ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ ՀԱՄԵՐԳ Է ՏՎԵԼ ՀՌՈՄՈՒՄ Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի System of a Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը նախօրեին համերգ է տվել Հռոմում: Այս մասին Սերժ Թանկյանը նշել է Facebook-յան իր էջում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երգիչն իր էջում տեղադրել է մի փոքր հատված համերգից եւ նշել. «Հռոմը կարողանում է երգել: Մենք անցած գիշեր ունեցանք անհավատալի շոու աշխարհահռչակ Parco Della Musica համերգասրահում»: Հանդիսատեսներից շատերը համերգի մասին իրենց հիացմունքն են արտահայտել Թանկյանի ֆեյսբուքյան գրառման տակ: Սերժ Թանկյանը ամերիկահայ ռոք երաժիշտ է եւ երգահան: Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի եւ Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է Տոմ Մորելլոյի հետ: Նրանք մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին եւ Թուրքիային ճանաչել եւ ընդունել Հայոց ցեղասպանությունը: 2013 թ. հունիսի 25-ին թողարկվեց Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը` Orca Symphony No. 1: |