ԵՎ/Ե՞Վ... ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՍՏԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԹՈՌԻՆ` ԴԵՌ ՉՆՍՏԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆԻՆ Վ. ՊՈՂՈՍՅԱՆ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ, պարզվում է, Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ որոշում ուներ, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մոսկվայում «Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Ա. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման եւ այդ նպատակով կատարելիք անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայումՙ Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու վերաբերյալ», ասվում է ՌԴ նախագահի հրավերով Մոսկվա աշխատանքային այցով մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ: Ըստ Հայաստանի նախագահի նստավայրից տարածված պաշտոնական հաղորդագրության, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հաստատել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության այդ որոշմանը եւ հայտնել այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը: Ըստ էության, այս համատեղ կոչված հայտարարությունը, որից դուրս պաշտոնապես ներկայացվում են նաեւ բանակցությունների մյուս թեմաներն ու նաեւ Հայաստանի նախագահի խոսքը, կարող են անկարեւոր թվալ, քանի որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի, պարզվում է, արդեն իսկ կայացրած որոշումը շատ բան է փոխում առկա իրավիճակում: Այդուհանդերձ, անվտանգության այդքան չարչրկված համատեքստում էլ կարելի է միայն կարեւորել, որ համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում նշվեց կողմերի փոխադարձ պատրաստակամությունը ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման եւ փոխգործակցության կատարելագործման հարցում»: Բացի դրանից, ըստ հաղորդագրության, «Երկու երկրների նախագահներն, ըստ նույն փաստաթղթի, առանձին հայտարարությամբ հաստատել են Հայաստանի եւ Ռուսաստանի վճռականությունը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում»: Ավելին, «արտահայտվեց երկու երկրների պատրաստակամությունը Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը եւ երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված երկկողմ ծրագրերի գործնական իրականացման հարցում»: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները նշել են ներկայումս գործող Հայկական աէկ-ի «շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաեւ նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի կարեւորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման հարցում»: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարներն ընդգծել են նաեւ ենթակառուցվածքային ծրագրերի, այդ թվում նաեւ երկաթուղային հաղորդակցության, ինչպես նաեւ նոր լոգիստիկ եւ հաղորդակցման ուղիների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու կարեւորությունը: Այս ամենն ինչ-որ բան նշանակում են, սակայն ակնհայտորեն բավարար հիմք չեն, որպեսզի Հայաստանը հայտարարեր, թե արտառոց եւ ոչ որոշակի Եվրասիական միությանը հեռանկարում միանալու մեծ ցանկություն ունի: Մյուս կողմից, համատեղ հայտարարության տեքստն ու այն, ինչ բառացի ասել է Հայաստանի նախագահը, այնքան էլ չեն համընկնում` ի ցույց դնելով, որ համատեղ հայտարարության տեքստի վրա աշխատանքում ավելի շատ ճնշումներ են իրագործվել, քան դա երեւում է Հայաստանի նախագահի խոսքում: Մասնավորապես, Սերժ Սարգսյանի խոսքում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու ոչ թե որոշման մասին է խոսվում, այլ ցանկության: «Մենք հանգամանալի քննարկում անցկացրինք նաեւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, եւ ես հաստատեցի Հայաստանի ցանկությունըՙ միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում», ասել է Սերժ Սարգսյանը, մինչդեռ համատեղ հայտարարությունը ստորագրելիս համաձայնել է, որ ինքը հայտարարել է Հայաստանի այդպիսի որոշման մասին: Այդուհետեւ, սակայն, Սարգսյանը կարծես ուղղում է սեփական խոսքերը. «20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձեւավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձեւաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը եւ արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձեւավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է եւ անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»: Եվրոպան էլ է իր բաժին պարզաբանումը ստանում, որը, թե որքանով կբավարարի Եվրոմիությանը, դժվար թե երկար սպասելու խնդիր լինի: Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ եւ մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք եւ շարունակելու ենք բարեփոխումները»: Իսկ այ եվրոպացիները մտադի՞ր են արդյոք շարունակել իրենց աջակցությունը հայաստանյան բարեփոխումներում` պիտի որ հստակեցվի, քանի որ նույն եվրոչինովնիկները քանիցս հայտարարել են, թե Հայաստանը երկու աթոռի վրա նստել չի կարող, ասել է թե չի կարող Եվրոմիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծել` անդամակցելով նաեւ Մաքսային միությանը: Չնայած սկզբում եվրոչինովնիկները բավականին կոշտ էին այս հարցը դնում, վերջին շրջանում հայտարարություններն առավել մեղմ էին` այն ձեւակերպումներով, թե Հայաստանին ոչ ոք չի ճնշում, եւ որ նա իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ապագան: Հայաստանյան պաշտոնյաներն էլ փորձում էին հանրությանը պարզաբանել, թե հնարավոր է չհրաժարվել Ռուսաստանի գրեթե պարտադրած միության մեջ ներգրավվելու հեռանկարից, միեւնույն ժամանակ, եվրոբարեփոխումներով առաջ ընթանալու տարբերակ ունենալ: Ամեն դեպքում, ստացվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը նոյեմբերին Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը չիրագործած` արդեն իսկ նստեց Ռուսաստանի առաջարկած աթոռին, եվրոպականը իբր առջեւում է, բայց... Եվ այն ժամանակ, երբ Եվրոմիության հետ բանակցությունները փաստացի ավարտված էին, Մաքսային միությանը միանալու որոշման կայացումից հետո նախ պետք է դիմել, ապա սկսել բավականին տեխնիկական բանակցությունները, որոնք, ստացվում է, առջեւում են, ընդ որում, այդ միությանը միանալու հարցում անհրաժեշտ է անդամ պետությունների համաձայնությունը: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը հաստատապես խնդիրներ է առաջ բերելու եվրոպական ուղղությամբ, այն էլ` բավականին լուրջ: Որեւէ պարագայում պետք չէ ենթադրել, թե զգալի ներդրումներ արած ու եվրոպական ինտեգրման ուղղությամբ բարեփոխումների ողջ ընթացքին աջակից Եվրոմիությունն ուղղակի կհամաձայնի Հայաստանի այսպիսի դիրքորոշմանը, անգամ եթե հայ պաշտոնյաները բերեն աշխարհի բոլոր հիմնավոր ու անհիմն փաստարկները, այն պարզ պատճառաբանությամբ, որ բավականին երկար տեւած ու ավարտին հասցված Ասոցիացման համաձայնագրի բանակցություններին հատկացված ժամանակահատվածը, փաստացի, կդառնա վատնված: Իսկ պրագմատիկ Եվրոպայում հատկապես միջոցների վատնումը ոչ ընդունելի է, ոչ էլ հեշտությամբ ներելի: |