ԿԵՑՑԵ՜ ԲՈԼՈՐ ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲԱՅՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Երեկՙ Ադրբեջանում նախագահական ընտրարշավի պաշտոնական ավարտից մի քանի ժամ առաջ, Իլհամ Ալիեւի թեկնածությունը պաշտպանելու հայտարարություն է տարածել այդ երկրի ազգայնական կուսակցությունը, որն ավելի շատ հայտնի է «Գորշ գայլեր» անունով: Հայտարարությամբ Ադրբեջանի «գորշ գայլերին» կոչ է արվում իրենց «ձայնը տալ հօգուտ գործող նախագահ» Իլհամ Ալիեւի: Հետաքրքրականն այն է, որ Ադրբեջանում «Գորշ գայլեր» կուսակցության հիմնադիր, ՆԳ նախկին նախարար Իսկանդեր Համիդովը մի քանի օր առաջ Բաքվում ներկա է եղել ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական հանդիպմանը եւ հակաիշխանական ելույթ է ունեցել, որից հետո նրա եղբայրը հայտարարել էր, թե «Իսկանդերը հոգեկան հիվանդ է եւ ունի բուժման, ոչ թե` քաղաքականություն վերադառնալու խնդիր»: Որեւէ կապ ունի՞ ՆԳ նախկին նախարարի «հոգեկան հիվանդությունը» երեկ տարածված` «Գորշ գայլեր» կուսակցության հայտարարության հետ, չենք կարող հերքել կամ հաստատել, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանում Իլհամ Ալիեւի թեկնածությունը պաշտպանելու համաճարակը հասել է խիստ վտանգավոր աստիճանի: Բանն այն է, որ «Գորշ գայլեր» կուսակցությունը խիստ ազգայնական գաղափարներ է դավանում: Այն հայտնի է պանթուրքական նկրտումներով եւ հանդես է գալիս բոլոր թուրքախոս երկրներին Թուրքիայի հովանու ներքո միավորելու ծրագրով: Դա փաստացի թուրքական համանուն կուսակցության ադրբեջանական մասնաճյուղն է, որը ղարաբաղյան պատերազմում ռազմականացված խմբավորումների միջոցով վայրագություններ է գործել Արցախի խաղաղ բնակչության դեմ: Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը վերջերս Իլհամ Ալիեւի երրորդ ժամկետով «վերընտրությունը» փորձել էր համեմատել Գերմանիայի կանցլեր Մերկելի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի հետ: Համեմատությունն, իհարկե, բոլոր առումներով անտեղի է, բայց ինչպիսի՞ն կլիներ Մերկելի վիճակը, եթե գերմանական նեոֆաշիստական ոչ ֆորմալ կազմակերպություններից մեկը հայտարարեր, որ պաշտպանում է նրան: Կանցլերից երես կթեքեր ոչ միայն Գերմանիան, այլեւ ողջ միջազգային հանրությունը: Իսկ Ադրբեջանում «գորշ գայլերի»ՙ ի պաշտպանություն Իլհամ Ալիեւի հայտարարությունը դարձել է իշխանական քարոզչամեքենայի «գյուտը», բանը ներկայացվում է այնպես, որ Իլհամ Ալիեւի «հեղինակությունն այնքան բարձր է, որ նույնիսկ նրա երեկվա ընդդիմախոսներն են դա ընդունում»: Որեւէ մեկի մտքով երեւի չի անցել, որ «գորշ գայլերը» գուցե պայքարի յուրօրինակ ձեւ են ընտրել: Այն է` Իլհամ Ալիեւին հռչակելով «բոլոր գորշ գայլերի հարազատ եղբայր», աշխարհին ցույց են տալիս, թե իրականում ով է Ադրբեջանի նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով «վերընտրվում»: Իր հարգն իմացող երկրում կամաչեին հրապարակել, որ գործող նախագահի թեկնածությունը պաշտպանում է ֆաշիստական գաղափարախոսության կրող մի «կուսակցություն»: Ադրբեջանում, ընդհակառակը, հպարտանում են: Իսկ դա չի՞ նշանակում, որ Իլհամ Ալիեւն էլ իրականում գորշ գայլ է: Ուստի կարելի է ասել, որ Ադրբեջանում նախագահական «ընտրությունները», որ սկսվել են «Իլհամի հետ` դեպի առաջ» կարգախոսով, ավարտվում են «Կեցցե՜ բոլոր գորշ գայլերի հարազատ եղբայր Իլհամ Ալիեւը» ֆաշիստական ոռնոցով: |