ԽԱՉԱԳՈՂ 24 ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ Սաքոն մարդ կանչելը պատճառաբանում էր, թե գործերը շատ են, չենք հասցնում: Գործերն իրոք շատ էին, միշտ աշխատել էինք ծանրաբեռնվածությամբ, բայց արդեն պարզ էր, որ գարաժ-արհեստանոցը անավարտ է մնալու: Իսկ մենք համոզված էինք, որ փողի հիմնական մասը ծածկի մեջ է: Դա նոր վեճերի առիթ դարձավ, կտցահարումներ էին, հակադրումներ, վճռորոշ խոսակցություն չէր լինում: Վարդանի գնալուց հետո մյուսներն սկսեցին ավելի շատ բողոքել, Հրանտը, Շուլան, հատկապես Գրիգորըՙ Սաքոյի հարազատը: Նա Սաքոյի հորեղբոր տղան էր, բայց մեր գյուղից չէր: Հուլիսի աշխատավարձը դարձյալ Սաքոն էր ստացել, հազարական ռուբլի: Քիչ-քիչ ավելացնում էր, բայց դա չնչին էր թվում մեր աշխատանքի համեմատ: Գրիգորը բացահայտ մեղադրեց Սաքոյին, որ խաբել է իրեն: Իսկ Սաքոն ասաց, որ նա թույլ աշխատող է, նստեց բրիգադի վզին եւ թող գոհ լինի, որ Երեւանում ամսական հարյուր քսան ռուբլի ստանալուց հետո այստեղ հազարի երես է տեսնում: Դավիթն ու Ռազմիկը ձայն չէին հանում: Այդ ամենը ինձ չէր վերաբերում: Ինձ համար նույնիսկ ձեռնտու էր, որ Սաքոն է ստանում փողը: Եթե ես ստանայի, ինձնից անզավակության հարկ էին պահելու: Պատճառը, իհարկե, դա չէր: Ես առանց աշխատավարձի եւ աշխատանքի էլ կմնայի Դիվինոյում: Ինայի գնալուց հետոՙ առաջին օրերին ափսոսանք էի զգում, որ չկարողացա սրտիս միջինը ասել նրա ճակատին կամ բացատրություն պահանջել: Ինձ էր մեղադրում փոփոխամտության մեջ, բայց հենց ինքն էր այդպիսին: Երեւի իր մտածմունքների խորքերից էր հանել եւ ինձ վերագրել: Ես փոփոխամիտ չէի, իմ փոփոխամտությունը բխում էր նրանից: Նա էր սառեցնում ինձ կամ անակնկալի բերում բացված շախերով, ապա նորից գայթակղում, իսկ վերջին օրվա վերաբերմունքը շատ տարօրինակ էր: Հիշում էի նրա բաց շախերը եւ հատկապես վերջինի բացատրությունը չէի գտնում... Կամ ինձ անհայտ «ռուսական բարդ հոգին» էր գործում, որին ծանոթ էի գրքերից միայն, կամ... Մյուս տարբերակը հանկարծակի էր, անհավատալի, գուցե եւ ավելի հավանական: Թերեւս նա, կյանքի որոշակի փորձ ունեցող եւ ինչ-ինչ բաներ հաղթահարած աղջիկը, կամ կինը, վախենում էր այս սեւ մանչուկին սիրահարվելուց եւ դիտմամբ իրականության խարազանով փորձում էր սթափեցնել իրեն ու ինձ... Իմ մեջ կար պայքարըՙ հանուն նրա, որը բռնում էր ինձ վերլուծության ժամանակ, սիրո եւ հիասթափության պահերի միախառնումով, բայց կորում էր նրա ներկայությամբ: Բավական էր մոտիկից տեսնեի նրա ուսերը եւ մտածում էի շուրթերս դրանց կպցնելու մասին: Ես գիտեի, թե ինչ տեղի կունենար այդ օրը, եթե նա գար. «Դե, խոսիր»,- կասեր հեգնանքով, իսկ ես միանգամից կգրկեի նրան: Ամենից շատ Ալինայի լպիրշ արտահայտությունն էր խոցել ինձ. «Որովհետեւ շատ ես երես տալիս, թող իր գործն անի եւ հեռանա»: Ինային էլ էի մեղավոր հանում դրա համար: Շախմատի պարտիայի լիարժեք վերլուծության համար պարտադիր է երկու խաղացողների մասնակցությունը: Վերլուծում էի, արդյունք, իհարկե, չկար: Մի բան հաստատ էր, կարոտում էի Ինային եւ ամեն օր նրան տեսնելու հույսով իջնում էի կենտրոն: Մենակ էի գնում, իմ բախտից հայրը Կամոյին երկաթե սանձով էր պահում: Մտնում էի կինո, շուտով դուրս գալիս, դանդաղ քայլում դեպի այգի, մի քանի րոպե երեւում էի պարի տաղավարի մոտ, դրսից զննում հրապարակը, անտարբեր, առանց որեւէ ակնկալիքի, իբր հենց այնպես, պարապությունից նայում եմ ուրախացող երիտասարդությանը, ապա հասնում գետափ, հեռանում... Տեսնում էի Նինային, միշտ ընկերուհիների հետ էր եւ միշտ զվարթ: Նրանք ինձ տեսնելիս փսփսում էին եւ ծիծաղում: Նինան էլ էր ծիծաղում: Մի անգամ, այգու մութ խորքում տասնհինգ-տասնվեց տարեկան տղաներ մոտեցան ինձ: - Էյ, ծխելու բան տուր,- կոպտորեն պահանջեց մեկը: Սրանք ավելի վտանգավոր էին, քան Պետրոն եւ նրա խումբը կամ գետափի տղաները, բայց չվախեցա: Գոնե այդ պահին վախ չէի զգում, ամենօրյա մտածմունքներից հետո գուցե լիցքաթափվելու առիթ էր: - Այսօր սիգարետ չեմ վերցրել,- հանգիստ պատասխանեցի: Նրանք շրջապատեցին ինձ եւ հանկարծ... - Ոչ, սա նա է,- լսեցի,- գնացինք: Ես չէի սխալվել, ասացՙ սա նա է, ոչ թեՙ սա նա չէ: Ուրեմն ոչ թե ինչ-որ մեկին էին փնտրում ծեծելու համար, այլՙ չծեծելու: Այդ հանելուկն անպայման պարզել էր պետք: Լիցքաթափվելու ուրիշ առիթ եղավ: Փոստատան ու Կենտրոնական փողոցների խաչմերուկի մոտ թերթերի կրպակ կար, որը սովորաբար փակ էի տեսնում: Կամ գիշերն էի անցնում այդտեղով, կամ կրպակի ընդմիջման ժամին: Այս անգամ էլ էր փակ, կիրակի, ցերեկով: Ավելի լավ, հանգիստ ուսումնասիրում էի ցուցադրվածը: Աշխատողը եկավ հեծանիվով: Քսան_քսանհինգ տարեկան աղջիկ էր, ըստ երեւույթին կրպակը բացում-փակում էր իր ուզած ժամերին: Հեծանիվից հապճեպորեն իջավ, կարծես շտապում էր, որ հանկարծ չհեռանամ: - Ինչ-որ բա՞ն եք ուզում,- հարցրեց դեռ չմտած: - Այո,- ասացի,- եթե ունենաք: - Ի՞նչ: Նա մտավ ներս, նստեց: Վերեւից էի նայում նրան: Այնքան փորձառու էի դարձել, որ կարող էի հանգիստ եւ ուշադիր զննել աղջկան, իբր բնական է, եթե խոսում ենք, պիտի նայենք միմյանց: - Ի՞նչ է Ձեր ուզածը, որ չպիտի ունենանք,- կրկնեց աղջիկը ժպտալով: - «64»: - Օ՜, իրոք դժվար է: Ընդամենը մի հատ եմ ստանում, որը ձեր հիմնարկի ինժեներին եմ տալիս, նա էլ փոխանցում է դպրոցի տնօրենին: Եթե գիտեր աշխատանքիս վայրը, Ինայի մասին էլ կիմանար: - Նա տեղացի է,- ասացի,- ինչո՞ւ չի բաժանորդագրվել: - Դուք էլ կարող եք բաժանորդագրվել: - Այո, եթե շուտ մտքովս անցներ: - Դուք արդեն հեռանալո՞ւ եք: - Եղանակից է կախված: - Կարող եք բաժանորդագրվել, թեկուզ մի ամսով: - Պլանավորում չեմ սիրում,- ասացի,- իսկ «Ֆուտբոլ- հոկե՞յ»... Ձեր գործը հեշտացնելու համար ասեմ, որ ինձ միայն ֆուտբոլի բաժինն է պետք, հոկեյի նյութերը չեմ կարդում: Աղջիկը ծիծաղեց եւ հանկարծ ասաց. - Կճարեի, եթե սափրված լինեիք: Ինայի գնալուց հետո չէի սափրվել, մտածում էի, որ մորուք պահողի տեսք ունեմ: - Չեմ կարող,- դժբախտ արտահայտություն դրոշմեցի դեմքիս,- ուխտ եմ արել, որ չեմ սափրվի մինչեւ սիրածս աղջկան հանդիպելը: - Հանդիպե՞լը, թե՞ նորից հանդիպելը,- ճշտեց նա: Նրա հետ կարելի էր խաղալ: - Նորից հանդիպելը,- խաղը անկեղծություն է պահանջում: - Իսկ նա այստե՞ղ է, թե՞ ձեր երկրում: - Բայց մեր երկիրը մեկն է,- տափակ պատասխան տվեցի, թեեւ, օրինակ, պահակ Իվանը զարմանում էր, որ Հայաստանում նույն փողն էՙ ռուբլին: Նա փնտրեց թերթերի մեջ, ներքեւում, ասաց. - «Ֆուտբոլ-հոկեյ» չի մնացել, նույնիսկ միայն ֆուտբոլի բաժինը: - Իսկ Ձեր անունը կասե՞ք: Եթե չասեր, անմիջապես հեռանալու էի: - Վերա,- պարզ եւ անմիջական: - Վերա, եթե Ձեզ տեսնեմ պարի հրապարակում, թույլ կտա՞ք պարի հրավիրել: - Այո, թույլ կտամ, - նույն պարզությամբ շարունակեց նա,- եթե... սափրված լինեք: Դաժան պայման էր: Հեռանալու ժամանակն էր: - Իմ անունը հարցրեցիք, բայց Ձերը չասացիք,- պահեց ինձ Վերան: - Այնքան բան գիտեիք իմ մասին, որ ինձ թվաց, թե անունս էլ է հայտնի: - Օ՜,- ձգեց նա: Այնուամենայնիվ ներկայացա: - Արամ է անունս, եւ շատ հաճելի է Ձեզ հետ ծանոթանալը: Վերան քչերից մեկն էր, որ չհարցրեց, թե անունս ինչպես կլինի ռուսերեն: - Ինձ համար նույնպես հաճելի էր,- ասաց եւ ժպտաց: Եթե սափրվեի, կգնայի երեկոյան: Իսկ այդ օրվա անելիքս որոշել էի: Ճաշարանից էի վերադառնում, գնալու էի գետափՙ օրն Ինայի հետ անցկացնելու, կղզում, դիմացը, զառիթափի խորշում, որտեղ միասին եղել էինք: Ընդամենը մի շաբաթ առաջ մեկնեց, ամսի մեկին, երկուշաբթի օրը... Հիվանդություն էր դառնում, տենդ: Հրանտի երգի «սիրուց հալումաշ լինելը» միանգամայն իրական զգացողություն էր ինձ համար: Նեմիսը նույնիսկ հուլիսի ամենաշոգ օրերին լավ չէր տաքանում, ինչպես եւ Սեւանը: Սրընթաց էր, հունն էլ նեղ չէր, հայի համար, իհարկե, լայնահուն էր: Ես ու Ինան շատ երկար էինք մնում ջրում: Երկուսով չէինք մրսում: Լողացի մինչեւ կղզի, մի քանի րոպե մնացի: Լողացի ավելի շատ ստուգելու համար, որ առանց Ինայի կկարողանամ: Ափին, զառիթափի խորշում ավելի երկար մնացի: Վատ ժամանակ չանցկացրի: Հեռանալուց առաջ մանկական մի բան արեցի, խենթավուն: Դանակով բավական խոր փորեցի խոտածածկ գետինը նրա անվան տառերի ձեւով, գետի սաղր տեղից հանած քարեր շարեցի խորքում, ապա կտրվածքները ծածկեցի նույն ձեւով: Տառերի գծագրությունը երեւում էր, մի քանի օրից կանհետանար, բայց խորքի քարերը կմնային հավիտյան, ինչպես սերը իմ սրտում: Գետափին լավ էր, բայց դեռ անցնելու էի Անտառային փողոցով, միգուցե եկե՞լ է... Մեր օբյեկտների մոտ գնում-գալիս էի, չափուձեւ անում վարպետավարի, մտախոհ նայում էի պատերին, իբր ինչ-որ գործ եմ հաշվարկում... Նրանց բակում շարժում չկար, գուցե Նինան գիրք էր կարդում, տատն էլ քնած էր, կամ հակառակը... Այգում պտույտը նույնպես անօգուտ էր, մինչեւ մութն ընկնելը մնացի ու գետափով բարձրացա, որ մի անգամ էլ անցնեմ Անտառային փողոցով: Նրանց տան լույսերը մարած էին կամ չէին վառվել գուցե: Վերան աչքովս չէր ընկել: |