ԷԴՈՒԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՌԱՆՑ ՆՐԱ ԿԱՐԻՆ ՀԵԼՄԱՆ-ԳԵՎՈՐԳՅԱՆ, Դաշնակահարուհի, երգահան, Ստոկհոլմ, Շվեդիա Էդուարդ Միխայլովիչ Միրզոյանի մասինՙ թե՛ որպես կոմպոզիտորի, թե՛ որպես մարդու շատ-շատ է գրվել, խոսվել եւ դեռ պետք է գրվի ու խոսվի: Սակայն չեմ կարող չարտահայտվել հիմա, քանի որ սա առաջին անգամ է, որ մայիսի 12-ինՙ նրա տարեդարձին, չզանգահարեցի եւ չշնորհավորեցի նրան... Խոսքերն անզոր ենՙ արտահայտելու համար այն թախիծն ու ցավը, երբ իմացա նրա հեռանալու մասին: Այնպիսի զգացում ունեցա, որ կարծես Հայաստանը տեղնուտեղը դատարկվեց: Հոկտեմբերի 8-ին թռչել-հասնել նրա հուղարկավորությանը անհնար էր ինձ համար: Սակայն հաջողեցրի նույն օրը, նույն ժամին այստեղՙ Ստոկհոլմի եկեղեցիներից մեկում (Սուրբ Կլարայում) կազմակերպել համերգի եւ ասմունքի միջոցառումՙ նվիրված Միրզոյանի հիշատակին: Հնչեցին շվեդերեն թարգմանված հայ բանաստեղծության նմուշներ (Կոստան Զարյան, Պարույր Սեւակ, Սիլվա կապուտիկյան): Երաժշտական մասը բացվեց Միրզոյանի մտերիմ ընկերոջՙ Ալեքսանդր Հարությունյանի «Երեկոն Արարատյան դաշտում» դաշնամուրային ստեղծագործությամբ: Անշուշտ, ծրագրում ներառնված էր նաեւ իրՙ Միրզոյանի ստեղծագործությունը, շատերին ծանոթ «Տխուր վալսը»: Պարտքս համարեցի շվեդ ունկնդրին ներկայացնել մեր կոմպոզիտորին, ում մոտ սկսել էի կոմպոզիցիայի դասերս, բայց ստիպված ընդհատելՙ ամուսնության բերումով կյանքս շարունակելով Շվեդիայում: Անշուշտ, տարիքով մեծ էր Էդուարդ Միրզոյանը եւ առողջությունն էլ տկարացել էր վերջին տարիներին, խոսում էր դժվարությամբ, բայց մնում էր Հայաստանի, հայ արվեստի կարեւոր սյուներից մեկը: Նրա մեծությունը, խորությունը հայտնի էր բոլորին: Տարբեր անձանց հետ խոսակցությունների ընթացքում ի հայտ էր գալիս, որ նա զարգացրել, կրթել էր մի շարք երաժշտական խմբեր, շատերին էր օգնելՙ գտնելու իրենց ճիշտ ուղին, իր գիտելիքներից եւ փորձից բաժին էր հանել շատ-շատերի: Անգամ հեռավորության վրա, հեռախոսով նա կարողանում էր իր կարճ, լակոնիկ պատասխանով գոհացնել եւ ամեն ինչ տեղը դնել: Մի քանի տարի առաջ Ստոկհոլմում Նոր տարվա հանդիսության ժամանակ, երբ պիտի կատարեի Ամանորյա շվեդական ծրագիր, ցանկություն ունեցա կատարել նաեւ հայկական որեւէ գործ եւ զանգահարեցի Էդուարդ Միրզոյանինՙ խորհուրդ հարցնելու, եթե կան Նոր տարվա մասին նոր երգեր: Ի թիվս տարբեր երգերի, նա նշեց նաեւ հանրահայտ «Տոնածառ ջան, տոնածառ» երգը, որը թեեւ շատ պարզունակ է, սակայնՙ գրավիչ, եւ որը, պարզվում է, գրել է կոմպոզիտորի հայրըՙ երգահան Միքայել Միրզայանը (այո, Միրզայա՛ն): Այդ երգն էլ սովորեցրի մի շվեդ երգչի, որը, չնայած երգի մանկական բնույթին, կատարեց համերգի ընթացքում: Արդեն քսան տարի է բնակվում եմ Շվեդիայում: Այս տարիների ընթացքում մշտապես կապ եմ պահպանել Էդուարդ Միխայլովիչի հետ եւ համարում եմ նրան իմ հոգեւոր հայրը: Երբ որդուսՙ Յուհաննեսին կամ պարզապես Հովիկին պիտի մկրտեինք Սբ. Էջմիածնում, հարցրի, եթե նա եւ կինը կհամաձայնվեն դառնալ որդուս կնքահայրը եւ կնքամայրը: Միրզոյան ամուսինները սիրով համաձայնեցին: Եվ հուզիչ էր ինձ համար տեսնել, որ երաժիշտ դարձած որդիս, լսելով Էդուարդ Միրզոյանի մահվան լուրը, քրոջ հետ միասին ինքնաբուխ գրեցին իմ սովորեցրած հայերեն տառերով. «Ես շատ տխուր եմ սիրելի Էդիկ պապիկի մահվան համար: Հովիկ թոռնիկՙ Ստոքհոլմից եւ Սոնա Մարիա»: ... Այժմ մեր կապը շարունակվում է Միրզոյանների օջախի հետ, որը կենդանի է պահում կոմպոզիտորի երկար տարիների կյանքի ընկերուհինՙ տիկին Հեղինե Միրզոյանը, որը տասնամյակներ շարունակ եղել է Էդուարդ Միրզոյանի պահապան հրեշտակն ու ապավենը: |