ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԴԻՐՔԵՐԸ Նորվեգիայում ընթացող շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ, իսկ ահա հաջորդ մրցախաղում առաջին պարտությունը կրեց առաջատարիցՙ Սերգեյ Կարյակինից: Վերջինս նախորդ տուրում 3-րդ անընդմեջ հաղթանակն էր տոնել Վան Հաոյի նկատմամբ: Մագնուս Կառլսենը հաշտություն կնքեց Հիկարու Նակամուրայի եւ Պյոտր Սվիդլերի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Թոփալով-Համեր, Վան Հաո-Ռաջաբով պարտիաները: Անանդը նախ 3-րդ տուրում հաղթեց Թոփալովին, ապա հաջորդ պարտիայում պարտվեց Նակամուրային: Ռաջաբովն էլ 3-րդ տուրում պարտության մատնեց Համերին: Երեկ կայացած 5-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց Ռաջաբովի հետ: 31-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Նակամուրա-Թոփալով, Սվիդլեր-Անանդ պարտիաները: Տուրի կենտրոնական հանդիպումը մրցաշարի միանձնյա առաջատար Կարյակինի եւ Կառլսենի մրցավեճն էր: Սեւերով խաղացող Կառլսենն անդրանիկ հաղթանակը տոնեց, իսկ Կարյակինն առաջին պարտությունը կրեց: Համերն էլ առաջին հաղթանակը տոնեց Վան Հաոյի հետ պարտիայում: Չնայած անհաջողությանը, Կարյակինը 4 միավորով գլխավորում է աղյուսակը: 3-ական միավորով առաջատարին հետապնդում են Կառլսենն ու Նակամուրան: Արոնյանն Անանդի, Սվիդլերի եւ Ռաջաբովի հետ ունի 2,5 միավոր: Այսօր Արոնյանը կխաղա Համերի հետ: |