ՄԻԱՍԻՆ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ՑՐՎԵԼՈՒ ԼԱՎԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Դժվար է ասել, թե ովքե՞ր էին ավելի շատ. նրա՞նք, ովքեր պայմանագրային կամ ժամկետային հիմունքներով կանգնած էին եւ կանգնած են մնում այս օրերին սահմանագծում, թե՞ նրանք, ովքեր կամավոր նետվում էին ռազմաճակատ։ Միանշանակ մի բան կաՙ այս երկու խումբը միասին լուծեց Ղարաբաղի հարցը, եթե, իհարկե, Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծում ունի։ Եւ բնական է, որ հիմա շատերի մոտ հարց է առաջանում. լավ, թշնամուն առաջ գալ չթողեցինք, դրանով իսկ կատարեցինք մարտական առաջադրանքը, դրանով իսկ հաղթեցինք, մանավանդ, որ տապալեցինք թշնամուՙ ամեն գնով առաջ գնալու առաջադրանքը, եւ սա արեցինք մեր միասնականության շնորհիվ։ Բայց ինչո՞ւ ենք ուրեմն ոչ միասնականություն ցուցաբերում պետության ներսում, ոչ պատերազմական, խաղաղ պայմաններում, ներքին հարցերը լուծելիս։ Բանն այն է, որ ներքին որեւէ հարց մարդկանց առանձին խմբի շահերի տիրույթում է, մինչդեռ արտաքին խնդրին, մանավանդ, երբ այդ խնդիրը պատերազմ է կոչվում, բոլորս ենք բախվում։ Հետեւաբար, միասնանալով ներքին հարց լուծող որեւէ խմբի հետ, մենք թույլ ենք տալիս, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ խումբ օգտագործի մեզ իրենց ցանկությունները կամ նկրտումները բավավարելու նպատակով։ Իսկ որ օգտագործում են եւ հաճախ են օգտագործում, դա գիտենք, տեսել ենք, հիշում ենք։ Պատերազմական իրավիճակում որեւէ մեկի մտքով չի անցնում, որ իրեն օգտագործում են։ Յուրաքանչյուրը հասկանում-գիտակցում է, որ պատերազմական վտանգն անմիջապես իր անվտանգության հարցն է։ Մյուս կողմից, մեզանից որեւէ մեկը չի սիրում-ընդունում, երբ պայքարում է ինչ-որ խմբի, կամ մեկի հրահանգներով կամ որոշումներով ու կոչերով։ Պատահական չէ, որ վերջին օրերին մարդիկ ռազմաճակատ էին մեկնում ոչ թե որովհետեւ իրենց զինկոմիսարիատները կանչել էին եւ պարտադրել, այլ դա անում էին կամավոր, սեփական կամքով, անձնական որոշմամբ, ցանկությամբ։ Մինչդեռ ներքին հարցերում, ինչպես արդեն նշեցի, միշտ կա կոնկրետ թիրախային խումբ, որն իր վրա է վերցնում պայքարի վարումը եւ հետեւաբար հրահանգավորում է դրա մասնակիցներին, որոնք պարտավոր են պայքարել խաղի մշակված եւ հրահանգված կանոններով, հակառակ պարագայում, այդ կանոնները չընդունելու դեպքումՙ ուղղակի դադարեցնել պայքարը։ Հաջորդը, պատերազմական ժամանակներում մարդիկ խմբերի չեն բաժանվում, այստեղ չկա «ես» գաղափարը եւ հանուն այդ գաղափարի մյուսներիՙ կրկին ես-երը տրորելու գործելաոճը։ Օրինակ, ներքին, հատկապես քաղաքական պայքարում, ինչպես վաղուց գիտենք, ով մեզ հետ չէ, սրիկա է։ Պատերազմում այդպես չէ։ Պատերազմին բոլորն են մասնակցում, անգամ նրանք, ովքեր իրենց տներից դուրս չեն գալիս։ Իսկ սրիկաներին եւ դավաճաններին մատնացույց են անում արդեն պատերազմից հետո։ Մյուս պատճառները ավելի շատ բարոյական են, գուցե նաեւ հուզական։ Բանն այն է, որ ի տարբերություն իշխանության, ի տարբերություն ընդդիմադիր որեւէ ուժի, քաղաքացիական նախաձեռնության, մենք վստահում ենք, հավատում ենք, սիրում ենք մեր զինվորին։ Մի շատ պարզ-տրամաբանական պատճառով. ամեն ընտանիք չէ, որ իշխանություն կրող, քաղաքական գործունեությամբ զբաղվող, քաղակտիվիստ անդամ, բարեկամ, ազգական ունի, բայց յուրաքանչյուր ընտանիք զինվոր ունի։ Այսինքն բանակը յուրաքանչյուրինս է, բոլորինս։ Հետեւաբար, երբ բանակն է խնդրի առաջ կանգնում, մեզանից յուրաքանչյուրը այդ խնդիրն համարում է նաեւ իրենը։ Եւ վերջապես, ինչպես յուրաքանչյուր կենդանի արարած, այնպես էլ մենք, բնազդով պաշտպանում ենք սեփական տունը թշնամուց։ Գուցե մեր մեջ այդ բնազդն ավելի է զարգացած, կամ չափից դուրս շատ է զարգացած։ Չնայած այս բնազդը երբեք չափից դուրս շատ չի լինում։ Իսկ Հայաստանում, փաստորեն, համազգային միասնություն լինում է, ավելի ճիշտՙ հայության համազգային միասնություն։ Բայց այս պարագայում կոնկրետ հայաստանյան միասնությունն է խիստ ուշագրավ։ Ինչպես գիտենք, արտաքին պատերազմական վտանգի հետ կապված հայտարարություններով հանդես եկան ընդդիմադիր ուժերը, առանձին ընդդմադիր գործիչներ, Լեւոն Զուրաբյանն անգամ մեջբերեց Տեր-Պետրոսյանի հայտարարություններից մեկը, որտեղ առաջին նախագահը շեշտում է, թե Ադրբեջանը չպետք է հույս ունենա, որ կարող է օգտվել Հայաստանի քաղաքական դաշտի անհամաձայնություններից, քանի որ պատերազմական վտանգի դեպքում այդ անհամաձայնությունները մոռացվելու են… Մի խոսքով, ընդդիմությունն անցյալ օրերին դադարեց ընդդիմություն լինել եւ, գրողը տանի, դա այնքան գեղեցիկ էր։ Ապացուցվեց, ուրեմն, որ Հայաստանում քաղաքական ուժերից բոլորի մոտ քաղաքական հասունություն կա, պետականամետ մտածողություն կա, հանուն պետության գործելու եւ պետությունն ու իշխանությունը չնույնացնելու ունակություն կա, բոլորով միասին մեկ փաստաթղթի տակ ստորագրելու կամք եւ կարողություն կա։ Ապացուցվեց, որ Հայաստանում մարդ կա, տղամարդ կա, եւ սա ոչ թե թշնամուն ապացուցվեց, այլ մեզ, ինչն ավելի կարեւոր էր եւ ինչը խաղաղ պայմաններում ոչ միայն չի ապացուցվում, այլեւ հերքվում է։ Հիմա ես չգիտեմ, թե ավարտվե՞լ է արդյոք պատերազմը, թե՞ ոչ։ Բայց ես գիտեմ, որ հրադադարը պատերազմի ավարտ չէ, որոշ դեպքերում անգամ պատերազմից ավելի սարսափելի է։ Հատկապես մեզ համար, քանի որ մենք համախմբվում ենք միայն պատերազմի ժամանակ, հետո ցրվումՙ սեփական ես-ի մարտական դիրքերը ամրապնդելու նպատակով։ Գուցեեւ սա բնական է։ Այնպես որ, արդեն կարելի է ցրվել, բայց ցանկալի է, որ ցրվելուց առաջ հանենք մեկօրյա կամուֆլյաժները, սափրվենք, եթե անգլերեն չգիտենքՙ արագ սովորենք, եթե ռուսերեն լավ չգիտենքՙ լավ իմանանք եւ հնարավորինս նորաձեւ կոստյումներով եւ փողկապներով ցրվենքՙ աշխարհով մեկ, քանի որ ԼՂ հիմնահարցը ռազմական լուծում չունի եւ այս մասին արդեն Ալիեւն էլ գիտի, որին, ի դեպ, կարելի է եւ ՀՀ մեդալ տալՙ հայ ազգային համախմբման գործում անուրանալի ներդրման համար։ Ու լավ կլինի, որ ցրվեն նաեւ հայ հետախույզներըՙ հակառակորդի տարածքում, որպեսզի հաջորդ անգամ մենք ոչ թե վերաազատագրողի դերում լինենք, այլ ազատագրողի։ Այդ ժամանակ էլ ցրվելը լավ բան կլինի։ |