RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:21:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4246, Տպվել է` 502, Ուղարկվել է էլ.փոստով` 494

ԿՈՆՅԱԿՙ War

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ես ռազմավարա-գիտական, բարձր գեներալական կամ հմուտ դիվանագիտական վերլուծություններ չեմ անի, ոչ դրա ժամանակն է, ոչ էլ, անկեղծ ասած, կարող եմ: Ոչ էլ փորձագետ եմ, ոչ էլ քաղաքագետ, ոչ էլ ադրբեջանագետ: Չնայած մեկ-երկու բառ ադրբեջաներեն գիտեմ, այն էլ պապիկիցս եմ սովորել, որը ծնվել է, ապրել է Դաշքեսանի Զագլիկ գյուղում, եւ երբ Երեւանում ասում ենՙ առաջ ենք գնում, ես շունչս պահում եմ: Հետո, երբ հասկանում եմ, որ առաջ գնալըՙ մեր պարագայում թշնամուն առաջ չթողնելն է, միացնում եմ համակարգիչս, մտնում google, բայցՙ ru, այնտեղ փնտրում Դաշքեսան, ապա ավելի կոնկրետՙ գյուղ Զագլիկ եւ նայում: Ես երբեք այնտեղ չեմ եղել, մոտ ապագայում հազիվ թե լինեմ, իսկ գուցե եւ երբեք չլինեմ, չնայած երբեք-ը լավ բառ չէ: Մի լավ բարեկամ ինձ միշտ ասում է, թե այն դիվանագետը, որը կասիՙ երբեք, ուրեմն դիվանագետ չէ, եւ այն զինվորականը, որը չի ասիՙ երբեք, ուրեմն զինվորական չէ: Այս համատեքստումՙ մենք միայն զինվորականներ ունենք, զինվորական-ազգ ենքՙ զինվորական տարածաշրջանում, զինվորական ընտանիքներում, զինվորական դաստիարակություն ստացած:

Բայց չնայած այս տեսությունն ինձ հաճախ ասում է իմ լավ բարեկամը, ում ռազմավարա-գիտական, բարձր գեներալական, կամ հմուտ դիվանագիտական գիտելիքներին չեմ կասկածում, այդուհանդերձ, սա նրա մասնավոր կարծիքն է: Օրինակ, երբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասում է, թե Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դա չի նշանակում, որ նա դիվանագետ չէ, ճիշտ հակառակը, այլ հարց է, թե ինչո՞ւ Նալբանդյանն իր այս երբեք-ը այնպես չի ասում, որ ե՛ւ Բրունեյի սուլթանը լսի-հասկանա, ե՛ւ CNN-ում խայտառակ եղած Էլմար Մամեդյարովը գլուխը կախի: Օրինակ նույն CNN-ի հաղորդավարը կարողացավ այնպես անել, որ Մամեդյարովը գլուխը կախի, ընդ որումՙ գտնվելով Բաքվում: Բայց Մամեդյարովը (մեղա, մեղա) Արշակ Երկրորդ թագավորը չէ, չնայած CNN-ի հաղորդավարն էլ գոնե դեմքով Շապուհին նման չէր, բնավորությամբՙ գուցե: Ամերիկացիներն առհասարակ իրենց բնավորությամբ նման են Շապուհին, այլ երկրների թագավոր տղերքին բերում են իրենց երկիր եւ ստիպում, որ հրաժարվեն իրենց ազգություններից:

Ի դեպՙ ազգությունների մասին: Իմ կարծիքով մոնղոլները լավ ազգ են, դե նրանք չեն հայտարարում, թե պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չեն պահանջում հայկական զորքերը դուրս բերել «օկուպացրած» շրջաններից: Ճիշտ է, Ուլան-Բատորը երբեք չի էլ հայտարարել, թե սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը, բայց քանի որ մեզ համար կարեւորը ոչ թե մեզ օգնելն է, այլ մեր թշնամուն չօգնելը, ինչպես, օրինակ, երեւում է ռուսական զենքը Ադրբեջանին վաճառելու օրինակից, ապա մոնղոլներից մենք գոհ ենք, ժամանակակի՛ց մոնղոլներից, իհարկե, եթե, անշուշտ, մոնղոլները ժամանակակից լինում են: Իսկ, օրինակ, բելառուսները վատ ազգ են, քանի որ պաշտպանում են Ադրբեջանին: Այսինքն մեզ համար ազգի լավ եւ վատ լինելը պայմանավորված է տվյալ ազգի (պետության) եւ Ադրբեջանի հարաբերություններով: Եթե, օրինակ, այդ ազգը պակիստանոտ է, ուրեմն տականք են, եթե...

Ահա եւ խնդիրը, եթե-ն այստեղ շարունակություն չունի: Չկա մի ազգություն (պետություն), որն ասիՙ տղերք, ես հայերի ցավը տանեմ: Առանձին նահանգներ, լավ նահանգներ, կղզի նահանգներ կան, բայց խնդիրն այն է, որ կալիֆոռնիացին ազգություն չէ, ոչ էլ հավայական ազգություն կա, ու չնայած մենք Մադագասկարի հետ մշակութային ոլորտում համագործակցության հուշագիր ունենք, եւ մայրաքաղաք Անտանանարիվուում բնիկ մադագասկարցիները արդեն գիտեն, թե ո՞րն է Ֆրիկի փիլիսոփայական մոտեցումները, բայց համառորեն չեն ճանաչում Արցախի անկախությունը եւ այս օրերին մի հայտարարություն անգամ չեն անումՙ գոնե հայ-մադագասկարական պատգամավորական բարեկամության խմբի անունից: Այդպիսի խումբ էլ չկա:

Այնպես որ ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր ասում են, թե մենք մենակ ենք, քանի որ ես սիրում եմ, երբ մարդիկ ճշմարտությունն են ասում: Իսկ ճշմարտությունն այն է, որ մենք պատերազմի մեջ ենք, շատ լուրջ պատերազմի, շատ լուրջ թշնամու հետ, իսկ թշնամությունը, ինչպես սերը, կոնյակի նման է, որքան հնանում է, այնքան թնդանում է, ուժեղանում է, ամրանում է, դառնում է բնավորություն: Մենք բնավորությամբ ադրբեջանատյաց ենք, նրանք էլՙ հայաստանաատյաց են, ավելի ծայրահեղներըՙ հայատյաց են: Եւ սա է պատերազմի պատճառը, այսինքն պատերազմի պատճառը ռուսական զենքը չէ, Վաշինգտոնում Իլհամ Ալիեւի արկածները չեն, եւ Վաշինգտոնի արկածները չեն, Էրդողանին պաչիկ անելու եւ վերջինիցս պաչվելու Ալիեւի անհագուրդ ցանկությունը չէ: Պատճառը բնավորությունն է, որը երբեք չի փոխվում:

Սա բնավորությունների պատերազմ է: Ուրեմն սա անբուժելի պատերազմ է:

Բայց մի լավ լուր կա. մերոնք հյուսիսը վերագրավել են, հարավում էլ ռազմավարական կորուստներ չունենք: Ապրիլի 5-ի ժամը 12:00-ից էլ հրադադար է: Իսկ ես նորից կբացեմ google.ru-ն եւ կորոնեմ Դաշքեսան, գյուղ Զագլիկը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ