ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ 105-ԱՄՅԱ «ԺԱՄԱՆԱԿ, ԿՅԱՆՔ, ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ» ՆԱՐԻՆԵ ՆԵՐՍԵՍՅԱՆ, Վանաձոր 20-րդ դարի ամերիկյան գրականության ականավոր ներկայացուցիչներից Վիլյամ Սարոյանի ծննդյան 105-ամյակի կապակցությամբ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ժամանակ, կյանք, անմահություն» խորագիրը կրող միջոցառում: Պատվավոր հյուրերի թվում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեյմս Լենդը: ՎՊՄԻ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին, ապա մասնավորապես ասաց. «Այսօրվա միջոցառումը խարսխված է գրական-մշակութային մի կերպարի վրա, որի կյանքն ու ստեղծագործությունը լավագույն վկայությունն են մեր երկու ժողովուրդների մերձավորության: Վիլյամ Սարոյանը, հիրավի, հանճարեղ օրինակ է այն բանի, թե ինչ պտուղ կարող է տալ հայ սերմը բարեկամի բարեբեր հողում, ինչպես կարող են միահյուսվել հայ ոգին ու ամերիկացու կենսակերպը, ինչպես կարող է անգլերեն գրող մարդը, իբրեւ ամերիկացի նայելով աշխարհին, այնուամենայնիվ աշխարհն զգալ հայերեն: Ես լիահույս եմ, որ միջոցառումն իրենով խորհրդանշելու է երկուՙ ամերիկացի եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, բարեկամություն, որը լրացուցիչ հավաստումների կարիք ամենեւին չունի, քանզի պատմության ընթացքն է հավաստել այդ բարեկամության թե՛ անկեղծությունը եւ թե՛ ամրությունը»: Գ. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Ջեյմս Լենդին հրավերն ընդունելու համար եւ նվիրեց ինստիտուտի հրատարակածՙ Հովհ. Թումանյանի երկերի հատընտիր ժողովածունՙ բանաստեղծի ոսկե դիմապատկերով, կոչ անելով հյուրինՙ վարակվել նաեւ թումանյանական ոգով: Միջոցառմանը հայերեն եւ անգլերեն լեզուներով հնչեցին Սարոյանի ստեղծագործություններից, որոնք կատարեցին ինչպես ուսանողները, այնպես էլ օտար լեզուների ամբիոնի դասախոսները: Ներկայացվեց Սարոյան հայը եւ ամերիկացին, Սարոյան հայրենասերն ու գրողը, ի՛նչ մրցանակների է արժանացել, ինչպիսի՛ն էր Սարոյան հումանիստը, ի՛նչ հուշեր կան նրա հետ կապված: Ուսանողները ներկայացրին նաեւ հատված հանրահայտ «Մարդը, ում սիրտը լեռներում է» պատմվածքից: Սարոյանը հորդորում էր բոլորինՙ կյանքն ապրել այնպես, որ մեզ բաժին ընկած ժամերին չավելացնենք աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունենք նրա լույսն ու խորհուրդը: Այդպես էր ապրում ինքըՙ Սարոյանը, ում կյանքի ամենամեծ հպարտությունը հայ լինելն էր... Ինստիտուտի օտար լեզուների ամբիոնի վարիչ, դոցենտ Սոֆի Սարգսյանի հավաստմամբՙ նման միջոցառումները նպաստում են երկու երկրների համագործակցության ամրապնդմանը: Հանդիպումից եւ միջոցառումից տպավորվածՙ ԱՄՆ դեսպանատան բարձրաստիճան հյուրը շնորհակալություն հայտնեց ցերեկույթի նախաձեռնողներին. «Այսօր ես ինձ համար բացահայտեցի միանգամայն նոր Սարոյանի, իբրեւ ամերիկացի շատ հետաքրքրական բաներ իմացա նրա մասին: Անչափ հաճելի էր լսել նաեւ ուսանողների այսքան վարժ անգլերենի իմացությունը, ինչը վկայում է դասախոսական կազմի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին»: Այնուհետեւ Ջ. Լենդը ինստիտուտին նվիրեց ամերիկյան ժամանակակից հեղինակների նոր հրատարակություններՙ հույս հայտնելով, որ ՎՊՄԻ-ի հետ դեսպանատան այս գեղեցիկ համագործակցությունը դեռ կշարունակվի: |