ԵԳԻՊՏՈՍԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ «ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳՈՐԾԱԿԱԼ» ԷՐԴՈՂԱՆԻ ԽՐԱՏՆԵՐԸ Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրի քարտուղար Ահմադ ալ Մուսալամանին խստիվ դատապարտել է Եգիպտոսի իրադրության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած վերջին հայտարարությունները: «Մենք չենք հանդուրժի Արեւմուտքի գործակալի խրատները», ընդգծել է ալ Մուսալամանին, որի խոսքը մեջբերում է newsru.co.il կայքէջը: Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել էր. «Թուրքիան ունի վկայություններ, որ Եգիպտոսի հեղաշրջման հետեւում կանգնած է Իսրայելը»: Նրա խոսքերով, դրա ապացույցը 2011-ին հրեական ծագումով ֆրանսիացի մի մտավորականի ասածներն են: «Այդ հրեա մտավորականն ասել էր, որ «Մուսուլման եղբայրները» իշխանության գլուխ չեն անցնի, եթե նույնիսկ հաղթեն ընտրություններում: Նա իր միտքը բացատրել էր նրանով, որ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի ավարտվում», հայտարարել էր Թուրքիայի վարչապետը, ավելացնելով, որ Արեւմուտքում հիմա հենց դա են ասում: Ի դեպ, Եգիպտոսի պատասխան գործողությունները կարող են եւ չսահմանափակվել միայն վերոհիշյալ հակահարվածով: Նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրին վերագրվող անհատական կայքէջում օրերս հայտնվեց սպառնալիք. ՄԱԿ-ում Եգիպտոսը կարող է բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը: Տասնամյակներ շարունակ Թուրքիան հաջողությամբ շրջափակում է Մեծ եղեռնի տարիներին իրականացված հայկական կոտորածները ցեղասպանություն անվանելու բոլոր փորձերը: Ստույգ հայտնի չէ, թե այդ կայքէջը իրո՞ք պատկանում է Ադլի Մանսուրին: Մի շարք լրատվամիջոցներ գտնում են, որ խոսքը ինչ-որ փորձնական քայլի մասին է: Որոշ մեկնաբաններ էլ դա համարում են անհայտ կայքատիրոջ սադրանք: Սակայն ամենքը համակարծիք են, որ Եգիպտոսի նմանօրինակ պատասխանը կհարվածեր Էրդողանի ամենացավոտ կետին: |