ԽԱՉԱԳՈՂ 32 ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ Առավոտյան Ինան ինձ արթնացրեց: - Առաջին ավտոբուսը յոթին է գնում,- ապա հարցրեց,- քնե՞լ ես: - Ոչ,- ասացի մեղադրող հայացքով: - Լավ, լավ... թող քնի աղջիկը: Նինան քնած ժամանակ ազատ դիրք էր ընդունել, ձեռքը տարածել էր, վերմակը մի հինգ սանտիմետր իջել էր ներքեւ: Աչքերը փակ նա պակաս չքնաղ չէր, գուցե ավելի, տարբեր գեղեցկությամբ, ինչպես Ինային էի ասել: - Քնած աղջկան չեն նայի, չի կարելի,- դիտողություն արեց Ինան: - Հարազատին կարելի է: - Դո՞ւ ես հարազատը: - Ուրիշ մարդ կա՞ այստեղ: - Եթե նա հարազատ է, ես էլ եմ հարազատ: - Հազիվ գլխի ընկար: - Նա գեղեցի՞կ է: - Արտասովոր... - Ո՞ւմ ես ավելի շատ սիրում, ի՞նձ, թե՞ նրան: - Իհարկե նրան: Ինան լրջացավ, շշկլված ու զարմացած գառնուկ,- բայց դու լուրջ ես խոսում: - Անշուշտ, քեզ սիրել նշանակում է ինքս ինձ սիրել, որովհետեւ մենք մի մարմին ու հոգի ենք: Ես այդքան եսասեր չեմ, որ քրոջդ ինձնից քիչ սիրեմ: - Նորի՞ց պտտեցիր քո կալամբուրը: Դու նրան մի անգամ արդեն սեր խոստովանել ես, եթե հիշում ես: - Իհարկե հիշում եմ: - Այն ժամանակ է՞լ էր ալտրուիզմը խոսում մեջդ: - Ես չէի կարծում, թե իրական է, հարբածության մշուշի մեջ նա ինձ երկնքից իջած հրեշտակ թվաց: - Կթողնե՞ք քնեմ,- հանկարծ ասաց Նինան, կտրուկ շրջվեց, ոտքի շարժումով ուղղեց վերմակը եւ դեմքը սեղմեց բարձին: Ես ու Նինան ծլկեցինք խոհանոց: - Հիմա շարունակությունն ասեմ ու գնամ,- ծուռ-ծուռ նայելով մոտեցա նրան: - Արդեն հասկացա, թե ինչ ես ասելու, այդպիսի պահերին դեմքդ նույն արտահայտությունն է ստանում, գող կատվի ես նմանվում... Անկեղծ ասած, ես էլ էի զգում նման մի բան: - Գող կատվի, որ ընկել է մկնիկի հետեւից... - Գառնուկից դարձա մկնի՞կ... Խեղճ, անպաշտպան կենդանիների հետ ես ինձ համեմատում: Երբ ես կատաղում եմ, օձ եմ դառնում, զգուշացիր... Արդեն գրկիս մեջ էր: - Հապա ֆշշացրու եւ փաթաթվիր,- բացեցի ուսը եւ հպվեցի չոր, ջերմ մաշկին,- հիմա լսիր շարունակությունը, որ մի օր պիտի ասեի անպայման: Որովհետեւ ներքին խռովքը կամ կասկածը կարելի է փարատել բացահայտելով, որպեսզի քեզնից դուրս հանելով կարողանաս ուշադիր եւ հանգիստ վերլուծել ու պարզել: Կասկածն ամենուր է, նաեւ օդի մեջ, բայց շուրթերիս ու մաշկիդ միջեւ օդ չկա, ուրեմն կասկած նույնպես չկա: Մեր միջեւ կասկած չկա, ոչ թե մեր միջեւ, այլՙ մեր մեջ, որովհետեւ «մեր միջեւ» էլ չկա... Երեւի սխալ շարունակություն էի ընտրել, ծիծաղելով հետ մղվեց եւ ծածկեց ուսերը: - Գնա, խնդրում եմ,- ասաց, գոնե ձայնը եւ դեմքի արտահայտությունը որոշ չափով փոխհատուցում էին,- ուշանում ես... Երեւի մոտակա օրերին չկարողանաս երեկոները դուրս գալ: Տանը կմնաս, մինչեւ իմանանք, թե ինչ է կատարվել, եւ հանդարտվի: Մոռացել էի կամ մոռանալու էի տալիս գիշերվա պատմությունը: Դժվարն այս փողոցով գնալն էր, հատկապես Դիմովիչի տան մոտով: Կենտրոնական փողոցում եւ ավտոկայանում տեսնողները չէին կռահի, թե որտեղից եմ գալիս: Կարծես թե բարեհաջող անցավ, ավտոբուսի մեջ էլ ուշադրություն դարձնող չեղավ: Այդ մի քանի հոգին երեւի տեղյակ չէին, թե գիշերն ինչ տուրուդմբոց է եղել իրենց գյուղում: Սպասում էի, որ կնախատեն ինձ երկու գիշեր բացակայելու համար, բայց տանը միայն Դավիթն ու Փայլակն էին, քնած: Բացակաների պատճառով դուռը ներսից չէին փակում, ինչը եղածից հետո անզգուշություն համարեցի: Իսկ Սաքոն ու Ռազմիկը գերադասում էին նախաճաշել, նոր միայն ներկայանալ աշխատանքի: Ահա թե ինչու էր Սաքոն առաջարկում նախաճաշը հանել օրակարգից: Նրանք միասին եկան, հավանաբար ճանապարհին էին հանդիպել, եւ չիմացան, գուցե Դավիթը եւ Փայլակը նույնպես, որ ես էլ եմ նոր եկել: Պատմեցի կատարվածը: - Լավ ես արել, որ չես գնացել,- ասաց Սաքոն,- ինչ իմանաս, թե ով էր կանչողը: Առավոտները գյուղտեխնիկայի աշխատողները հավաքվում էին գրասենյակի մոտ: Նրանցից, հետո էլ ճաշարանում իմացանք, որ կռվել են գյուղի տղաները եւ հայերն ու վրացիները: Տարբեր պատճառներ էին ասում, ամենահավանականը մեկն էրՙ վրացիների մի խմբի առանց տոմսի դահլիճ չէին թողել: Ճաշարանից դուրս գալով Ինային ու Նինային տեսա, հենց նոր էին իջել ավտոբուսից եւ բեռնավորված իրենց փողոցի կողմն էին գնում: Ինայի ուսին մի մեծ կապոց էր, անկողին հավանաբար, Նինան երկու պայուսակով էր: Չափից ավելի կարգապահ վարորդը չէր կանգնել Անտառային փողոցի մոտ եւ աղջիկներին բեռով հանդերձ հասցրել էր կանգառ: Մերոնք կամ տեսնողները ինչ էլ մտածեին, քույրերին չէի թողնի այդ վիճակում, առավել եւս, որ նրանց փողոցում էինք աշխատելու: - Թույլ տվեք օգնել ձեզ, աղջիկներ,- ասացի արագորեն մոտենալով: Ինան նայեց վիզը ծռած,- ինչո՞ւ այդպես պաշտոնական,- ապա ընկերներիս տեսնելով հասկացավ եւ որպես պատիժ իր կապոցը չտվեց,- Նինային օգնիր: Քույրն էլ էր համառում, միայն մի պայուսակը տվեց, մյուսն ստիպված էի խլել ուղղակի: Դավիթն Ինայի կողքով անցնելիս առանց որեւէ այլեւայլության վերցրեց կապոցն ու այնպես, երկու մատով մեջքին գցած, քայլեց նրա հետ խոսելով: - Սեպտեմբերի մեկից դասի՞ եք,- հարցրեցի Նինային: Նա գլխով արեց: - Երեւի չկարողանաք շուտ-շուտ գալ գյուղ: Նինան լոկ մի անորոշ շարժում արեց: Այսօր քույրերի հետ ոչ մի բան չէր ստացվում: Առավոտյան Ինան էր փակել դեպի վիզը տանող ուղիները, հիմա կրտսերը չէր ցանկանում խոսել: Դավիթն ու Ինան աշխուժորեն զրուցում էին: Անտառայինում սվաղ էինք անելու, քսանվեցում: Երբ Սաքոն ասաց, Ռազմիկը հարցրեց. - Մենա՞կ եմ սվաղելու: - Շարքը մենա՞կ արեցիր,- պատասխանեց Սաքոն: Պարզ էր, ես էլ էի սվաղելու: Աղջիկների հետ մտա իրենց բակ: Ինչ-որ սահման կար, որից այն կողմ ինձ արգելված էր առաջանալ: Ընդառաջ եկող շունը դա պարզորոշ հասկացրեց, թեեւ իր տիրուհիների հետ էի գալիս, եւ կարծես վաղուց պիտի գլխի ընկած լիներ, թե ով եմ ես: - Հանգիստ, Գամբիտ,- ասաց Ինան եւ հեգնանքով ավելացրեց,- դե դու նրան ճանաչում ես, հարեւան է: Բելիկովի ասածը հավանաբար շանն էլ էր վերաբերում: Գամբիտը հանգիստ էր եւ անդրդվելի: Այս երրորդի հետ չփորձեցի էլ լեզու գտնել, այսօր բախտս չէր բերում, պայուսակները հենց այդտեղ դրեցի ու շտապեցի իմ գործին: Դե թող ինքը ներս տանի, Գամբիտը: Մինչ բանվորները կալ կսարքեին, ես ու Ռազմիկը տաշտշեցինք շարքերի արանքներից դուրս պրծած ցեխի քարացած կտորները: Պատ շարելու հմտության մի դասը գիտեիՙ ինչքան արագ ես շարում, այնքան լավ է ստացվում: Սվաղն այդպես չէր: Իզուր չեն ասում, որ ամեն մի գործ առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Այսօր արդեն չորրորդ ձախողումն էր: Վերջապես մի լույս երեւացՙ Տանյան: - Դուք արդեն վարպե՞տ եք,- ուշիմ աղջիկն իսկույն նկատեց կարիերայի առաջխաղացումս: - Այո,- պատասխանեցի անփութորեն: - Դժվա՞ր է: - Այո, բայց քո գալուց հետո հեշտացավ: - Շնորհակալություն,- ծիծաղեց Տանյան: - Շուտով դասերը կսկսվեն, չե՞ս կարոտել: Ի տարբերություն Նինայի Տանյան ոգեւորվեց,- կարոտել եմ, շատ եմ սիրում դպրոցը, հատկապես առաջին օրերը: - Ես էլ էի շատ սիրում, օգոստոսի վերջին օրերին անհամբերությամբ էի սպասում սեպտեմբերի մեկին: Հիշում եմ, ինչ դուրեկան էր նոր դասագրքերի հոտը: - Այո,- ուրախացավ Տանյան,- ընկերուհիներս ծիծաղում են, երբ ասում եմ... Քույրերն այդ պահին բակում էին, ծիծաղելով մեզ էին նայում: - Իմիջիայլոց,- մոտենալով ցածրաձայն ասաց Տանյան,- Ինան շատ է փոխվել: Առաջ ինձ ընդհանրապես չէր նկատում, հիմա ամեն տեսնելիս խոսում է հետս, նույնիսկ մազերս է շոյում... Այ, եթե ծխելն էլ թողնի... - Նա այլեւս չի ծխում,- շտապեցի տեղեկացնել: - Որտեղի՞ց գիտեք: - Գիտեմ, էլ ծխելիս չեմ տեսել: - Դուք հաճա՞խ եք հանդիպում: Տանյայի հարցերն սկսում էին խորանալ: - Ոչ հաճախ, ինչքան որ թույլ է տալիս աշխատանքը: - Դուք միասի՞ն եք... - Ի՞նչ է նշանակում միասին, Տանյա: - Չգիտեմ, Դուք ավելի լավ կիմանաք: Չի կարելի խաբել նրան, ում սիրում ես, իսկ Տանյային ես սիրում էի: - Այո,- ասացի: Հետեւեց հաջորդ եւ դաժան հարցը: - Եվ ինչքա՞ն է այդպես շարունակվելու: Չէ՞ որ Դուք շուտով կգնաք, իսկ նա կմնա: Սա գուցե եւ նրա սեփական պաշարից չէր, խոսակցություն էր լսել երեւի: Սակայն հարցը, որ ինքս էի ինձնից վանում, տրված էր եւ պատասխան էր պահանջում: - Չգիտեմ,- ասացի: Նույնպես պատասխան էր: |