RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-04-22 00:21:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4527, Տպվել է` 514, Ուղարկվել է էլ.փոստով` 505

ԴՈՒՔ ՄԵԶ ՓՉԱՑԱԾ ԼՈԼԻԿ, ՄԵՆՔ ՁԵԶ` ՓՉԱՑԱԾ ՍՄԵՐՉ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ խանութից որեւէ տեխնիկա ենք գնում, արկղի մեջ գտնում ենք նաեւ գործածման կանոնների մասին գրքույկը: Ենթադրենք, արդուկը պետք է գործադրել այսպես, լվացքի մեքենաՙ այսպես: Եթե տեխնիկան շատ բարդ է լինում, ապա լավ խանութները ունենում են մասնագետներ, որոնք գնորդների հետ միասին տանում են եւ վերջիններիս տներում տեղադրում են տեխնիկանՙ բացատրելով դրա գործադրման կանոնները:

Անկեղծ ասածՙ զենքի միջազգային առեւտրում չգիտեմ, թե որքանո՞վ է գործում այս կանոնը: Օրինակ, երբ ռուսները Ադրբեջանին զենք են վաճառում, դրանց գործածության կանոնների գրքույկը տալի՞ս են, գուցե ռուս մասնագետները զենքի հետ Բաքու են գնում եւ տեղում ադրբեջանցիներին բացատրում, թե, ենթադրենք, Սմերչ զինատեսակը ինչպես է պետք գործածել: Ամոթ բան չէ, Սմերչը համարվում է ժամանակակից զինատեսակ, եւ ամոթ չէ, որ Ադրբեջանում այդ զենքը գնելու պահին չգիտեն ինչպես դրանից կրակել: Ամոթն այն է, երբ Ադրբեջանը Սմերչը գործածում է առանց իմանալու, թե ինչպես: Ինչպես գիտենք ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի հարավային հատվածում, լարված վերջին օրերի ընթացքում, հակառակորդը կիրառել է հենց Սմերչը: Այսինքն ադրբեջանցի հրամանատարը լուրջ դեմքով իր անմիջական ենթակային հրամայել էՙ կրակ, տղան էլ խեղճ ու կրակ կրակել է: Արկը եկել հասել է Ղարաբաղ եւ, ուշադրություն, չի պայթել:

Վարկածները մի քանիսն են: Սմերչի հրթիռը, լինելով ռուս եւ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ առանձին միջպետական համաձայնագրերով Հայաստանի հանդեպ ունեցած Մոսկվայի պարտավորությունները, դիտմամբ չի պայթել մեր տարածքում: Տարբերակ երկրորդ. ադրբեջանցիներն իսկապես չգիտեն ինչպես կրակել Սմերչից, այլ միայն գիտեն, թե ինչպես են այդ զինատեսակից հրթիռը նետում: Տարբերակ երրորդՙ ռուսները Սմերչի հերթական պարտիան արտադրելիս բռակ են տվել: Եւ հենց այդ անպիտան զենքի պարտիայից էլ ոչ դիտավորյալ վաճառել են Բաքվին: Ի դեպ, եթե այդպես է, ապա նույն պարտիայի մեր ունեցած Սմերչը, նախքան գործադրելը հարկավոր է փորձարկել, գուցե մե՞րն էլ բռակ: Եւ վերջապես չորրորդ վարկածը. Ռուսներն ուղղակի քցել են Բաքվին, վերջինիս դիտավորյալ վաճառելով իրենց անպետք զենքը:

Թե նշվածներից կոնկրետ ո՞ր տարբերակն է, ես անկեծորեն չգիտեմ, բայց գիտեմ, որ հինգերորդ տարբերակ չկա, նշված վարկածներից մեկի պատճառով էլ Սմերչի հարվածից մենք չենք տուժել: Համաձայնեք, բացառվում է, որ ԼՂ քաջարի մարտիկները օդում որսացել են Սմերչի հրթիռը եւ այն փափուկ իջեցրել ղարաբաղյան հողի վրա:

Հիմա, բացառման սկզբունքովՙ հանենք առաջին վարկածը. հասկանալի է, որ զենքերը ազգություն չունեն եւ մեր հողում իջած (ի դեպՙ հենց իջած) սմերչ-հրթիռը մարդ չէ եւ չի կարող ինքը որոշել որտեղ պայթի, որտեղ խնայի: Տարբերակ երկրորդը ճշմարտամոտ կթվար, եթե մենք գործ ունենայինք հենց ադրբեջանցի զինվորակաների հետ: Այսինքն փաստ չկա, որ Սմերչը մեր ուղղությամբ լարել է հենց ադրբեջանցի զինվորականը. չի բացառվում, որ լարողը եւ գործադրողը եղել է թուրք, իսկ ադրբեջանական բանակում նման բարդ բաներ անելը հենց թուրքերին էլ վստահվում է: Մնում են երրորդ տարբերակը եւ չորրորդը, այսինքն այն, որ այդ ամբողջ խմբաքանակը բռակ է (այդ թվումՙ մեր ունեցածը) եւ այն, որ ռուսները Բաքվին քցել ենՙ հրամցնելով վերջինիս անպետք զենք: Հաշվի առնելով այն փաստը, որ Մոսկվան հայ-ադրբեջանական հակամարտության մեջ մշտապես ցուցաբերել է չեզոքություն եւ ամենեւին էլ ընդգծված չի սատարել կողմերից որեւէ մեկին, ապա ավելի ճշմարիտ է թվում երրորդ տարբերակըՙ պարտիան բռակ է, այդ թվում մերը: Բայց հաշվի առնելով, որ ադրբեջանցիները սովորություն ունեն ռուսներից ավանսով զենք գնել, հետո գցել, ապա չի բացառվում, որ ռուսները քցել են Բաքվին, այսինքն Սմերչը տվել են, բայց այն օգտագործելու համար պիտանի մեկ տարրը չեն տվել ու որովհետեւ ադրբեջանցիները չգիտեին, թե ինչ է Սմերչը, չեն էլ հասկացել, որ մաս է բացակայում:

Ամեն դեպքում, այս խնդիրը լուծելու մեկ տարբերակ կա. փորձարկել մեր ունեցած Սմերչը. եթե չկրակի, ուրեմն ամբողջ խմբաքանակը բռակ է, իսկ եթե կրակի, ուրեմն Բաքուն երկու հարված կստանա, մեկըՙ մեր Սմերչի հարվածից, մյուսն այն գիտակցությունը, թե ռուսներին, որոնց ամեն օր Մոսկվայի շուկաների բանջարեղենի հատվածներում քցում են, իրենք էլ նրանց են քցումՙ դուք մեզ փչացած լոլիկ, մենք ձեզ փչացած Սմերչ սկզբունքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ