RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013



Տեղադրվել է` 2013-07-16 23:37:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1358, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՆԱԵՎ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Նա ասել է այն, ինչ չէր ասում Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը

Իրավաբանների համահայկական 2-րդ համագումարում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պահանջատեր է Թուրքիայից, հայ-թուրքական սահմանը իրավական հաստատում չունի, եւ Թուրքիան պետք է տարածքային փոխհատուցում տա ցեղասպանության տուժող կողմ Հայաստանին:

Համագումարը հուլիսի 5-6-ին գումարվել էր Երեւանում, նախաձեռնությամբ սփյուռքի նախարարության: Համագումարում գլխավոր դատախազի ելույթին, ինչպես նշվել է նախորդ համարում, ի դեմս խոսնակի, հուլիսի 13-ին արձագանքեց Թուրքիայի արտգործնախարարությունը, այն էլ լրագրողների հետ հանդիպմանըՙ ի պատասխան հարցի: Ըստ երեւույթին, Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանի այդ ձեւն է ընտրել, որ չհայտնվի ՀՀ գլխավոր դատախազի պահանջատիրությունը կարեւորողի դերում:

Սակայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ինքնին ենթադրում է հանցագործության հետեւանքների վերացումը, իսկ խոսնակը, անկախ նկրտումներից, անմիջականորեն արտահայտում է արտգործնախարարության կարծիքը: Ահա թե haber7.com կայքէջի վկայությամբ, ինչ է ասել խոսնակ Լեւենթ Գյումրուքչուն. «Հուլիսի 5-6-ը Երեւանում գումարված իրավաբանների համահայկական 2-րդ համագումարում, որը բացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Թուրքիա-Հայաստան սահմանի իրավական հաստատում չունենալու եւ կորսված հայկական հողերը Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության մասին ՀՀ գլխավոր դատախազ Հովսեփյանի հայտարարության առթիվ ափսոսանք ենք հայտնում: Գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող այս պատասխանատու գործչի հայտարարությունը հարեւան Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների առնչությամբ Հայաստանում գերիշխող խնդրահարույց մտածելակերպի արտահայտությունն է, միաժամանակ հակասում է այն պարտավորությունների ոգուն, որոնք տվյալ երկիրը ստանձնել էՙ անդամակցելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի գլխավորությամբ միջազգային կազմակերպություններին: Քաջ պետք է իմանալ, որ որեւէ պետություն չի կարող Թուրքիայից տարածքներ պահանջելու հանդգնությունը դրսեւորել»:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակի արձագանքից առաջՙ հուլիսի 9-ին Նյու Յորքի «Թուրքական» կայքէջում գլխավոր դատախազի հայտարարությանը անդրադարձել էր նախկին դեսպան Օմեր Էնգին Լյութեմը: Նա նշել է, որ իրավաբանների համահայկական 2-րդ համագումարի բացման խոսքում ՀՀ նախագահը գոհունակությամբ է արտահայտվել նրանց մասին, ովքեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա են գրավում այլ երկրների ուշադրությունը:

Ապա Լյութեմն ավելացրել է. «Թեեւ Հայոց ցեղասպանության հայկական թեզի ճանաչումը այլ երկրներում եւ միջազգային կազմակերպություններում եղել է Հայաստանի բոլոր նախագահների առաջադրանքը, սակայն վերջիններս ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու բացահայտ պահանջ չեն ներկայացրել Թուրքիային: Հայ-թուրքական արձանագրությունների ձախողումից հետո նախագահ Սարգսյանը սկսեց խստացնել Թուրքիային հասցեագրված քննադատությունների ոճը, իսկ վերջին 2 տարիներին ձեռնամուխ եղավ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման պահանջ ներկայացնելուն Թուրքիային: Սակայն նա դրանով չի բավարարվում, այլ համառորեն «ցեղասպանության հետեւանքների վերացման» հարցն է բարձրացնում: Դա ենթադրում է փոխհատուցում վճարել տեղահանության ժառանգներին, վերադարձնել առգրավված հայկական կալվածքներըՙ եկեղեցիները ներառյալ, ինչպես նաեւ Թուրքիայից տարածք զիջել Հայաստանին: Դրանով հանդերձ նախագահ Սարգսյանն ու այլ գործիչներ հողային պահանջի մասին բացահայտ չէին արտահայտվում:

Այդ «բացը», եթե տեղին է ասել, լրացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա ասել է, որ Թուրքիա-Հայաստան սահմանը իրավաբանորեն հաստատված չէ, կրկնել է սփյուռքի տեսակետները, թե Լոզանի պայմանագիրը չի մերժել Սեւրը, ուժի մեջ է նախագահ Վիլսոնի իրավարար որոշումը, Լոզանը Թուրքիա-Հայաստան սահմանի մասին որոշում չի ընդունել, ինչ վերաբերում է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին, որոնցով գծվել է սահմանը, ապա կարելի է առարկել դրանց:

Գլխավոր դատախազը հիշեցրել է, որ Ադրբեջանը, բացի Ղարաբաղից, ադրբեջանական տարածք է համարում նաեւ Երեւանը, ուստի դրան հակադրվելու համար պետք է առաջ քաշել Նախիջեւանի հայկական պատկանելության խնդիրը: Այսպիսով, գլխավոր դատախազը դարձել է Թուրքիային բացահայտ հողային պահանջ ներկայացնող առաջին պաշտոնական գործիչը Հայաստանում: Թեեւ Հովսեփյանի խոսքերը հնարավոր է վերագրել անձնական կարծիքին, սակայն դժվար է ենթադրել, որ նա այսպիսի կարեւոր հարցում, առանց նախագահ Սարգսյանի հավանության, նման հայտարարություն անի:

Ինչ վերաբերում է այլ երկրներում հայկական պահանջների պաշտպանության հավանականությանը, ապա հողային պահանջները, որոնք հակասում են ՄԱԿ-ի սկզբունքներին, նույնիսկ պատերազմի պատճառ են համարվում, որպես կանոն հավանության չեն արժանանում: Հզոր Թուրքիայի իմիջը մեզ թույլ չի տալիս, որ կարեւորենք պահանջները: Այլապես դրանք կարող են դրական արձագանք գտնել: Չի բացառվում, որ Եվրոմիության հետ Ասոցացման պայմանագիր ստորագրող Հայաստանը 2014-ին միության անդամ երկրներում եւ կառույցներում ավելի ուժգին հնչեցնի հայկական այդ պահանջները: Համենայն դեպս, արձանագրությունների ձախողմամբ արդեն լարված Թուրքիա-Հայաստան հարաբերությունները հողային պահանջներով ներքաշվում են արկածախնդրության մեջ»:

Պաշտոնաթող դեսպան Լյութեմը հզոր Թուրքիայի իմիջի մասին արտահայտվելիս ակամա պատասխանում է, թե ինչու է խուսափում թուրքական կողմը ՀՀ գլխավոր դատախազի պահանջներին պաշտոնապես արձագանքելուց: Գալով Թուրքիայի արտգործնախարարի խոսնակի եւ Լյութենի արձագանքներին, ապա դրանք առանձին խնդիր են, մասնավոր մոտեցում են պահանջում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ