ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՀԵՆՐԻԽԸ 2-ՐԴ ՄԵՍԻՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ» Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռախոսային հարցազրույց են տվել գերմանական «Բիլդ» հանդեսին: Հենրիխին ուղղված հարցերը նրա համար թարգմանել է Արթուր Աբրահամը: - Հենրիխ, օգոստոսի 24-ին Արթուրը կմենամարտի նամիբիացի Վիլբեֆորս Շիհեպոյի հետ: Դու ռինգում կմենամարտեի՞ր նրա հետ: Մխիթարյան - Այո, ինձ թվում է, որ դա բավական հետաքրքրական կլիներ: Հայաստանում բոլորը ճանաչում են Արթուրին: Միշտ հպարտացել եմ նրանով: Աբրահամ - Հենրիխին թույլ կտայի անցկացնել բոլոր 12 ռաունդները: Վերջում մենամարտը ոչ-ոքի կավարտվեր: Ցավոք, մենք դեռ Գերմանիայում չենք հանդիպել, սակայն հույս ունեմ, որ շուտով ամեն ինչ կփոխվի: Հենրիխ, քեզ շաբաթ օրը հրավիրում եմ իմ մենամարտին: Կգա՞ս: Մխիթարյան - Հնարավոր է, որ գամ: - Արթուրի իսկական ազգանունն Ավետիք Աբրահամյան է: Չե՞ս պատրաստվում դու էլ մականուն վերցնել: Օրինակՙ Հենրիխ Մյուլլեր: Մխիթարյան (ծիծաղում է) - Ո՛չ, չեմ ուզում: Շատ գոհ եմ իմ անունից: - Արթուր, Հենրիխը Հայաստանում ինչպիսի՞ կարգավիճակ ունի: Աբրահամ - Նա ազգային հերոս է: Հենրիխը մեծ տաղանդ ունի: Դորտմունդը կարող է ուրախանալ: Հենրիխը 2-րդ Մեսին է դառնալու: - Ո՞ր մարզաձեւն է ավելի կոշտ. ֆուտբո՞լը, թե՞ բռնցքամարտը: Մխիթարյան - Բռնցքամարտը: Աբրահամ - Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Ինձ համար դա զվարճալի մարզաձեւ է: Իմ մարզիչ Ուլի Վեգները մշտապես խաղում է մրցակից թիմի կազմում: Երբ նա արդար է խաղում, իմ թիմը մշտապես հաղթում է: - Արթուրը միշտ խնդիրներ է ունեցել իր մարտական քաշի պահպանման հարցում: Ի՞նչ կասես գերմանական խոհանոցի մասին: Մխիթարյան - Այստեղի սննդամթերքն ինձ համար առայժմ անսովոր է: Իսկ ահա գերմանական գարեջուրը հրաշալի է: Ինքս ձգտում եմ միշտ քաշս պահպանել, պրոֆեսիոնալ մարզիկին անհրաժեշտ սննդակարգ եմ պաշտպանում: - Ի՞նչ կարող ես սովորել Արթուրից: Միգուցե գերմաներեն լեզո՞ւն: Մխիթարյան - Շաբաթական 3 օր գերմաներենի դասընթացների եմ հաճախում: Աբրահամ - Ամեն ինչ շատ արագ կընթանա: Մխիթարյանը շատ խելացի տղա է, նա արդեն 5 լեզուների է տիրապետումՙ հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին եւ պորտուգալերենին: Այնպես որ ոչ մի խնդիր չեմ տեսնում գերմաներենին տիրապետելու հարցում: - Արթուրը հայտնի է իր մեծ ու բարի սրտով: Նա սոցիալական շատ նախագծերի է աջակցում: Դու ե՞ւս մասնակցում ես նման ծրագրերի: Մխիթարյան - Իմ հայրենիքում ես արդեն հագուստով օգնել եմ անօթեւան երեխաներին: |