ուզում ես, որ քո նվերն օգտագործեմ, սա վերցրու... Այնքան էլ կանացի չէ, նույնիսկ ծոպեր չունի... Մոտեցան դռնակին, մտան բակ, ես դեռ սպասում էի, գիտեի, որ պատուհանի լույսի մեջ ձեռքով է անելու... Ապա սկսվեց գիշերային սրընթաց արշավը: Այնպես էի շտապում, կարծես Ինան էր ինձ սպասում տատի տանը: Նա զանգահարելու էրՙ ճիշտ է, գրամեքենան էր ձգում: |