ԲՌՆԱԴԱՏՎԱԾ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Գ. Մ. Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը Շիրակի թեմի առաջին առաջնորդն է եղել Շիրակի հոգեւոր թեմի առաջին առաջնորդ, երջանկահիշատակ Արտակ եպիսկոպոս Սմբատյանցի (1876-1937) անունն է կրում Գյումրու մի համեստ փողոց, որը սկսվում է քաղաքի կենտրոնական հրապարակի մոտից, Սբ Աստվածածին («Սբ Յոթվերք») եկեղեցու տարածքից: Անցած կիրակի օրվա պատարագից հետո այս փողոցի սկզբնամասում, եկեղեցու մուտքի դիմացի տան պատին, հայ բոլշեւիկների ձեռքով նահատակված հոգեւորականի անվամբ հուշատախտակ բացվեց: Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը ժամանակի լուսավորյալ հոգեւորականներից մեկն է եղել. Գեւորգյան հոգեւոր ճեմարանն ավարտելուց առաջ, որտեղ նաեւ դասավանդել է, գերազանցությամբ ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, հետո նաեւ որպես ազատ ունկնդիր հետեւել է Դորպատի համալսարանի դասընթացներին: Աշխատակցել է «Արարատ» ամսագրինՙ հանդես գալով հոգեւոր թեմաներով քարոզներով, ուսումնասիրություններով, ռուսերենից ու գերմաներենից կատարած թարգմանություններով: Գրել է «Համառոտ պատմություն Տաթեւի վանքի», Գյումրու չորս եկեղեցու կառուցման համառոտ պատմությունը, այլ գործեր: 1920-21 թվականներինՙ հայ ժողովրդի համար խառնաշփոթ մի ճամանակաշրջանում, եղել է Գեւորգ Ե. Սուրենյանց կաթողիկոսի կողմից Երեւանի թեմից առանձնացված Շիրակի նորաստեղծ թեմի հիմնադիր առաջնորդը եւ այնքան է սիրվել ժողովրդի կողմից, որ այնուհետեւ հինգ տարի Սյունյաց թեմը ղեկավարելուց հետո Շիրակի թեմական պատգամավորական ժողովի կողմից միաձայն նորից ընտրվել է Շիրակի թեմակալ առաջնորդ եւ վերադարձել այստեղ: Նա Շիրակի հոգեւոր կյանքը ղեկավարել է ընդհանուր հաշվով ինը տարի: Ընտրվել է նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ, պաշտոնավարել Մայր աթոռում, 1935 թ. սկզբներին նշանակվել Երեւանի թեմի հայրապետական լիազոր ներկայացուցիչ: 1937 թվականին պետանվտանգության մարմինների կողմից ձերբակալվել, գնդակահարվել է, 1957-ին արդարացվել... Հուշատախտակին պատկերված Արտակ սրբազանի դիմապատկեր-խորաքանդակի հեղինակը գյումրեցի արվեստագետ Սամվել Պողոսյանն է: Բացման արարողությունը կատարվեց հոգեւոր դասի կողմից, գյումրեցի հավատացյալների, քաղաքացիների, լրագրողների մասնակցությամբ: |