ԱՅԱԶ ՄՈՒԹԱԼԻԲՈՎԸ «ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ՞ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ» ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Ադրբեջանի էքս-նախագահ Այազ Մութալիբովը, որ երբեք քաղաքականությամբ չզբաղվելու երդման դիմաց Իլհամ Ալիեւից նախագահական թոշակ եւ մերձքաղաքային ամառանոց էր ստացել, «արդեն մեկ ամիս է, ինչ անհետացել է»: Այդ մասին երեկ հաղորդել է «Թուրան» գործակալությունը: Լրատվամիջոցի աղբյուրը տվյալ դեպքում Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արազ Ալիզադեն է: Վերջինիս խոսքերով, «ներկայումս Այազ Մութալիբովը Բաքվում չէ եւ հայտնի չէ, թե երբ կվերադառնա»: Virtualaz.org-ը մեկնաբանության համար դիմել է Արազ Ալիզադեին, որն ասել է հետեւյալը. «Ես պարզապես ասել եմ, որ նրա (Մութալիբովի) տեղակալը կամ օգնականը չեմ, որպեսզի իմանամ նրա տեղաշարժերի մասին: Իսկ իրականում ես գիտեմ, թե որտեղ է Մութալիբովը, նրա հետ շփվում եմ: Բայց նա չի ուզում, որ իրեն անհանգստացնեն: Նա Ադրբեջանում է» /տես`http://haqqin.az/news/9381/: Ալիզադեի այս հայտարարությունը կարծես ավելի է խճճում հարցը: Եթե Մութալիբովի «անհետացումը» կապված չէ նրա առողջական կամ կենցաղային այլ խնդիրների հետ, եւ նա գտնվում է Ադրբեջանում, «բայց չի ցանկանում, որ իրեն անհանգստացնեն», ուրեմն դրդապատճառները քաղաքական են: Փաստորեն Մութալիբովը չի ցանկանում, որ «իրեն անհանգստացնեն» Ադրբեջանում նախագահական ընտրությունների թեմայով: Իշխանություններին նա խոստացել է երբեք քաղաքականությամբ չզբաղվել, հրաժարվել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահի պաշտոնից: Բայց ի՞նչ արժեք ունի էքս-նախագահի «ազնիվ կուսակցական» երդումը, եթե Իլհամ Ալիեւը նույնիսկ սեփական ստվերին է կասկածում իր դեմ «դավադրություն կազմակերպելու» մեջ: Իրեն ապահով զգալու համար, բացառված չէ, նա Մութալիբովին պարզապես տնային կալանքի է ենթարկել` մինչեւ նախագահական ընտրությունները կավարտվեն: Այլ ենթադրության տեղ չի մնում, քանի որ ընտրությունների պաշտոնական մեկնարկից առաջ Մութալիբովը տեղական լրատվամիջոցներին ասել էր, որ «նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրություն չունի, լիովին պաշտպանում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը»: Ըստ երեւույթին, գործող վարչախմբին դա չի բավարարել: Իրեն կատարյալ ապահովագրված զգալու համար Իլհամ Ալիեւը որոշել է Մութալիբովին առժամանակ մեկուսացնել: Ընդ որում, նախկին նախագահը Բաքվում չէ, բայց «գտնվում է Ադրբեջանում»: Ի՞նչ «աքսորավայր» է ընտրվել Մութալիբովի համար` Ադրբեջանի հատուկ ծառայությունների գաղտնիքն է: Հետաքրքրական է, որ էքս-նախագահի մասին Ադրբեջանի օրենքով վերջինս համարվում է «անձեռնմխելի անձ», նրան տրվում է ցմահ դիվանագիտական անձնագիր` ազատ տեղաշարժի իրավունքով, ինչպես նաեւ` անձնական թիկնազոր եւ տրանսպորտային միջոց: Մութալիբովի դեպքում այդ ամենը պայմանականություն է, նա լիովին կախված է Իլհամ Ալիեւի կամքից: Փաստորեն, իշխող վարչախմբի համար վտանգավոր է ցանկացած քաղաքական դեմք, այդ թվում` «կատարելապես հեղինակազրկված» Այազ Մութալիբովը, որ 20 տարի Ռուսաստանում բնակվելուց հետո էլ, պարզվում է, ուժեր համախմբելու եւ Իլհամ Ալիեւի հետ մրցակցելու հնարավորություն ունի: Հակառակ դեպքում ինչո՞ւ են իշխանությունները տնօրինել, որ նա «անհետանա» եւ չցանկանա, որ «իրեն անհանգստացնեն»: Ադրբեջանում նախագահական ընտրություններին մնացել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ: Այդ ընթացքում, ամենայն հավանականությամբ, Մութալիբովը «վաստակած հանգիստ կվայելի» ինչ-որ կառավարական ամառանոցում: Լռության համար նրան արդեն լիուլի վարձատրել են: Այժմ կարող են օգտագործել` ինչպես կցանկանան: |