RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013



ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2013-08-21 22:50:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2093, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ոմանք խորհրդանշական են համարում այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերստին նախագահ ընտրվելուց հետո նախ Ադրբեջան գնաց եւ ոչ թե Հայաստան եկավ, ու այստեղ ինչ-որ հավասարակշռության խախտում են տեսնում, անգամ հայ-ռուսական հարաբերություններում նահանջի տարրեր հայտնաբերելով: Սակայն էմոցիան` էմոցիա, Հայաստանն ինքնիշխան պետություն է ու պետք է առաջնորդվի միջպետական հստակ հաշվարկված մոտեցումներով, ոչ թե սիրո եւ բարեկամության մասին խոսակցությունների մակարդակը դարձնի Ռուսաստանի եւ որեւէ այլ երկրի հետ միջպետական հարաբերությունների հիմքը:

Այս իմաստով առաջիկայում, սեպտեմբերի առաջին օրերին կայանալիք Սարգսյան- Պուտին հանդիպումը, մեր ունեցած տեղեկություններով, հայկական կողմը շատ է կարեւորում եւ դրան պատրաստվում է ամենայն մանրամասնությամբ` ֆիլտրելով բոլոր փաստարկներն ու մոտեցումները:

Եթե հիշենք մարտին կայացած Պուտին-Սարգսյան հանդիպումը եւ լրատվամիջոցների մակարդակով գոնե դրանից բավական ուռճացվող սպասումները, ապա կարելի է ասել, որ այդ ակնկալիքները չարդարացան փաստորեն: Այլ կերպ չէր էլ կարող լինել` Հայաստանի նախագահը նոր էր անցել ընտրությունների ծանր փուլն այն ժամանակ, ու չնայած եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական ուղղություն ընտրելու մասին խոսակցությունն արդեն առկա էր, սակայն Սարգսյանը դեռ ժամանակ ուներ մոտեցումներ հստակեցնելու: Մանավանդ` հետագայում նա այդ անում էր աստիճանաբար, իր տեսակետները տարբեր միջազգային հանդիպումներում հայտնելով: Ասենք` Քիշնեւում, ԵԺԿ գագաթաժողովում, Եվրոպական միության էությանն ու արժեհամակարգին հակասող Հայաստանի փակ սահմանները հիշած Սերժ Սարգսյանը կարծում էր, թե այս կամ այն համաձայնագիրը պետք է հեշտացնի մասնակից երկրի քաղաքացու կյանքը: Կամ` Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո լիարժեք չի գործի, եթե հայ-թուրքական սահմանը փակ մնա: Կամ տարբեր առիթներով ասում էր, որ ռուսական կողմը Հայաստանին չի առաջարկում Եվրասիական միություն մտնել: Մեսիջներ, որոնք համապատասխան ենթադրությունների տարափ էին առաջացնում:

Պուտինի վերջին` ադրբեջանական այցը, սակայն, որ ավելի շատ արտաքին կողմ ուներ, ցույց տվեց, որ այն ավելի շուտ միմյանց հնարավորությունները մեկ անգամ եւս չափել-կշռելու սովորական այց էր ու բոլորովին Եվրասիական կամ Մաքսային միության ուղղությամբ Ադրբեջանի հանդեպ Պուտինի անհամբերության որեւէ դրսեւորում ի ցույց չդրեց:

Իսկ Ղարաբաղյան հարցի կարգավորման մասով էլ Պուտինը կտրել էր` կարգավորման միայն քաղաքական ճանապարհը մատնացույց անելով, չնայած «Սմերչ» էր վաճառել այդ երկրին: Սովորաբար հարեւան երկրների հետ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումները միշտ դիտարկում են զուգահեռների մեջ, ու այս իմաստով որեւէ մեսիջ կարծես թե մեզ համար չկա:

Այս ֆոնին Հայաստանի նախագահի` սեպտեմբերի առաջին օրերին կայանալիք մոսկովյան այցը գուցե ավելի շատ հստակեցումների օրակարգ կունենա, քան Ադրբեջանի դեպքում էր, քանի որ Հայաստանի նախագահի ընտրությունից անցել են ամիսներ, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է` նախաստորագրումը շուտով կլինի, ու երկուստեք ճշտումների հրամայականը օդում առկա է: Հավանաբար` ՌԴ ղեկավարն իր հստակեցումներն է ուզում ունենալ, Հայաստանի ղեկավարն` իր, որպեսզի միջնորդավորված տեսակետները չլինեն գերիշխողն այն մասին, թե Եվրոպայի հետ համագործակցությունը բնավ չի խանգարի երկրներին (Հայաստանին) ՌԴ-ի հետ համագործակցելու:

Այժմ, երբ Հայաստանում սպասվում է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, եւ Ռուսաստանը նյարդային շարժումներ է անում Ուկրաինայի ուղղությամբ նույն թեմայի համատեքստում` պայմանագրեր է չեղյալ համարում եւ հետողորմյա անում, Հայաստանի համար առավել կենսական է իմանալ ռազմավարական գործընկերոջ տեսակետները` իր ձեռնարկած եվրոպական քայլերի վերաբերյալ եւ Հայաստանի մոտեցումները եւս ներկայացնել, այլեւս այդ հստակեցումն ուշացնելու տեղ չկա: Վերջերս կայքերից մեկը մի լուր էր հրապարակել, թե Ասոցացման համաձայնագրում (եւ նրա մաս Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրում) իմպերատիվ բնույթի մի դրույթ կա, որը բացառում է մասնակից երկրի տնտեսական համագործակցությունն այլ դաշինքներում: Իհարկե, բանավոր զրույցներում եվրոպաշտոնյաները հերքել են, որ այդ համաձայնագրերը այլ համագործակցութունների կարող են խանգարել, եւ սկզբունքորեն էլ այդպիսի դրույթ չի կարող գոյություն ունենալ եվրոպական հայեցակարգերի ուղղվածությունից հենց ելնելով: Սակայն մինչեւ վերջ հստակեցումը չէր խանգարի գործին, իսկ երկրի նախագահն այն քչաթիվ մարդկանցից է, որ գիտե, թե ի՞նչ կա Ասոցացման համաձայնագրում: Այնպես որ` Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքից այս իմաստով շատ բան կարելի է իմանալ, հասկանալ` ռուսները տնտեսական ճնշումներ կարո՞ղ են կիրառել` Հայաստանին ինչ-որ բան պարտադրելու համար եւ մինչեւ ո՞ր աստիճան:

Եվ, իհարկե, ծանր տնտեսական կացության մեջ գտնվող Հայաստանի հետ փոխշահավետ տնտեսական եւ ռազմական համագործակցության եւ այլ խնդիրները քննարկելու հետ միասին` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ եւս հստակեցումները կարեւոր կլինեն, թեեւ Բաքվում Պուտինի տեսակետն այս իմաստով ցույց է տալիս, որ Մինսկի խմբի անդամ երկրի ղեկավարը հազիվ թե որեւէ այլ ենթատեքստ արտածի, քան իր մանդատից եւ ռազմավարական գործընկերությունից է բխում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ