ԲԱՑՎԵՑ ՆԿԱՐՉՈՒՀԻ ՔՆԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ Մարտի 4-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց նկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ներկա էին ճանաչված նկարիչներ, արվեստագետներ, արվեստասերներ: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Այնուհետեւ ելույթ ունեցավ արվեստագետ Շահեն Խաչատրյանը: Վերջինս արվեստասեր հասարակությանը հակիրճ ներկայացրեց անվանի նկարչուհու անցած ուղին: Քնարիկ Հովհաննիսյանը ծնվել է 1926թ Երեւանում, 1951-56 թթ. սովորել է Սանկտ-Պետերբուրգի Ի. Ռեպինի անվան ճարտարապետության, քանդակագործության եւ գեղանկարչության ինստիտուտում:1956 թ. դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Աշխատել է Չելյաբինսկում: 1957 թ. առաջին անգամ մասնակցել է ցուցահանդեսների : 1962 թ. անհատական ցուցահանդես է ունեցել Չելյաբինսկում: 1977 թ. պարգեւատրվել է Բուլղարիայի միջազգային պլեների Գրանպրի պարգեւով: 1983 թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երեւանում: Նրա աշխատանքները ներկայացված են Հայաստանի պատմության թանգարաններում` Երեւանում, Վանաձորում, Հրազդանում, Ռուսաստանում` Մոսկվայում Չելյաբինսկում, Բուլղարիայում, Ռումինիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում: Վերջում իրենց տպավորությունը հասարակության հետ կիսեցին մի շարք արվեստագետներ եւ նկարչուհուն ճանաչող մարդիկ: |