ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՍԵՆՍԱՑԻԱ ՉԷՐ ՍՊԱՍՈՒՄ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանում այս պահին իշխանափոխություն հնարավոր չէ, որեւէ գործոն դրա համար չկա, նախ` քաղաքական ուժերը ոչ միայն պասիվ են, այլեւ զորավոր չեն, քաղաքական կապիտալի պակաս է զգացվում: Այս մասին երեկ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը . «Երբ ասում ենք իշխանափոխություն, բանաձեւում կամ այլընտրանքային ծրագրեր պետք է լինեն», նկատեց նա` հավելելով, թե այդպիսի ծրագրերը ժողովրդի մեջ զանգվածային նշանակություն ձեռք չեն բերում, շարժումներն էլ կիսատ են մնում: Անդրադառնալով Պուտին-Սարգսյան հանդիպմանը` Գ. Սահակյանը խորհուրդ տվեց սենսացիայի չսպասել` գործնական, աշխատանքային քննարկումներ են (երբ Գ. Սահակյանն ասուլիս էր տալիս, այդ հանդիպումն արդեն սկսվել էր -Մ.Խ.)` կապված մեր հետագա դիրքորոշումներն ու մոտեցումներն առաջ տանելու հետ, եւ նա մեծ մասամբ դրական արդյունք էր սպասում: Խորհրդարանական կառավարման անցնելու եւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցին պատասխանելով ՀՀԿ փոխնախագահը նշեց, թե հիմնական գործընթացների ծանրությունը հենց ընկած է Հանրապետական կուսակցության վրա: Սահմանադրական փոփոխությունները բավականին երկարատեւ գործընթաց են` հայեցակարգերի մշակման, դրանք հրապարակային դարձնելու եւ քննարկումների առումով: Հանձնախումբը, որ կաշխատի սահամադրական փոփոխությունների վրա, առաջարկություններ կընդունի եւ քաղաքացիներից, եւ քաղաքական ուժերից ու քննարկումների արդյունքում հանրաքվեի դրվելիք փաստաթուղթը կներկայացնի: Սակայն հետաքրքրական է, որ անձամբ Գ. Սահակյանը դեմ էր խորհրդարանական կառավարման անցնելուն եւ դա պետության համար վտանգավոր համարեց. «Ես կողմնակից չեմ պետության խորհրդարանական կառավարման մոդելին: Քննարկումների ժամանակ ես իմ մոտեցումն արտահայտելու եմ», ասաց: Հարցերի մի առյուծի բաժին բնականաբար վերաբերում էր «Փակ շուկայի» շուրջը դեպքերի զարգացումներին եւ քաղաքացիական շարժմանը: Քաղաքացիական շարժումները կապված են այս կամ այն կոնկրետ խնդրին, եւ պետք չէ դրանք կապել ողջ քաղաքական գործընթացների հետ, սա էր ՀՀԿ փոխնախագահի կարծիքը. «Քաղաքական ուժերն են կերտում տվյալ երկրի քաղաքական գործընթացները, իսկ շուկա քանդել կամ ուսանողական վարկի հարց բարձրացնել` դա ընդամենը տեսակետ կարող է լինել եւ քաղաքական պայքարի շրջանակից դուրս է: Բողոքելը նաեւ իրավունք է, եւ ցանկացած քաղաքացի բողոքի իր իրավունքն է իրացնում»: Ասոցիացման ծրագիր, Եվրասիական միություն` բոլորը մի կողմ դնենք ու զբաղվեենք շուկան պատմաճարտարապետական տեսքի բերելով, ու մեր ժողովուրդը լավ կապրի, ազատամարտիկները թոշակ կստանան, ուսանողներն էլ անվճար կսովորեն», իր ծանոթ հեգնանքը խոսքի մեջ դրեց Գ. Սահակյանը` նշելով, որ եթե հանցանք կա, կատարվողը օրինական շրջանակներից դուրս է, պատժի է արժանի է, ու աշխատող հանձնախումբ կա, որն ի վերջո եզրահանգումների կգա «Փակ շուկայի» հարցով: Լրագրողները զարմացան` սարքեն- պրծնեն` էլ ինչ հանձնախումբ: «Ազգը» հետաքրքրվեց աղմուկ հանած կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության վերաբերող օրենքով` արդյո՞ք ժամանակին չէին կարող «գենդեր» բառը չներառել. «Ձեր ասած օրենքի վերաբերյալ բազմաթիվ լսումներ են եղել` ոչ մի աղմուկ, ոչ մի բան, հիմնական գաղափարն էլ էն է, որ պաշտպանենք կանանց իրավունքները: Դրա մեջ էդ արձանագրումը ամեն մարդ ո՞նց է պատկերացնում` դա իր խնդիրն է», նշեց Գ. Սահակյանը` հիշելով, որ օրենքը սեռական փոքրամասնությունների, միասեռականների հետ կապողներ եղան. «Իմ ու իմ ընկերների եւ ոչ թե կուսակցության տեսակետը կարող եմ ասել` եթե պիտի վարքագիծ դրսեւորողներն իրենց իրավունքներն ավելի բարձրացնեն, քանՙ ասենք, սովորական, ոչ հիվանդ հասարակությունը, մեզ էդ տիպի ոչ Հայաստան է պետք, ոչ էլ` աշխարհ: Հայաստան դա չի ներմուծվելու»: Ըստ նրա` «հենց տեսան` փոփոխությունը պետք է լինի, կառավարությունն անում է, արդեն պայքարում են քարը քարի վրա չթողնելու, օրենքն ընդհանրապես հանելու համար» (խոսքը վերջերս կառավարության նախաձեռնությամբ «գենդեր» բառն օրենքից հանելուն եւ մի շարք այլ փոփոխություններին է վերաբերում). «Ստացվում է` մի օրենք պիտի գրենք, որով կանանց իրավունքները ավելի ցածր են, քան տղամարդկանց իրավունքնե՞րը», հեգնեց նա: ՀՅԴ-ականների դեսպաններ նշանակելու փաստից Գալուստ Սահակյյանը տեղեկացված չէր, բայց նշանակումներին կուսակցական վերագրումները ոչ պարտադիր չհամարեց` բոլորն էլ Հայաստանի քաղաքացիներ են, ով տվյալ գործում կարող է առավելն անել, նա էլ կնշանակվի: |