ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ 8 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ Իրանի Ռաշտ քաղաքում մեկնարկած շախմատի մրցաշարում 4 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սարգիս Մանուկյանը, Վահե Բաղդասարյանն ու Սիմոն Մկրտչյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր: Մանուկյանը հաղթել է Ամիրմասուդ Մորադիին եւ Ալի Վալիզադեհին, ոչ-ոքի է խաղացել Ռեզա Ասղարզադեհի եւ Տեջաս Բակրեի հետ: Բաղդասարյանը մրցաշարը սկսել է Ռամիլ Ալաջովի եւ Միրադիլ Զեյնալիի հետ ոչ-ոքիներով, ապա հաղթել է Ալի Պիլվաեհին եւ Ադնան Նադիմիֆարին: Մկրտչյանը մեկնարկում պարտվել է Ռեզա Ղանբարզադեհին, այնուհետեւ 3 անընդմեջ հաղթանակ է տոնել: Նորայր Թորոսյանը, Սեդրակ Մաթեւոսյանն ու Մանուել Պետրոսյանը վաստակել են 2,5-ական միավոր: 2 միավոր ունի Մարիա Գեւորգյանը: Արմինե Բաբայանի օգտին գրանցված է 1,5 միավոր: 22-ամյա երեւանցի շախմատիստուհին մինչ այս մրցաշարը հանդես եկավ Իրանի Մաշհադ քաղաքում, որտեղ 2-րդ անգամ լրացրեց կանանց միջազգային վարպետի նորման: Առաջին անգամ նա նման հաջողության էր հասել շախմատի Հայաստանի կանանց այս տարվա առաջնությունում: 4 տուրից հետո առաջատարը վրացի Լեւան Պանցուլայան է, որը շահել է բոլոր պարտիաները: 8 շախմատիստներ 3,5-ական միավորով հետապնդում են նրան: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում են 128 շախմատիստներ: |