ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԳԴՀ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՈՐԲԵՐԹ ԼԱՄՄԵՐԹԸ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը: Բունդեսթագի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բունդեսթագի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպումներ կունենան նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների, Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ: Նորբերթ Լամմերթը դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: ԳԴՀ Բունդեսթագի ղեկավարն ու պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ի դեպ, երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր: |