ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՏԵՍԻԼԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ Lonely planet ԵՐԳՈՎ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Օրերես տեղի ունեցավ Հայաստանը Եվրոտեսիլում ներկայացնող երգի ընտրությունը: The truth, No time, Toy planet, Lonely planet երգերից ընտրվեց Lonely planet երգը, որի հեղինակն անգլիական Black Sabbath ռոք խմբի կիթառահար Թոնի Այոման է, իսկ խոսքերի հեղինակը` Վարդան Զադոյանը: Երգի ընտրությունից հետո Թոնի Այոման իր պաշտոնական էջում գրառում է կատարել. «Իմ դեմո-մտահղացումներից մեկն ընտրվեց որպես երգ, որով Հայաստանն այս տարի կներկայանա Եվրոտեսիլ երգի մրցույթին: Այն ընդգրկվեց շորթ-լիսթում , որից հետո քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչվեց: Ես գրել եմ երաժշտությունը, իսկ Dorians-ը` խոսքերը: Երգը կոչվում է Lonely Planet: Dorians-ը լավ խումբ է, իսկ վոկալիստն իսկապես լավ ձայն ունի: Ես ուրախ կլինեմ կրկին մասնակցել Հայաստանի հետ կապված նախագծերին»: Ինչպես «Ազգին» հաղորդեց Եվրոտեսիլի հայաստանյան պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը , մրցութային երգերի հայտերի թիվը գերազանցել էր 70-ը, որոնք ստացվել են ոչ միայն Հայաստանից, այլեւ` Իսպանիայից, Բելգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից: Երգի ընտրությունը կատարվեց 50/50 հարաբերակցությամբ` ժյուրիի եւ քվեարկության միջոցով: «Ազգին» Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ ժյուրիի անդամներն են` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանը, հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը, երգչուհի Սոնա Սարկիսյանը, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը: Գոռ Սուջյանն անդրադառնալով նախընտրական փուլում ներկայացրած երգերին ասաց. «Փորձեցի օբյեկտիվ վերաբերել եւ տարբերություն չդնել 4 երգերի միջեւ եւ կատարել եմ այնպես, որ երգերից ո՛րն էլ ընտրվեր, իմ սրտով էր լիելու», եւ ավելացրեց. «Մինչեւ մարտի 18-ը մենք կարող ենք փոփոխություններ կատարել հաղթանակած Lonely planet երգի վրա, իհարկե կտրուկ փոփոխությունների մասին չէ խոսքը: Մենք կծաղկեցնենք երգը»: Գոռը լրագրողներին տեղեկացրեց, որ «Եվրոտեսիլ 2013-ի» մրցակից երկրների երգերից իրեն դուր են եկել Վրաստանի եւ Մալթայի երգերը: Ընդգծենք, որ «Դորիանս» խմբի նոր պրոդյուսերն է Արա Թադեւոսյաը, որը «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրենն է: «Եվրոտեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: Գոռը եվրոտեսիլյան պատմության մեջ այն միակ երգիչն է, որի մասնակցությանը «Եվրոտեսիլ 2013-ին» կողմ է հայերի համարյա թե մեծամասնությունը: Գոռը արդեն մեկ անգամ եղել է Եվրոտեսիլի բեմում` որպես Եվա Ռիվասի բեք-վոկալ: Նշենք, որ նա ժամանակին ցանկացել է դառնալ տնտեսագետ, հետո` ծրագրավորող, ապա ընդունվել է թատերական ինստիտուտ, իսկ վերջում, ինչպես ինքն է ասում, ամեն ինչ խառնվել է ու որոշել է երաժիշտ դառնալ: Վերջին 4 տարիների ընթացքում «Դորիանս» խումբն արժանացել է «Տարվա հայտնություն», «Տարվա լավագույն ռոք խումբ», «Տարվա լավագույն տեսահոլովակ», «Rock Number One» եւ այլ մրցանակների: «Դորիանս» խումբը կազմավորման օրվանից ի վեր ունեցել է ակումբային տասնյակ համերգներ Հայաստանում, 2010 թվականի նոյեմբերին համերգներով հանդես է եկել Մոսկվայում, մասնակցել 2011 թվականի օգոստոսին ելույթ է ունեցել Երեւանում կայացած Սերժ Թանգյանի համերգի բացմանը, բայց խմբի համար ամենահիշարժանը թերեւս եղել է 2012 թվականի սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգը, որի ընթացքում «Դորիանսը» մեկ բեմում հանդես եկավ հանրահայտ երաժիշտներ Գլեն Հյուզի եւ Դերեք Շերինյանի հետ: Ի դեպ, Գոռը երաժիշտ դառնալու որոշումը կայացրել է այն ժամանակ, երբ առաջին անգամ լսել է «Led Zeppelin» ռոք-խմբի հանրահայտ «Stairway To Heaven» երգը: «Led Zeppelin» ռոք-խումբը մեծ դեր է ունեցել «Դորիանսի» կազմավորման հարցում. 2008 թվականին, երբ տղաները համախմբվել եւ ստեղծել են խումբ ` «Gor and friends» անվամբ, այսինքն` «Գոռ եւ ընկերներ», սկսել են կատարել Led Zeppelin-ի քավերները: Իսկ ընդամենը կես տարի անց որոշել են հանդես գալ նաեւ հեղինակային ստեղծագործություններով ու վերանվանվել են «Դորիանս»: Նշենք, որ «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը դեռ անցյալ տարի էր պատրաստակամություն հայտնել ելույթ ունենալ «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթում, սակայն այդ տարի Հայաստանը չմասնակցեց մրցույթին: |