ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ԴԵՍՊԱՆ ԳՆԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ Է ՍՏԱՑԵԼ Մ. Խ. ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը yerkir.am կայքին տված հարցազրույցում փաստորեն հաստատել է այն լուրը, որ ինքը դեսպան է նշանակվելու. «Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ», ասել է նա` նշելով, թե դա իրեն անձնապես արված առաջարկ է եղել եւ իր կողմից ընդունելի: Նա հարցը ներկայացրել է իր կուսակցությանը, որը համաձայնություն է տվել: Նա ասել է, որ դա արտառոց առաջարկ չէ իր համար, քանի որ վերջին երեք տարիներին արդեն իսկ աշխատում էր արտաքին հարաբերությունների ասպարեզում (ղեկավարել է Հայաստանի պատվիրակությունը «Եվրոնեսթում եւ այլն). «Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե խորհրդարանական դիվանագիտությունը տրամագծորեն տարբերվում է պաշտոնական դիվանագիտությունից», նշել է նա: Թե որ երկրի դեսպան նշանակվելու առաջարկ է ստացել Վ. Հովհաննիսյանը` նա այդ մասին չի ասել, սակայն մամուլը գրում էՙ Գերմանիայում Հայաստանի դեսպան. «Արված առաջարկն ունի գործնական բնույթ եւ իմ քաղաքական հայացքների փոփոխությունների հետեւանք չէ, հետեւաբար չի կարող դառնալ նմանատիպ փոփոխության պատճառ: Մյուս կողմից` այս առաջարկն անողը վստահորեն քաջատեղյակ է եղել իմ հայացքներին եւ իր համար եւս խնդիր չի առաջացել: Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասություն, առավել եւս` դիրքորոշումները վերանայելու խնդիր», պարզաբանել է Վ. Հովհաննիսյանը: |