«ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆ ԱՆՎԱՆԵԼ» Հ. Հ. Արդեն մեկ տարի գործում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը»: Կենտրոնը ստեղծվել էր` աջակցելու հայրենիքում գտնվող սիրիահայերին, օգնել նրանց կրթություն ստանալու, աշխատանք գտնելու եւ բնակարանով ապահովելու հարցերում: Կենտրոնը ստեղծվել է սփյուռքի նախարարության աջակցությամբ: Ըստ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ՙ սիրիահայերը Հայաստան բերեցին նոր մշակույթ, աշխատանքի նվիրում եւ պատասխանատվություն: Հակոբյանի գնահատմամբՙ Հայաստան եկած 10.000 սիրիահայերը թեեւ իրենց կարգավիճակով փախստականներ են, սակայն միայն իրավական տեսանկյունից, քանի որ հայրենիքում սիրիահայերին չեն կարող փախստական անվանել: Նախարարի խոսքերովՙ պետությունն ու բոլոր գերատեսչությունները միավորվել են սիրիահայերին աջակցելու հարցում: Սիրիահայերին օգնության ձեռք են մեկնել նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակն ու Պարենի համաշխարհային գրասենյակը, որոնք 6 ամիս շարունակ շուրջ 5000 ընտանիքի պարեն են մատակարարել: Այժմ Աշտարակ քաղաքում կառուցվում է Նոր Հալեպ թաղամաս, որտեղ բնակվելու են սիրիահայերը: Այս հարցում նույնպես պետության եւ անհատների աջակցությունը մեծ է: ՀԲԸՄ-ն եւ Գյուլբենկյան հիմնադրամն էլ հանձն են առել օգնել սիրիահայ ուսանողներին եւ նրանց համար սահմանել են հատուկ կրթաթոշակներ: |