ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԵՌՅԱԿԸ ՀԱՂԹՈՂԻՑ ՀԵՏ ՄՆԱՑ ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում ավարտված շախմատի մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկան Տիգրան Ղարամյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Կարեն Գրիգորյանը, որոնք 9 հնարավորից վաստակեցին 6,5 միավոր: Տիգրան Ղարամյանն ավարտական 2 տուրերում հաշտություն կնքեց Ալեքսեյ Ֆյոդորովի եւ Մաքսիմ Ռոդշտեյնի հետ ու լրացուցիչ գործակիցներով մրցաշարի 564 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Սամվել Տեր-Սահակյանը հանգրվանեց 13-րդ հորիզոնականում: Նա վերջնագծում 2 հաղթանակ տոնեց Սեբաստիան Նիլսոնի եւ Խոսե Սեքյուերայի նկատմամբ: Կարեն Գրիգորյանը զբաղեցրեց 16-րդ տեղը: Նա 8-րդ տուրում պարտվեց Մաքսիմ Ռոդշտեյնին, իսկ ավարտական պարտիան Պետրա Պապի հետ ավարտեց հաղթանակով: Գրիգորյանը լրացրեց գրոսմայստերի նորման: Հայ շախմատիստների եռյակն ընդամենը կես միավոր զիջեց առաջատար 8 մասնակիցներին: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Սանան Սյուգիրովը: 2-րդ տեղը զբաղեցրեց Իսրայելի ներկայացուցիչ Մաքսիմ Ռոդշտեյնը: Էլինա Դանիելյանը 9 հնարավորից վաստակած 6 միավորով գրավեց 30-րդ տեղը: Էլինան 8-րդ տուրում պարտվեց Ռենիեր Վազգուեզին, իսկ հաջորդ պարտիայում հաղթեց Մաշա Կլինովային: 6-ական միավորով Հովհաննես Գաբուզյանը 42-րդն է, Դավիթ Հարությունյանըՙ 60-րդը, Եվգենիա Դոլուխանովանՙ 71-րդը: Վերջինս լրացրեց միջազգային վարպետի նորման: Ռուսաստանցի Կարինա Համբարձումովան 5,5 միավորով գրավեց 94-րդ տեղը, իսկ Ռոբերտ Աղասարյանը 5 միավորով 142-րդն է: |