RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013



Տեղադրվել է` 2013-08-21 22:50:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1298, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԱՐՁԱԳԱՆՔ ԲԱՔՎԻՑ. ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԲ ՊԱՐԶՎԻ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՏԵԼ ՍԱՀՄԱՆԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ադրբեջանական Apa.az գործակալության փոխանցմամբՙ Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցով պետական հանձնաժողովը որեւէ խնդիր չի տեսնում, որ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը վերադառնա հայրենիք: Հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի փոխանցմամբՙ Ինջիղուլյանը կվերադառնա Հայաստան կամ երրորդ երկիրՙ իր ցանկությամբ, երբ պարզվի, թե նա ինչ պատճառով է հատել սահմանը:

«Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչությունը հանդիպել է գերուն: Չի բացառվում, որ հենց երեկ պարզվել էՙ նա ցանկացել է վերադառնալ ի՞ր, թե՞ երրորդ երկիր: Ամեն ինչ կախված է նրա ցանկությունից: Բաքուն այս հարցում որեւէ խնդիր չի տեսնում», ասել է Սաիլովը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկություններիՙ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով շարքային զինծառայող, 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանը, հատել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանն ու հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Այնուհետեւ հայ ռազմագերուն ադրբեջանական զինծառայողի հագուստ էին հագցրել եւ ստիպել ANS հեռուստաընկերությանը հարցազրույց տալ, ու պատմել տվել, թե ինքնակամ է լքել սահմանը:

Մինչդեռ նրա ծնողները բազմիցս հայտարարել են, որ որդին ծառայությունից չէր դժգոհում ու չէր կարող սահմանը հատել: Ծնողները չեն բացառում նաեւ, որ իրենց որդուն առեւանգել են:

Նախորդ համարում «Ազգ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանին եւ փոխանցել ծնողների նամակը: «Բարեւ, ես շատ լավ եմ, ամեն ինչ կարգին է»: Սա էլ Հակոբի նամակն է ծնողներին: Եղբայրըՙ Արմանը, հաստատել է, ձեռագիրը Հակոբինն է:

Արդեն 14-րդ օրը հայ զինծառայողը գերության մեջ եւ մեր հարեւան պետությունը հասցրել է խախտել Ժնեւյան կոնվենցիայի մի շարք հոդվածներ: Մասնավորապես, գերեվարվածները ոչ մի դեպքում չպետք է պարտադրված լինեն կրել գերության մեջ պահող պետության զինվորական համազգեստը, եթե դրա կրումը համարում են իրենց պատվի դեմ ուղղված քայլ: Ժնեւի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածը ամրագրում է, որ ռազմագերիները պետք է պաշտպանվեն, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից եւ հանրային հետաքրքրությունից: Հետեւաբար գերության մեջ պահվող պետության լիազորված մարմինները չպետք է թույլ տան, որ իրենց պահպանության տակ գտնվող անձը հայտնվի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, եւ պետք է կանխվեր նրա լուսանկարի կամ տեսանյութի հեռարձակումը, որտեղ անձը կարող է ճանաչվել:

«Ազգ»-ը երեկ փորձեց պարզել, թե հայ ռազմագերուն հայրենիք վերադարձնելու ինչ քայլեր են ձեռնարկվում եւ ինչպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի հեռախոսահամարները չէին պատասխանում, թեպետ օրն աշխատանքային էր եւ աշխատանքային ժամն էլ չէր ավարտվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ