ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ «ՈՍԿԵ ԴԱՐԸ» ՄՆԱՑԵԼ Է ՀԵՏԵՎՈՒՄ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Դա Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու պատճառ դարձավ Ադրբեջանական լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ, քաղաքագետների մեծ մասի կարծիքով, պայմանավորված է այդ երկրի տնտեսական կացությամբ եւ հեռանկարներով: Նավթի միջազգային գների անկումը ծանր հարված է հասցրել Ադրբեջանի տնտեսությանը, որի հետեւանքով ավելանում են սոցիալական դժգոհությունները եւ ուղիղ համեմատականորենՙ նվազում այդ երկրի ռազմական կարողությունները: Ոչ միայն զենքի եւ զինատեսակի նոր միլիարդանոց գնումներ կատարելն է առաջիկայում անհնար դառնալու, այլեւ արդեն հիմա դժվարություններ են առաջացել գնածի դիմաց վճարումներ կատարելու հարցում: Հետեւաբար, մեծ գայթակղություն կա այս պահին սկսել ռազմական լայնածավալ գործողություններ, քանի որ հետագայում, նշված պատճառով, ավելի դժվար է լինելու դա անել: Մյուս կողմից էլ «փոքրիկ հաղթական պատերազմը» Ադրբեջանի ղեկավարներին անհրաժեշտ է սոցիալ-տնտեսական կացության վատացումից բնակչության ուշադրությունը շեղելու եւ դժգոհություններ թույլ չտալու համար: Այժմ Ադրբեջանի ներկայիս տնտեսական կացությունը ներկայացնենք թվերի լեզվով: Այս պահին 3,2 տոկոս տնտեսական անկում Անցյալ տարիՙ 2015-ին Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, այդ երկրի տնտեսական (ՀՆԱ) աճը կազմել է 1 տոկոս: Ենթադրելի է, որ Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները այնքանով են վստահելի, որքանով այդ երկրի բարձրագույն ղեկավարությանՙ իրականությունից էապես տարբերվող հայտարարությունները: Այդուհանդերձ, անգամ պաշտոնական տվյալներով, արդեն այս տարվաՙ 2016-ի առաջին երկու ամիսներին արձանագրվել է տնտեսական անկումՙ 3,2 տոկոսով: Ընդ որում, նավթային հատվածում անկումը կազմել է 5,5 տոկոս, իսկ միայն Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից նավթի արդյունահանումը նվազել է 7,5 տոկոսով, գազինըՙ մոտ 4 տոկոսով: Այս ցուցանիշների առկայությամբ, մեղմ ասած, անիրական է Ադրբեջանի կառավարության կանխատեսումը այս տարի 1,8 տոկոս տնտեսական աճի մասին: Միանշանակ է, որ այս տարի մեր հարեւան երկիրը կունենա տնտեսական անկում: Որքա՞ն դա կկազմիՙ այլ հարց է: Տարբեր գնահատականներ կան: Ըստ Moody s միջազգային վարկանիշային կազմակերպությանՙ 0,7 տոկոս, ըստ Standard&Poor s միջազգային վարկանիշային կազմակերպության, Ասիական զարգացման բանկիՙ 1 տոկոս, Fitch միջազգային վարկանիշային կազմակերպության գնահատականովՙ 3,3 տոկոս: Դատելով տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշներից, առավել իրատեսական է թվում վերջին կանխատեսումը: Ընդ որում, փորձագետներից շատերի կարծիքով նավթի գների անկման ամենամեծ խորությունը Ադրբեջանն անցնելու է այս տարի, ի տարբերություն Ռուսաստանի, որի համար նույն պատճառով ծանրագույն տարին 2015-ն էր: Արտահանումը նվազել է 47 տոկոսով Ադրբեջանական տնտեսության մեջ նավթի գործոնի գրեթե միանձնյա դերի մասին բազմիցս է խոսվել: Նույնՙ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, երկրի տնտեսությանՙ ՀՆԱ-ի մոտ 70 տոկոսը ապահովում է նավթային հատվածը: Արտահանման 85-90 տոկոսը դարձյալ նավթն է, գազը եւ նավթամթերքները: Կարելի է միայն պատկերացնել, թե այս կացության մեջ ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա վերջին մեկ տարվա ընթացքում նավթի գների գրեթե եռակի անկումը: Ներկայումս նավթի միջազգային գները փոքր տատանումներով գտնվում են 40 դոլար 1 բարելի դիմաց միջակայքում, այն դեպքում, երբ 2 տարի առաջ նավթի միջազգային գինը 140 դոլար էր: Արտաքին առեւտրի տվյալները նույնպես արտացոլում են Ադրբեջանի տնտեսության մեջ տեղի ունեցող երեույթները: 2016-ի հունվար-փետրվարին արտաքին առեւտրի ծավալները 2015-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 45 տոկոսով, կազմելով 2,2 մլրդ դոլար: Ընդ որում, ավելի շատ նվազել է արտահանումըՙ 47 տոկոսով, որի ավելի քան 85 տոկոսը կազմել են նավթը, գազը եւ նավթամթերքները: Եկամուտների կտրուկ նվազում եւ բարձր գնաճ Ինչպե՞ս է փոխվել կենսամակարդակը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազել է 4,3 տոկոսով: Սակայն, ըստ Standard&Poor s միջազգային վարկանիշային կազմակերպության, արտարժույթով արտահայտված, 2016-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն Ադրբեջանում կազմել է մոտ 4000 դոլար, այն դեպքում, երբ 2014-ինՙ 8000 դոլար էր : Այսինքն, երկու տարի առաջվա համեմատությամբ բնակչության իրական եկամուտները նվազել են գրեթե կրկնակի: Սրան հավելենք, որ այս երկրի տնտեսական հզորությունների ավելի քան 90 տոկոսը կենտրոնացած են Բաքվի շրջակայքում, ինչը նշանակում է, որ մնացած բնակավայրերում վիճակը շատ ավելի վատթար է: Երկու հետաքրքական փաստ, որ հրապարակել է ադրբեջանական JAMnews ինֆորմացիոն պորտալը, որոնք վկայում են, թե որքան կրտուկ անկում է ունեցել այդ երկրի կենսամակարդակը: Նավթի բարձր գների եւ ուժեղ մանաթի ժամանակ, լինելով մեքենաներ ներկրող խոշոր պետություն, Ադրբեջանում անցած մեկ տարվա ընթացքում 9 անգամ նվազել է մեքենաների ներկրումը, իսկ անշարժ գույքի գներն ընկել են 2 անգամ : Մյուս կողմիցՙ նույն Ադրբեջանի վիճակագրության պետական ծառայության տվյալներով, հունվար-փետրվարին գնաճը կազմել է 11,7 տոկոս, որից պարենային ապրանքների գները թանկացել են 14,8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինըՙ 15,7 տոկոս, ծառայություններինըՙ 4 տոկոս: Այս ամենը տեղի է ունենում այդ երկրի ազգային արժույթիՙ մանաթի արժեզրկման ֆոնի վրա: Մեկ տարվա ընթացքում այն երկու անգամ կտրուկ տատանվեց, արդյունքում գրեթե կրկնակի արժեզրկվելով: Ներկայումս 1 դոլարն արժե 1,5 մանաթ: Ադրբեջանի բանկային համակարգում եւս գործերն այդքան հաջող չեն: Սնանկացած երկուՙ «Կրեդիտ բանկի» եւ «Եվրոբանկի» ակտիվները արդեն վաճառվում են: Մեկ այլՙ «Ռոյալ բանկը» չի կարողանում վերադարձնել ավանդատուների գումարները: Իհարկե, ասել, թե հարեւան երկրի տնտեսությունը կփլուզվի, չի կարելի: Նավթային «ոսկե դարի» տարիների շնորհիվ Ադրբեջանը մոտ 30 մլրդ դոլար կուտակած հիմնադրամ ունի: Սակայն, ակնհայտ է մեկ բան, որ այդ երկրի տնտեսության զարգացման լավագույն ժամանակաշրջանը մնաց հետեւում, իսկ ամենակարեւորը, որ նրանք ոչինչ չեն արել տնտեսության այլՙ ոչ նավթային հատվածի զարգացման համար: |