RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #146, 04-09-2013



Տեղադրվել է` 2013-09-04 00:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1403, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՁԱԽՈՂՎԵԼ Է ՍԻՐԻԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԾՐԱԳԻՐԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Նախագահ Օբաման հարցը ներկայացնում է Կոնգրեսի քննարկմանը, որ ձերբազատվի հարվածելու պարտավորությունից

Վերջին երկու շաբաթներին միջազգային հանրության օրակարգում Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցն էր: Մինչ արեւմտյան երկրները պատրաստվում էին այդ գործողություններին, ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները, Թուրքիայի գլխավորությամբ, ի դեմս վարչապետ Էրդողանի, հայտարարեցին, որ կպաշտպանեն միջազգային ամեն մի նախաձեռնություն, նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման բացակայությամբ:

Ֆրանսիայի հետ նույնպիսի դիրք էր բռնել նաեւ Մեծ Բրիտանիան, որի խորհրդարանն օրերս մերժեց Սիրիա ներխուժելու ծրագիրը: Դա Ռուսաստանի եւ Չինաստանի հակադրության պատճառով մերժվեց նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ում: Այնուհետեւ Սիրիայի դեմ ռազմական գործողությունների մեջ մտնելուց հրաժարվեցին Իտալիան, Հունաստանը, Կանադան: Իսկ Գերմանիան հայտարարեց, որ կարող է գործել միայն ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի կամ Եվրոմիություն մանդատի առկայության դեպքում:

ՄԱԿ-ի մանդատը իրատեսական չի թվում, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են Սիրիայի դեմ ռազմական գործողություններին: ՆԱՏՕ-ն այդ գործողություններում չի տեսնում դերակատարություն ստանձնելու անհրաժեշտություն, իսկ ԵՄ-ի երկրները մեծամասնությամբ հակադրվում են այդ գործողություններին, որքան էլ չկասկածեն, որ ենթադրաբար նախագահ Բաշար Ասադի վարչակարգի օգտագործած քիմիական զենքը պատճառ է դարձել ավելի քան 1400 խաղաղ բնակչի սպանության, այդ թվումՙ երեխաների:

2003-ին Իրաքի դեմ երկրորդ պատերազմի սանձազերծումից առաջ Արեւմուտքը քիմիական զենք կուտակելու մեջ մեղադրել էր նախագահ Սադդամ Հուսեյնին: Տարիներ անց միայն մեղադրողները խոստովանեցին, որ քիմիական զենքը հակաիրաքյան երկրորդ պատերազմի պատրվակ է եղել, սակայն Իրաքում արդեն սպանվել էր 1,5 մլն խաղաղ բնակիչ: Սպանություններն առ այսօր շարունակվում են: Ըստ երեւույթին, Սիրիայում Ասադի վարչակարգին վերագրվող քիմիական զենքի օգտագործման մեղադրանքները նույնպես պատրվակ են, բայց ոչ այնքան լայնամասշտաբ պատերազմական գործողություններ ծավալելու, որքան Սիրիայի օդային տարածքը թռիչքազերծ գոտի հայտարարելու եւ ռազմական օբյեկտներին նպատակային հարվածներ հասցնելու համար, որպեսզի հնարավոր լինի կառավարական զորքերի դեմ ամրապնդել «Ազատ Սիրիայի բանակի» դիրքերը:

Թերեւս այդ առումով պատահական չէր, որ Սիրիայի դեմ ռազմական գործողություններին դիմելու հարցը Արեւմուտքում օրակարգ մտավ այն ժամանակ, երբ Ասադի վարչակարգը սկսեց ճնշել «Ազատ Սիրիայի բանակին», սահմանելով վերահսկողություն այն շրջաններում, որոնք անցել էին ընդդիմության ազդեցության տակ:

Ինչպես երեւում է, Սիրիային հարվածելու ծրագիրը ձախողված է: Մինչ այդ Ասադի վարչակարգին պատժելու համար Սիրիայի դեմ ռազմական գործողությունների իրականացման օգտին արտահայտվող Ֆրանսիան սկսել է այդ գործողությունները պայմանավորել ԱՄՆ-ի ձեռնարկումներով, իսկ նախագահ Օբաման, չունենալով դրա անհրաժեշտությունը, հարցը ներկայացրել է Կոնգրեսի քննարկմանը:

ԱՄՆ Կոնգրեսում հարցը կքննարկվի հաջորդ շաբաթվա վերջին: Արդյունքը դրական կլինի, թե բացասական, չգիտենք: Պարզապես, ներկայացնելով հարցը Կոնգրեսին, նախագահ Օբաման փորձել է ձերբազատվել Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու պարտավորությունից այն հույսով, որ քննարկման արդյունքները կլինեն բացասական:

Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը: Ըստ երեւույթինՙ Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայում իշխանության ղեկին «Մուսուլման եղբայրների» հայտնվելու հավանականությամբ: Ինչ վերաբերում է ռազմական միջամտության հարցում ԵՄ-ի երկրների որդեգրած կրավորական դիրքորոշմանը, որն, ի դեպ, պաշտպանում է նաեւ Արաբական լիգան, ապա դա էլ պետք է պայմանավորվի Մերձավոր Արեւելքում ռազմաքաղաքական միանձնյա ներկայության ԱՄՆ-ի հավակնություններով, ինչպես նաեւ Սիրիայով միջնորդավորված Ռուսաստան-ԱՄՆ մրցապայքարի գիտակցությամբ:

Չի բացառվում, որ ԵՄ-ի երկրները կաշկանդված լինեն նաեւ Ռուսաստանի հետ առճակատման հավանականությունից: Համենայն դեպս, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Սիրիայի դեմ ռազմական գործողություններից զերծ էլ մնան, միեւնույն է, օրակարգ մտցնելով գործողությունների հարցը, միջազգային հանրության ուշադրությունից դուրս են մղել շուրջ 1 ամիս առաջ վերսկսված պաղեստինա-իսրայելական բանակցությունները եւ նախադրյալներ են ստեղծել, որ ընդլայնվեն Եգիպտոսում նախագահ Մուրսիին իշխանության բերած «Մուսուլման եղբայրների» դեմ պայքարելու գեներալ Ալ Սիսիի հնարավորությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #146, 04-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ