ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2015-ի ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում անհաջողության մատնվեցՙ 1-2 հաշվով զիջելով իսլանդացիներին: Չնայած եթե հայ ֆուտբոլիստները խաղավերջում պաշտպանությունում աչալրջորեն գործեին, ապա խաղադաշտը կթողնեին գոնե մեկ միավոր վաստակած: Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին ֆիզիկական լավ տվյալներով աչքի ընկնող իսլանդացիները, որոնք մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասին: Դրանցից մեկի ժամանակ հսկողությունից դուրս մնացած Ջոն Բոդվարսոնը կարող էր գրավել դարպասը, բայց, բարեբախտաբար, մեր հավաքականին օգնության եկավ դարպասաձողը: Հայաստանի հավաքականի խաղն առաջին խաղակեսում չստացվեց: Մերոնք մի տեսակ պասիվ էին գործում առջեւի գծում, իսկ պաշտպանությունում այնքան էլ հստակ չէին խաղում: Միակ վտանգավոր պահը մեր ֆուտբոլիստները ստեղծեցին 40-րդ րոպեին, երբ դիպուկ հարված կատարեց Կարեն Մուրադյանը, սակայն դարպասապահը հետ մղեց գնդակը: Իսկ ահա հյուրերը կազմակերպած հակագրոհի ժամանակ հասան հաջողության: Աչքի ընկավ Էմիլ Ատլասովը: Ընդմիջումից հետո դաշտի տերերը որոշ չափով ակտիվացանՙ փորձելով վերականգնել հավասարակշռությունը: Հարձակման աջ թեւում իր ակտիվությամբ աչքի էր ընկնում Աղվան Պապիկյանը, թեեւ երբեմն չարաշահում էր անհատական խաղը: Հենց նրա ջանքերով էլ 67-րդ րոպեին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Աջ թեւից նրա փոխանցումը մոտ տարածությունից եզրափակեց քիչ առաջ խաղադաշտ դուրս եկած Աշոտ Սարդարյանը: Խփած գոլից հետո խաղը զգալիորեն աշխուժացավ, տեմպը բարձրացավ: Մեր ֆուտբոլիստները ոգեւորված հաջողությունից, փորձում էին խփել երկրորդ գնդակը: Կարելի է հիշատակել Սարգիս Ադամյանի հարվածը, որից հետո դարպասապահը մեծ դժվարությամբ գնդակը հանեց անկյունային: Թվում էր, թե խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն խաղավերջում կրկին անփույթ խաղացին մեր պաշտպաններըՙ հսկողությունից դուրս թողնելով Ատլասովին, որը մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դիմաց, խփեց հաղթական գնդակը: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հավաքականների մարզիչները հետեւյալ կարծիքներն արտահայտեցին: Ռաֆայել Նազարյան (Հայաստան) - Շատ գոհ եմ մեր թիմի ցուցադրած խաղից: Մեր թիմում լավագույնը Վարազդատ Հարոյանն էր: Եթե հաշվի առնենք, որ դարպասապահ Գոռ Մանուկյանն առաջին խաղն էր անցկացնում, ապա նա նորմալ գործեց: Շատ դժվար էր նման մրցակցի դեմ խաղալը: Մեր ֆուտբոլիստների մոտ զգացնել տվեց միասին խաղալու փորձի բացակայությունը: Երկրորդ գոլի դրվագում սխալվեց Գրիգոր Հովհաննիսյանը: Չափազանց շատ էներգիա էինք ծախսել: Իմ կարծիքով, եթե կարողանայինք մի փոքր ավելացնելՙ կհաղթեինք: Որակական առումով ներկայիս հավաքականը գերազանցում է նախորդին: Ես Սարգիս Ադամյանին ընդամենը 6 օր եմ ճանաչում, ուստի ռիսկի չդիմեցի նրան մեկնարկային կազմում ընդգրկելու: Նրա համար էլ կարող էր հոգեբանական խնդիր առաջանալ: Էյոլֆուր Սվերիսոն (Իսլանդիա) - Կարծում եմ, որ եղանակային պայմանները շատ ծանր էին մեզ համար: Առաջին խաղակեսում լիովին վերահսկում էինք խաղի ընթացքըՙ շեշտը դնելով մեր ֆիզիկական կարողությունների վրա: Ունեինք գոլ խփելու մի քանի հնարավորություններ, որոնցից օգտագործեցինք միայն մեկը: Երկրորդ խաղակեսում Հայաստանը կերպարանափոխվեց եւ շատ խնդիրներ ունեցանք: Հատկապես ակտիվ էր Աղվան Պապիկյանը: Թեեւ խաղավերջում բավականին հոգնած էինք, բայց մեզ հաջողվեց կորզել հաղթանակը: Եթե նույնիսկ ոչ-ոքի գրանցվեր, չէի դժգոհի: Թեեւ մենք ավելի շատ գոլային պահեր ունեցանք, ուստի մեր հաղթանակն արդարացի էր: |