RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 05-03-2013



Տեղադրվել է` 2013-03-05 10:19:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1326, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 71

«ԱՆՎԱՎԵՐ»-Ը ԱՄԵՆԱՅՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ԹԵԿՆԱԾՈՒ...

Վ. Պ.

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցը գնահատել է հետընտրական մեկ շաբաթը` ներկայացնելով առատ վիճակագրություն

Փետրվարի 18-ին նախագահի ընտրությունների քվեարկությանը հաջորդած իրավիճակին է անդրադարձել մարտի 2-ին հրապարակված ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետընտրական միջանկյալ զեկույցը, որի համաձայնՙ դիտարկված փետրվարի 19-26-ը ընկած ժամանակահատվածում նախ փետրվարի 19-ին ԿԸՀ-ն հայտարարել է ընտրությունների նախնական արդյունքները, «համաձայն որոնց գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է առաջին փուլում, երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը բողոքարկել է ընտրությունների արդյունքները եւ հայտարարել, թե ինքն է հաղթել ընտրություններում»:

Ընտրական գործընթացների ավարտից մոտ երկու ամիս անց, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է համապարփակ վերջնական զեկույցը, որը ներառելու է հանձնարարականներ: Մինչ այդ միջանկյալ զեկույցում դիտորդական առաքելությունը ամփոփում է. «Փետրվարի 20-ից սկսած պարոն Հովհաննիսյանը կազմակերպել է բողոքի ցույցեր Երեւանում եւ մի շարք մարզերում, որոնց միացել են որոշ ընդդիմադիր կուսակցություններ եւ գործիչներ: Հանրահավաքները անցել են խաղաղ, իշխանությունները չեն միջամտել, սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ այդ հավաքները անօրինական են եւ կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության»:

6 էջից բաղկացած փաստաթղթում ամփոփվում է, որ եղել են 132 ՏԸՀ արդյունքները վերահաշվարկելու եւ չեղյալ հայտարարելու դիմումներ, որոնցից գրեթե բոլորը ներկայացվել են պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Վերահաշվարկի երեք դիմում, որոնք ներկայացվել են ընտրական տեղամասերից, բավարարվել են, եւ հայտնաբերվել են չնչին անճշտություններ առաջին հաշվարկի հետ համեմատած: «Մնացած բոլոր դիմումները մերժվել են այն հիմնավորմամբ, որ դիմումատուները իրավասու չեն ներկայացնելու նմանատիպ դիմումներ», ասվում է զեկույցում:

Նշելով, որ պաշտոնական արդյունքների համաձայն Սերժ Սարգսյանը հաղթել է` ստանալով քվեների 58.6 տոկոսը Րաֆֆի Հովհաննիսյանի 36.7 տոկոսի դիմաց, «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ մասնագիտացված մարմնի կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է հարաբերակցություն մասնակցության շատ բարձր ցուցանիշի եւ գործող նախագահին կողմ քվեարկած ձայների միջեւ ՏԸՀ-ներում, որտեղ միջինից բարձր մասնակցության դեպքում պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի մեծ բաժին»:

Այսպես, 1988 տեղամասերից 1746-ը ունեն 300 եւ ավելի գրանցված ընտրողներ: «Դրանցից 144-ում ընտրողների թիվը գերազանցել է 80 տոկոսը, որը թվում է անհավանականորեն բարձր, եւ նմանատիպ 115 տեղամասերում գործող նախագահը ստացել է քվեարկած ձայների ավելի քան 80 տոկոսը: 303-ից 198 տեղամասերում, որտեղ ընտրողների մասնակցությունը կազմում էր 70-80 տոկոս, գործող նախագահը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը: 249 տեղամասեր, որտեղ ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր, պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի քան 50 տոկոսը 40 տեղամասերում, իսկ պարոն Հովհաննիսյանը ստացել է ավելի քան 50 տոկոս 155 տեղամասերում»:

Ընտրողների բարձր մասնակցություն ունեցող տեղամասերի մեծամասնությունում դիտարկվել է գործող նախագահի ավելի շատ ստացած ձայների միտում, որը «առաջացրել է մտահոգություն ընտրական գործընթացի ամբողջականության արժանահավատության հանդեպ»: Մտահոգություն է առաջացրել նաեւ անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը որոշ ՏԸՀ-ներում, օրինակՙ «ՏԸՀ-ներ թիվ 7/9, 8/8, 12/22, 19/1, 19/5, 19/21, 28/26 եւ 34/29 անվավեր քվեաթերթիկների թիվը գերազանցում է ընդհանուր քվեարկած քվեաթերթիկների 20 տոկոսը»:

Վիճակագրական մատուցմամբ` ընտրությունների օրը ընտրական գործընթացների կազմակերպմանն առնչվող սահմանափակ թվով բողոքներ են ներկայացվել, իսկ ընտրություններից հետոՙ 80-ից ավելի: «Գրեթե բոլորը մերժվել են», նշվում է զեկույցում ու ներկայացվում նաեւ, որ ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը հետաքննել են ավելի քան 300 հնարավոր իրավախախտումներ, 10 դեպքերում քրեական գործ է հարուցվել:

Հետընտրական շրջանում լրատվամիջոցների առումով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ամփոփումը հետեւյալն է. «Որոշ լրատվական միջոցներ քաղաքական նորությունների լուսաբանման մեջ ցուցաբերել են խտրական մոտեցումՙ ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատական տեսակետները սահմանակափակելու նկատելի միտումով: Մի շարք առցանց լրատվական միջոցներ առաջարկել են բազմաբնույթ տեսակետներ»: Հիմնական հեռարձակվող լրատվամիջոցները, այդ թվումՙ Հանրային Հ1 հեռուստաալիքը, ըստ միջանկյալ զեկույցի, հետընտրական իրադարձությունների լուսաբանման մեջ ցուցաբերել են խտրական մոտեցումՙ ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատական տեսակետները սահմանակափակելու նկատելի միտումով:

«Հ1-ը, «Շանթը» եւ «Արմենիա» հեռուստատեսությունները հաճախ ներկայացրել են հանրահավաքների միայն ընդհանուր եւ մակերեսային լուսաբանում, միաժամանակ բազմիցս նշելով, որ հանրահավաքները անօրինական են եւ հաղորդելով այս առումով արված ոստիկանության հայտարարությունը», ասվում է փաստաթղթում, հավելմամբ, որ հեռուստաալիքների մեծ մասը (բացառությամբ «Երկիր մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստատեսության) հիմնականում մատնանշել են դրական կողմերը, ընդհանուր առմամբ խուսափել են ներկայացնել զեկույցում նշված քննադատությունները եւ բացթողումները: Մյուս կողմից, մի շարք առցանց լրատվական միջոցներ, ինչպես նաեւ ռադիո «Ազատությունը» եւ Հանրային ռադիոն, ներկայացրել են բազմաբնույթ տեսակետներ եւ ավելի հավասարակշիռ լուսաբանում:

Հետընտրական քաղաքական համատեքստի առումով, ըստ զեկույցի, «ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից ՀՅԴ-ն միացել է բողոքի ցույցերին, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի մի շարք հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվումՙ ՀԱԿ-ի առաջնորդ եւ ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նաեւ նախագահի թեկնածուներ պարոն Բագրատյանը եւ պարոն Ղուկասյանը: Այս առնչությամբ դիտորդները թերեւս մոռացել կամ նախընտրել են չմանրամասնել նշվածների` բողոքի ակցիաներին մասնակցության ձեւաչափերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 05-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ