RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1874, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍ

Վ. Պ.

«Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն եւ իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն: Նրանք ցանկանում են իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասած այլ ժողովուրդների հետ հավասար հնարավորություններ», պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն այսպիսի ընդգծում է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը :

Մամուլի համար արված հայտարարությունների ընթացքում Հայաստանի նախագահը նշեց, որ ինքը հավաստիացրել է Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխՙ «մենք պատրաստ ենք այդ հակամարտության խաղաղ լուծմանը»:

Ներկայացնելով նոր ավարտված բանակցությունները` նախագահ Սարգսյանը իր խոսքում հիշեցրեց, որ նախագահ Լուկաշենկոյի հետ կանոնավոր հանդիպումներ են ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), ԱՊՀ գագաթաժողովների, անցյալում նաեւՙ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, վերջին անգամ հանդիպել են Մոսկվայում դեկտեմբերին կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի ընթացքում, իսկ մինչ այդՙ նաեւ ԱՊՀ գագաթաժողովում, որտեղ այժմ Բելառուսը իր նախագահության շրջանում իրականացնում է Համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված համալիր միջոցառումներ:

«Ուղիղ մեկ ամիս հետո մենք նշելու ենք մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ տարեթվին մենք մոտենում ենք ունենալով ոչ միայն երկկողմ համագործակցության համապատասխան մակարդակ, այլ նաեւ ամուր գիտակցում, որ այս տարիների ընթացքում կուտակված միջպետական փոխգործակցության դրական փորձը մեր ընդհանուր սեփականությունն է», ասաց Հայաստանի նախագահը:

Մայիսյան տոների համատեքստում Սերժ Սարգսյանը նշեց, որ հայն ու բելառուսն ուսուսի մարտնչել են Մեծ հայրենականում, հազարավոր հայեր են զոհվել բելառուսական ճակատներում, հարյուրհազարավորներն արիաբար փառավորել են իրենց անունը:

Նախագահ Ալեքսանդր Լուկեշենկոն շնորհակալություն հայտնեց հիշողության ու պատմության համար, վստահեցնելով, որ հայ հերոսներին լավ են վերաբերվում իր երկրում, ինչի վկայությունը հազարավոր հայերիՙ երբեւէ նման հարցի առնչությամբ դժգոհության բացակայությունն է:

Լուկաշենկոն նաեւ խոսեց հայաստանյան ընտրական ծանր շրջանից` աջակցություն հայտնելով Սերժ Սարգսյանին նախագահության հաջորդող բոլոր տարիներին: «Հայաստանը կարեւոր եւ շատ մտերիմ գործընկեր է Անդրկովկասում», նշեց Բելառուսի նախագահը, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանի ու Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառության ներկա 60 մլն դոլարն «ուղղակի ամոթ է», եւ հարկ է այդ թիվը կրկնապատկել` «արհեստական խոչընդոտները հաղթահարելու հնարավորության դեպքում»:

Լուկաշենկոն, նշելով մի շարք ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության կարեւորությունը, առանձնակի շեշտեց ատոմային անվտանգության հարցերում այդ համագործակցության նշանակությունը` հաշվի առնելով, որ Բելառուսը նոր եւ իր պատմության առաջին ատոմակայանն է կառուցում: Լուկաշենկոն այդ հարցում մոտ 10 հայ մասնագետների Բելառուսում տեսնելու եւ փորձը ներդնելու հույս հայտնեց:

Երկու կողմերը կարեւորեցին նաեւ նույն օրը ստորագրված համագործակցության մի շարք փաստաթղթերը: Մասնավորապես, ստորագրված երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերից նշենք հետեւյալը. համաձայնագրերը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ոլորտում համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման մասին», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենի նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին», փոխըմբռնման հուշագիրը «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջեւ համագործակցության զարգացման մասին» եւ «2013-2014 թվականներին ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Բելառուսի Հանրապետության սպորտի եւ տուրիզմի նախարարության միջեւ» համագործակցության ծրագիրը:

Երկու նախագահների հայտարարություններով մամուլի համար հատվածն ավարտվեց, իսկ Բելառուսի նախագահը գնաց Ծիծեռնակաբերդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ