ԱՅՍ ԳԻՐՔԸ ՁՈՆ Է ԲԱՐԻ ԱՐՔԱՆԵՐԻՆ Ա. ՌՈՒԲԻՆՅԱՆ Մեր թերթի վերջին համարներից մեկում մենք անդրադարձել էինք սփյուռքահայ հեղինակ Թամրազ Հովսեփյանի «Արքայից արքաներ Կյուրոս Մեծ եւ Տիգրան Մեծ» գրքին, որն, ընդամենը մի քանի ամիս առաջ տպագրված լինելով, արդեն հասցրել է լրջորեն հետաքրքրել գրասեր հանրությանը եւ պահանջարկ վայելել գրաշուկայում: Պատճառն, անտարակույս, հեղինակի դրսեւորած նորովի մոտեցումն է հարեւան մեր երկու երկրների պատմությանը, ինչպես նաեւ պարսից ու հայ մեծագույն արքաների կերպարների քննությանըՙ պատմահամեմատական մեթոդի լույսի ներքո: Օգտվելով հայրենիքում գտնվելու պատեհ առիթից` «Ազգ»-ը հարցազրույցի հրավիրեց հեղինակին` խնդրելով պատասխանել մի քանի հարցերի:
- Պարոն Հովսեփյան, կուզենայինք իմանալ, թե ի՞նչը նման հետաքրքրական մտահղացման պատճառ դարձավ: - Շնորհակալությունս հայտնելով թերթի խմբագրությանը գրքի առթիվ դրսեւորած հետաքրքրության համար` պետք է ասեմ, որ իբրեւ հայզագի անհատ, ով աչք է բացել օտար եզերքում, մեծապես տպավորված եմ եղել թե՛ հայ, թե՛ պարսից ժողովրդի պատմությամբ: Մշտապես ուրախացել եմ, որ կողք-կողքի ապրելով` մեր երկու երկրները քայլել են դարերի միջով եւ հազարամյակների խորքից իրենց հզոր մշակույթը հասցրել 21-րդ դար: Վերջին շրջանում ինձ հատկապես ոգեւորում էր այն միտքը, որ Հայաստանն ու Իրանը Հին աշխարհի քարտեզի վրա եղած այն հազվագյուտ երկրներից են, որոնք միեւնույն անվամբ ու ազգային կազմով են հասել ներկայիս քաղաքակրթությանը եւ այսօր իրավունք ունեն պարծենալու իրենց փառահեղ անցյալով: Այստեղից էլ սկսվեցին իմ որոնումները: - Իսկ ինչո՞ւ հատկապես Կյուրոս Մեծ եւ Տիգրան Մեծ: Չէ՞ որ այս արքաները միմյանց ժամանակակից չեն: - Իրավացի եք, ապրած ժամանակաշրջանով Կյուրոսն ու Տիգրան Մեծը մոտ 450 տարվա հեռավորություն ունեն: Կյուրոսն իշխել է մ.թ.ա. 6-րդ, իսկ Տիգրան Մեծը` մ.թ.ա. 1-ին դարում: Ավելին, Կյուրոսի ժամանակակիցը եւ մտերիմը, պատանեկության տարիների որսընկերն ու հավատարիմ զինակիցը մեր Տիգրան Երվանդյանն է` համաշխարհային պատմության մեջ դարձյալ մնայուն տեղ գրավող մի անուն, որի մասին անզուգական տողեր է թողել հույն պատմիչ Քսենոփոնը: Դրանով հանդերձ, ամբողջ մի գլուխ հատկացնելով Տիգրան Երվանդունուն, բազմակողմանի համեմատության համար ես ընտրեցի Տիգրան Արտաշիսյանին, որովհետեւ բազմաթիվ փաստեր միմյանց համադրելով` ավելի ու ավելի համոզվեցի, թե մարդկային բարձր չափանիշներով որքան նման են պարսիկ ու հայ մեծագործ այս երկու արքաները: - Դուք կարծես նմանություն եք տեսել նաեւ նրանց ճակատագրերի՞ միջեւ: - Միանգամայն իրավացի եք: Բացի այն, որ հասուն տարիքում ե՛ւ Կյուրոսը, ե՛ւ Տիգրան Մեծը, քաջ ու խրոխտ լինելով հանդերձ, եղել են նաեւ մարդասեր, արդարադատ, ներողամիտ, ազնիվ ու վտագների ենթակա, այսինքն` մշտապես առաջին գծում ու հասարակ զինվորի կողքին, մինչեւ գահ բարձրանալն էլ ծանր փորձությունների միջով են անցել: Ճակատագիրը Կյուրոսին «փորձարկել է» դեռ օրորոցում, իսկ հայոց Տիգրանին` երիտասարդության տարիներին: Կյուրոսին, ինչպես հեքիաթում, ուզել է կորստյան մատնել մորական պապը` մեր պատմության մեջ Վիշապազուն մականվամբ հայտնի դաժան Աժդահակը: Որոշ տեսաբանների համոզմամբ` մի քանի օրական մանկան փրկիչը ծագումով հայ է եղել` իշխան Հարապագոսը: Այս անունը հայեցի տառադարձմամբ հնչում է Արբակ: Այլ կերպ է զարգացել Տիգրան Մեծի կյանքը: 22-23 տարեկանում նրան պարթեւական արքունիքին պատանդ է հանձնել հարազատ հորեղբայրը` հայոց անժառանգ թագավոր Արտավազդ Ա-ը: Տիգրանը Տիզբոնում մնացել է ամբողջ 22 տարի`մինչեւ 45 տարեկան դառնալը: Ճիշտ է, նա պատվո հատուկ կարգավիճակ է ունեցել, նույնիսկ պարթեւ Միհրդատ Բ թագավորին կնության է տվել իր դստերը` Ավյոմային, բայց միեւնույն է, գերի է եղել, վանդակում փակված թռչնակ: - Հետաքրքրական մանրամասների ընթերցումը թողնելով ընթերցողին` կխնդրեինք ասել նաեւ, թե ինչ նկատառումներով եք Ձեր գրքում անդրադարձել աշխարհակալ այլ անունների, որոնցից են Համուրաբին, Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը... - Ճիշտն ասած, անդրադառնալ Հին աշխարհի երկու աշխարհակալների եւ չհիշել նշանավոր այլ տիրակալների, չէր կարելի: Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալից մինչեւ Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսոր, իրանյան Կյուրոս Աքեմենացի, հայոց Տիգրան Բ Մեծ, Ալեքսանդր Մակեդոնացի եւ Կեսար, բոլորն էլ տիրակալ լինելուց զատ նաեւ հռչակավոր զորավարներ էին, եւ նրանց արշավանքների մասին բավականաչափ հիշատակություններ կան պատմության էջերում: Հետաքրքրականն այն է սակայն, որ նրանց ճնշող մեծամասնությունը իրենց դրսեւորել են նվաճողին հատուկ դաժանություններով, հանդես ելել բռնակալական նկրտումներով, եւ թերեւս միայն Կյուրոսն ու Տիգրանն են, որ աղբյուրներում հիշատակվում են մարդասիրական հատկություններով, ներբողվում որպես փոքր ժողովուրդների ազատարար, սպասված փրկիչ: Ասվածը փաստելու համար ավելորդ չեմ համարել որոշ դրվագներ դիտարկել մեծ ու հզոր մյուս աշխարհակալների կյանքից, որից, կարծում եմ, գիրքը ոչ միայն չի կորցրել, այլեւ շահել է: - Արժանին մատուցելով ե՛ւ ծավալուն հետազոտություններին, ե՛ւ բարձրորակ տպագրությանը` պետք է նշել, որ գրքում տեղ եք հատկացրել նաեւ արժեքավոր լուսանկարների, որոնցով ընթերցողը էլ ավելի կենդանի է պատկերացնում հին դարաշրջանի պատմությունը: - Այս հարցում, իրոք, մեծ է տպագրող կազմակերպության` «Էդիթ Պրինտ» հրատարակչության, ինչպես նաեւ իմ խորհրդատուների` հայրենական գիտնականներ Արմենուհի Դեմիրճյանի ու Արմեն Խաչիկյանի դերը: Նրանց շնորհիվ ընտրված թեմաները որոշ առումով ավելի ընդարձակվեցին ու լրացվեցին, իսկ լուսանկարների ներդիրը փաստացի նյութ ապահովեց տեքստին` պատկերացում տալով, թե ինչպիսին էր պարսից Աքեմենյանների եւ հայոց Արտաշիսյանների ստեղծած մշակույթը, եւ վերջապես ովքեր են այն մեծերը, որոնք դարերի խորքից առ այսօր կանգնած են պատմություն կերտողների շարքում: Ցավոք, հայոց հզոր մայրաքաղաք Տիգրանակերտի վերաբերյալ նկարները քիչ են, քանի որ ժամանակը սպասում է մեծ պեղումների եւ մեծ հայտնագործումների: Մխիթարականն այն է, որ փոխարենը առատ են արցախյան Տիգրանակերտի դրվագները, որոնք լույս են սփռում մեր փառահեղ արքայի` աշխարհակալ Տիգրան Մեծի սքանչելագործ կերտումների վրա: Հույս ունեմ, որ երբ գիրքը թարգմանվի այլ լեզուներով, շատ ավելի մեծ կլինի Տիգրանի հիմնած բոլոր 6 Տիգրանակերտերով հետաքրքրվողների թիվը: - Բարի երթ մաղթենք ձեր գրքին, հուսանք, որ այն շուտ կթարգմանվի այլ լեզուներով եւ իրավ կմեծացնի մշակութասեր հանրության այն օղակի շրջագիծը, որն ունակ է բարին տարածել ամբողջ աշխարհում: |