RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 05-03-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-03-05 10:19:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2232, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՆ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԻԼԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Փետրվարի 14-17-ը Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցավ Միջազգային տուրիզմի հերթական ցուցահանդեսը: Եվ այս տարի, առաջին անգամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայանում էր Հայաստանից զատՙ ցուցադրելով գրքեր, հոլովակներ, գինի, կոնյակ եւ այլ նյութեր: Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը բաղկացած էր 4 անդամներիցՙ Պատմական միջավայրի պահպանության եւ կառավարության զբոսաշրջության բաժնի տնօրեն Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ:

Ադրբեջանի տաղավարը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող տաղավարի համարյա հարեւանությամբ: Ազերիները այս անգամ էլ սեփական պարտությունը «արդարացնելու» համար ընկան ինքնախաբեության գիրկը` չկարողանալով անտեսել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն իր առանձին տաղավարն ունի եւ աշխարհին է ներկայանում որպես ինքնուրույն միավոր: Ցուցահանդեսի սկսվելուց հաշված ժամեր անց Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկը մոտենում է ԼՂՀ-ի տաղավարին եւ գոռոզամտորեն հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին տաղավար ունենալը չի համապատասխանում միջազգային իրավական նորմերին: Ասկյարը պահանջում է լքել տաղավարը եւ դադարեցնել Արցախի մասին թերթոնների բաժանումը: Չբավարարվելով միայն հայտարարություններով, ազերիները նույն գիշերվա ընթացքում (ամսի 15-ին) ներխուժում են ԼՂՀ-ն ներկայացնող տաղավար, գողանում են գրքույկներ եւ մեծ պաստառը, որի վրա գրված էր «Լեռնային Ղարաբաղ»:

Հարցին միջնորդում է Միլանում գործող Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսարանը: Պատվո հյուպատոս պրն Պիետրո Քուչուկյանը, որը այս ամենի ականատեսն ու վկան էր, պրն Շահվերդյանի հետ դիմում է ցուցահանդեսի մենեջեր Էմանուելա Ֆոռլինինՙ պատմելով կատարվածի մասին եւ խնդրում օգնելՙ կանխելու համար ապագա անախորժությունները:

Սակայն պատմությունը այս ամենով չի վերջանում... Հենց հաջորդ օրը անվտանգության գլխավոր պատասխանատուն պրն Քուչուկյանին եւ պրն Շահվերդյանին իր գրասենյակ է հրավիրում, որտեղ նրանց էին սպասում 4 ադրբեջանցիներ, այդ թվումՙ Հռոմից ժամանած Ադրբեջանի նախկին դեսպանը: Ազերիները, առաջ բերելով բազմաթիվ անհեթեթ պատճառաբանություններ, շարունակում են պնդել, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղավարի առկայությունը իրավական խախտում է: Երկար վիճաբանութունից հետո, երբ անվտանգության գլխավոր պատասխանատուն հասկանում է ադրբեջանական կողմի անհեթեթ պահվածքը, զայրացած դիմում է վերջիններիս նշելով, որ ադրբեջանցիները ճիշտ վայր չեն ընտրել նման քննարկումներ անցկացնելու համար: Ավելին` նման վարքագծի շարունակությունը կարող է հանգեցնել նրան, որ հաջորդ տարվա ցուցահանդեսում ադրբեջանցիները կզրկվեն տաղավար ունենալու հնարավորությունից:

Հաջորդ օրը ազերիները, մոռանալով թե ինչի համար են եկել միլանյան ցուցահանդես, իրենց տաղավարում նոր պաստառներ են փակցնում` հետեւյալ մակագրություններով.

«1 միլիոն ազերի փախստականներ», «Հայերը ներխուժել են Ղարաբաղ» եւ այլն: Պրն Քուչուկյանը անմիջապես դիմում է Էմանուելա Ֆոռլինին, որը խոստանում է միջամտել:

Ցուցահանդեսի փակման օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը այցելեցին իտալահայ գաղութի մի շարք անդամներՙ Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Թովմա աբեղա Խաչատրյանի գլխավորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 05-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ