ՀՈՒՍԱԴՐՈՂ ՔԱՅԼԵՐ ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Սիրիայում եւ Իրաքում շարունակվող արյունահոսության եւ ուրվագծվող նոր պատերազմի ֆոնին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սեպտեմբերի 27-ի միաձայն ընդունած բանաձեւը սփոփիչ հառաչանք պատճառեց միջազգային հանրությանը: Դա պատասխանատվության վեհ զգացումներով տոգորված ղեկավար առաջնորդների ստեղծագործական դիվանագիտության արդյունքն էր, եւ ամբողջ աշխարհը շահեց դրանից: «Արաբական գարուն» հորջորջվածը աղետաբեր մի գործընթաց է քարուքանդ անելու Միջին Արեւելքի կայուն եւ բարգավաճ երկրներըՙ վերացնելու համար Իսրայելին ուղղված որեւէ իրական կամ ենթադրյալ սպառնալիք: Իրաքն ու Լիբիան քարուքանդ արվեցին այդ երկրներին ժողովրդավարություն բերելու կեղծ պատրվակով: Հետեւանքների մասին ճիշտ եզրակացություն կարող է անել որեւէ քաղաքական գործիչ: Բուշ-Չեյնիի վարչակարգի տարիներին Իսրայելի վարչապետ Նաթանյահուին դժվար չէր Վաշինգտոնին ներքաշել նման արկածախնդրության մեջ: Երեք տրիլիոն դոլար արժողությամբ պատերազմից հետո, որի ընթացքում 4.500 մարտիկներ զոհվեցին եւ ավելի քան 50 հազարն էլ վիրավորվեցին կամ հաշմանդամ դարձան, նախագահ Օբաման ի վերջո կարողացավ կանգ առնել, նախքան նոր աղետալի պատերազմ նախաձեռնելը: Սիրիայի պատերազմը, հակառակ լրատվամիջոցների պնդումներին, բոլորովին էլ քաղաքացիական պատերազմ չէ: Օտար վարձկաններ են այնտեղ կռվում, հաստատելու մի նոր իսլամական պետություն Միջին Արեւելքում: Մ. Նահանգներն ու Արեւմուտքը, ընդհանրապես, նպաստում են այդ նպատակին օժանդակելով արմատական վարձկաններին: «Ալ Ղաիդայի» իշխանության ներքո մի նոր պետության հառնումը սթափեցրեց կողմերին, եւ նրանք սկսեցին դիվանագիտական լուծում տալ արհեստականորեն ստեղծված սիրիական խնդրին: Օբաման, որն ընտրվել էր աշխարհին խաղաղության բերելու խոստումով, պատին էր սեղմված եւ սպառնում էր հրթիռակոծել Սիրիան: Մկքեյնը անօրինական ճանապարհով սողոսկել էր Սիրիաՙ իբր լավ ահաբեկիչներին զատորոշելու վատերից: Օբաման քաշեց կարմիր գիծըՙ օգտագործել քիմիական զենքի ենթադրյալ առկայությունը որպես պատրվակ: Առիթից անմիջապես օգտվեցին միջազգային մեքենայությունների վարպետՙ Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար Բին Սուլթանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իսրայելի հետախուզությունը, որոնք էլ իրականացրին քիմիական զենքի հարձակումը օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձան Գուտայում, որպեսզի արդարացնեն Մ. Նահանգների ներխուժումը: Մեծ ջանքեր պահանջվեցին արտգործնախարարներ Սերգեյ Լավրովից եւ Ջոն Քերրիից` հասնելու համար ուժի չկիրառման համաձայնության: Քերրին բարձր գնահատեց Լավրովի դիվանագիտական ունակությունները: Սա մեզ հիշեցնում է ճիշտ հիսուն տարի առաջ Կուբայի շուրջն ստեղծված ճգնաժամը, որի հարթեցման գործում անգնահատելի դեր խաղաց Անաստաս Միկոյանը: Նա նույնիսկ չվերադարձավ Մոսկվաՙ մասնակցելու իր կնոջ հուղարկավորությանը, նախընտրեց մնալ եւ համոզել Կաստրոյինՙ վերացնելու հրթիռները: Աշխարհը երախտապարտ պետք է լինի այս երկու հայազգի դիվանագետներինՙ Լավրովին եւ Միկոյանին, նման առաքելություն իրենց ուսերին կրելու համար: Ընդհանուր ժողովի 68-րդ նստաշրջանը մեկ այլ դրական տեղաշարժ եւս արձանագրեց, երբ Մ. Նահանգների նախագահ Օբաման 15-րոպեանոց հեռախոսազրույց ունեցավ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի հետ, որի շնորհիվ զգալիորեն թուլացավ երկու երկրների միջեւ ստեղծված լարվածությունը: Ռուհանին ձգտում է իր երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ սկսել Մ. Նահանգների հետՙ նպատակ ունենալով վերացնել միջազգային տնտեսական պատժամիջոցները, որոնք խաթարում են երկրի տնտեսությունը: Իրանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն այնքան էլ դրական արձագանք չէին գտնում Արեւմուտքում: Այժմ, որպես լարվածության թուլացման հետեւանք, Հայաստանն ավելի ազատ կարող է իր տնտեսական կապերը զարգացնել Իրանի հետ: Ավելին, իր սահմաններում պատերազմի վտանգը կարող է չեզոքանալ: Այդ առումով զարմանալի չէ, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է տեղաշարժը եւ շնորհավորել իր գործընկերոջըՙ Մոհամմեդ Ջավադ Զարիֆին, «վեցյակի» երկրների հետ բանակցությունների վերականգնման առնչությամբ: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ. (հրատարակվում է կրճատումներով) |