ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ԹԵ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻՑ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԶՈՀՎԵԼ Պ. Ք. Իշխանությունները հերքում են այդ պնդումները «Ալ Արաբիա» հեռուստաալիքը համացանցում հաղորդում է, թե Դամասկոսից արեւելքՙ Գուտայի գյուղատնտեսական շրջանում օգոստոսի 20-ին քիմիական զենք է գործածվել, որի հետեւանքով առնվազն 600 մարդ է զոհվել: Հեռուստաալիքը հայտնում է, որ քիմիական գրոհին վերաբերող տեղեկությունները ստացվել են սիրիացի ընդդիմադիրների «Հեղափոխական հրամանատարության խորհուրդ»-ից: Syrian Observatory for Human Rights ընդդիմադիր կազմակերպությունը իր հերթին հաղորդում է Դամասկոսի արվարձանների «ռմբակոծությունների բազմաթիվ զոհերի» մասին: Ապստամբների «Սիրիական ազատ բանակի» մամլո քարտուղար Լուայ Միքդադը պնդում է, թե քիմիական գրոհի զոհերի թիվն անցնում է 1000-ից: Նրա խոսքերովՙ կառավարական զորքերը թունավոր արկերով հարվածել են 10 թիրախների, եւ դրանցից յուրաքանչյուրում իբր հարյուրից ավելի մարդ է զոհվել: Ուրիշ աղբյուրներ այս տեղեկությունը չեն մեկնաբանում: SANA պետական լրատվական գործակալությունը հաղորդում է Դամասկոսի շրջակայքում ծավալված մարտերի մասին, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկատվության, կառավարական զորքերը ջախջախել են ընդդիմության մի քանի ջոկատ: «Ազգը» արդեն գրել է, որ օգոստոսի 18-ից Սիրիայում են ՄԱԿ-ի մի խումբ տեսուչներ, որոնց խնդիրն է քննել քիմիական զենքի կիրառման փաստերը Հալեպին մերձակա Խան ալ Ասալ բնակավայրում, ինչպես նաեւ Աթայբայում (Դամասկոսի մոտ) եւ Հոմսում: Սիրիայի կառավարությունը եւ ընդդիմությունը միմյանց պարբերաբար մեղադրում են քաղաքացիական պատերազմում թունանյութերի օգտագործման մեջ: Ֆրանսպրես գործակալությունը նշում է, որ ներկա պահին անհնար է ստուգելՙ Գուտայում քիմիական զենք իրոք օգտագործվե՞լ է: Դամասկոսը պաշտոնապես հերքում է այդ զենքի կիրառման հետ կապված լուրերը: Կառավարական աղբյուրներից մեկը օգոստոսի 21-ին Սիրիայի պետական հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ քիմիական զենքի կիրառմանն առնչվող վերջին պնդումները «ոչ մի կերպով» ճիշտ չեն եւ նպատակ ունեն շեղելու Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի տեսուչների ուշադրությունը: Անկախ դիտորդներից ոմանք դիտել են տալիս, որ հենց այս օրերին, երբ գտնվում են Սիրիայում, իշխանությունը չեր կարող նման քայլերի դիմել: |