RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013



Տեղադրվել է` 2013-07-16 23:37:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1017, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 17

«ՕՐԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸՙ ՆՎԻՐՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ

Մ. Բ.

«Օրերի» հերթական համարը նվիրված է հայ մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային: 2012-2013-ին Հայաստանում նշվում է հայ միջնադարյան քնարերգուի 300-ամյակը:

Նկատի ունենալով սայաթնովայագիտության մեջ եղած տարբեր կարծիքներն ու մոտեցումներըՙ բանաստեղծի ոչ միայն ստեղծագործությանը, նաեւ ծննդյան ու մահվան տարեթվերին եւ այս առիթով առկա գրական բանավեճերը, «Օրերի» այս համարը հիշյալ հարցերի պատասխանները փորձել է տալՙ ներկայացնելով կարեւոր տարեթվերի քաղհանված տվյալներՙ վերջին 40 տարիներին սայաթնովայագիտությամբ զբաղվող Ասլան Ասլանյանի «Սայիադ-Նովա» գրքից:

Հայ բանասիրության մեջ Սայաթ-Նովայի ծննդյան տարեթվի շուրջ տարակարծիքները մի քանիսն են, ինչպես Ախվերդյանն է կարծումՙ դա 1712-ն է, Շահսուվարյանի կարծիքովՙ 1713 թ., 1717 թ., ըստ Հասրաթյանի, իսկ Պ. Սեւակն ու Հ. Բախչինյանն ընդունում են 1722 թվականը: Ասլան Ասլանյանը, հենվելով բացառապես Սայաթ-Նովայի ձեռագիր Դավթար մատյանի վրա, տասնյակ անգամներ հաստատում է իր այն տեսակետը, ըստ որիՙ բանաստեղծը ծնված պետք է լիներ 1707 թվականին: Անվան հետ կապվածՙ ուսումնասիրողն օգտագործել է Սայիադ-Նովա ձեւը, ինչպես բանաստեղծն է իր ձեռագրում գրել:

«Օրերի» այս համարը այսպես կոչված երաժշտական է: Հակոբ Ասատրյանի հարցազրույցներում իրենց գործունեության ապագա ծրագրերի, մոտեցումների մասին են խոսում երգիչ Գուրգեն Դաբաղյանը, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը, դաշնակահար Տիգրան Համասյանը, ջութակահար Նարինե Դելլալյանը, դիրիժորներՙ Փիթըր Ունջյանը, Վահան Մարտիրոսյանը, սոպրանո Հասմիկ Պապյանը, «Երեւանյան ձայները» եւ ուրիշներ:

Անդրադառնանք հանդեսիՙ մեզ առավել ուշագրավ թվացող մի քանի նյութերին:

Տարիներ առաջ Հայաստանից Լոս Անջելես տեղափոխված երիտասարդ, տաղանդավոր դաշնակահար Տիգրան Համասյանը արտերկրում կարողացավ տպավորիչ ճանապարհ անցնել. 2006-ին արդեն նա հեղինակավոր Thelonious Monk jazz դաշնամուրային մրցույթի հաղթող դարձավ: 2011-ին հրատարակած իր Universal ալբոմը Փարիզում արժանացավ ֆրանսիական Գրեմիի: Մեծ ընդունելության արժանացավ Shadow Theater ալբոմը: Այս տարի նա դարձյալ շահեց երաժշտական կարեւոր մի մրցանակ:

«Օրերի» խմբագրի զրույցը Տիգրանի հետ տեղի է ունեցել անցած տարի ապրիլին, դաշնակահարներիՙ չեխական Ջազֆեստբռնո միջազգային երաժշտական փառատոնի մասնակցության օրերին: Տիգրան Համասյանը հրաշալի մի քանի համերգ նախորդ տարիներին ունեցավ նաեւ այստեղՙ Երեւանում եւ վստահաբար տպավորեց հանդիսականին: Նրա ելույթների անդրադարձները արդեն հայտնվում են միջազգայինՙ ամերիկյան, եվրոպական լրատվամիջոցների ծրագրերում, մամուլի հրապարակումներում:

Տիգրան Համասյանի երաժշտական մոտեցումները հայտնի են դառնում ժողովրդական-հոգեւոր իմպրովիզացիաների ներկայացված արտահայտչամիջոցներով, իր համար առաջնային են հատկապես հայ ժողովրդական երգերն ու դրանց մշակումները. «Հայկական հոգեւոր երաժշտությունը շատ խորն է, շատ հին է եւ իր մեջ կրում է նաեւ հեթանոսական եւ ժողովրդական երաժշտության տարրեր, եւ ինձ թվում է, այդ հոգեւոր մեղեդիները եկել են ժողովրդական երաժշտությունից: Նարեկացին հայկական երաժշտություն է, իսկ Կոմիտասն ու Եկմալյանն արդեն երգչախմբերի համար ֆենոմենալ մշակումներ են արել»:

Հաջորդ հետաքրքրական զրույցը Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ է: Նա այս տարվա մայիսին բացումը կատարեց չեխական Օստրավայի «Յանաչեկի մայիս» 37-րդ միջազգային փառատոնիՙ ղեկավարելով չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը: Հետաքրքրական է, որ այս տարի Պրահայի 68-րդ միջազգային երաժշտական «Պրահայի գարուն» փառատոնը նույնպես բացվել է հայազգի դիրիժորի ղեկավարությամբ: Ֆրանսիական ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է եկել կանադահայ Փիթեր Ունջյանի դիրիժորությամբ, որի հետ հետաքրքրական զրույց է ծավալել Հակոբ Ասատրյանը:

Կարեւոր է գերմանական Բրանդենբուրգի երկրամասի Պրյոթցել ավանում արդեն 2-րդ անգամ տեղի ունեցած (հունիսի 1-ին) «Կոմիտաս» միջազգային փառատոնի մասին տեղեկությունը:

Հանդեսում ներկայացված են երաժշտական կյանքին վերաբերող մի շարք հարցազրույցներ, տեղեկություններ (ՀԲԸՄ Ֆրանսիայի Սայաթ-Նովա միջազգային մրցույթի, Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված հետաքրքրական համերգի եւ այլ իրադարձությունների մասին): Հրապարակված է նաեւ հետաքրքրական հարցազրույց դերասանուհի, արձակագիր Անահիտ Թոփչյանի հետ, ինչպես նաեւ տեղեկություններ Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովայի հայաստանյան այցի, ամերիկաբնակ քանդակագործ Տիգրան Սարգսյանի, նաեւ չեխ-հայկական հրաշքիՙ «Մարլենկայի» 10-ամյակի մասին եւ այլ նյութեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ