ՄՈՍԿՎԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԲԲԻՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԻՇԵՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Les Nouvelles d' Armռnie հանդեսի կայքէջը մարտի 5-ին տեղեկացրեց, որ Մոսկվայի գլխավոր ռաբբի Պինչաս Գոլդշմիդտը խստիվ քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը օրերս Եվրոպայում իբր գոյություն ունեցող հակաիսլամիզմը համեմատել էր սիոնիզմի, հակահրեականության եւ նացիզմի հետ, ասելով, թե դրանք բոլորը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են: Գոլդշմիդտը նաեւ Եվրոպայի ռաբբիների կոնֆերանսի ղեկավարն է: Էրդողանի համեմատության առնչությամբ տարակուսանք արտահայտելովՙ նա ասել է, որ թուրք վարչապետի հայտարարությունը «տգիտության եւ ատելության հարձակում է հրեա ժողովրդի վրա»: Գլխավոր ռաբբին Էրդողանին համեմատել է Մահմուդ Ահմադինեժադի եւ խորհրդային ղեկավարների հետ, որոնք հակասիոնիզմն օգտագործում էին որպես հակահրեականության մեղմ դրսեւորում: «Այդ մեկնաբանությունների հեգնանքը չեն մոռանա Հայոց ցեղասպանության զոհերի հարազատները, ոճրագործություն, որ Թուրքիայի կառավարությունը դեռ չի ճանաչել», ավելացրել է Գոլդշմիդտը: |