ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՉԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ՄԵՂՔԸ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատական նիստը չմեկնարկածՙ հետաձգվեց, որովհետեւ ամբաստանյալներից երկուսըՙ Բագրատ Մուրադյանն ու Արմեն Խաչատրյանը, հրաժարվեցին պաշտպան Ռոբերտ Մանվելյանից եւ պահանջեցին հանրային պաշտպանՙ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ մարտի 19: Միաժամանակ որոշվեց, որ դատական նիստերը կանցկացվեն յուրաքանչյուրի երեքշաբթի: Նիստից հետո «Ազգ»-ի հետ զրույցում Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանն ասաց, որ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետն իրեն լավ է զգում եւ կշարունակի չընդունել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: «Խաչիկյանը չի ընդունում իր մեղքը, նա մեղավոր չէ: Մենք ունենք ապացույցներ, որոնք, բնականաբար նախաքննության գաղտնիությունից ելնելով, այժմ չենք հրապարակի: Սակայն դրանք ծանրակշիռ ապացույցներ են, որոնք ապացուցում են Խաչիկյանի անմեղությունը»: Հիշեցնենք, որ 2009-2010թթ. կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործՙ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետովՙ յուրացման, 308-րդ հոդվածի 2-րդ մասիՙ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ 314-րդ հոդվածի 1-ին մասովՙ պաշտոնեական կեղծիքի եւ կատարման հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությանը: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը, իր ղեկավարած ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010 թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Նախաքննության տվյալներովՙ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով նրանք անհիմն ելքագրել եւ հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակիՙ առանձնապես խոշոր չափերի, ընդհանուրՙ 260.956.681 ՀՀ դրամի գումար: Պարզվել է, որ Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա առանձնապես խոշոր չափերիՙ 29,000,000 ՀՀ դրամ գումար: Առանձնապես խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարների հափշտակություն կատարելու դիտավորությամբ Խաչիկյանը 2006-ին ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է ծառայության կենսաթոշակային ապահովության եւ առանձին ծրագրերի վարչության պետ Ա. Աբրահամյանին, տեղեկատվական եւ վերլուծական վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վ. Խաչատրյանին, Երեւան քաղաքի վճարային ծառայության պետ Հ Գրիգորյանին եւ վճարային ծառայության վճարային խմբի տեսուչ-վճարող Վ. Գեւորգյանին: Վերոնշյալ անձինք, Խաչիկյանի կազմակերպմամբ, մանրակրկիտ պայմանավորվել են ծրագրված հանցագործության կատարման հանգամանքների վերաբերյալ, կատարվել է խմբի անդամների դերաբաշխում: Առանձին դրվագներով խմբի կազմում ընդգրկվել են Արաբկիրի, Ավան եւ Նոր Նորքի, Էրեբունի եւ Նուբարաշենի, Շենգավիթի բաժնի պետերը, որոշ տարածքներում նաեւ բաժնի պետերի տեղակալներն ու Խաչիկյանի երկու հարազատներ, ովքեր ունեցել են հափշտակության դիտավորությամբ տեւական ժամանակով կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների տվյալները ճշտելու, վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերումՙ դիմումներում եւ վճարային ցուցակներում, կեղծ տեղեկություններ մտցնելու եւ ստորագրություններ կեղծելու իրենց դերակատարումները: |