RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 7277, Տպվել է` 600, Ուղարկվել է էլ.փոստով` 220

ԽԱՉԱԳՈՂ 29

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Օգոստոսը, իմ սիրած ամիսը, դառնում էր տանջանքի ամիս: Հոգեմաշ կարոտը բռնել էր ինձ ու չթողեց այլեւս...

Նինայի ասելովՙ Ինան պիտի մինչեւ սեպտեմբեր գար անպայման, բայց դա չէր նշանակում, որ գալու է օգոստոսի երեսունմեկին... Ե՞րբ էր գալու, ինչո՞ւ էր գնացել, ինչո՞ւ այդպես հանկարծակի եւ այդքան երկար... Հարցեր, որ չէի տվել Նինային: Մնում էր սպասել:

Օգոստոսը ոչ միայն տանջանքի, այլեւ ակնկալիքի ամիս էր: Ծննդյանս օրն էր մոտենում, քսանհինգը: Քսանութին ծնվել էր Կորյունը: Հարազատներս սիրում էին մեզ անակնկալ նվերներ մատուցել, հատկապես մեծ քույրերս: Ծննդյան նվերներից բացի այդ օրերին նաեւ նոր ուսումնական տարվա գնումներն էին սկսվում, կոշիկ, հագուստ, պայուսակ, դասագրքեր եւ այլն: Իրոք հաճելի սպասումների ժամանակ էր: Հետո էլ, զարմանալիորեն, օգոստոսին միշտ լավ բաներ էին կատարվում ինձ հետ: Իսկ սա ամենալավ օգոստոսն էր: Տանջվում էի, բայց գալու էր ուշ թե շուտ, այդ ժամանակ նրա հետ կխոսեմ:

Այդ օրերին արտաքինիս մեկ ուրիշ փոփոխություն նկատեցի: Ալթայի ամառային արեւը վառել էր մազերս, գլխիս շիկավուն շերտ հայտնաբերեցի, հայկական սեւ մազերիս մեջ: Եթե մի քանի ամառ անցկացնեի Դիվինոյում, երեւի մազերս Ինայի մազերի գույնին դառնային:

Աշխատանքային կատաղի հունիսից ու շոգ, սիրային հուլիսից հետո կարծես թե այլեւս նիհարելու տեղ չունեի, բայց շարունակում էի կիլոգրամներ թոթափել: Աշխատանքի դժվարություն բացարձակապես չէի զգում, ուրեմն կարոտից էի նիհարում: Անընդհատ աչքերիս առաջ էր եւ ձեռքերիս մեջ: Ամենուր եւ միշտ, աշխատանքի ժամանակ, թափառելիս, գիշերները, քնած ժամանակ նույնպես: Նա ինձ մոլագար էր անվանել, սեռական մոլագար, հիվանդ... Գուցե ճիշտ էր: Այդ «մոլագարի» բացատրությունն էլ պիտի ստանայի: Ես լսել էի եւ տեսնում էի, թե ինչպես են ապրում երիտասարդները, եւ ոչ միայն նրանք: Նույն Ալինան, եթե մենակ մնայինք, պարզապես կբռնաբարեր ինձ: Կամ հենց ինքըՙ ով գիտի, թե ինչ կյանքով է ապրել... Ասում էին, որ տասնչորս տարեկանից հետո անպատվաբեր է աղջկա կուսությունը... Չափազանցրած էր գուցե, լավ, թող լինի տասնվեց... Եվ նրանց արածը համարվում էր նորմալ ու բնական, իսկ ինձ անվանում էր սեռական մոլագար: Որովհետեւ շատ բուռն էի սիրում նրան, երեւի, ուրիշ ինչի՞ համար...

Սիրազուրկ օրերին աշխատանքի մեջ էի առաջադիմում, պարզ է, ոչ այնպես արագ, ինչպես սիրո մեջ: Համենայն դեպս Փայլակի սպասումն արդարացրել էի:

Սաքոն Չուլկինի հետ գնաց Բառնաուլ, գարաժ-արհեստանոցի ճակատագիրը վերջնականապես պարզելուՙ ծածկելո՞ւ ենք այս տարի: Անհույս էր, բայց գնում էին, որ գոնե փող պոկեն, ասաց: Անտառայինում չէինք աշխատում, քսանութ համարի ծածկի պանելները չունեինք դեռ, հետո սվաղելու էինք: Սովխոզի տունն էինք շարում: Ռազմիկի չափ չէի կարողանում շարել, բայց Վարդանից շատ գործ էի անում: Անընդհատ աղյուս վերցնելուց մատներիս մաշկը մաշվել էր, իսկ աջ ձեռքիս ցուցամատին, մալայով գործ անելուց, երկար վերք էր առաջացել: Դրանց ուշադրություն չէի դարձնում, աչքերս էին ցավում, միշտ տրորում էի: Մի օր էլ թեւերիս կարմիր ցան նկատեցի: Երեկոյան հանվելիս սարսափով տեսա, որ ոտքերիս ու փորիս վրա կա նույն ցանը: Ինչքան գիտեի, կարմրուկ չէի հանել, իսկ կարմրուկ կնշանակեր սեզոնի վերջ: Մայրս ասում էր, որ կարմրուկով հիվանդը քառասուն օր չպիտի դուրս գա տնից: Սաստիկ քորը հանգիստ չէր տալիս: Գիշերը դուրս եկա, ծորակի սառը ջրով շփեցի ցանապատ տեղերը: Ցանից բացի նաեւ մանր, խիտ բշտիկներ էին: Սարսափում էի ենթադրություններից, նույնիսկ, մեղքս չթաքցնեմ, մտածում էի, որ Ինան է վարակել ահավոր հիվանդությամբ: Ջուրը չփրկեց: Խոհանոցում ծխախոտ տեսա սեղանի վրա: Տեղական սիգարետ էր, Ռազմիկն էր ծխում: Ծխելը կարծես հանգստացրեց, գնացի քնելու, բայց երկար չդիմացա: Առավոտյան աչքերս մի կերպ բացեցի եւ չէի կարողանում փակել, ամբողջովին արյուն էին լցվել:

- Գնա պոլիկլինիկա,- ասաց Ռազմիկը,- չես կարող աշխատել:

Վախենում էի կասկածս հաստատվի, բայց այդ վիճակում իրոք չէի կարող աշխատել, ուրիշ ելք չունեի: Սարսափը սրտումս ճամփա ընկա:

Ակնաբույժի մոտ մտա:

- Ալերգիա է,- ախտորոշեց երիտասարդ բժշկուհին եւ միանգամից գեղեցկացավ աչքիս, թեեւ սկզբից էլ էի նկատել,- թող մաշկաբանը նայի: Ուրիշ տեղ կա՞ այսպիսի դուրս տված,- տեսել էր թեւերիս ցանը, որն արդեն ընդհանուր կարմիր շերտ էր կազմել:

- Ոտքերիս,- խոստովանեցի ոչ այնքան բարեխիղճ աշակերտի պես:

- Ինձ թվում է, ալերգիա է,- կրկնեց նա,- հավանաբար փոշուց, մեզ մոտ շատ է լինում բույսերի փոշուց...

Նա դեղ նշանակեց, ինչ-որ հեղուկ կաթեցրեց աչքերիս մեջ:

- Հանգստացրե՞ց,- հարցրեց:

Աչքերս հանգստացել էին, բայց կարծում էի, որ հիմնականում սիֆիլիսից փրկվելու եւ նրա մատների շնորհիվ: Շտապեցի երախտագիտությունս հայտնել, վերջին մասով միայն իհարկե, մատների:

- Հալով էլ չի մնում,- ծիծաղեց նա, ապա շարեց ցուցումները,- օրը երեք անգամ կկաթեցնեք, ոչ մի գրգռիչ ուտելիք, ոչ մի փոշի, խորհուրդ կտամ ակնոց դնել...

Եթե ակնոցը պարտադիր էր, ստիպված պիտի սափրվեի, որ ցուցամոլ չերեւամ:

- Մի շաբաթ դուրս չգաք տնից,- շարունակեց բժշկուհին:

Դա արդեն անհնար էր:

- Տեղեկանք կտամ,- զարմացավ նա:

Ես պատկերացրի, թե ինչպես եմ տեղեկանքը հանձնում Փայլակին, որ արձանագրի հարգելի բացակայությունս:

- Հակառակ դեպքում ամեն ինչ անիմաստ է, ոչ մի դեղ չի փրկի: Ձեզ բացարձակապես չի կարելի աշխատել շինարարության մեջ,- բորբոքվեց նա,- ինչպե՞ս չեք հասկանում, ամբողջ կյանքում պիտի ցեմենտից հեռու մնաք, մինչդեռ հենց հիմա ուզում եք գնալ աշխատելու...

Եթե տգեղ լիներ, կասեիՙ լավ, քո ասածն է, դուրս կգայի ու կմոռանայի խոսքերը:

- Մի խոսքով,- եզրափակեց նա,- ես տեղեկանքը կգրեմ, դուք ինչպես կուզեք, կվարվեք: Կտանեք, վարիչը կկնքի...

- Դե լավ, տվեք,- ասացի,- որպես հիշատակ...

Նորից ծիծաղեց: Աղջիկների հետ արդեն հեշտությամբ էի լեզու գտնում, շատ էի փոխվել: Վարիչի մոտ չմտա, դժվար թե երիտասարդ լիներ, ոչ էլ մաշկաբանի մոտ:

Երբ հասա գործի տեղը, ուրախ-ուրախ հայտարարեցի,- ալերգիա է:

- Աչքի ցավին կրծքի կաթն է լավ,- ծիծաղեց Ռազմիկը:

- Է, որտեղի՞ց գտնենք,- Դավիթը շուրջը նայեց:

- Պե՞տք է, վռազ հղիացնենք,- հոխորտաց Փայլակը:

- Ցե՜խ,- կանչեցի տեղս գրավելով:

Կարծես թե համեմատաբար լավ էի:

Ճաշարանից թեյ բերեցի, շուտ-շուտ աչքերս սրբում էի: Ցանապատ տեղերս էին քրտինքից մրմռում, բայց ահավոր սիֆիլիսի կամ ուրիշ որեւէ սեռական վարակի համեմատությամբ մնացած ամեն ինչ աննշան էր թվում:

Ուրբաթ էր, բաղնիքի օր, շուտ վերջացրինք: Կանայք շաբաթ օրն էին լողանում: Ավելի հաճույքով գետում կլողանայի կամ մեր բաքերից մեկի ջրով: Չսիրեցի բաղնիքի այդ տեսակը, տղամարդկային մսակույտի խաշարան, ոչ ցնցուղ կար, ոչ առանձին համար: Քսան-երեսուն հոգի լցվում էին մի տեղ, փոքր տաշտով ջուր վերցնում, նստում երկու կամ երեք հոգու համար նախատեսված նստարանին: Շոգեհարվելու կամ ավելահարվելու տեղն ընդհանրապես չէի մտնում: Այնուամենայնիվ բաղնիք էր, տաք ջրով:

Իննին տանն էինք արդեն, լողացած, մաքրված, որոշ չափով նաեւ ապաքինված էի: Ուրիշ ժամանակ դուրս գալու այդպիսի հնարավորությունը բաց չէի թողնի, բայց գերադասեցի մնալ տանը, հանգստանալ մաքուր սավանների մեջ մաքուր մարմնով:

***

Շաբաթ օրը շատ գործ չունեինք, սովխոզի տան աղյուսը չէր հերիքի մինչեւ երեկո: Հանգստանալու մասին խոսք չեղավ իհարկե: Երկու օր հանգի՞ստ, շռայլություն կլիներ: Ժամը չորսին վերջացրինք աղյուսն ու տուն եկանք: Շուտ վերջացնելու համար չէինք ճաշել: Ճաշարան գնացինք փոխված շորերով:

Հիվանդությունս պարզելուց հետո գրեթե չէի նեղվում: Բժշկուհին իզուր էր վախեցնում ինձ: Բժիշկներն ասում են, որ ամենից առաջ անհրաժեշտ է հիվանդության պատճառը գտնել եւ վերացնել: Ես գտել էի: Ոչ բույսերի փոշի, ոչ էլ, մանավանդ, ցեմենտի, թեեւ դեղը կաթեցնում էի, որպեսզի աչքերս շուտ մաքրվեն: Ինայի կարոտն էր բորբոքել ներսս... կամ ջղայնությունը, որ այդպես հեշտ ու հանկարծակի հեռացավ անորոշ ժամանակով, առանց տեղեկացնելու... Կարող էր քրոջ միջոցով ինչ-որ բան հայտնել: Ուրեմն ես նրա համար նշանակություն չունեի, զվարճացավ եւ լքեց... Սիրո եւ հիասթափության հերթափոխն էր, իսկ եթե երկար տեւեր, կարոտն էլ մաղձի կվերածվեր...

Որոշել էի երեկոյան գնալ պարելու: Վերան, ակնաբույժը, սիգարետ ուզողը, ջրողը... գուցե էլի ինչ-որ մեկը: Միայն թե ոչ Նինան: Լավրովներից կուշտ էի: Նախապատվությունը տալիս էի ակնաբույժին, թեեւ կլիներ քսանյոթ-քսանութ տարեկան: Երկրորդ տեղում սիգարետ ուզողն էր, առողջ մարմնով եւ էությամբ, երրորդը Վերան էր, ջրող աղջիկը հինգերորդն էր, իսկ չորրորդըՙ գուցե էլի ինչ-որ մեկը... Բայց եթե անհայտ է անձը, անհայտ է նաեւ տեղը, գուցե եւ առաջին տեղը գրավի...

Երեսիս մազերն արդեն սանրվում էին, անցել էր խոզանի ժամանակը: Ուշ դուրս եկա, որ պիջակ հագնեմ, փողկապով: Իննից հետո արդեն աշնանային եղանակ էր, թեեւ տեղացիները չէին շտապում հրաժեշտ տալ ամռանը: Գրպաններիս պարունակությունը ստուգված էր. թաշկինակ, գրիչ, ծոցագրքույկս, դանակ եւ արդեն ծխախոտ ու վառիչ պիտի լինեին անպայման, բնականաբար նաեւ որոշակի գումար:

Չէի շտապում, կինոյից ուշանալը փույթ չէր: Եթե ֆիլմը չէր հետաքրքրում, կես ժամի չափ պատկերներին էի հետեւում եւ դուրս գալիս:

Հաջորդ օրվա ֆիլմն էր գրավիչ, թեեւ աշնանը տեսել էի Երեւանում, «Վիկինգներ», ամերիկյան ֆիլմ, որ ջինսի պես հազվադեպ բան էր Դիվինոյում:

Այս անգամ կես ժամ էլ չմնացի: Իմ լքումները հանդուրժում էին: Առաջին օրերին մի կին դիտողություն արեց, հսկիչ էր, տոմսավաճառ, գուցե վարիչ կամ պարզապես հասարակության ակտիվ ներկայացուցիչ:

- Բայց ամեն օ՞ր,- իմ բացատրությունը լսելուց հետո շարունակեց նա,- Դուք ամեն անգամ կեսից դուրս եք գալիս:

- Մինչեւ կես չեմ նստում,- ճշտեցի,- ամենաշատը կես ժամ:

- Երեւանում է՞լ չի եղել ֆիլմ, որ մինչեւ վերջ դիտեք:

- «Երաժշտության հնչյունները»:

- Օ՜, դա հրաշալի ֆիլմ է,- փափկեց կինը:

Երբ դուրս եկա, նույն կինը մուտքի մոտ կանգնած էր:

- Վաղվա ֆիլմը մինչեւ վերջ կնայեմ,- խոստացա:

Այգի չմտած լսեցի երաժշտությունը: Շատ բարձր էին միացրել, անծանոթ էր եւ կախարդիչ, ինչքան առաջանում էի, թովում էր ինձ այդ նվագը: Առաջին անգամ էր հնչում այստեղ, հավանաբար Դիվինոյում մեկը նորություն էր ճարել: Ափսոս, սկզբից չէի լսել:

Նորից միացրին, ինչպես երեւում էր, բոլորը հմայվել էին դրանով: Անկասկած լատինամերիկյան էր, հրաշալի պարային ռիթմով: Տաղավարը լեփ-լեցուն էր: Այդ երաժշտությունը կգրգռեր նույնիսկ երդվյալ չպարողներին, ինչպիսին ես էի մի ժամանակ:

Եկել էի, որ մտնեմ:

Հենց առաջին հայացքից մի աղջիկ աչքի ընկավ, նորեկ էր ամենայն հավանականությամբ, արտակարգ կազմվածքով, ջինսո՜վ, սլացիկ, նրբագեղ, ակնհայտորեն տարբերվում էր սիբիրյան գեղջկուհիներից: Եվ ինչպե՜ս էր պարում, մեջքի եւ ուսերի ի՜նչ խաղերով: Արդեն կասկած չունեի, որ հայտնվել է «էլի ինչ-որ մեկը», բայց ոչ ընդամենը չորրորդ տեղի համար:

Երեք աղջիկ պարում էին միասին, հավանաբար դեմ չէին լինի, որ մեկին տղա հրավիրի:

Մի քայլ էր մնացել, որ հասնեի նրան եւ մինչ կճանաչեի փակ ուսերն ու ծոծրակը, շրջվեց եւ արձանացավ...

- Դո՞ւ,- շշնջաց:

Պարը շարունակվում էր, խանգարում էինք, ձեռքերը դրեց ուսերիս: Գրկեցի մեջքը աչքերս փակելով, որպեսզի հանկարծ չարթնանամ: Ձեռքերիս մեջ ծանոթ, հարազատ մարմինն էր, երեսիս քսվում էին մազերը: Երբ բացեցի աչքերս, նրանն էին փակ: Դեմքերս այնքան մոտ էին, որ առանց ձգվելու շուրթերս հպեցի այտին: Իզուր երեւի, որովհետեւ նրա երազն էլ ընդհատվեց, ցնցվեց եւ աչքերը բացեց:

- Երես ծակծկեցիր, ինչո՞ւ չես սափրվում,- ապա շոյեց ծնոտս եւ ձգեց,- մորո՜ւքը...

- Մազե՜րը,- պատասխանեցի ես:

Ո՞ւր էր նրա գլխի խճճված զանգվածը, անճոռնի քառակուսի դեզը: Կարճ կտրած, հարթեցրած մազերը, ծայրերը կլորացրած, կիսով չափ էին ծածկում ականջները եւ կարմրավուն չէին, դեղնավուն-ոսկեգույն էին, գրեթե Նինայի մազերի նման: Անճանաչելի էր: Կարող էր նույնիսկ քրոջ կրտսերության իրավունքը վիճարկել:

- Մազերդ մթերմա՞ն ես հանձնել,- շշնջացի ականջի մեջ:

- Անտաշ,- ծիծաղեց նա գլուխը հետ գցելով,- փոխանակ կարծիքդ հայտնես...

Կարծիքս հայտնեցի ամենայն անկեղծությամբ, ինչպես միշտ:

- Հրաշալի է, արտակարգ, դու շատ գեղեցիկ ես:

- Իսկ առա՞ջ:

- Առաջ նույնպես: Ուղղակի տարբեր գեղեցկություններ...

- Կեղծավոր:

- Ճիշտ է, կեղծավոր եմ, որ այդքանից հետո պարում եմ հետդ:

Իզուր ասացի, գոնե մի քիչ վայելեի, նոր անցնեի բացատրության:

- Ինչքանի՞ց հետո,- նրա աչքերում նույնպես ափսոսանք տեսա,- ինչ լավ էր,- խոստովանեց նա,- ինչո՞ւ շտապեցիր փչացնել:

- Լա՞վ էր,- հարցրեցի:

- Դու արդեն լսեցիր:

- Ինձ համար էլ էր լավ...

Հաշտվում էինք նույնքան արագ, ինչպես կռվում էինքՙ հանկարծակի եւ միանգամից:

Երրորդ անգամ միացրին լատինամերիկյանը:

- Հրաշալի երաժշտություն է,- ասացի:

- Ես եմ բերել,- պարծեցավ նա,- բրազիլական լամբադա է: Ողջ Եվրոպան է լսում: Սա էլ քեզ համար եմ բերել,- ջինսի գրպանից հանեց եւ պիջակիս վերեւի գրպանը վառիչ դրեց:

Ակնկալիքներս արդարանում էին, սկսվեց օգոստոսյան նվերների շարքը:

- Շնորհակալ եմ,- թեթեւակի սեղմեցի մեջքը, ուրեմն հույս ունեի՞ր, որ այսօր ինձ կտեսնես:

- Փոքր բան էր,- ծիծաղեց,- գրպանում էի պահում:

- Ե՞րբ ես եկել:

- Երեկ, բայց այստեղ չեմ եղել, այսօր եմ գնացել վարսավիրանոց:

Ամեն մի խոսքից նոր ենթադրություն էր ծնվում:

- Ինձ համա՞ր ես գնացել վարսավիրանոց:

- Շատ չեղա՞վ,- ապա շարունակեց կողքանց նայելով,- իսկ եթե ասեմ այո՞...

- Ասա, հետո կտեսնենք:

- Էլի ասող է եղել... Նրա համա՞ր ես սիրունանում:

- Քույրի՞կդ է ասել:

- Ինչո՞ւ ես կարծում:

- Էլ ո՞վ պիտի ասեր... Դուրս չգա՞նք:

- Լավ, բայց խոստացիր, որ խելոք կմնաս:

Սպրդեցինք արանքներով, հսկող աչքը բացակայում էր: Ծառերի մեջ առաջին գործս եղավ նրան մի լավ ու ամուր համբուրելը:

- Հանգիստ,- սաստեց փաղաքշաբար,- ասացի, որ խելոք մնաս:

- Ասացիր, բայց ես չխոստացա:

- Լավ, գնանք գետափ, նստենք:

Գնում էինք գրկված, մեր ճանապարհով, մեր տեղերով, որտեղ էինք կանգնել, որտեղ համբուրվել եւ ...

- Հիշո՞ւմ ես այս տեղը,- պահեցի նրան:

- Անամոթ,- ծիծաղեց:

- Չե՞ս ուզում կրկնել:

- Ջինսը հագի՞ս, ո՞նց ես պատկերացնում, մոլագար...

Այդ բառը նույնպես սառեցնող հատկություն էր ձեռք բերել, իսկույն թողեցի նրան:

- Դրա համա՞ր այստեղ աղջիկները տաբատ չեն հագնում:

- Օ՜, էլի չարացա՞ր,- նա նորից գրկեց թեւս:

Անցանք թումբը, բարձրանալիս եւ իջնելիս պիտի գրկեի նրան, որ օգնեի, այդպես շարունակեցինք: Աղբյուրի մոտ նստած էին, շրջանցեցինք:

Ահա եւ գետափը, նրա երազած հանգրվանը: Պառկած ծառը նույնպես զբաղված էր: Այսօր շատ-շատ էին սիրահարները: Գետափով իջանք, նստելու հարմար տեղ չէինք գտնում, կամ մութն էր խանգարում: Ինքնամոռաց ճամփորդություն էր...

- Տատիս տան մոտ ենք,- ասաց Ինան,- մտնե՞նք, թեյ կհյուրասիրեմ:

- Այս ժամին տատդ հյուր կընդունի՞:

- Չգիտե՞ս, որ նա մեր տանն է ապրում: Ես ու Նինան ենք գալիս, երբ տանը ջղայնացնում են: Ընդհանրապես շատ ենք լինում այստեղ: Նինան է պարապում:

Գետափից բարձրացանք մի նեղ փողոցով: Հավանաբար դեռ կեսգիշեր չկար, շատ պատուհաններում լույս էր երեւում:

Ցածր, փայտաշեն տուն էր, մեծ գլխարկով թզուկ:

Ինան բացեց պատուհանը, ճարպկորեն սողոսկեց ներս, վառեց լույսը: Լուսավորության մեջ նրան հետեւելը դժվար չէր: Մտել էինք մի սենյակ, հնության բույրով, երկաթե մահճակալ, ցածր, լայն թախտ, հին պահարան եւ կլոր սեղան: Հեռախոսի զանգն անսովոր թվաց, ուժգին հնչեց:

- Այո, այո, այստեղ եմ,- քիչ անց կարճ ասաց,- քնիր,- եւ դրեց խոսափողը: - Նինան էր,- պատասխանեց հայացքիս:

- Ենթադրում եմ, թե ինչ հարցրեց:

Ինան ափսոսանքով ջինսի փողքերին էր նայում, մինչեւ ծնկները թաց էին, խոտի ծվեններով:

- Հապա,- ասաց,- փորձիր:

- Զանգահարեց ճշտելու համար, որ այստեղ ես:

- Ասենք թե:

- Հետո հարցրեցՙ մենա՞կ ես... կամ գուցեՙ նրա հե՞տ ես...

- Գրեթե,- քրքջաց Ինան,- նա երկու հարցն էլ տվեց: Հարցրեցՙ մենա՞կ ես, պատասխանեցիՙ քնիր, շարունակեցՙ նրա հե՞տ ես...

- Դու ի՞նչ ասացիր:

- Չտեսա՞ր, դրեցի հեռախոսը:

- Բայց դու չսպասեցիր երրորդ հարցին:

- Ո՞ր:

- Տուն գալո՞ւ ես, թե՞ գիշերն այդտեղ եք մնալու... երկուսով:

- Օ՜... գնալու ենք: Հիմա ժամը կիմանամ:

Նա միացրեց հին, սեւ-սպիտակ հեռուստացույցը, որը դղրդալուց հետո սկսեց բարձր ձայնով խոսել:

Չափազանց շատ էի համբերել: Մինչ ձայնն էր կարգավորում, հետեւից գրկեցի նրանՙ շնչելով ուսերն ու վիզը:

- Կարճ մազերը գիտե՞ս նաեւ ինչով են լավ,- շշնջացի ջերմ մաշկի վրա,- որ վիզդ լրիվ բացվում է...

Տասներկուսը չկար... Մեր պահակները մինչեւ կեսգիշեր նստում էին դարպասի մոտ:

- Ի՞նչ պատահեց,- զարմացավ Ինան:

Դեռ չէր եղել, որ կամովին թողնեի նրան:

- Գյուղտեխնիկայի համար գիտե՞ս,- հարցրեցի:

- Ահա հեռախոսագիրքը, շրջանի բոլոր համարները կան:

Իվանի հերթն էր, պարզվեց, որ Դավիթը նրա մոտ նստած է, ազատվեցի երկար-բարակ Իվանին բացատրելու դժվարությունից, թե ում ինչ փոխանցի: Դավթին ռուսերեն ասացի, որ շախմատ եմ խաղում եւ գիշերը տուն չեմ գա:

Ինան զարմանքով ինձ էր նայումՙ ժպիտը դեմքին:

- Ինչ ուզում ես ասա,- գրկեցի նրան,- ոչ ինքս դուրս կգամ այս տնից, ոչ էլ կթողնեմ, որ դու գնաս:

- Իսկ քո կարծիքով, ինչո՞ւ քեզ բերեցի այստեղ,- ասաց նա ինձ փաթաթվելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ