RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:21:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 5087, Տպվել է` 524, Ուղարկվել է էլ.փոստով` 509

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԶԱՎԹՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Վերջին տարիներին Ամերիկայում եւ այլ վայրերում գտնվող կաթոլիկ եկեղեցու շուրջ պտտվող սեռային ոտնձգությունների սկանդալները սովորական երեւույթներ են դարձել: Այդ սկանդալները թերթերի վերնագրերում հաճախ են հայտնվում եւ անշուշտ թուլացնում են կաթոլիկական եկեղեցին, որը բացի կրոնական հաստատություն լինելուց, նաեւ հզոր քաղաքական ուժ է հանդիսանում: Վերջերս պարզ դարձավ, օրինակ, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեծ դերակատարություն է ունեցել Մ. Նահանգներ-Կուբա մերձեցման գործընթացում:

Երբ քաղաքական նման պատկառելի հեղինակություն վայելող հզոր հաստատություն գոյություն ունի, անկասկած գոյություն կունենան նաեւ այլ խմբավորումներ, որոնք այդ հեղինակությունից տուժած լինելու հանգամանքով կհամարձակվեն դիմելու ամեն միջոցի, այս դեպքում լրատվական գործակալություններին, վրեժ լուծելու համար:

Հանցանքի վայրում բռնված կաթոլիկ հոգեւորականները չեն կարող թողություն ակնկալել եկեղեցու կողմից, քանի որ դատարանները շատ դեպքերում նրանց մեղավոր են ճանաչել, անհարմար դրության մատնելով եկեղեցուն եւ մեծ վնաս պատճառելով նրա գանձարանին:

Սեռական չարաշահումների հիմնական պատճառ է համարվում ամուրիությունը, կամ հոգեւորականների ամուսնանալու արգելքը, սակայն կաթոլիկ եկեղեցին համառորեն կառչած է մնում այդ ժամանակավրեպ կանոնավիճակից: Կաթոլիկ եկեղեցին շատ բարեփոխումներ է իրականացրել եւ դեռ ուրիշներ էլ կիրականացնի, բայց ամուրիության հարցը օրակարգում չէ դեռեւս:

Երբ մենք թերթերի լուսաբանություններին ենք հետեւում ավելի հաճախ կաթոլիկ եկեղեցու, քան այլ հարանվանությունների մասին, բացահայտումների ենք հանդիպում: Անշուշտ վերջիններս էլ ունեն նման խնդիրներ, բայց մենք դրանց մասին հազվադեպ ենք լսում կամ կարդում:

Երբ շոշափելի փաստեր չունես ձեռքի տակ, ապա վտանգավոր ուղու վրա կանգնած կլինեսՙ ապացուցելու համար որեւէ դավադրական արարք: Բայց երբ բավականաչափ փաստեր ունես, վստահորեն կարող ես պնդել, որ նման դավադրական արարք գոյություն ունի եւ նպատակը ուժային պայքարն է:

Հակամարտող կողմերը միշտ էլ փորձում են դիմացինի թուլություններից օգտվել եւ հաջողություն արձանագրել: Իսկ կաթոլիկ եկեղեցին, կամ նրա մեղավոր հոգեւորականները, աշխարհին ի ցույց են հանում այդ թուլությունները:

Այս ներածականը պարզապես ցույց տալու համար էր այս բազմաբնույթ խնդրի պարամետրերը:

Կարծես այս անգամ այդ խնդիրը, կամ սկանդալը, բախում է Հայ եկեղեցու դռները: Իսրայելական եւ հայկական լրատվամիջոցներն ու սոցցանցերը լուրեր են տարածում, որ նման սեռային ոտնձգություններ կատարվում են նաեւ հայ հոգեւորականների կողմից:

Սկանդալը զանազան բաղադրիչներ ունի: Մարդկային ցեղի մի մասնիկը լինելովՙ հայերն էլ բնականաբար զուրկ չեն կարող լինել ուրիշներին հատուկ թուլություններից: Տարրական հպարտության զգացումը երբեմն մղում է մեզ ժխտել այդ երեւույթները, ասելով, որ մեզ մոտ չեն կարող լինել թմրամոլության, տնային բռնությունների կամ պոռնկության դեպքեր: Իրականում, սակայն, այդ բոլորն անքակտելի մասն են կազմում մեր սոցիալական կառուցվածքին: Հարցը հայտնաբերելն է, արմատները գտնելն է, եւ անշուշտ դրանց խելամտորեն վերաբերվելն է:

Փետրվարի վերջերին իսրայելական հեռուստատեսության «Իսրայելն այսօր» հեռուստակայանը 15 րոպե տեւողությամբ մի վավերագրական ֆիլմ ցուցադրեց «Անցյալի սատանաները» խորագրով, որտեղ մեղադրող Հրայր Եզեկելյանը Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքը մուտք գործելով դեմ առ դեմ է դուրս գալիս հայր Խաթ Ջունդուրյանին, ով ենթադրաբար բռնաբարել է նրան 13 տարեկանում, երբ նա ճեմարանի ուսանող է եղել: Ֆեյսբուքում տեսանյութը դիտելիս հստակ երեւում է, որ այն շատ բծախնդրորեն պատրաստվել է եւ բեմականացվել: Ենթադրյալ զոհըՙ Եզեկելյանը (այժմ 38 տարեկան) մեղադրում է նաեւ Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանին, ով Երուսաղեմի ճեմարանի տեսուչն էր 1990 թվականին: «Le Progres» պարբերականի համաձայն, 2013-ի հուլիսի 22-ին նրա դեմ դատական հայց էր ներկայացված եւ 2015-ի հունվարի 22-ին Ֆրանսիայի դատաիրավական մարմինները հետաքննություն իրականացնելու հետեւանքում արքեպիսկոպոսին մեղադրեցին 15 տարեկանից ցածր երեխայի նկատմամբ մանկապղծության մեջ: Արքեպիսկոպոսը, 81 տարեկանում մարտի կեսերին վախճանվեց Դեսինում (Ռոն): Նա Լիոնի թեմում էր սպասարկում: Ըստ Նահապետ Մելքոնյան անունով մեկ ուրիշ տեղեկացված անձնավորության, ով համացանցում «Երբ պանդորայի արկղը բացված է» վերնագրով հոդված է տեղադրել, սուրբ Հակոբյանց միաբանությունից հայր Նորայր Գազազյանը Բեթղեհեմում այցելել է հայր Խաթ Ջունդուրյանին եւ խնդրել նրան ընդունել իր մեղքը եւ ներողություն հայցել Եզեկելյանից: Երեք հաջորդական այցելությունների ժամանակ նա գաղտնի ձայնագրել է հայր Խաթի «խոստովանությունները»ՙ հավանաբար հետագայում վերոնշյալ հեռուստակայանի կողմից օգտագործվելու համար:

Հետաքրքրական փաստն այն է, որ ենթադրյալ զոհը ֆեյսբուքյան էջում ասում է, որ «այդ անհատը (խոսքը հայր Խաթի մասին է, Հ.Ծ.) իմ մեջ գտել էր կատարյալ զոհին եւ տարիներ շարունակ, նույնիսկ վարժարանը թողնելուց հետո, շարունակում էր օգտագործել ինձ»: Հարցն այստեղ հետեւյալն է. ինչո՞ւ էր նա վերադառնում վարժարան, եթե ինչպես ինքն է նշում, վիրավորված էր հայր Խաթի վերաբերմունքից կամ պահվածքից:

Վավերագրական տեսաժապավենի ցուցադրումից հետո Ռոնի Ալոնի-Սդովնիկ անունով մի փաստաբան մեղադրական գործ է հարուցել պատրիարքարանի դեմ, որպես վնասուց հատուցում պահանջելով 15 միլիոն իսրայելական շեքել, որը հավասարազոր է ավելի քան 4 միլիոն դոլարի:

Պատրիարքարանը առայժմ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ:

Միջադեպը բազմաբնույթ երանգներ ունի: Առաջինՙ մեղադրանքի ճշմարտացիությունը, որն իր հերթին առնչվում է երկրորդՙ ամուրիության, կամ կուսակրոն քահանաների այլասերումների խնդրի հետ: Եվ երրորդՙ թե ի՞նչ է թաքնված միջադեպի հեռարձակման ետեւում, մանավանդ երբ այնտեղ նշվում է ոչ թե ենթադրյալ անհատ մեղավորը միայն, այլ ամբողջ պատրիարքությունը, որպես հոգեւոր կառույց:

Հետադարձ ստուգումները բացահայտում են, որ 1982-ին իսրայելական բանակի կողմից Բեյրութի գրավումից հետո, Եզեկելյանների ընտանիքը տեղափոխվել է Երուսաղեմ, որտեղ Պատրիարքարանը, համաձայն երկարամյա իր ավանդության, նրանց բնակարանով է ապահովել: Եզեկելյան երեք եղբայրները վերոնշյալ վարժարանն են ընդունվել, բայց հրաժարվել են քահանա ձեռնադրվելուց: 38-ամյա Հրայրը ցմահ ուսանողի տպավորություն է թողնում: Նա հիմա հոգեբանություն է ուսանում, բայց կարծես բնականոն ուղուց շեղված լինելով, նա ինքը կարիք ունի հոգեբանական օգնության: Միաժամանակ, նա որոշել է միանալ Մորմոնների եկեղեցուն: Երկար տարիներ սեռական ոտնձգության ենթարկված այդ ենթադրյալ «զոհը» ոչ մի գործնական քայլի չի դիմել, կարծես այդ հարցը նրան բոլորովին չի անհանգստացրել: Միայն վաղեմության ժամկետի ավարտին է, որ նա այժմ հանդես է գալիս մեղադրական հայտարարություններով: Հետաքրքրական եւ կասկածելի զուգադիպությամբ հայր Նորայր Գազազյանն էլ գաղտնի տեսագրում է հայր Խաթ Ջունդուրյանի խոստովանությունը: Նա նաեւ հրավիրում է իսրայելական հեռուստակայանի աշխատողներին նկարահանելու «զոհի» եւ «մեղավորի» հանդիպումը եկեղեցական մի ծիսակատարության ժամանակ:

Մենք, իհարկե, չենք կարող թողություն շնորհել մեղավորին, իսկ «զոհին», եթե իհարկե մեղադրանքը որեւէ հիմնավորում ունի, մենք կարող ենք միայն կարեկցել: Բայց իրադրության թատերային հանգուցալուծումը խիստ կասկածելի է դարձնում ամբողջ պատմությունը: Գործող անձինք եւ հեռուստակայանը շատ հեռուն են գնացել, եւ նրանց գործողությունները հավանականության քննությունը չեն բռնում: Եթե Հրայրը իրոք զոհ էր դարձել անցյալում, ապա նա հիմա դարձյալ զոհ է դառնում պատրիարքարանի ամբողջ կառույցի հետ միասին, որը բացի 15 միլիոն շեքելի վնասուց հատուցումից, ստիպված է դիմագրավել նաեւ հասարակության տարակուսանքը եւ արհամարհանքը:

«Իսրայելն այսօր» հեռուստակայանն, իր հերթին, պարտավոր է մի վավերագրական տեսաֆիլմ էլ պատրաստել նվիրված Յեշիվա ուսանողներին, որոնք հայ հոգեւորականների երեսին էին թքել եւ սրբապղծել եկեղեցիների պատերը ոստիկանների եւ դատարանների անտարբեր աչքերի առաջ:

Մեկ այլ հարմար թեմա միեւնույն հեռուստակայանի համար կլինի Երուսաղեմի հայկական համայնքի նոսրացման պատճառների որոնումը: Նշենք, որ 1967-ին Երուսաղեմի հայկական համայնքը 10-15 հազար մարդ էր հաշվում իր մեջ, մինչդեռ այսօր այդ թիվը 1,500-ից էլ պակաս է:

Բայց նույնիսկ եթե Հրայր Եզեկելյանի մեղադրանքները անհիմն են, չենք կարող բացառել այլասերման երեւույթները մի վանական հաստատությունում, որտեղ կուսակրոն հոգեւորականներ են ապրում միասին:

Մինչեւ 5-րդ դարը հայ կաթողիկոսներն ու արքեպիսկոպոսները ամուսնանում էին եւ ընտանիք կազմում: Աստիճանաբար կուսակրոնությունը (ճգնավորությունը) մուտք գործեց եկեղեցի եւ ասկետիզմին հետեւող վանականներ կամավոր հրաժարվեցին աշխարհիկ հաճույքներից եւ երդվեցին ամուրի մնալ: Որոշ վանականներ նույնիսկ ծայրահեղության աստիճանի հասցրեցին ինքնապատժումըՙ տարիներ շարունակ ապրելով սյունակյաց: Կուսակրոն քահանաների ինքնամտրակումը պոետիկ վարպետությամբ շատ լավ նկարագրված է Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» պոեմում:

Կուսակրոն քահանաները կամ ճգնավորները ապրում էին մենաստաններում, մեկուսացման մեջ: Մենաստանը կոչվում էր «անապատ»: Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանն իր «Հայոց եկեղեցին» գրքում տեղեկացնում է, որ կուսակրոն քահանաները չէին կարող ստանձնել հովվական պաշտոններ կամ կատարել ամուսնության եւ թաղման ծեսեր, որովհետեւ ծխականների կամ ընդհանրապես հասարակության հետ կապ չպետք է հաստատեին:

Համահարթեցման մեր դարաշրջանում նման կանոնները ժամանակավրեպ են դարձել եւ կորցրել իրենց նշանակությունը: Կուսակրոն քահանաները այլեւս չեն պահպանում ճգնավորի խիստ մեկուսացված կյանքը: Նրանք դուրս են գալիս, շփվում հասարակության հետ: Գայթակղությունը ամենազոր է եւ դրա հետեւանքում է, որ մենք ականատես ենք լինում այլասերվածությունների եւ սեռական ոտնձգությունների: Հայկական եկեղեցու առաջնահերթություններից մեկը պետք է լինի վերացումը կուսակրոնության, որն առանց այն էլ չի պահպանվում: Անշուշտ կուսակրոնության վերացումը հարցի արմատական լուծում չէ, սակայն, կարծում ենք, զգալիորեն կնվազեցնի անախորժ միջադեպերի քանակը եւ եկեղեցուն էլ կփրկի կեղծ բարեպաշտությունից: Ի վերջո, կուսակրոնությունը չէ, որ ծնում է մանկապղծությունը, սակայն քանի որ այդ մարդիկ հաճախ են հայտնվում երեխաների շրջանում, ապա հարմար զոհեր գտնելը դժվար չի լինում նրանց համար:

Հայերը տիրում են հին Երուսաղեմ քաղաքի մեկ չորրորդ մասին, որն անհամաչափ է բնակչության քանակի հետ համեմատած: Բացի վանքերից եւ եկեղեցիներից, պատրիարքարանի սեփականությունն են նաեւ որոշակի կարեւորության անշարժ գույքեր:

Սբ. Հակոբյանց միաբանությունը պատմականորեն եղել է հպարտության եւ հիասթափության աղբյուր: Դարեր շարունակ պատրաստել է հոգեւորականներ համայն աշխարհի հայկական եկեղեցիների համար: Գիտահետազոտական բազմաթիվ հատորներ են լույս ընծայվել այնտեղ: Պատրիարքարանում է գտնվում նաեւ Երեւանի մատենադարանից հետո նկարազարդ ձեռագրերի ամենամեծ հավաքածուն: Սակայն միաբանությունը ժամանակ առ ժամանակ նաեւ ցնցել է ողջ հայությունը. հատուկենտ սկանդալներով, ինչպիսիք են արժեքավոր անշարժ գույքի, ձեռագրերի, սկիհների «կորուստներով» կամ «անհայտացումով», նաեւ սեռային ոտնձգությունների եւ այլասերվածության մասին տեղեկություններով: Նման դեպքերի համար անշուշտ որոշ հոգեւորականներ արժանի են մեղադրանքի: Սակայն պատրիարքարանի ունեցվածքն է հիմնական պատճառը այլոց ոտնձգությունների: Օտար կրոնական միաբանություններ եւ մասնավորապես Իսրայելի կառավարությունը մի շարք վարկաբեկիչ միջոցներով ցանկանում են այդ ունեցվածքից որոշակի պատառիկներ կորզել: 2000 թվի հուլիսի 22-25-ի ժամանակահատվածում Քեմպ Դեյվիդում գումարվող գագաթաժողովին, Իսրայելի Եհուդ Բարաքն ու Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթը քիչ էր մնում խաղաղության համաձայնագիր ստորագրեին ԱՄՆ նախագահ Քլինթոնի հորդորների ներքո, սակայն որոշ տարաձայնությունների հետեւանքում այն անկատար մնաց: Այլ խնդիրներից բացի, Իսրայելը պնդում էր, որ Երուսաղեմի հայկական թաղամասը մնա իր հսկողության ներքո, ինչը Արաֆաթը մերժեց ընդունել:

Հենց այս պատմական փաստը բավական է վկայելու համար, թե ինչքան կարեւոր է հայկական թաղամասը Իսրայելի կառավարության համար: Մի շարք կալվածներ կան, որոնք «կորսված» են համարվում կամ վարձակալության են տրված 100 կամ նույնիսկ 200 տարով: Դեռ կան նաեւ ուրիշներ, որոնց մասին անտեղյակ ենք:

Սրբազան վայրերը կառավարվում են մի շարք կանոնագրություններով, որոնք ամրագրված են «Ստատուս քվո» ընդհանուր խորագրի ներքո: Այդ կանոնագրությունները հաստատվել են 18-րդ դարում Օսմանյան Սուլթան Օսման Գ-ի արձակած ֆերմանով (հրամանագրով): Օսմանյան կառավարիչներից հետո, բրիտանացի գաղութարար իշխանություններն ու հորդանանյան վարչակազմերը զգուշավորությամբ պահպանել են այդ կանոնագրությունները, որոնց հանդեպ պաշտոնապես պարտավորվածություն են ստանձնել նաեւ Իսրայելի իշխանությունները: Սակայն հայերի պարագայում այդ պարտավորվածությունները հետեւողականորեն ոտնահարվում են եւ անտեսվում:

Սբ. Հակոբյանց միաբանությունը տեխնիկապես անկախ է արտաքին միջամտություններից: Նույնիսկ հայոց եկեղեցու Գերագույն իշխանավորը խոսք չունի իրավական տեսակետից: Այդ է պատճառը, որ որոշ հոգեւորականներ այնտեղ ամբարտավան ձեւով են իրենց պահում եւ անպատիժ մնում:

Միաբանության թուլացումով օտարների ներխուժման հնարավորությունները մեծանում են. եթե այսօր հայր Նորայր Գազազյանն է որպես միջոց ծառայում այսպես կոչված «բացահայտված» սկանդալին, ապա վստահ կարող ենք լինել, որ հետագայում ուրիշներն էլ կհայտնվեն, որովհետեւ «մրցանակը» չափազանց արժեքավոր է:

Նկարազարդ ձեռագրերից բացի բազմաթիվ այլ արխիվային նյութեր կան այնտեղ, որոնք խիստ կենսական են հայոց պատմության համար: Դրանց թվում են, օրինակ, Կոնստանդնուպոլսո պատրիարքարանի արխիվները, որոնք Առաջին աշխարհամարտի ժամանակ Երուսաղեմ էին փոխադրվել նախազգուշական նկատառումներով: Դրանք խիստ կարեւոր փաստաթղթեր են պարունակում Հայոց ցեղասպանության մասին:

Միաբանությունը միշտ հպարտացել է իր հրատարակած գիտական աշխատություններով: Վերջին մոհիկանը հավանաբար Նորայր արքեպիսկոպոս Բողարյանն էր, ձեռագրերի պահապանն ու գրացուցակը կազմողը: Մեր իմացությամբ, նրա մահվանից հետո ոչ ոք չի զբաղվել ցուցակագրությամբ եւ ոչ մի հատոր չի հրատարակվել:

Սեռական ոտնձգությունների սկանդալը հավատացած ենք, որ սառցաբեկորի երեւացող մասն է լոկ: Հեռուստատեսային «բացահայտումն» ու պատրիարքարանի վրա «հարձակումը» լավ բան չեն կանխատեսում: «Անցյալի սատանաները» իրոք վերակենդանացել են, բայց նրանց թիրախը ոչ թե «հանցավոր» հոգեւորականներն են, այլ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հետագա ճակատագիրը:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ