RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-10-07 22:54:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1208, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԳԱՂՋԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե ճիշտ չէր Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում դիմավորելը լոլիկներով ու ձվերով, ինչը չեղավ, ճիշտ չէր նաեւ նրան փուչիկներով ու ծաղիկներով դիմավորելը, ինչը եղավ: Զարուհուն օդանավակայանում դիմավորեցին այնպես, ինչպես դիմավորում են մեր շախմատի թիմին` օլիմպիական հերթական ոսկուց հետո: Ճիշտ է, դրոշներ չկային, բայց փուչիկներն ու ծաղիկներն էին շատ:

Արդեն Երեւանում Զարուհին ամեն տեղ ու ամեն կերպ ցույց տվեց, որ ինքը ոչ միայն իր հարցը սխալ չի համարում, այլեւ առիթի դեպքում կարող է եւ կրկնել: Իմիջիայլոց ասենք, որ Զարուհու հարցը ճիշտ նույնությամբ կրկնել է ԵԽԽՎ-ի բյուրոյի նիստի ժամանակ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը... Այսինքնՙ Զարուհին մինչեւ այս պահը վստահ է, որ ինքը ճիշտ է արել եւ դեռ քիչ է արել:

Թողնենք մի կողմ, որ ԵԽԽՎ-ն բացառապես քաղաքական մարմին է, հետեւաբար այնտեղ պետք է բացառապես քաղաքական հարցեր քննարկվեն, իսկ այս կամ այն նախագահի` կազինո գնալ-չգնալն ամենեւին էլ քաղաքական հարցերի շրջանակում չի տեղավորվում: Սա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ Զարուհին իր հարցով եւ Սերժ Սարգսյանը իր պատասխանով ԵԽԽՎ-ում ներկայացրին հայաստանյան իրականությունը, որտեղ, հիշենք, «ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է»: Հայաստանի ժողովրդի մի զգալի մասին, իրոք, Սերժ Սարգսյանից ավելի շատ հետաքրքրում են ոչ թե նրա ներքին-արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, առաջնահերթությունները, առաջիկա ծրագրերը, այլ նրա` կազինո գնալ-չգնալը: Եվ երբ Զարուհին ասում է, թե ինքը Ստրասբուրգում հնչեցրել է «Հայաստանի քաղաքացիների զգալի մասին հետաքրքրող հարց», այս համապատկերում իրավացի է:

Իտալացիներին, օրինակ, եւս շատ հետաքրքրում էին նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ցոփ կյանքի առաձնահատկությունները, բայց ԵԽԽՎ-ում ոչ մի իտալացի պատվիրակ Սիլվիո Բեռլուսկոնիից երբեք չհետաքրքրվեց նրա անձնական կյանքով, չնայած իտալացիների մեծամասնությանը գուցե Բեռլուսկոնիի կյանքն ավելի հետաքրքրական էր, քան նրա վարած քաղաքականությունը:

ԵԽԽՎ-ն քաղաքական հարցեր քննարկելու հարթակ է, եւ Եվրոպայում այս մասին գիտեն: Միայն Եվրոպայում, փաստորեն:

Այստեղ խոսքը ոչ թե «մեր լվացքի» կամ «ազգային խայտառակության» մասին է, այլՙ մեր քաղաքական տհասության: Եվրոպայում քաղաքականապես տհաս երեւալն ամենեւին էլ ամոթալի չէ, պարզապես Եվրոպայում (եւ ոչ միայն) քաղաքական տհասությունից օգտվել կարողանում են:

Իսկ մենք... Մենք ուղղակի քաղաքականություն ենք անում` գաղջի տարիներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ