ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՆՈՐ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ Հ. Ծ. Չնայած Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված մրցույթի պաշտոնական արարողությունները ավարտվել են անցյալ դեկտեմբերի 13-ին Փարիզի շքեղագույն «Սալ Կորտո» համերգային դահլիճում կայացած ելույթներով, մրցույթում երկրորդ տեղ գրաված մեքսիկացի երգահան Թոմաս Բարեյրոյի համար դրանք պարզապես սկիզբն են եղել իր կատարողական արվեստի կարիերայում, տեղեկացնում է ՀԲԸՄ-ի նյույորքյան գրասենյակից ստացված հաղորդագրությունը: 2013-ի դեկտեմբերին նա ելույթ է ունենալու «Կառնեգի Հոլում» ներկայացնելու համար «Սոխակի մահը» նոր մեկնաբանությամբ, որտեղ հայկական եւ մեքսիկական մշակույթի տարրեր միաձուլված են իրար: Փարիզում Սայաթ-Նովային նվիրված մրցույթները անցկացվում են 2 տարին մեկ, սկսած 2006 թվականից: 2012-ի մրցույթն ու համերգը կազմակերպել էին ՀԲԸՄ-ի Եվրոպայի վարչության անդամներից Ռիչարդ Աբդալյանը, դաշնակահար եւ մրցույթի նախաձեռնողՙ Քրիստիան Էրբալո-Փափազյանը եւ ՀԲԸՄ եվրոպական ծրագրի ղեկավար Զարուհի Օդամբաշյանը, հովանավորությամբ Փարիզում ՀՀ դեսպանատան եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի, եւ համագործակցությամբ Կլամար երաժշտանոցի, Փարիզում Մեքսիկայի Մշակութային ինստիտուտի, Մեքսիկայի ուսանողների տան, «Նուվել դ՛Արմենի» պարբերականի, Փարիզի 17-րդ վարչական շրջանի ներկայացուցչության եւ Սաբերատուրի: Համերգը, որ մաս է կազմել ՀԲԸՄ-ի երիտասարդ տաղանդների որոնման ծրագրին, տվել է իր ցանկալի արդյունքը: Մրցույթում երրորդ տեղն է զբաղեցրել երեւանաբնակ Էռնեստ Դուլգարյանը: |