ԽԱՉԱԳՈՂ 36 ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ Գիշերը չգտա վերջը, պառկելուն պես քնել էի մինչեւ վերկացը: Սաքոն վաղուց պադյոմ չէր տալիս, յոթից բոլորս արթուն էինք: Եթե ձայն չտային, շատ կքնեի, բայց այդքանով էլ բավարար չափով կազդուրված էի: Ամեն առավոտ մի նորություն լսում էինք, այս անգամվանը ավելի խառնեց մեզ: Չուլկինին հանել էին: Սաքոն հանգիստ տարավ, կարծես անսպասելի չէր նրա համար: - Հանեցին վերջը,- ասաց,- ընկել էին հետեւից... Քեֆի օրվա մի ավտո արաղը չներեցին: Շրջկոմում ասել էինՙ Բուխարայի Էմիրի տե՞ղն ես դրել քեզ... - Բա հիմի ո՞նց պիտի լինի,- Փայլակը տագնապի մեջ էր,- մեր փողը կտա՞ն: Սաքոն ձայն չհանեց: - Իմանանք, թե բան է, չաշխատենք... Դավիթն սկսեց անհանգիստ շարժումները: - Ո՞նց չեն տա,- Սաքոյի փոխարեն պատասխանեց Ռազմիկը,- աշխատել ենք, ո՞նց չեն տա: - Մի երկու օրից կպարզվի,- վերջապես խոսեց Սաքոն մեր տագնապը խորացնելով: Գնացինք ճաշարան, անկախ ամեն ինչիցՙ ուտելը պետք էր, հատկապես ինձ: Քսանվեց համարի սվաղն էինք շարունակում: Ձանձրալի աշխատանք գեղեցիկ հարեւանուհիների բացակայությամբ: Ինան դպրոց գնաց, ընդհանուր բարեւեց ու անցավ: Միանգամայն տարբեր էին դպրոց շտապող ուսուցչուհին եւ գիշերվա աղջիկը: Թե կտեսնեին աշակերտները համեստ ուսուցչուհուն գիշերը գրկիս մեջ... կամ առաջ, ինչքա՜ն անզգույշ էինք, գետափին, ժամերով, մերկ գրկված պառկած, այգո՜ւմ... Չուլկինին հանելու լուրը բրիգադին մոռանալ էր տվել իմ պատմությունը: Խոսակցության եւ մտահոգության միակ թեման էր: Սաքոն չկար, Դավիթն ու Փայլակն էին հիմնականում քննարկում: Ես էլ էի անհանգստացել, բայց Չուլկինի պաշտոնանկությունը չէր կարող շեղել իմ հիմնական մտածմունքից: Վաղուց վերլուծությամբ չէի զբաղվել, եւ վերլուծելու չափազանց շատ նյութ էր հավաքվել: Դա էլ չէր ստացվում, Կիռա կոչվածն էր խանգարում: Ինչքան մտածում էի, այնքան խառնվում էր ամեն ինչ... Այդքանից հետո անհամբերությամբ սպասում էի Ինայի գալուն, նրան տեսնելու պահանջն անպակաս էր դարձել: Գամբիտն էլ էր ձանձրանում առանց քույրերի, հայտնվեց մոտս: Բարյացակամության նշաններ էր ցույց տալիս: Թեթեւակի զննեց աշխատանքս, բայց արժանապատվությունից ցածր համարեց գնահատելը, ինչպես որ հավերի կչկչոցին ուշադրություն չէր դարձնում: Մի երկու անգամ անցավ-դարձավ ու հեռացավ: Համենայն դեպս առաջին անգամ պատվեց իր այցելությամբ: Երեկվա ծոմապահությունից հետո ինչ որ պակաս էր մնացել նախաճաշին, ճաշը լրացրեց: Կարծես թե կարգավորվում էի: Մի հաճույք էլ ավելացավ, ներքին եւ արտաքին բոլոր տատանումները հարթվել էին, լիարժեք ծխող էի դարձել: Չգիտեի, թե Ինան քանիսին է գալու դպրոցից, ճաշից հետո արդեն սպասում էի: Դաս չկար, առանձնապես չպետք է ուշանար: Այդ օրը չտեսա նրան, երեւի մեր ընթրիքի ժամին էր եկել եւ տանը փակվել կամ գուցե տատի տուն էր գնացել... առանց ինձ: Մինչդեռ արդեն վերջացնում էինք քսանվեցի սվաղը, մի օրվա գործ էր մնացել, տեղափոխվելու էինք Անտառայինից: Քսանութի սվաղը, հատկապես ներսինը, թողնելու էինք անձրեւային օրերի համար: Քսանութում նույնպես տանտերերը պիտի խողովակներ քաշեին եւ վառարան շարեին: Հաջորդ օրը, ճաշից հետո նոր տեսա նրան: Եթե իմանայի, թե ինչ լուր է բերել, այդպիսի անհամբերությամբ չէի սպասի: Վրացին մահացել էր: Փաստորեն վիրահատությունը հաջող էր անցել, բայց այս գիշեր վեր կացել, ջուր էր խմել, որը կործանել էր նրան: Ինայի մոտենալը չէի տեսել, տան հակառակ կողմում էի, որտեղից փողոցը չէր երեւում: Հեռանալու պահին էլ չհաջողվեց հիանալ նրանով, նորությունը շշմեցրել էր, բայց ամենակարեւորը չէի մոռացել: - Երեկոյան կսպասեմ,- ասացի: - Կգամ, բայց խոսելու համար,- ասաց հետ նայելով: - Ուրիշ ինչի՞ համար,- համակ զարմանքով արձագանքեցի անհապաղ: Թող համոզվի, որ մայորն անտեղի չէր գովում, ամենավատ լուրն էլ չի խորտակի ինձ, երբ նրա հետ եմ: Ծիծաղեց ու գնաց խոտերի միջով: Փողոց դուրս չեկավ, անցավ քսանութ համարի մոտով, պայուսակը բռնած ձեռքով հենվեց իրենց ցանկապատին, հաշվի չառնելով ոչ այդպիսի գործողությանն անհամապատասխան շորերը, ոչ էլ ծնկները քերծելու կամ շրջազգեստը ճղելու վտանգը, ոտքը դրեց ճաղերը կապող հորիզոնական տախտակին ու անցավ ճարպկորեն: Երեւի դպրոցում շատ էր մնացել կաղապարի մեջ: Սա դեռ այս օրերին, խեղճ աղջիկս ինչ պիտի անի, երբ դասերը սկսվեն: - Այ քեզ աղջիկ,- հիացավ Փայլակը, հենց այդ պահին ցեխով լի դույլերով պտտվեց անկյունից, կարծես իր կոպիտ խոսքերի մեղքն էր քավում,- ոնց անցավ... Դասատուն ըսենց կլինի... Ֆիզկուլտի դասատո՞ւ է, Արամ: - Չէ,- պատասխանեցի նրա դատարկած ցեխը շպրտանով խառնելով,- ռուսերենի: Վրացու մահը ցնցել էր: Խեղճ մարդը գոնե հասցրեց փրկել ինձ: Մայորը նրանից ինչ-որ բան իմացե՞լ էր, կամ մի՞թե ընկերներին չէր ասել: Ուրեմն հիվանդանոցում նրան հետեւող չի եղել, ոչ բուժքույր, ոչ հերթապահ, ոչ մոտը մնացող... Ենթադրություններս ուղղվում էին Պետրոյի ջահելների կողմը, կասկածելի էին նրանց գիշերային պարեկությունները: Նրանցից ամեն ինչ սպասելի էր: Ցիգի ու բանտից նոր ազատված Կիռայի հայտնվելն էլ էր կասկածելի: Գյուղի երիտասարդությանը լավ չէի ճանաչում, հաճախ դեմքեր էի տեսնում առաջին անգամ, բայց պարզվում էր, որ տեղացիներ էին: Կամ գետափի երեք տղաներից ոչ մեկին չէի տեսել հետո: Սաքոն գիտեր վրացու մեռնելը, ընթրիքին եկել էր ճաշարան: - Չի ասել, թե ով է խփել: Եղբորն ասել էՙ ես դուրս գամ, ինքս կգտնեմ... Ամեն տարի մի դագաղ գնում էր Դիվինոյից,- դժգոհ շարունակեց Սաքոն,- էս տարի արդեն երկրորդն է, սեզոնը չի պրծել... Բելովի սպիտակ «Ժիգուլին» էր կանգնած փողոցում, Ինայի հետ զրուցելով մեր գործն էր դիտում: Գուցե տուն ուներ սարքելու, եկել էր ստուգելու, թե ինչ վարպետներ ենք: Մոտեցա ջանալով հանգիստ երեւալ, այդ մարդը հենց այնպես չէր հայտնվի: Բելովն այս անգամ դես ու դեն չընկավ: - Ամենակարեւորը չհարցրեցի քեզ: Դու սպանության պահին այգում ես եղել, ոչ մի ձայն չե՞ս լսել: Ես մտածեցի ու գլուխս օրորեցի: - Լավ, տես ինչ եմ խնդրում: Նախ համոզված եղիր, քեզ բացարձակապես չեմ կասկածում: Սա ասում եմ, որովհետեւ դու կարող ես օգնել ինձ եւ պետք է կենտրոնանաս, հանգիստ մտածես: Հիշիր քո անցած ճանապարհը, ամեն մի քայլը, ամեն ինչ տեղը բեր, ում ես տեսել, որտեղ: Միասին այգում գնանք քո հետքերով: Դա շատ կարեւոր է... - Աշխատանքից հետո կգամ: - Լավ կլինիՙ լույսով... Ո՞վ է ձեր ավագը: Բելովը մոտեցավ Փայլակին, որն անմիջապես սկսեց գովել ինձ, ապա ձեռքը տնկած կարգադրեց. - Գնա, Արամ, գնա, շորերդ փոխի, գնա... - Մի ժամից կսպասեմ այգու մուտքի մոտ,- Բելովը նստեց մեքենան եւ շարունակեց,- հիմա կասեսՙ ի՞նչ քննիչ է... Եթե այսքան կարեւոր է համարում, ինչո՞ւ միանգամից չարեց... - Չեմ ասի, որովհետեւ վրացին ուշքի էր եկել, եւ Դուք համոզված էիք, որ արդեն կբացահայտվի: Ի՞նչ իմանայիք, որ վրացին չի հայտնելու: - Որտեղի՞ց գիտես: - Հենց նոր մեր բրիգադիրն ասաց, ուրեմն ամբողջ գյուղը գիտի: - Ես ու վրացին ներսում երկուսով էինք, ո՞ւմ է հայտնի, թե նա ինչ է ասել ինձ: - Չի ասել, եթե ես եմ մնացել Ձեր վերջին հույսը: - Այո, հույսը, բայց ոչ վերջին: Իսկ դու ինձ կօգնես միայն մի դեպքում, եթե ճշգրտությամբ նկարագրես եւ անկեղծորեն ասես ամեն ինչ: - Ես վախենում եմ,- նրա գնալուց հետո ասաց Ինան,- այս մարդը վնաս չտա՞ քեզ: - Ես կվախենայի որեւէ հիմար միլիցիոներից,- նաեւ ինքս ինձ հանգստացրի,- իսկ այս մարդը մտածող է, նա վնաս չի տա: - Մտածելո՞վ քեզ խուցը գցեց: - Այո, հավանաբար: Ինան գնաց իրենց տան կողմը: Փայլակը նայում էր նրա հետեւից, երեւի կարծում էր, թե էլի կցատկի ցանկապատի վրայից: Ինան դանդաղ քայլում էր փողոցով, բացեց բակի դռնակը, մտավ: Սովորական դրվագ, ինչո՞ւ ինձ թվաց, որ այդ պահը միշտ կհիշեմ, տպավորվեց: Մի ժամը ինձ համար հսկայական ժամանակ էր: Արագորեն հասա գյուղտեխնիկա, ջուր տաքացրի, գլուխս լվացի, սափրվեցի... Կինո չէի գնում, ոչ էլ պարելու, բայց վերջում հավանաբար հանգրվանելու էի մեր նորակառույցում: Երբ անցնում էի միլիցիայի մոտով, Բելովը դուրս եկավ, չէր կանգնի այգու մուտքի մոտ: Այնտեղ Ինան էր սպասում: Չէի կասկածում, իհարկե կգար, դրա համար չպայմանավորվեց, թե երբ եւ որտեղ հանդիպենք: - Չեմ խանգարի, չէ՞,- սիրալիր ժպիտով դիմեց մայորին: - Ամենեւին,- պատասխանեց մայորը: Այդպիսի ժպիտին ո՞վ ուրիշ պատասխան կտար:- Ավելի լավ: Նույնիսկ: Բելովն անցավ գործի: - Ուրեմն այստեղ հայտնվել ես տասներկուսից հետո, ճի՞շտ է: Հնարավո՞ր է, որ, ասենք, տասը րոպեում գյուղտեխնիկայից հասնե՞ս այստեղ: - Հնարավոր է: - Այսինքն, բացառված չէ, որ մինչեւ տասներկուսը լինեիր այստեղ: - Դուք շատ լավ գիտեք, որ ժամը տասներկուսին աղջիկները տուն են մտել, իսկ ես այդ ժամին եմ նրանցից բաժանվել: - Ես գիտե՞մ... - Այո, երեկ Ինան ասաց: - Մոռացել էի: Տասներկուսը ընդունե՞նք ելակետ: - Այո: Եթե Ինան չի սխալվում: - Ես տուն մտնելիս նայեցի ժամացույցին,- Ինան ցույց տվեց իմ նվերը: - Նրանց տնից մինչեւ գյուղտեխնիկա ինչքա՞ն ժամանակում կհասնեիր: - Յոթ-ութ րոպեում: - Այդքան որոշակի՞: Ինան թեթեւակի կարմրեց: - Մենք այդ փողոցում չորս օբյեկտ ունենք: - Գյուղտեխնիկայից այգի՞... - Տասներկուսից տասնհինգ րոպեում: - Այսինքնՙ դու մինչեւ տասներկուսն անց քսան-քսանհինգ չէիր կարող լինել այգում: - Այո: - Ենթադրենքՙ տասներկուսն անց կես այստեղ ես եղել: Առաջ անցիր եւ աշխատիր քայլել նույն արագությամբ: Դանդաղորեն ուղղվեցի դեպի պարի տաղավար: Եթե Բելովն ուզում էր պարզել այդ գիշերվա ողջ անցուդարձը, Նինայի ընկերուհիներին պիտի հարցներ: Նրանք ամեն ինչ կիմանային: Ենթարկվելով Բելովին եւ ավելի շատՙ իմ հիշողությանը, ես իրականում մտա այդ գիշերվա մեջ: Քայլում էի ծառուղու եզրով, ծառերի տակով, դանդաղ: Տաղավարում սարքավորումներ էին տեղադրում, ձայնն էին փորձում, մի քանի հոգի էին ներսում, իսկ այն ժամանակ պարում էին, եւ դրսում էին հավաքված: Չհասա մուտքին, զննեցի ներսը, ինչպես այն ժամանակ: Մեկ-երկու րոպե, ոչ շատ: Ապա թեքվեցի ձախ եւ մտա ծառերի արանքը, որտեղ նստարանն էր: Անցա առաջ: Դժվար չէր ուղին վերականգնելը, որովհետեւ գնացել էի իմ եւ Ինայի անցած ճանապարհով: Արդեն Ինային էի ցույց տալիս ուղիս: Ահա եւ նրա համբարձման վայրը: Պտտվեցի ծառի շուրջը, որպեսզի տեսնեմ նրա դեմքը: Ժպտաց: Վերջապես հասա գետափ, նստեցի պառկած ծառի վրա, արմունկներով ծնկներիս հենված, գլուխս կախ: - Այստեղ երկու ժամ նստել եմ,- ասացի Բելովին,- նստե՞մ այդքան: - Ո՜չ,- ծիծաղեց,- ամբողջ ժամանակ շախմա՞տ էիր խաղում: - Մի պարտիա փորձեցի խաղալ, չստացվեց: - Ի՞նչ էիր անում, ինչի՞ մասին էիր մտածում: - Խառը... կամՙ չէի մտածում, հենց այնպես նստել էի: - Միշտ այստե՞ղ, ծառի վրա՞, գլուխդ կա՞խ... - Այո: - Եթե մոտ քսան մետր հեռու մեկը գոռար, կլսեի՞ր: - Անկասկած: - Իսկ ինչպե՞ս կգոռար այն մարդը, ում փորը մետաղալար են մտցրել: Մետաղալա՞ր, մենք մեխ էինք լսել: - Հավանաբար շատ բարձր: - Այդ դեպքում ինչպե՞ս չես լսել: - Մոտերքո՞ւմ է եղել. - Այն թփերի հետեւում: Նավակից իջնող ձկնորսներն են գտել նրան, ճիշտ ժամը երկուսին: - Հեռանալիս լսել եմ շարժիչի ձայն: - Ուրեմն նրան խփել են քո հեռանալու եւ ձկնորսների իջնելու արանքո՞ւմ, իսկ որտեղի՞ց հայտնվեցին, ո՞ւր անհետացան... Հանելուկները շատ են: Նախ եւ առաջ, ձկնորսների իջնելու պահինՙ ժամը երկուսին դու այստեղ չես եղել: Դա հաստատ է: Հաստատ է նաեւ ժամը երկուսը: Նրանք ստուգել են: Ուրեմն դու շուտ ես հեռացել այստեղից կամ ուրիշ տեղում ես եղել: Ինան անհանգստացած ինձ էր նայում: - Ես այստեղից ուրիշ ոչ մի տեղ չեմ գնացել: Իսկ երբ հեռացա, տաղավարից նվագ չէր լսվում, լռություն էր այնտեղ... - Դրա համար ես կարծում, որ շատ ես մնացել: Մեկն անց քսան տաղավարի հոսանքն անջատվել է, բոլորը հեռացել են: Մոտ կես ժամ հետո դու ես գնացել: Քո գնալուց մի քանի րոպե հետո ձկնորսներն ափ են իջել եւ հայտնաբերել վրացուն: Ո՞վ սպանեց նրան: - Ե՞ս... - Տարբերակ առաջին: Ինան սարսափահար շուրթերն էր կծոտում, նստել էր կողքս, իսկ Բելովը կանգնել էր մեր դիմաց: - Ես գիտեմ, որ Դուք միայն ապացույցներին եք հավատում: - Այո, միայն ապացույցներին: - Վրացու ասածին չե՞ք հավատում: - Նա ասել է, որ ինքը վրեժ է լուծելու, դրա համար անուն չի տալիս: - Իսկ եթե երկրորդ տարբերակ առաջարկե՞մ: - Լսում եմ: - Վրացին այստեղ ընկած է եղել մինչեւ իմ գալը: - Հնարավոր է եւ ավելի հավանական: Սակայն հարցը մնում է: - Դուք հայտարարեցիք, որ բացարձակապես չեք կասկածում ինձ: - Եվ չեմ էլ կասկածում... Բայց քո վերադարձը շա՜տ կասկածելի է... Բացատրությունը չեմ գտնում: Ասա՛ եւ սրբենք կասկածները: - Ես կասեմ,- պոռթկաց Ինան եւ ինձ հենվելով հայացքն ուղղեց Բելովին,- նա իմ պատճառով է վերադարձել: - Քեզ տուն ուղեկցելուց հետո՞: - Այո, կարծել է, թե ես վերադարձել եմ այգի: - Ինչո՞ւ պիտի վերադառնայիր: - Դե... մենք մի թեթեւ գժտվեցինք, ավելի ճիշտՙ վիճեցինք: - Լավ, մնացածն ինձ չի հետաքրքրում,- ժամանակին կանգ առավ Բելովը,- գետափին այդպես խորասուզված միայն սիրահարվածը կնստեր, ենթադրում էի: Այգուց դուրս գալիս ոչ ոքի չտեսա՞ր: - Գետափով գնացի, Անտառային փողոցովՙ գյուղտեխնիկա: - Ոչ ոք չհանդիպե՞ց: - Միայն Գամբիտը: - Ո՞վ: - Մեր շունը,- Ինան քրքջաց, թոթափում էր լարվածությունը: - Դե լավ, կարծես թե դու քո բաժինը կատարեցիր, եթե վստահ ես, որ որեւէ բան բաց չես թողել: Մնացածը մենք պիտի անենք: - Ուրեմն հակվում եք երկրո՞րդ տարբերակին: - Ոչ, դա հենց առաջինն է, քո տարբերակն ընդհանրապես չի եղել: Վրացին եղբորն ասել է, որ տեղացիներն են խփել իրեն: - Այդ դեպքում ինչո՞ւ եք նրան տանջում արդեն երկրորդ անգամ,- չդիմացավ Ինան,- իսկ եթե նա թույլ լիներ կամ հիվա՞նդ... Դրանից մեծ փոխհատուցո՞ւմ. Ինան համոզված էր, որ ես ուժեղ եմ: - Իրինա, ի՞նչ տանջել,- կարծես անկեղծորեն զարմացավ Բելովը,- պարզապես հաճելի զրույց գետափին: Ես վստահ եմ, որ մեր երիտասարդը գոհ մնաց այս փոքրիկ շրջագայությունից: Գլխով արեցի: Այո, երեկոն Ինայի հետ շարունակելու հեռանկարով արժեր այդ ինկվիզիտորի հարցաքննությանը ենթարկվել: - Բացի դրանից,- շարունակեց Բելովը,- նա ինձ անգնահատելի օգնություն մատուցեց: Փաստորեն նրա շնորհիվ ճշտեցի հանցագործության ժամը: Մինչ այդ տասներկուսից երկուսն էր, հիմա արդեն պարզ է, տասներկուսից մինչեւ անց քսանհինգ-երեսուն հատվածում է եղել, նույնիսկ ենթադրում եմ, որ տասներկուսն անց տասից տասներկուսն անց քսանհինգ: Մի՞թե հանուն դրա չարժեր մի քիչ նեղվել: - Արժեր,- համաձայն էի,- բայց ես հանգիստ կզգամ միայն այն ժամանակ, երբ հանցագործին բռնեք: - Ես էլ,- Բելովը ծիծաղեց եւ նստեց: Տեղավորվում էր, չվերջացրե՞ց:- Իրոք, այստեղ այնքան հաճելի է, որ ձեր գնալուց հետո էլ կմնամ: Սա արդեն հասկացա, կարելի էր հեռանալ: Կանգնեցի սիգարետի տուփը հանելով: - Ծխո՞ւմ ես: - Այո... Միլիցիա ընկնելուց հետո նորից սկսեցի ծխել,- մի մեղադրական էլ ես ասեի, ամեն ինչին համակերպվելը մի բան չէ: - Լավ, լավ,- Բելովը ձեռքը մեկնեց,- անկեղծորեն, շատ հաճելի էր ծանոթությունը... Հասկանում եմ, նույնը չես կարող ասել: Գետափո՞վ եք բարձրանում: - Ոչ, գետափով իջնում ենք,- Ինային պատասխանելու ժամանակ չթողեցի, թե չէ նա սիրում էր առաջ ընկնել: Բելովը սիգարետ վառեց, նա իր վերլուծությունն ուներ: - Եվ ո՞ւր ենք գնում,- հարցրեց Ինան, երբ առաջացել էինք: - Տատի տուն, ես պետք է տեսնեմ բետոնը: - Ես տախտակները հանել եմ եւ ջրել եմ, ինչպես ասել էիր: Շատ լավ է ստացվել: - Ինձնից բաժանվելուց հետո՞: - Դու չեկար, ստիպված ես պետք է անեի,- ծիծաղեց նա, բայց լրջացավ անմիջապես,- մայորը քեզնից ձեռ չի քաշում, Արամ, դու ամեն ի՞նչ ասացիր, ինչպես եղել է, չթաքցրեցի՞ր ոչինչ: - Դո՞ւ էլ չես հավատում, նորի՞ց չես հավատում: - Հավատում եմ, հավատում... Սարսափելի է, ուրեմն ամբողջ ժամանակ, որ դու նստել ես գետափին, վրացին մի քանի մետր հեռու ուշագնաց ընկած է եղել: Գուցե մարդասպանը քեզ տեսել է... - Կամ մարդասպանները: - Հա, մայորն ասացՙ տեղացիներն են խփել: Դա՞ նկատի ունես: Ես նրան չասացի իմ կասկածների մասին: Նրա եւ Պետրոյի միջեւ մտերմություն կար, եթե Պետրոն հանուն նրա հրահանգել էր ձեռք չտալ ինձ: Բացի դրանից, Ինան անկանխատեսելի էր, բարկության կամ հուզմունքի պահին կարող էր ամեն ինչ ասել: Փաստորեն չվստահեցի նրան, ես էլ չվստահեցի: - Իմ կարծիքով,- ձայնս ցածրացրի, միգուցե մայորը լսողության հատուկ, հեռազգաց սարք ունի,- Նինայի ընկերուհիները տեսած կլինեն որեւէ մեկին: Նրանք ամեն տեղ լինում են, հետեւում են կարծես, թե ինչ է կատարվում խորքերում: Եթե, իհարկե, ցանկանան հայտնել: Երեւի այս գործը կփակվի: Օտար մի մարդ սպանվել է այստեղ: Միլիցիան ինչո՞ւ պետք է ջանք ու եռանդ թափի հանցագործին հայտնաբերելու համար: - Դու Բելովին ասե՞լ ես աղջիկների մասին,- անհանգստացավ Ինան: - Ոչ, իհարկե... Նա երեւի բոլորին քննել է, ով այդ գիշեր այգում է եղել... Եվ Պետրոյի տղաներին, նրանք էլ են, չէ՞, շրջում այգում: - Դու որեւէ մեկին կասկածո՞ւմ ես: - Ես ո՞ւմ եմ ճանաչում այս գյուղում, որ կասկածեմ... Ես միայն մի գեղեցիկ աղջկա եմ ճանաչում... - Միայն տեսնեիր ինքդ քեզ, երբ նստեցիր ծառին: Այնպիսի վշտալի տեսք ունեիր, ե՛ւ ծիծաղս էր գալիս, ե՛ւ ցավ էի զգում: Հետո էլ մեր փողոցով ես անցել... Ուրեմն սիրում ես, հա՞, ինձ... Ինան կանգնեց, կողքով ինձ սեղմված, ժպտուն դեմքը մոտեցրեց, որ աչքերիս մեջ նայի: Աջ կողմում գետն էր, այս մասում զառիթափ չկար, ձախ կողմումՙ տնամերձ հողամասերի ցանկապատերը: Տները խորքում էին, բակերում մարդիկ երեւում էին, բայց ամեն մեկն իր գործով էր զբաղված... Ամեն անգամ նրան գրկում էի կարծես առաջին անգամ... - Պատկերացնո՞ւմ ես,- շշնջացի ականջի մեջ,- եթե Նինան ու ընկերուհիները մեզ տեսած լինեն... այն ծառի մոտ, երբ պարաշյուտիստի պես կախվել էիր օդի մեջ... - Օ՛յ,- սարսափեց Ինան: - Կամ աշակերտուհիներդ... Բավական էր տանջել նրան: Գլուխը հետ էր գցել, որ ինձ նայի: Եթե ուզում էր ինձ տեսնել, պետք է անընդհատ գլուխը հետ տաներ, որովհետեւ ես համառորեն ձգվում էի առաջ: Չէր կարող անվերջ ընկրկել, նրա ճկուն մարմնի հնարավորություններն անսահման չէին... Արդեն միացյալ ուղղվեցինք... - Ի՜նչ լավ էր շուրթերիդ... ծխախոտի համը,- կարճ ծիծաղեց նա: - Մի՞թե պահանջ ես զգում: - Երբեմն, բայց ոչ ուժգին, քո օգնությամբ հեշտությամբ կհաղթահարեմ: - Չծխե՞մ քո ներկայությամբ: - Ծխիր, քեզ սազում է: - Իսկ դու չե՞ս ուզում... Ծխե՞նք մի-մի հատ: - Տալի՞ս ես... ո՞ւր է,- նայեց դատարկ ձեռքերիս, որոնք նորից գրկեցին նրան,- դե լավ, ոնց որ սա էլ է հանգստացնում... Դա վերջին համբույրն էր մինչեւ տուն հասնելը, արդեն փողոց էինք մտնում: Փոխվել էր բակի տեսքը, եւ քայլելն էր հարմար ու հաճելի բետոնի վրա: - Ապրես,- գովեց Ինան,- ոնց անցավ մտքովդ... Իսկ խոսակցություն չի՞ գա: - Ինչի՞ համար: - Այսքան շինանյութ ես ձրի բերել: - Ինչո՞ւ ձրի, քո մի համբույրը մի տոննա ցեմենտ չարժե՞: - Մի տոննա ցեմե՞նտ,- ծիծաղեց Ինան,- ուրեմն դու ինձ վագոններով ցեմենտ ես պարտք: Ջինսի գրպանից հանեց բանալին: Դպրոցից գալուց հետո փոխել էր շորերը, ջինսով, իհարկե, դպրոց չէր գնա, թեկուզ դասերը դեռ չէին սկսվել: Մտանք միջանցք: - Ուրիշ ի՞նչ է պետք սիրահարներին,- հետեւից գրկեցի ուսերը,- առանձին տուն... Սա նույնիսկ ամայի գետափից է լավ, ախր սա շքեղություն է... Առանց վախենալու եւ ամաչելու ինչքան ասես կարող եմ համբուրել քեզ... գտա, սա էի փնտրում... Ինան թեթեւակի շարժում էր գլուխը, կարծես փոքր շրջան էր գծում, որպեսզի շուրթերս նույն տեղում երկար չմնան: - Ափսոս չէ՞ մարմինդ, այս կոշտ կտորի մեջ ես պահում: - Ամբողջ գյուղը նախանձով է նայում... ինձ չի՞ սազում: - Մի քիչ լայնացնում է կոնքերդ: - Լո՞ւրջ: - Այո, բայց դա ի՞նչ վատ է, մի օր ջինսով, մի օր առանց ջինսի... Հիմա նույնպես առանց ջինսի եւ... վերջին հույսի... Շատ արագ էի սկսել, Ինան ճողոպրեց: - Նստիր,- ասաց,- կարոտ եմ մնում, որ նստենք, մի քիչ խոսենք... Մնում էր սիգարետ հանել: - Հույս չունենաս, թե քեզ էլ կտամ,- քինախնդիր էի դարձել: Աթոռը դրեցի բաց լուսամուտի մոտ եւ նստեցի:- Լսում եմ Ձեզ, Իրինա Գրիգորեւնա, խոսենք: Պատմե՞մ մեր ֆիզիկայի ուսուցչուհու մասին, նա ամենագեղեցիկն էր, կամՙ գերմաներենի ուսուցչուհու: Պրակտիկանտուհի էր, ութերորդ դասարանում հիմնական մասնագետ չունեինք: Հենց գրատախտակին գրում էր, բոլոր տղաների գլուխները հետեւից ձգվում էին... - Ինչո՞ւ,- միամտորեն հարցրեց Ինան: - Որովհետեւ ծնկածալերը բացվում էին: - Ընդամե՞նը,- քրքջաց նա: - Ուսուցչուհու մասին չուզեցի անհամեստորեն արտահայտվել: Կարմրում էր, կավիճը դնում եւ հեռանում: - Ձեզ մոտ աղջիկները կարճ չե՞ն հագնում: - Գյուղումՙ ոչ, Երեւանումՙ այն էլ ինչպես... - Հարեւաններիդ պատմությունները վերջացրիր, այսօր հերթը ուսուցչուհիներինն է երեւի: Իսկ ձերոնց մասին չե՞ս ուզում պատմել: Քանի՞ երեխա եք: Ինան տեղավորվեց թախտի վրա, արմունկով հենվեց բարձին: - Վեց: - Օ՜... ուժգին սեր է եղել: Թե՞ առհասարակ շատ երեխաներ են ունենում: - Ոչ, միջինըՙ երկուսից չորս: Քաղաքում չորսն արդեն շատ է համարվում, նույնիսկ երեքը: Չվառած սիգարետը դրեցի տուփի մեջ: - Ինչո՞ւ չծխեցիր: - Չեմ ուզում գայթակղել քեզ: Ուզում էի պառկել կողքին: Երբ մոտեցա, անհանգստացավ: - Հանգիստ,- պահեցի ձեռքս,- ես ասել եմՙ միշտ քո ուզածով, միայն քո ուզածով: Պարզապես պառկեմ մոտդ, որ իրար լավ լսենք: Հենց պառկեցի, գլուխը դրեց թեւիս, ձեռքն էլՙ կրծքիս, ջինսերը միախառնվեցին: - Շարունակիր,- շշնջաց,- պատմիր... Այգում կամ գետափին չէ՞ի կարող պատմել, ինչո՞ւ եկանք այստեղ: - Երեք քույր, երեք եղբայր ենք: Ծնողներս ուսուցիչ են, հայրսՙ աշխարհագրության, դպրոցի տնօրեն էր, թոշակի անցնելուց հետո միայն դասեր է տալիս: Մայրս վաստակավոր ուսուցչուհի է, մաթեմատիկա է դասավանդում: Եղբայրսՙ քիմիայի, մեծ քույրս մինչեւ ամուսնանալը դպրոցում էր, հիմա Երեւանում է, մանկապարտեզի դաստիարակչուհի է: - Փաստորեն դպրոցական ծրագիրը տանը կարող եք ապահովել: Ծնողներդ քեզ դաս տվե՞լ են: -Ոչ, հարեւան գյուղում են աշխատում: - Սկզբում կարծում էի, թե դու ամենափոքրը կլինես: - Ինչո՞ւ: - Երեսառած ես: - Ինձ սիրել են, բայց երես չեն տվել: Մայրս ասում էրՙ Արամիս համար ապահով եմ, ուր էլ գնա, բոլորը կսիրեն նրան: Մոտեցրի գլուխը, սկսվեց մազ- ականջ- վիզ շրջագայությունը: - Մայրդ քե՞զ էր սիրում ամենից շատ: - Չեմ կարծում, ամեն մեկինՙ առանձնահատուկ սիրով: Մեծ քույրս առաջինն էր եւ մորս ընկերը պատերազմի տարիներին: Հայրս գնացել է պատերազմ, նա ծնվել է քառասունմեկ թվականին: Երեւի ամենից շատ նրան է սիրում: Երկու աղջիկներից հետո եղբայրս առաջին տղան էր, տան արտոնյալը եւ հույսը: Տանը ամեն ինչ հարմարեցված էր նրան: Նրանից հինգ տարի հետո ես եմ ծնվել: Բոլորը հասցրել էին մեծանալ, եւ ես դարձա նրանց սիրելին, մինչեւ փոքրերը ծնվեցին: Այնպես որ իմ իշխանությունը երկար չտեւեց: Իսկ հիմա կարծես մնացել եմ խաղից դուրս վիճակում: Մեծերըՙ իրենց ընտանիքներով, փոքրերըՙ իրար հետ: Երկու կողմից տարիքային տարբերությունը շատ է, կարծես կղզի լինեմ... Գիտե՞ս ինչու հիշեցի այս ամենը: Երբ Նինային ճանապարհում էիք, մայրդ ու տատդ հատուկ գուրգուրանքով հանեցին նրան բակից: Եվ սիրտս ճմլվեց այն մտքից, որ դժվար թե քեզ երբեւէ նման ձեւով ճանապարհած կամ դիմավորած լինեին: - Սիրտդ ճմլվե՞ց... Ինայի ձայնը փոխվեց, էլի էի զգացել, նման պահերին դառնում էր քնքշալի եւ զգուշավոր... կարծես դեռ չհավատալով, չհամարձակվելով հավատալ, վախովՙ մի՞թե ճիշտ է ասում... - Նինային բոլորը պաշտում են, բայց ես չեմ նախանձում, ինքս նույնպես նրան շատ եմ սիրում: Իսկ դու ամենից շատ ո՞ւմ ես սիրում: - Փոքր եղբորս... Հավանաբար ինձ եմ տեսնում նրա մեջ, բայց ավելի լավ... Նա մաքուր է... եւ անպաշտպան կարծես: Վախենում եմ, որ չկարողանա կյանք մտնել: - Անունն ի՞նչ է: - Կորյուն: - Դժվար է, քո անունը հեշտ է ասվում: Քանի՞ տարեկան է: - Նինայի հասակակիցն է, այս տարի պիտի դպրոցն ավարտեր: - Ի՞նչ է նշանակում «պիտի ավարտեր»: - Մաթեմատիկայից վերաքննություն էր հանձնելու, դեռ տեղեկություն չունեմ: - Ավարտական քննությունի՞ց, մորդ առարկայի՞ց... Արտառոց դեպք է: Ծո՞ւյլ է... - Չէի ասի, թե շատ եռանդուն է կամ պարտաճանաչ, բայց խելացի է, ընդունակ: Դասատուի մոտ ասել է, թե չի սիրում այդ առարկան, նա էլ իր պարտքն է համարել պատժել սկզբունքորեն, ինչպես բացատրել է ծնողներիս: - Հավանաբար քեզ պես կամակոր է, արտաքնապես նմա՞ն եք: - Տեսնողները կռահում են, որ եղբայրներ ենք: - Ինչպես ես ու Նինան, մենք նմա՞ն ենք: - Դուք շատ նման եք: Գուցե նույնը ասեմ, ինչ եղբորս մասին: - Նինան ավելի՞ մաքուր է... Նա մաքո՞ւր է... - Դա չէի ուզում ասել: Նա լրացնում է քեզ: Հետո գուցե ավելի ինքնուրույն դառնա, առանձնանա: - Բայց ասում են, որ բնավորությամբ շատ տարբեր ենք, նույնիսկ զարմանում են, թե այսպիսի տարբերությո՞ւն քույրերի միջեւ: - Տարբերություններ կան եւ գուցե շատ են ու նկատելի: Բայց ներքին ընդհանրություն կա, որը ես զգում եմ, չհաշված արտաքին նմանություններըՙ կողքանց նայելու ձեւը, քո հանկարծակի ու կարճ ծիծաղը եւ նրա կարճ ու զսպված ծիծաղը, հասակը, կազմվածքը, ավելի ճիշտ` մարմնի ձեւը, որը մայրական է, ինչքան նկատել եմ... - Օ՜... լավ ուսումնասիրել ես մեր տոհմը: - Ես պետք է ուսումնասիրեի մորդ, որպեսզի պատկերացնեի քեզ այդ տարիքում: - Այդ տարիքում դու ինձ չես տեսնի: Դու ինձ հաջորդ տարի էլ չես տեսնի: Մի քանի շաբաթից կգնաս, մյուս տարի չես գա, գիտեմ: Դու պատահական մարդ ես այդ բրիգադների մեջ, քեզ ուրիշ կյանք է սպասում... Ինքն էր ինձ գգվում, մինչդեռ ուզում էր, որ հանգիստ թողնեմ իրեն: Իսկ եթե հասա վզին, ուրեմն վերջ ամեն ինչին, էլ ոչ մի խնդրանք ու խուսափում... Հիշում էի, որ դուռը չէինք փակել, նետվեցի միջանցք: - Ո՞ւր,- կանչեց զարմացած, վերադարձիս ասաց,- իզուր անհանգստացար, Նինայից բացի ո՞վ պիտի գա, նա էլ այստեղ չէ... Դա ինչու ես բերում,- այս անգամ ծածկոցն էր զարմանքի պատճառը, որ քաշեցի մահճակալի վրայից ու գցեցի թախտին: - Հետո կիմանաս: Վերջապես բոլոր նախապատրաստական գործողություններն ավարտվեցին, այժմ մենք պիտի նախապատրաստվեինք, ավելի ճիշտՙ ինքը.... Ինչքան որ սիրում էի հաջորդող հանդարտ ու մեղմ գգվանքը, երբ թուլացած պառկում էինք իրար գրկած, այնքան էլ այս նախապատրաստությունն էի սիրում... քանի դեռ կարողանում էի կառավարել գործողություններս: Հետո սիրելը վերանում էր, արինան էր սկսվում: Հասանք հանդարտությանը: Կարծես գետի ձայնն էի լսում: Ձեռքս գցեցի ու ծածկեցի մեզ: - Այդքան զզվո՞ւմ ես,- շշնջաց նա: - Ծածկված ավելի ենք առանձնանում, միայն ես ու դու... Նա շրջվեց, ձեռքերս գրավեցին իրենց տեղերը: - Մի հոգեբանի հոդվածում կարդացել եմ, որ եթե կինը պառկում է այս դիրքով, ուրեմն լիովին վստահում է տղամարդուն: - Անշուշտ,- ասացի շուրթերս ծոծրակին պահած,- հեղինակը կի՞ն էր: - Այո: - Ուրեմն ճիշտ է ասել: - Ես քեզ հենց սկզբից եմ վստահել: Գիտե՞ս որ պահերին ես ինձ ավելի դուր եկել: - Գիտեմ. երբ քիթս տնկած հեռացել եմ քեզնից: Նա ծիծաղեց եւ խփեց կրունկով: Ստիպված էի ոտքով օղակել նրան, որ հանգիստ մնա: - Այդ քիթը տնկած պահերն ընդհանրապես լավ են, բայց ուրիշ էլ կա: - Օրինակ: - Երբ այն հարբած ծերուկին ներս տարար: Երբ խստորեն հետեւում էիր, որ թաց բետոնի վրա չքայլենք... Ամենալավը միլիցիայում էր, հանկարծ հայտարարեցիր. «Եթե նա չի հավատում ինձ, ուրեմն ես եմ սպանել վրացուն»: Այդ պահին ահավոր էր, բայց հետո, հենց հիշում էի, սիրտս ուռչում էր, հիմա էլ... Ձախ ձեռքս կրծքի վրա էր, կարող էի անմիջապես ստուգել: - Զարմանալի է,- շարունակեց նա,- ինչպես կարող է միանգամայն օտար, աշխարհի ծայրից եկած մարդը, որի գոյությանը բացարձակապես տեղյակ չես եղել քառորդ դար ապրելով, դառնալ հարազատ... Նինան ասում էր` բաժակդ տվեցիր նրան եւ հետո խմեցիր, իսկ իմ բաժակով ջուր չես խմում: Ասում էրՙ միգուցե բերանի ուտելիքն է՞լ ուտես... Չե՞մ կերել, չե՞ս տեսել, ասացի: Դու ի՞նչ ես մտածում: - Ցավալի եւ տխուր մի միտք ինձ հանգիստ չի տալիս: Ստիպված եմ այսօր տուն գնալ, մերոնք կմտածեն, որ ինձ էլի բանտարկել են: - Իսկ ես առավոտյան դպրոց եմ գնալու... Սեպտեմբերի մեկն է, աստված իմ... Տանն էլ այնքան գործ ունեմ անելու... Բեր վերջին անգամ ծխենք եւ գնանք, թե չէ որ նորից կպար այդ տեղին, դասից կուշանամ... Դրանից այսօր շատ-շատ եմ ծխել,- ծիծաղով ասաց նա, երբ վզից հասա շուրթերին,- ես իսկական ծխելը նկատի ունեի... - Դա կտրականապես արգելվում է: - Դու էլ չծխես ուրեմն: - Չեմ ծխի... Բայց ես չեմ հղիացողը: - Ի՞նչ... Այդ բառը Ինան շատ էր արտասանել, բայց դեռ այսպես չէի զարմացրել: - Ի՞նչ ես աչքերդ չռել,- ասացի,- հնարավոր չէ՞, որ հղիանաս: Պոռթկուն եւ կարճ ծիծաղը հնչեց: - Քեզ ի՞նչ եղավ,- հարցրեց նա արմունկին հենվելով ու ինձ նայելով,- ինչո՞ւ հանկարծ մտքովդ անցավ: - Մտքովս միշտ է անցել, չէի հարցնում: - Չհասկացա, երեխա՞... եւ ալիմե՞նտ վճարես... մեզ: - Ինչո՞ւ ալիմենտ, ամեն ինչ կտամ: Գրքերիս հոնորարները կփոխանցեմ ձեզ, միայն մի փոքր տոկոս կորոշեք, որ մնա ինձ: - Այսինքն ալիմենտ քեզ նշանակեն... քո աշխատավարձից... Այսինքն արդեն որոշված է, որ ալիմենտ ես տալու: Իհարկե, դու իջնելու ես պատահական կայարանում եւ գնալու ես պատահական ուղղությամբ: Դու ազատ քամի ես, անվախ եւ խենթ: Երբեմն չար քամի ես, որ թուխպեր է բերում: Ես քեզ չեմ ճանաչում, ճիշտ է, բայց կարդում եմ հոգիդ, որովհետեւ սիրում եմ քեզ: Դու ինձնից ոչինչ չես կարող թաքցնել, կզգամ անմիջապես: Ահավոր է, կարծես իրոք մի մարմին ու հոգի լինենք, այնքան լավ եմ քեզ տեսնում: Ես ամեն ինչ զգում եմ եւ գիտեմ: Սա հեքիաթ է, իսկ հեքիաթի վերջը միշտ հանկարծակի է լինում: Եվ քանի որ իրական հեքիաթ է, ոչ թե հրաշքով կավարտվի, այլ իրական գործողությամբ: Մենք պիտի հասկանանք, որ իրար համար չենք, եւ լավ էլ հասկանում ենք: Իրար համար ենք այժմ, մի քանի ամիս, եւ վերջ: Այս ամիսների համար անսահման շնորհակալ եմ... Իսկ քո կյանքը նոր է սկսվում... Վարակվել էր աղջիկը ինձնից խոսելու հիվանդությամբ: Լուռ գգվում էի նրան եւ լսում: Խաղը վաղուց էր ավարտվել, սա կյանք էր: - Երեխան ծնվում է այն ժամանակ, երբ պետք է,- նա նստեց, չմնաց թախտի վրա, զգուշանալով, շորերը գրկելով հեռացավ մի քանի քայլ,- հագնվիր, լույսը կվառեմ: Ինչքան էլ մեծամտանայի, թե մեր հարաբերություններում ես եմ դարձել նախաձեռնող եւ իշխող, վերջին խոսքը նրան էր մնում: Այդտեղ էլ էինք հավասար բաժանել, նախաձեռնությունըՙ ինձ, վերջին խոսքըՙ նրան: - Քեզ էր պետք ձայնագրել,- սկսեցի հագնվել,- կարծես դաս էիր բացատրում: Արդեն պատկերացնում եմ քեզ դասարանում... Դուք լսեցի՞ք այն օրվա ձայնագրությունը: - Ժամանակ եղա՞վ, այնպես սրընթաց անցան օրերը, փոթորկալի իրադարձություններ էին, աստված իմ, ինչ լավ է, փրկվեցիր: - Էլ ոչ մի անգամ գիշերը չե՞նք մնալու այստեղ,- հարցրեցի հապաղելով: - Քեզնից է կախված,- ծիծաղեց նա,- կարողացար պահել, կմնանք: Իսկույն նետվեցի նրա կողմը: Չէր կարող խուսափել, բայց հանգստացնելու ձեւը գիտեր: - Խնդրում եմ,- ասաց ձեռքերը կրծքիս դնելով,- կատակ արեցի, գնանք... Խոստանում եմ, կմնանք մի օր... - Այս շաբա՞թ... - Երեւի, կասեմ: Ինքս քեզնից շատ եմ ուզում,- ավելացրեց խնդմնդալով: Դրսում թեւանցուկ քայլեցինք նորընծա մայթի վրա: - Ափսոս, կարճ է,- ասաց Ինան,- կարելի էր զբոսնել... Տասը տարի կդիմանա՞ այս բետոնը: - Հարգիր մասնագիտությունս, քառասո՛ւն տարի, հիսո՛ւն տարի... - Օ՜, ուրեմն ցմահ, մինչեւ կյանքիս վերջը կմնա... Ես այստեղ կապրեմ, նոր տուն կսարքեմ, բայց սա կպահեմ... այդ օրվա հիշատակ... Ձեռքիցս զգաց, թե ինչ կատարվեց, նայեց դեմքիս, հավանաբար գունատվել էի... - Ներիր,- ասաց համբուրելով: - Ինչի՞ համար: - Ինչի համար ներե՞ս,- փորձում էր կատակի տալ: - Ինչի՞ համար ես ներողություն խնդրում: - Որ այսօր չմնացինք: - Ուշ չէ,- բավական էր մի թեթեւ ակնարկ... - Արդեն խոստացել եմ,- նորից զվարթացավ: Երկմտանքը միշտ կարՙ գետափո՞վ, թե՞ փողոցով: - Գետափով գնանք,- առաջարկեցի,- կլողանանք: - Հիմա՞... - Ամենալավ ժամն է, կարող ենք առանց լողազգեստի մտնել գետը, այդպես լողացել եմ: - Գետն արդեն բարի ու տաք չէ, տղաս: - Այլեւս չե՞նք լողանալու: - Դժվար թե: - Անցա՞վ մեր սիրո ամառը,- ասացի բանաստեղծավարի: - Ամառն անցավ, աշունն էլ կանցնի,- Ինան նորից ինձ վերադարձրեց իրականություն,- գետափով կրկին այն տեղով պիտի անցնենք, գնանք փողոցով,- վճռեց նա: Վերջին խոսքը նրան էի թողնում: Ես արդեն սպասում էի շաբաթվա վերջին: *** Սեպտեմբերի մեկը մեծ իրադարձություն էր Ինայի կյանքում, ուրեմն նաեւ` իմ: Առավոտյան, ճաշարան գնալիս տեսա նրան: Տանյայի հետ դուրս եկավ իրենց փողոցից, երկուսն էլ սպիտակ վերնաշապիկներով, զվարթ եւ ժպտուն: Տանյան վզկապով էր, Ինայի կրծքին, ուսից քիչ ներքեւ կարմիր ծաղիկ էր: - Բարի լույս,- ձայն տվեցի ցնծագին,- շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի կապակցությամբ: Պատասխանեցին միաժամանակ, ծիծաղկուն: - Կներեք, մենք ուշանում ենք,- ցուցադրաբար ժամացույցին նայեց Ինան: - Ուշանո՞ւմ ենք,- զարմացավ Տանյան,- ավտոբուսը դեռ չի երեւում: Տանյայի տեսքը հուզել էր Դավթին: - Աղջիկս էլ է հիմի դպրոցի ճամփին,- աչքերը լցվել էին: - Նա քնած է,- հանգստացրի նրան,- Երեւանում հիմա ժամը հինգն է: - Հա, մոռացել էի,- Դավիթը սրբեց աչքերը,- թող քնի քաղցրս... Անհամբերությամբ սպասում էի, որ պատմեր, թե ինչպես է անցել դասը, բայց մինչեւ շաբաթ երեկո հանդիպելու հույս չունեի: Ես շաբաթ երեկոյին էի սպասում, ընկերներս` աշխատավարձին: Սովորաբար մինչեւ ամսի հինգը տալիս էին փողը: Հույս չկար շուտ ստանալու: Ուշացումը չէր անհանգստացնողը, միայն թե վճարեին: Կասկածները հանգիստ չէին տալիս, Սաքոն էլ առանձնապես չէր խոսում: Չուլկինը չէր երեւում հիմնարկում, նրա ոտքը միանգամից կտրվեց: Փողի թեման հաճախ էր մեջտեղ գալիս: Սեզոնի հիմնական մասն անցել էր, հանրագումարի էինք բերում արածն ու առածը: Խոպանիստների վաստակի չափանիշը վեց հազար ռուբլին էր: Առնվազն այդքան էր պետք հանգիստ խղճով տուն վերադառնալու համար: Այդ թիվն էր շեշտվում հենց առաջին օրերի եւ հետագա խոսակցություններում կամ ուրիշների մասին լսելիս: Արսենը ամեն հանդիպմանը առիթը բաց չէր թողնում հայտնելու, որ իրենց գործերը շատ լավ են, ամսական մինչեւ հազար հինգ հարյուր ստացել են տղերքը: Դժվար թե սուտ ասեր: Նրանց բրիգադում կարծես վիճաբանություն չկար: Սովխոզի բրիգադն էր ցրվել, կռիվ էր եղել իրար միջեւ: Քյավառցիներն իրենց ամսական հազարի տերն էին: Մարտունեցիների մեջ էլ խժդժություն կար, նրանց քիչ էինք տեսնում: Մենք պարծենալու բան չունեինք: Մայիսին վեց հարյուր ռուբլի էինք ստացել, հունիսին` 870, հուլիսին` 1000: Նաեւ առանձին մասնավոր գործերի համարՙ առձեռն: Ամսական 120-150 ռուբլի էր յուրաքանչյուրիս ծախսը, դրանից բացի գնումներ էի արել, մոտս մնացել էր 1700 ռուբլի: Ինձ համար մեծ գումար էր: Փայլակը սեզոնի կեսից էր եկել, Դավիթն ինձ պես առաջին տարեցի էր, Ռազմիկը սովորաբար չէր արտահայտվում, բայց դժգոհությունը զգացվում էր: Անփորձներիս համար էլ պարզ էր, որ սեզոնն անհաջող է: Գումարվում էր Չուլկինի պաշտոնանկության պատճառած վախը: Ինժեներն էր առայժմ փոխարինում նրան, իսկ նրա եւ Սաքոյի հարաբերությունները լավ չէին: Խելոք, համեստ մարդ էր, չէր խառնվել մեր գործերին, թեեւ մի քանի անգամ դիտողություն էր արել Սաքոյին: Չուլկինի պես թիկունք ունենալով Սաքոն բանի տեղ չէր դնում նրա ասածները: Հիմա ամեն ինչ փոխվել էր: |