ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԴԻՄՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ Հ. Հ. Ռուբեն Մարտիրոսյանը երկու տարի առաջՙ փետրվարի 12-ին ԼՂՀ ՊԲ N զորամասում սպանված Թորգոմ Սարուխանյանի իրավահաջորդի ներկայացուցիչն է: «Ազգ» օրաթերթին ուղարկված նամակում նա հավաստիացնում է, որ Թորգոմի սպանության վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունն ուղեկցվել է ակնհայտ կեղծիքով եւ հանցագործություններով, փաստերը նենգափոխվել են եւ դիտավորյալ սպանությունը որակվել է որպես ինքնասպանություն: «Ներկայումս գործում որպես ամբաստանյալներ ներգրավված են 3 անձՙ ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանը, ժամկետային զինծառայողներ Ռոբերտ Բադալյանն ու Հրանտ Կարապետյանը, ովքեր դեպքից իբր 2 շաբաթ առաջ ապտակել են Թորգոմ Սարուխանյանին, նվաստացրել նրան, հայհոյել եւ հասցրել ինքնասպանության», գրում է Մարտիրոսյանը: Նրա խոսքերովՙ դիակի արտաքին զննությունը կատարած թիվ 186/10 դատաբժշկական եզրակացության հեղինակ Ա. Դալլաքյանը տվել է կեղծ եզրակացություն, ինչի հիման վրա դիտավորյալ սպանությունը որակվել է ինքնասպանություն: «Սա համակարգային հանցագործություն է, որում մեղավոր են ինչպես ՀՀ ՊՆ ՔԾ ղեկավարներ, այնպես էլ նախաքննությունը հսկող զինդատախազության պաշտոնատար անձինք, ընդհուպ զինդատախազը: Համաձայն ՔՕ 190-րդ հոդվածի 6-րդ կետիՙ քննությունը պետք է կատարվի ՀՔԾ շրջանակներում: Իմ այս հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ Քննչական բաժին: Ես հատուկ նշել էի, որ հաղորդման շուրջը քննությունը կատարվի ՀՔԾ շրջանակներում, սակայն ինձ չհաջողվեց ստիպել, որպեսզի գործի օրենքը: Հաղորդումս ուղարկվեց այն մարմնին, որին ես մեղադրում եմ Թորգոմ Սարուխանյանի գործով կատարած հանցագործության մեջ»: Մարտիրոսյանի տեղեկացմամբՙ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՊՆ ՔԾ: «Մինչ օրս ես ուղարկել եմ շուրջ 30 հաղորդում հանցագործության մասին, ինչպես Թորգոմ Սարուխանյանի, այնպես էլ 2010-ի հուլիսի 27-ին սպանված Արտակ Նազարյանի գործով, եւ իմ բոլոր հաղորդումներն ապօրինաբար ուղարկվել են այն մարմնին, որին ես մեղադրել եւ մեղադրում եմ նախաքննության ընթացքում կատարած հանցագործությունների մեջ: Պահանջում եմ անհապաղ վերջ դնել այս արատավոր գործելաոճին եւ պահանջում եմ Ձեր կարգադրությունը, որպեսզի իմ հաղորդումն ուղարկվի ՀՔԾ եւ օրենքով սահմանված կարգով դրան տրվի համապատասխան ընթացք»: Թորգոմ Սարուխանյանի մահվան փաստի առիթվ հարուցված քրեական գործը գտնվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում է: |