RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 05-03-2013



Վերաքաղ

Տեղադրվել է` 2013-03-05 10:19:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2108, Տպվել է` 113, Ուղարկվել է էլ.փոստով` 104

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները նոր եւ անակնկալ քաղաքական պատկեր ստեղծեցին Հայաստանում: Հիմնվելով անցյալ տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների վրա, հարցախույզներից շատերը առանց միջադեպերի, սովորական նախագահական ընտրություններ էին ակնկալում թեկնածուներից առաջին տեղում դասելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Յոթ թեկնածուներ էին մրցում, բայց հարցախույզները ընդհանուր առմամբ միայն մեկ տոկոսի քվեներ էին կանխատեսում մյուս բոլոր թեկնածուներին, ներառյալ Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմնադիրը «Ժառանգություն» կուսակցության, որը հազիվ էր 6 տոկոսի պահանջը բավարարել խորհրդարանական ընտրություններում:

Սակայն նախագահական ընտրությունների ավարտին այդ նույն հարցախույզ անցկացնողները զարմացած էին, տեսնելով, որ Հովհաննիսյանը իրականում հավաքել էր ձայների 37 տոկոսը: Արդյունքը գուցե զարմացրել էր հենց իրենՙ թեկնածուին:

Ընտրությունների այս անկանխատեսելի ելքը հավանաբար երկար ժամանակ հեռագնա ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքական զարգացումների վրա: Րաֆֆիի հայտնությունը նախ եւ առաջ հեղինակազրկում է Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրես կոալիցիայի դերակատարությունը որպես ընդդիմադիր գլխավոր ուժի: Կոալիցիան վերջերս ձգտում էր վերակազմավորվել որպես լիովին կայացած քաղաքական կուսակցության: Այժմ կարծես տեկտոնական տեղաշարժ կատարվեց ընդդիմադիր ճամբարում:

Հովհաննիսյանի համար դեռ շատ վաղ է արբենալու իր ձեռք բերած հաջողություններով, որովհետեւ ի նպաստ իրեն գցված քվեների մեծ մասը իրականում քվեներ են ընդդեմ ներկա վարչակազմի: Մարդիկ հուսահատ են եւ որեւէ լուրջ բարելավում իրենց վիճակի չեն ակնկալում: Հարուստը էլ ավելի է հարստանում, մինչ մեծամասնությունը քարշ է տալիս իր կյանքըՙ ապրելով աղքատությունից ցածր մակարդակով, կամ հեռանում է երկրից դեպի անորոշ ապագա: Ըստ անհատ հարցախույզ Ահարոն Ադիբեկյանի տվյալներիՙ այս անգամ «Ժառանգություն» կուսակցությանը կողմ են քվեարկել գրեթե բոլոր կուսակցությունների հարողները: Հանրապետականների 6 տոկոսը, «Բարգավաճ Հայաստանից»ՙ 36, ՀԱԿ-իցՙ 40, ՀՅԴ-իցՙ 38, «Օրինաց երկրից»ՙ 29 եւ «Ժառանգությունից»ՙ 77:

Րաֆֆի Հովհաննիսյանը դրական կերպար է, խարիզմատիկ է, ազնիվ եւ վստահելի: Կարող է պատկառազդու, ազդեցիկ ու հրամայական թվալ, բայց իրականում մեղմ է, բարեկիրթ եւ հարգալից:

Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը ընդհանուր շատ բաներ ունեն, ներառյալ այն, որ երկուսն էլ ժամանակին արտգործնախարար են եղել եւ ծնվել են Հայաստանից դուրս: Իսկ նրանց ամենահատկանշական նմանությունն այն է, որ երկուսն էլ ներկայացրել են մի քաղաքական մշակույթ, որը խորթ էր խորհրդային բռնապետական իշխանությունից նոր ձերբազատված մի երկրի: Այդուհանդերձ, Հովհաննիսյանի օգտին նետված քվեները ցույց են տալիս, որ այդ մշակույթը գնալով ավելի է ամրանում հայ էլեկտորատի մտածողության մեջ: Նաեւ ցույց է տալիս, որ սփյուռքահայ ներկայացուցիչների դեմ հակվածությունը հետզհետե նվազում է:

Հովհաննիսյանը գուցե փորձում էր մրցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, որը վայելում է Արեւմուտքի եւ հատկապես Մ. Նահանգների պաշտպանությունը: Չնայած Սաակաշվիլին կարողացավ սանձել կաշառակերությունը եւ արագ տեմպերով զարգացնել տնտեսությունը, նրա ներկա վիճակը այնքան էլ նախանձելի չէ, այնպես որ, հուսանք, երկու քաղաքական գործիչների նմանությունը այդքան հեռուն չի գնա:

Երկար ժամանակ է անցել այն օրից, երբ Հովհաննիսյանը մի օրինական պահանջ ներկայացրեց ոչ ճիշտ վայրում եւ ոչ ճիշտ ժամանակին, եւ որը պատճառ դարձավ, որ նա կորցնի Հայաստանի առաջին արտգործնախարարի իր պաշտոնը: Թուրքիա կատարած մի այցի ընթացքում նա Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրեց առանց համաձայնեցնելու երկրի նախագահի հետ, որն այդ ժամանակ Անկարայի հետ բանակցություններ էր վարում ցորեն ներկրելու Հայաստանՙ սպառնացող սովի առաջն առնելու նպատակով:

Վերջին քվեարկության արդյունքները միջազգային մարմինների կողմից լավագույնն են ճանաչվել ամբողջ 21 տարիների ընթացքում: Եվրոմիությունից Քեթրին Էշթոնը ողջունել է ընտրական գործընթացի մակարդակը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու Հայաստանի իշխանությունների ջանքերը: ԱՄՆ նախագահ Օբաման շնորհավորել է Ս. Սարգսյանի վերընտրությունը: ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները, այդուհանդերձ, ընտրությունները որակել են «գողացված»ՙ խախտումների, կաշառաբաշխումների եւ լցոնումների հետեւանքով:

Չնայած նախագահ Սարգսյանը հայտարարել է իր հաղթանակը ձայների 58 տոկոսը ստանալով, Րաֆֆի Հովհաննիսյանը իրեն է համարում նորընտիր նախագահըՙ ձայների 80 տոկոսի առկայությամբ, առանց սակայն նշելու, թե ինչպես է հասել այդ թվին: Իր առաջին հակազդեցությունը դոնկիխոտյան էր: Նա Ազատության հրապարակ գնալովՙ վերջնագիր ներկայացրեց նախագահ Սարգսյանինՙ հայտնվելու հաջորդ օրը, ժամը 5-ին կայանալիք հանրահավաքին եւ անձնատուր լինելու «ժողովրդի կամքին»: Ինչպես ակնկալվում էր, ոչ ոք չհայտնվեց նշված ժամին, Հովհաննիսյանը ինքը գնաց նախագահական նստավայր եւ մեկուկես ժամ հանդիպեց Սարգսյանի հետՙ ներկայացնելով իր երեք պահանջները: Պահանջներից ոչ մեկը չի իրականացվել, չնայած հանդիպումն անցել էր բարեկիրթ մթնոլորտում, առանց առճակատման, ժողովուրդը իսկապես գնահատում է Հովհաննիսյանի բարեկիրթ կեցվածքը այս ամբողջ ընթացքում:

Նա վերադարձել է Ազատության հրապարակ եւ հանրահավաքի ժամանակ երդվելՙ շարունակել պայքարը սահմանադրական միջոցներով մինչեւ հաղթանակ: Նրա լոզունգն է «Բարեւ, Հայաստան», եւ շատերն արդեն նրա շարժումը բնորոշում են որպես «Բարեւի հեղափոխություն»:

Սա, իհարկե, մեզ հիշեցնում է Վրաստանում կատարված «Վարդերի հեղափոխությունը» եւ Ուկրաինայում կատարված «Նարնջագույն հեղափոխությունը»: Երկու շարժումներում էլ ընդգրկված էին «Սորոսի հիմնադրամի» միջոցներով պատրաստված երիտասարդներ: Նրանք այդ հասարակություններում օտար ներարկումներ էին, ոչ թե տեղական ժողովրդի ծոցից ծնված շարժումներ:

Հայաստանում ոչ ոքի կասկածը չի հարուցում այն, որ «Ժառանգություն» կուսակցությունը Արեւմուտքի եւ հատկապես Մ. Նահանգների պաշտպանությունն է վայելում: Իր սկզբնական պլատֆորմում Հովհաննիսյանը վիճարկում էր Հայաստանում ռուսական զինվորական բազայի գոյությունը եւ պահանջում վերանայել այդ պայմանագիրը: Այդ հայտարարությունը ինքնին բավական է մատնացույց անելու համար, թե ինքը որտեղից է եւ ինչ հակումներ ունի: Իր ելույթներում նա նաեւ ներկայացրել է ի՛ր արտաքին քաղաքականությունը: Նա ասել է, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հարցը հնացած է: Մինչեւ 2015 թվականը Հայաստանը կամ դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատի Թուրքիայի հետ առանց նախապայմանների, կամ էլ Երեւանը պետք է Թուրքիային ներկայացնի իր պահանջները: Նա նաեւ ասել է, թե ոչ ոք չպետք է ենթադրի, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը հարցից դուրս է, քանի որ Կոսովոն եւ Արեւելյան Թիմորը ճանաչվել են: Սա, իհարկե, ավելի հեշտ է ասելը, քան իրագործելը:

Նա այնպես է խոսում, կարծես բոլոր այս քաղաքական նպատակները հեշտությամբ կարելի է ձեռք բերել, եւ միայն ներկա գործող վարչակազմն է, որ կամ չի ցանկանում, կամ էլ անկարող է իրագործել դրանք:

Նախՙ Հայաստանը կարող է խնդրել, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Թուրքիայի հետ առանց նախապայմանների, բայց մյուս կողմըՙ Անկարան, պատրա՞ստ է արդյոք նույնպես վարվել: Անկարան չունի՞ իր նախապայմանները:

Երկրորդ, Ղարաբաղի ճանաչումը Հայաստանի կառավարության կողմից հավասարազոր է պատերազմի հայտարարության: Պատմական արդարությունը, ճիշտ է, մերՙ հայերիս կողմն է, սակայն մյուս կողմն է, որ քաղաքական գլոբալ ուժ է ներկայացնում:

Ընտրարշավի ամբողջ ընթացքում ՀՅԴ-ն սպասողական դրության մեջ էր: Չուներ իր սեփական թեկնածուն, ոչ էլ սատարում էր թեկնածուներից որեւէ մեկին: Ընտրական հայտարարության մեջ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը չէր էլ նշվում: Փոխարենը նշվում էր, որ կուսակցությունը պաշտպանում է «ժողովրդի կամքը», որը նույնն է, ինչ ասել, թե սիրում են «մայրիկին եւ խնձորով կարկանդակ»: Բայց Հովհանիսյանի հաղթանակով ամեն ինչ փոխվեց միանգամից: Արմեն Ռուստամյանը, խոսելով «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքում, ասաց, որ Ազատության հրապարակը սպասում էր Դաշնակցությանը եւ իրենք ահա այնտեղ են: Ստացվեց այնպես, որ հենց իմացան, թե կշիռը որ կողմն է թեքվում, սկսեցին պաշտպանել ըմբոստին: Թողեցին, որ Րաֆֆին շագանակները հանի կրակից, իսկ հիմա իրենք պատրաստ են կիսելու հաղթանակը նրա հետ:

Հանրահավաքին մասնակցեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, որ միշտ ներկա է այնտեղ, որտեղ սադրիչ ելույթներ են պետք եւ վիրավորական խոսքերՙ ուղղված նախագահին եւ ներկա վարչակազմին:

Ընտրություններն, ինչ խոսք, հարյուր տոկոս ազնիվ չէին: Բարելավումները դանդաղ են գալիս, բայց դրանք արդեն տեսանելի են: Հովհաննիսյանի հայտնությունը, որպես վստահելի ընդդիմություն, անպայման արագացնելու է այդ բարելավումների գործընթացը: Նրա ներկայությունը եւ հանրահավաքները նույնպես վկայում են, որ ընդդիմությունը տեղ ունի Հայաստանում:

Այդուհանդերձ, նրանք, ովքեր Սարգսյանի օգտին քվեարկեցին, առաջին հերթին Հայաստանի կայունության մասին էին մտածում: Նա այն առաջնորդը չէ, որ արկածախնդրական կուրս վարի: Նա խաղաղության կողմնակից է, եւ նրա վերընտրությամբ վստահություն կա, որ պատերազմ չի լինելու: Որոշ մարդիկ նույնիսկ հույս ունեն եւ հավատացած են, որ նա կարող է օլիգարխների ախորժակը սահմանափակել:

Հետընտրական այս խառնաշփոթի ընթացքում մի շարք խորհուրդներ են տրվում Րաֆֆի Հովհաննիսյանին: Խիստ պահպանողական ընդդիմադիր տարրերը կուզենային, որ պայքարը շարունակվեր մինչեւ դառը ավարտը: Ուրիշները նրան խորհուրդ են տալիս կապիտալի վերածել իր հաղթանակը եւ բանակցությունների միջոցով զբաղեցնել մի պաշտոն, որը բարեփոխումներ կկարողանար իրականացնել: Երկու նախկին վարչապետներ եւ նախագահական թեկնածուներՙ Վազգեն Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանը, առաջ են քաշում կառավարող կուսակցության հետ կոալիցիա կազմելու գաղափարը: Մի խումբ մարդիկ էլ հավատացած են, որ Հովհաննիսյանը մանիպուլյացիայի է ենթարկվում եւ պաշտպանվում արտաքին ուժերի կողմից, հետեւաբար ստիպված է հաշվի նստել նաեւ նրանց քաղաքական օրակարգերի հետ:

Հայաստանը կարիք ունի կայունության: Թուրքական լրատվամիջոցները արդեն իսկ ճգնաժամ են ակնկալում Հայաստանում: Իսկ Ադրբեջանը էլ ավելի է սաստկացնում լարվածությունը սահմանային, հատկապես Տավուշի, շրջաններում:

Բարեփոխություններ, ինչ խոսք, անհրաժեշտ են: Մարդիկ հուսալքված են, փոփոխությունները պետք են: Բայց փոփոխություններն առանց կոնկրետ ծրագրերի չեն կարող իրականություն դառնալ: Փոփոխություններից շատերն էլ կախված են արտաքին գործոններից:

Ով էլ ղեկավարի, Հայաստանում չի կարող մի օրից մյուսը վերացնել շրջափակումը կամ լուծել ղարաբաղյան հակամարտության հարցը: Այն, ինչը կարելի է փոխել, ներքին գործոններն ենՙ կաշառակերության վերացումը, տնտեսական վերականգնման ինտենսիվացումը եւ օրենքի գերակայության հաստատումը:

Շատ բան Հովհաննիսյանի գործողություններից է կախված: Նա կարող է փչացնել ամեն ինչ կամ լինել իսկական բարեփոխիչ: Եթե խելամտորեն վարվի, նա հայոց պատմության մի մասնիկը կդառնա:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ.ՙ Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 05-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ